Ինչպես ազատվել գոտկատեղի ցավերից - Mediamax.am

Ինչպես ազատվել գոտկատեղի ցավերից
28597 դիտում

Ինչպես ազատվել գոտկատեղի ցավերից


Ինձ հաճախ թվում է, որ բժիշկները մարդկությունից ամենահիասթափված մարդիկ են։ Իրենք հաճախ հույս չունեն, որ մարդիկ ինչ-որ բան կփոխեն իրենց կյանքում՝ սեփական առողջությունը կարգի բերելու համար եւ փորձում են դեղամիջոցներով վերացնել մեր թուլությունների արդյունք հանդիսացող անիմաստ տառապանքները։ Եթե դուք մարդկային այդ հիասթափեցնող տեսակը չեք, կարդացեք այս սյունակը։

 

Ես բժիշկ չեմ, եւ այս սյունակի խորհուրդները պետք է դիտել ընդամենը որպես փորձի փոխանակում։ Ամեն դեպքում՝ վերջնական ախտորոշումը միայն եւ միայն բժշկի գործն է։

 

Մոտ 15 տարի առաջ դահուկ էի քշում լեռներում, երբ հերթական շրջադարձից հետո չկարողացա մեջքս ուղղել։ Այդպես, կիսածալված, մի կերպ հասա հյուրանոց։ Վերադարձից հետո գտա մի հմուտ բժշկի, ում խորհուրդների շնորհիվ կարողացա ամբողջապես վերականգնվել։ Նա ինձ փոխանցեց մի քանի կարեւոր փաստեր գոտկատեղի ցավերի պատճառների մասին, որոնցով ցանկանում եմ կիսվել ձեզ հետ։ Եթե ձեր մեջքը ցավում է, սակայն ոչ այն աստիճանի, որ բժշկի գնալու կարիք ունեք, միգուցե իմ խորհուրդները կօգնեն ազատվել ցավերից։

 

Առաջինը եւ ամենակարեւորը՝ եթե ցավ ունեք գոտկատեղի մասում, որը մեկ սրվում է, մեկ էլ՝ մեղմվում, ապա դա, ամենայն հավանականությամբ, բուն ողնաշարի հետ որեւէ կապ չունի։ Գոտկատեղի ցավերի պատճառը, ի զարմանս շատերի, շատ հաճախ ոտքերն են։ 

 

Փորձեք կատարել մի պարզ, մանկուց հայտնի վարժություն՝ կանգնած վիճակում, ոտքերը իրար կպցրած եւ ուղիղ պահելով, փորձեք ձեռքերով դիպչել հատակին։ Վախենամ, շատերի մոտ չի ստացվի, իսկ եթե գոտկատեղը ցավում է, ցավը կսրվի։ 

 

Պատճառն այն է, որ մենք երկար ժամանակ նստած ենք անցկացնում, եւ մեր ոտքերի ետին մկանները սովոր են կծկված մնալ։ Արդյունքում՝ երբ կռանում եք, այդ մկանները չեն երկարում, թույլ չեն տալիս կոնքոսկրին անհրաժեշտ չափով առաջ գալ, եւ մեջքի մկանների եւ կոնքոսկրի կցման տեղում բարձր լարվածություն է առաջանում։ Դա բերում է վնասվածքների, որոնք կուտակվելով, դառնում են ցավերի պատճառ։ Փորձեք ձեռքով շոշափել կոնքոսկրի վերեւի եզրը. հավանաբար կոշտուկներ կզգաք։ Դրանք կուտակված վնասվածքների սպիներն են։

 

Խնդրի լուծումը կայանում է երեք տարբեր գործողությունների մեջ։ 

 

