Կազանից հետո կամ ի՞նչ էր կարեւոր ասել Եվրոպային - Mediamax.am

Կազանից հետո կամ ի՞նչ էր կարեւոր ասել Եվրոպային
3064 դիտում

Կազանից հետո կամ ի՞նչ էր կարեւոր ասել Եվրոպային


Երկու օր է, ինչ Կազանից հետո աշխարհի բոլոր դիվանագետները, փորձագետները եւ քաղաքական գործիչները տեղեկացան ԼՂ հիմնախնդրի բանակցությունների իրական պատկերին: Չնայած այսպես կոչված պարիտետ պահպանելու «բարի» ցանկության տրամաբանությամբ բանակցությունների տապալման պատասխանատվությունը Հայաստանին եւ Ադրբեջանին հավասարապես վերագրելու միջազգային մամուլի փորձերին, մասնագիտական շրջանակներում ոչ ոք այլեւս չի կասկածում, որ արդյունքների տապալման պատասխանատուն Ադրբեջանն է: Իհարկե, երբ գնում ես վերջնական որոշումը պայմանավորվելու, եւ հանդիպում տասը անակնկալ առաջարկի, հասկանալի է, որ նոր առաջարկներ անողը լուրջ չէ տրամադրված: Կարելի է հասկանալ մեկ, երկու , անգամ՝ երեք նոր հարցադրում կամ մոտեցում, բայց երբ դրանք տասն են, ապա պարզ է, որ «այս անգամ էլ չստացվեց»: 

Հետաքրքիր է, թե ինչպես  են կողմերն ընկալում  այս իրավիճակը: Հայկական կողմը տուն դարձավ որպես կառուցողական կողմ. չէ՞ որ այս անգամ էլ մեղքը մնաց «ազերիների վզին»: ԱՄՆ-ն  հայտնվեց մեղմ ասած խաբվածի կարգավիճակում, միթե Օբամայի անձնական զանգն Ալիեւին բնավ ոչինչ չարժեր, Ֆրանսիան՝ նույն կերպ: Աննախադեպ էր նաեւ Ռուսաստանի, կամ ավելի ճիշտ անձամբ Մեդվեդեւի, հեղինակությունը այս աստիճան կասկածի տակ դնելու իրողությունը: Հետաքրքիր է, թե ինչ կձեռնարկեն ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանն իրենց խարխլված հեղինակությունը վերականգնելու ուղղությամբ: Սակայն սա այլ խնդիր է:

Երկու շաբաթ առաջ հրապարակած «Կազանի սիմվոլիզմը» վերլուծականում նշել էի, որ Մինսկի խմբի համանախագահների համար շատ կարեւոր է Կազանի հաջողությունը, բայց հիմա ցանկանում եմ այլ անկյունից նայել ապագային: Կարելի է տարբեր կանխատեսումներ անել, թե ինչ կձեռնարկեն ասենք Օբաման եւ Սարկոզին, բայց մի բան, կարծում եմ, հստակ կարելի է կանխատեսել՝ Ղարաբաղում կսկսվի ժողովրդավարացմանն ու երկրի զարգացմանն ուղղված միջազգային օժանդակության եւ խրախուսման ալիք, ինչն ինքնին միջազգային դռներ կբանա Արցախի համար: Դրա համար, թերևս, լավագույն հիմք է Եվրոպական կառույցներին ուղղված ՀՀ նախագահի կոչը ԵԽԽՎ ամբիոնից: Չի բացառվում նաեւ, որ ամերիկյան ինստիտուտները նույնպես մեծ թափով սկսեն անմիջականորեն աշխատել Ղարաբաղի պետության եւ հասարակության հետ: Նման զարգացումներն անցյալում էլ նկատելի էին ամեն անգամ, երբ Ադրբեջանը խոստումներ էր տալիս եւ չէր հարգում դրանք: Կարելի է կանխատեսել, որ հերթական անարգանքը հենց այնպես չի մարսվի. ադրբեջանական իշխանությունը, թերևս, այս անգամ հարկադրված լինի կրել իր անպատասխանատվության «հետեւանքները» թե՛ ներ¬քա¬ղաքական, թե՛ ղարաբաղյան հարթակներում: Բնականաբար խնդիրը սոսկ մարդասիրական կամ ժողովրդավարացման նպատակները չեն, նման զարգացումների հիմնական պատճառը հզոր երկրների շահերն են: Ռազմատենչ հայտարարությունները կամ դիվանագիտական մանեւրները, ինչպիսիք, ասենք, Թուրքիան օգտագործում է Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների վավերացումը ձգձգելու նպատակով, այս պարագայում դժվար թե այլեւս օգտակար լինեն Ադրբեջանի համար:

Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը: Վստահ եմ, որ իր շահերից մղված պիտի օգնի ու օժանդակի ԼՂՀ-ում ժողովրդավարության, մարդու իրավունքներ եւ հիմնարար ազատությունների, քաղաքացիական հասարակության եւ մրցունակ շուկայական տնտեսության զարգացմանը: Այս քայլերը պետք է իրականացվեն Եվրոպական կառույցների եւ զարգացման միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:  Հայաստանում ընթացող զարգացման ծրագրերը պետք է իրականացվեն նաեւ Ղարաբաղում: Մնում է հուսալ, որ Եվրոպան իրականում լսեց եւ ընկալեց ՀՀ նախագահի խորհուրդը եւ տարեց տարի, քայլ առ քայլ կիրականացնի իր ամենակարեւոր առաքելությունը օգնել Հայաստանին, ԼՂՀ-ին եւ տարածաշրջանին՝ ինտեգրվելու եվրոպական ընտանիքին:

Թեւան Պողոսյանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենն է

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ակնարկ համաժողովից
Մեր ընտրանին