Անակնկալ հանդիպում Դավութoղլուի հետ - Mediamax.am

Անակնկալ հանդիպում Դավութoղլուի հետ
6262 դիտում

Անակնկալ հանդիպում Դավութoղլուի հետ


Հուլիսի 18-ին հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ ՝ հայաստանյան հինգ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդիպում ունեցան Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութoղլուի հետ:

Այցն Անկարա կազմակերպվել էր TEPAV կազմակերպության կողմից իրականացվող «Վստահության եւ հաշտեցման ուղեցույց՝ ավելի կայուն եւ արդյունավետ հայ-թուրքական տարածաշրջանային համագործակցություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է GMF-ի Սեւծովյան ծրագրի կողմից: Հանդիպումն ի սկզբանե նախատեսվում էր հունիսի 18-ին, սակայն տարբեր պատճառներով այն տեղափոխվեց հուլիս: Այն, ըստ էության, անակնկալ էր հայկական խմբի համար, որը Թուրքիա ժամանեց հուլիսի 17-ին՝ մասնակցելու ծրագրի շրջանակներում նախապես մշակված կոնկրետ ծրագրի միջոցառումներին, սակայն հուլիսի 18-ի երեկոյան ծրագիրը փոխվեց: Մեզ հայտնեցին, որ հանդիպելու ենք պարոն Դավութօղլուի հետ:

Թեեւ անակնակալ, սակայն նման առիթը բաց թողնելու մեր՝ որպես Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետը չներկայացնելը սխալ կլիներ: Ու շարժվեցինք դեպի թուրքական ԱԳՆ: Սկզբում մեզ ընդունեց ԱԳՆ փոխնախարար Սինեօղլուն, հետո՝ նախարարը:

Հանդիպման ընթացքում թուրքական կողմն ի վերջո նորություն չներկայացրեց: Մանրամասն զեկույց առ այն, որ իրենք փոխվել են եւ կցանկանային, որպեսզի հանգամանքներն այնպես լինեին, որ իրենք հենց վաղը կարողանային մի քայլ եւս առաջ անել: Դե, թուրքական կողմի նախապայմանների ցանկը հայտնի է: Բայց քաղաքավարությունից դրդված ստիպված էինք մեկ անգամ եւս լսել նրանց տեսակետը՝ այս անգամ ավելի անկաշկանդ մթնոլորտում, առավել եւս, որ հնարավորություն ստացանք թուրքական կողմի նոր փաստարկներին ծանոթանալու:

Դավութօղլուն հետաքրքիր էր շարադրում իր միտքը: Բայց մի բան հասկանալի էր՝ Թուրքիայի ԱԳՆ խնդիր ունի ներկայացնել ինչ-որ գործընթաց եւ իրական միջպետական բանակցությունների բացակայության պայմաններում ցանկացած հանդիպում լավ առիթ է միջազգային հանրությանը ցույց տալու, թե ինչ-որ գործընթաց, ինչ-որ շարժ, այնուամենայնիվ, գոյություն ունի: Չնայած ժամանակն արդեն ցույց է տվել, որ նման արհեստական շոուներն այլեւս ուղղակի չեն ընկալվում որպես գործընթաց:

Իսկ ճնշում բնականաբար կար. Հիլարի Քլինթոնը, ընդամենը մի քանի ժամ առաջ լինելով Թուրքիայում, իր բոլոր հանդիպումներում հաստատել էր, որ ԱՄՆ նույնպես Թուրքիայից սպասում է իր ստանձնած պարտավորությունների կատարում, այսինքն` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավում՝ վավերացնելով ցյուրիխյան արձանագրությունները: Երեւի հենց Քլինթոնի ճնշումներն առիթ հանդիսացան, որ Թուրքիայի ԱԳ նախարարը իր շատ բազմազբաղ օրակարգում ժամանակ գտնի հանդիպելու պատահաբար հենց այդ ժամանակ Անկարայում գտնվող հայերի հետ:
Բայց կար մի այլ կարեւոր խնդիր եւս՝ թուրք դիվանագետներն իսկապես հետաքրքրված էին եւ ցանկանում էին հասկանալ հայ հասարակության այսօրվա կարծիքը խնդրի հանդեպ: Եվ այս առումով ներկայացվեց կարեւոր մի տեսակետը, որը, թերևս, մինչ այդ չէր հնչել. «հայկական համբերությունն անսահման չէ»: Կարծես թե շատերն են համամիտ այն մտքին, թե Հայաստանն ամենայն հավանականությամբ կկոշտացնի իր դիրքորոշումները՝ պայմանավորված առաջիկա ընտրություններով:

Սակայն ես ավելացրեցի, որ մինչեւ 2012թ. մայիսը կա մեկ այլ խորհրդանշանական  եւ, որպես այդպիսին, թերեւս հանրության համար առավել ազդեցիկ մի իրադարձություն, որը կարող է կատալիզատորի դեր տանել հայկական դիրքորոշումների կարծրացման հարցում: Խոսքը սեպտեմբերին Հայաստանի անկախության 20-ամյակի մասին է: Բնականաբար այդ ժամանակ հնչելու են նաեւ քաղաքական հայտարարություններ Հայաստանի նվաճումների վերաբերյալ, եւ դժվար թե այդ ամենը չօգտագործվի Թուրքիայի դեմ՝ ընտրազանգված ներգրավելու եւ դիրքորոշումները կոշտացնելու նպատակով: Եվ եթե թուրքական կողմը ցանկանում է իսկապես օգտվել լավագույն հնարավորությունից, ապա պետք է շտապի եւ իրականացնի այն կանխատեսումները, թե իբր հունիսյան ընտրություններից հետո արձանագրությունները կվավերացվեն:

Քաղաքական դիսկուսիայից զատ երկուստեք անհատական պատմությունների շնորհիվ շատ նորմալ զրույց ստացվեց, որը մեկ անգամ էլ հավաստեց, որ իրականում Թուրքիան մեծ ցանկություն ունի ներկայացնել այն բոլոր փոփոխությունները, որ տեղի են ունեցել իրենց դիրքորոշումներում, ինչպես նաեւ ընկալել իրենց ապագայի համար անհրաժեշտ տրանսֆորմացիան, կարողանալ հարեւանների հետ նորմալ հարաբերություններ ունենալ եւ ստեղծել խաղաղ տարածաշրջան: Նախարար Դավութօղլուի այս տեսլականին ծանոթանալով՝ առաջարկեցի, որ այն ՀՀ-ում լավագույնս կարող է եւ պետք է ներկայացնի Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը: Հենց այդ պատճառով էլ Թուրքիան պետք է իրականացնի առաջնորդությունը, օր առաջ վավերացնի արձանագրությունները եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատի ՀՀ հետ: Տեսնենք, թե նախարար Դավութօղլուի ամփոփիչ միտքը հանդիպման ավարտին՝ «Հուսով եմ, որ այս ամենը կիրականանա ամենակարճ ժամկետներում», այս անգամ կհամապատասխանի՞ իրականությանը:

Թեւան Պողոսյանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենն է


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ակնարկ համաժողովից
Մեր ընտրանին