Առաջինը՝ պետք է երկարացնել ոտքերի ետին մկանները։ Դա, ի դեպ, կօգնի նաեւ ծնկներն ավելի առողջ պահել։ Երկրորդը՝ պետք է ձգել եւ մարզել մեջքի մկանները, որպեսզի, մի կողմից, լարվածություն չկուտակվի կոնքոսկրի հետ մկանների կցման կետերում եւ նոր վնասվածքներ չառաջանան, իսկ մյուս կողմից՝ աշխուժանա արյան շրջանառությունը եւ դրա շնորհիվ բնական ճանապարհով նվազեցվեն արդեն առկա վնասվածքների հետեւանքները։ Վերջապես՝ պետք է խուսափել կռանալով բեռ բարձրացնելուց։ Միշտ, անգամ եթե ձեր մեջքը առողջ է, բեռ բարձրացնելու համար կքանստեք, ծալելով ոտքերը, եւ բարձրացրեք բեռը ոտքերի շնորհիվ, այլ ոչ թե մեջքի մկանների։

 

Ոտքերի մկանները ձգելու համար կան պարզ վարժություններ, որոնք պետք է կրկնել օրական մի քանի անգամ։ Կարելի է ժամանակ առ ժամանակ քայլել կրունկների վրա, ոտքերի մատերը գետնից կտրելով։ Երկրորդ շատ արդյունավետ վարժությունը. մի քանի րոպե նստել հատակին, ոտքերը ձեր դիմաց ուղիղ դնելով, եւ փորձելով մեջքը հնարավորինս ուղղիղ պահել եւ առաջ նայել: Վարժությունները պետք է այնպես անել, որպեսզի ցավը չդառնա սուր։ Մի հաղթահարեք ցավը՝ եթե վարժությունները կատարեք հետեւողականորեն, այն գնալով կնահանջի, եւ վարժությունը գնալով կհեշտանա։

 

Մեջքի մկանների համար կա երեք արդյունավետ վարժություն։ Դրանք շատ հարմար է կատարել առավոտյան արթնանալուց անմիջապես հետո, անկողնում՝ ամեն վարժությունը կրկնելով մոտ 6-10 անգամ։ Առաջինը՝ մեջքի վրա պառկած բարձրացնում եք ամեն ոտքն առանձին, ծալում եք եւ ծունկը հնարավորինս մոտեցնում կրծքին։ Եթե այս վարժությունը հեշտ է տրվում, կարելի է երկու ոտքերը իրար հետ բարձրացնել եւ զգուշորեն իջեցնել գլխի ետեւում, բարձրացնելով նաեւ կոնքը եւ կլորացնելով մեջքը։ Երկրորդ վարժությունը պտուտակային է՝ մեջքի վրա պառկած ձեռքերը տարածում եք եւ ոտքերը կիսով չափ ծալում, որպեսզի ծնկերը բարձրանան։ Գլուխն ամբողջապես թեքում եք մի կողմ եւ հետո երկու ոտքերը միասին՝ ծալում եք մյուս կողմ, ձգտելով չպոկել մեջքի վերեւի մասը հատակից։ Պահում եք այդպես մոտ 10–15 վայրկյան եւ հետո կատարում եք նույն վարժությունը հակառակ կողմ։ Երրորդ վարժությունը կոչվում է «շուն-կատու»։ Կանգում եք չորեքթաթ, ծնկների եւ ուղիղ ձեռքերի վրա։ Հետո մեկ ճկվում եք դեպի ներքեւ, փորձելով փորը հնարավորինս մոտեցնել գետնին եւ գլուխը ետ գցել, մեկ էլ վերեւ, մեջքը հնարավորինս կորացնելով եւ գլուխը ներքեւ կախելով։

 

Ժամանակին հենց այս վարժությունները ինձ խորհուրդ տվեց կատարել բժիշկը։ Ոչ դեղատոմս գրեց, ոչ էլ հրավիրեց նորից գալ իր մոտ։ Ասաց՝ եթե մեկ ամիս ամեն օր կատարես վարժություններն արթնանալուց եւ անկողին մտնելուց՝ իմ մասին կմոռանաս։ Այդ բժշկի մոտ այլեւս չգնացի, բայց իրեն չմոռացա, քանի որ լավ բժշկի բարի խորհուրդը երկար ես հիշում։

 

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը: 

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին