Երեւանի կոնյակի գործարան` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
70323 դիտում

Երեւանի կոնյակի գործարան` կենդանի պատմություն


Լուսանկարը` ԵԿԳ արխիվից:

Լուսանկարը` ԵԿԳ արխիվից:

Լուսանկարը` ԵԿԳ արխիվից:

Լուսանկարը` ԵԿԳ արխիվից:

Լուսանկարը` ԵԿԳ արխիվից:

Լուսանկարը` ԵԿԳ արխիվից:

Շենքի նախագիծը` հաստատված Անաստաս Միկոյանի ստորագրությամբ:
Շենքի նախագիծը` հաստատված Անաստաս Միկոյանի ստորագրությամբ:

Լուսանկարը` Ռ. Մարգարյանի արխիվից:

Լուսանկարը` Ռ. Մարգարյանի արխիվից:

Լուսանկարը` Ռ. Մարգարյանի արխիվից:

Հովհաննես Մարգարյանը, Բաղդասար Արզումանյանը եւ Շմավոն Ազատյանը:
Հովհաննես Մարգարյանը, Բաղդասար Արզումանյանը եւ Շմավոն Ազատյանը:

Լուսանկարը` Ռ. Մարգարյանի արխիվից:

Լուսանկարը` Ռ. Մարգարյանի արխիվից:

Հովհաննես Մարգարյանի էսքիզը:
Հովհաննես Մարգարյանի էսքիզը:

Լուսանկարը` Ռ. Մարգարյանի արխիվից:

Լուսանկարը` Ռ. Մարգարյանի արխիվից:

Լուսանկարը` ԵԿԳ արխիվից:

Լուսանկարը` ԵԿԳ արխիվից:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Հովհաննես Բաղրամյանը եւ Միքայել Խանոյանը:
Հովհաննես Բաղրամյանը եւ Միքայել Խանոյանը:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Միքայել Խանոյանը:
Միքայել Խանոյանը:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Միքայել Խանոյանը:
Միքայել Խանոյանը:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Միքայել Խանոյանը:
Միքայել Խանոյանը:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Միքայել Խանոյանը աշխատակիցների հետ:
Միքայել Խանոյանը աշխատակիցների հետ:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Վազգեն Ա Վեհափառը եւ Միքայել Խանոյանը:
Վազգեն Ա Վեհափառը եւ Միքայել Խանոյանը:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Վազգեն Ա Վեհափառը եւ Միքայել Խանոյանը:
Վազգեն Ա Վեհափառը եւ Միքայել Խանոյանը:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Մարգար Սեդրակյանը:
Մարգար Սեդրակյանը:

Լուսանկարը` ԵԿԳ արխիվից:

Մարգար Սեդրակյանը ներկայացնում է գործարանը հյուրերին:
Մարգար Սեդրակյանը ներկայացնում է գործարանը հյուրերին:

Լուսանկարը` ԵԿԳ արխիվից:

Մարգար Սեդրակյանը աշխատակիցների հետ:
Մարգար Սեդրակյանը աշխատակիցների հետ:

Լուսանկարը` Վ. Սեդրակյանի արխիվից:

Մարգար Սեդրակյանը դստեր հետ:
Մարգար Սեդրակյանը դստեր հետ:

Լուսանկարը` Վ. Սեդրակյանի արխիվից:

Լուսանկարը` ԵԿԳ արխիվից:

Լուսանկարը` ԵԿԳ արխիվից:

Քանդակների հեղինակ` Արտաշես Հովսեփյան:
Քանդակների հեղինակ` Արտաշես Հովսեփյան:

Լուսանկարը` Հ. Ալեքսանյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Ալեքսանյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Ալեքսանյանի արխիվից:

Քանդակի հեղինակ` Հռիփսիմե Սիմոնյան:
Քանդակի հեղինակ` Հռիփսիմե Սիմոնյան:

Լուսանկարը` Հ. Ալեքսանյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Ալեքսանյանի արխիվից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Գործարանի ազգայնացման որոշումը:
Գործարանի ազգայնացման որոշումը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` ԵԿԳ արխիվից:

Լուսանկարը` ԵԿԳ արխիվից:

Լուսանկարը` ԵԿԳ արխիվից:


«Երեւան. XX դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» Երեւանի կոնյանի գործարանն է: Փորձելով ներկայացնել որոշ դրվագներ այս լեգենդար ձեռնարկության պատմությունից, զրուցել ենք տարբեր տարիներին գործարանում աշխատած մարդկանց զավակների հետ եւ բազմաթիվ հետաքրքիր պատմություններ լսել: Օրինակ, այն մասին, թե ինչո՞ւ էր «Նաիրի» եւ «Դվին» կոնյակների հեղինակ Մարգար Սեդրակյանը «հրաժարվում» համբուրել առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովային….

Հայկական կոնյակագործության լեգենդար ավանդույթները սկիզբ են առնում 1887 թվականից, երբ վաճառական Ներսես Թաիրյանը գործարկեց Երեւանում գինու եւ կոնյակի առաջին գործարանը: 1894թ.-ին Թաիրովի գործարանում առաջին անգամ հայտնվեց Ֆրանսիական կոնյակի «զարմիկը»` հայկական կոնյակը, որը իր ստեղծման պահից, չկրկնելով ֆրանսիականը, գնաց իր ուղիով եւ շուտով ստացավ միջազգային ճանաչում:

1899 թ. «Н.Л.Шустов и сыновья» ընկերությունը գնեց գործարանը, իսկ 20-րդ դարի սկզբին ընկերությանը շնորհվեց Նիկոլայ II-ի արքունիքի կոնյակի մատակարարի կարգավիճակ:

1902թ. գինեգործ Մ.Մուսինյանցի կողմից ստեղծվեց հայկական առաջին տեսակավոր` «Ընտիր» կոնյակը, որը 1907թ. միջազգային ցուցահանդեսում (Ֆրանսիայի Բորդո քաղաքում) արժանացավ բրոնզե մեդալի:


Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանի խորհրդայնացումից հետո ձեռնարկությունը անցավ պետությանը: 1923 թվականին Հայաստանի խմիչքի արտադրության բոլոր հզորությունները միավորվեցին Արարատ տրեստում: 1940-ականների վերջում որոշում կայացվեց կոնյակի արտադրության առանձնացման մասին եւ 1949 թվականին սկսվեց նոր շենքի շինարարությունը: 1953 թ. գործարանը տեղափոխվեց նոր շենք` վերանվանվելով «Երեւանի կոնյակի գործարան»:

1998 թվականին Երեւանի կոնյակի գործարանը դարձավ բարձրակարգ խմիչքների ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի`«Պեռնո Ռիկար» խմբի անդամ: Ու չնայած ժամանակին մասնավորեցման որոշումը բազմաթիվ սուր բանավեճերի պատճառ դարձավ, այսօր ակնայտ է, որ եթե չլիներ «Պեռնո Ռիկար»-ը, այս լեգենդար գործարանի ապագան կարող էր իսկապես վտանգվել:


Լուսանկարը` ԵԿԳ արխիվից:

Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի որդին` Ռեմ Մարգարյանը. մասնագիտական հարցերում հայրս շատ բծախնդիր էր

Հայրս Կոնյակի գործարանի նախագծմամբ սկսեց զբաղվել 1948 թվականին, իր սաների՝ Բաղդասար Արզումանյանի եւ, հետագայում, Շմավոն Ազատյանի հետ:


Հովհաննես Մարգարյանը, Բաղդասար Արզումանյանը եւ Շմավոն Ազատյանը:
Լուսանկարը` Ռ. Մարգարյանի արխիվից:

Գործարանի շենքի նախագծման աշխատանքների առաջին փուլը կոնյակի պատրաստման տեխնոլոգիային ծանոթանալն էր. շենքը պետք է հատուկ սենյակներ, լաբորատորիա, կոնյակի պատրաստման համար անհրաժեշտ սարքավորումներ ունենար: Հիշում եմ, հորս տարան գինու կոմբինատ՝  այդ նրբություններին ծանոթացնելու նպատակով: Գործարանից նա վերադարձավ ուշ երեկոյան`երկու հոգու օգնությամբ: Առաջին եւ վերջին անգամն էր,երբ հորս գինովցած տեսանք:

Շենքը պիտի կառուցվեր բլրի վրա` Հրազդանի կիրճի ու ժայռերի  հետ   միասնական անսամբլ ստեղծելով: Նախագիծը հաստատելու համար հայրս մեկնեց Մոսկվա: Նախագիծն իր ստորագրությամբ անձամբ հաստատեց սննդի արդյունաբերության նախարար Անաստաս Միկոյանը:


Շենքի նախագիծը` հաստատված Անաստաս Միկոյանի ստորագրությամբ:
Լուսանկարը` Ռ. Մարգարյանի արխիվից:


Որոշվել էր, որ շենքի գույնը պետք է մոտ լինի կոնյակի գույնին: Հայրս հեղինակային հսկողություն էր իրականացնում եւ մի օր տեսավ, որ շինարարները, ճակատի պատի ծիրանագույն քարերի հետ մեկտեղ սեւ քարեր են շարում: Տարիներ անց շինարարության աշղեկը` Անդրանիկ Նավոյանը, պատմեց ինձ, որ տեսնելով դա, հայրս վերցրեց բահը եւ սկսեց անձամբ փշրել այդ սեւ քարերը:  Մասնագիտական հարցերում հայրս շատ խիստ էր, բծախնդիր:

Ալեքսանդր Սահինյանը` Երեւանի կոնյակի գործարանի շենքի մասին

Հատված “Мастера армянской архитектуры.Оганес Маркарян” գրքից

Ստեղծագործական լայն հնարավորություններ ընձեռող, քաղաքաշինական բարդ եւ հետաքրքիր խնդիր էր դրված ճարտարապետ Մարգարյանի առջեւ Երեւանի կոնյակի գործարանի նախագծման ժամանակ: Մայրաքաղաքի գեղարվեստական ամենահրապուրիչ հանգույցներից մեկում արդեն բարձրացել էին սովետահայ ճարտարապետության ճանաչված նվաճումներից երկուսը: Հրազդանի ձախ ափին ժայռերից վեր էր խոյացել Արարատ տրեստի գինու մառանների հրաշակերտ շենքը, իսկ նրա դիմաց Հրազդանի ափերն էր իրար միացնում «Հաղթանակի» կամուրջը:

Անհրաժեշտ էր կամուրջի առանցքի ուղղությամբ գտնվող բարձունքի վրա այնպես տեղադրել կոնյակի գործարանի շենքը, որ արտադրական պրոցեսների ճիշտ կազմակերպման հետ զուգընթաց, այն ներդաշնակեր շրջապատի ճարտարապետական միջավայրի հետ: Ճարտարապետն այստեղ նույնպես հասավ իր առջեւ դրված խնդրի լուծմանը: Գործարանի արտադրության ներքին կյանքից բխած ծավալները իրենց ձեւերով, համաչափություններով ու մասշտաբով լրացնելով ու հավասարակշռելով միմյանց, բարձրունքի վրա ստեղծում են տարածական այնպիսի խաղ ու հետաքրքիր ուրվական, որ ոչ միայն օրգանապես մտնում են արդեն կազմավորվող ճարտարապետական անսամբլի մեջ եւ ընդգծում նրա կոմպոզիցիոն գլխավոր առանցքը, այլեւ մայրաքաղաքի այդ հատվածում առաջացնում բազմաթիվ կետերից ընկալվող ճարտարապետական մի վեհանիստ համայնապատկեր:


Հովհաննես Մարգարյանը:
Լուսանկարը` ԵԿԳ արխիվից:

Թեկուզեւ ճարտարապետական որոշ մասերի ու մանրամասների մշակումներում դրսեւորվում են 40-ական թթ.-ին բնորոշ, շքեղության ձգտելու առանձին երեւույթներ, կոնյակի գործարանի խոշոր խմբի ճարտարապետությունն իր ընդհանուր մտահաղացումով  (արտադրության մեջ յուրաքանչյուր առանձին կառույցի ճիշտ տեղադրում, տեխնոլոգիական ֆունկցիայի հստակ կատարում, տարածական-տեկտոնիկ ճշմարիտ լուծումներ, ճարտարապետական զուսպ, արտահայտիչ լեզու, շինանյութի նպատակահարմար օգտագործում) լինելով ազգային ճարտարապետկանա ժառանգության առաջադիմական ավանդույթների վրա խարսխված արդյունաբերական ճարտարապետության լավագույն նմուշներից, դարձավ սովետահայ ամբողջ ճարտարապետության ու քաղաքաշինության ակնառու նվաճումներից մեկը:    

Մարգար Սեդրակյանի դուստրը`Վանուհի Սեդրակյանը. հայրս երազում էր վերադառնալ Վան

Գյուղինստիտուտի գինեգործության բաժինն ավարտելուց հետո հայրս սկսեց աշխատել Երեւանի գինու կոմբինատում: Այնտեղ նա ուսուցանում էր հայտնի մասնագետ Կիրիլ Սիլչենկոյի մոտ: Այնուհետեւ հայրս նշանակվեց Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տեխնոլոգ եւ այդ պաշտոնը զբաղեցրեց մինչեւ կյանքի վերջին օրերը: Այդ տարիների ընթացքում նրան պարբերաբար առաջարկում էին զբաղեցնել գործարանի տնօրենի պաշտոնը, սակայն նա միշտ հրաժարվում էր, ասելով, որ հաշվապահությունը, վարչական եւ կազմակերպչական հարցերը իրեն չեն հետաքրքրում:

Այդ ամբողջ ընթացքում նա կոնյակի գործարանում չաշխատեց ընդամենը մեկ տարի, երբ աքսորված էր: Աշխատասենյակում հայրս Չարենցի հատոր էր պահում եւ ինչ-որ մեկը նրան մատնել էր: Հորս աքսորեցին Օդեսա, որտեղ նա սկսեց աշխատել տեղական կոնյակի գործարանում եւ այդ ընթացքում ստեղծեց երկու կոնյակ՝ «Ուկրաինա» եւ «Օդեսա»:


Մարգար Սեդրակյանը:
Լուսանկարը` ԵԿԳ արխիվից:

Աքսորից հայրս վերադարձավ «Չերչիլի շնորհիվ»: Բոլորը գիտեն, որ 1945 թվականին՝ Յալթայի կոնֆերանսի ժամանակ, Ստալինը Չերչիլին հյուրասիրեց հորս ստեղծած «Դվին» կոնյակով: Մեծ Բրիտանիայի վարչապետն այնքան հավանեց այդ կոնյակը, որ այդ օրվանից Ստալինի կարգադրությամբ նրան պարբերաբար ուղարկում էին «Դվինի» պատկառելի խմբաքանակներ: 

Անցնում է որոշ ժամանակ եւ մի օր Չերչիլը բողոքում է, ասելով, որ կոնյակն իր համը փոխել է: Ստալինը Անաստաս Միկոյանին ուղարկում է  Երեւան՝ պատճառը պարզելու նպատակով: Միկոյանը ժամանում է գործարան եւ կարգադրում է կանչել Մարգար Սեդրակովիչին: Նրան պատասխանում են, որ գլխավոր տեխնոլոգը արդեն մեկ տարի է, ինչ աքսորված է: Իմանալով այդ լուրը, Ստալինը հրամայում է Մարգար Սեդրակյանին վերադարձնել Երեւան, իսկ «Դվինը» վերականգնում է իր նախկին համը:

Մարգար Սեդրակյանի շնորհիվ ստեղծվեց  կոնյակի պատրաստման նոր տեխնոլոգիա: Հաստատված չափանիշների համաձայն, կոնյակի համար օգտագործվում էր մանրէազերծված ջուր: Հորս հաջողվեց թույլտվություն ստանալ՝ Կրբուլաղի աղբյուրի ջուրը օգտագործելու համար: Երբ նրան հարցնում էին, թե ո՞րն է իր կոնյակի պատրաստման գաղտնիքը, նա պատասխանում էր, որ ոչ մի գաղտնիք չկա՝ միայն մեր ջուրը, հողը եւ արեւը: Ի դեպ, այդ տարիներին շատ էր օգտագործվում «խարջի» խաղողի տեսակը, որն այսօր վերացել է:

Հայրս միշտ ասում էր, որ քանակական առումով մեզ երբեք չի հաջողվի մրցել Մոլդավիայի, Վրաստանի, Ադրբեջանի հետ եւ Հայաստանը պետք է առաջ գնա միայն որակի հաշվին: Նա հսկում էր յուրաքանչյուր մանրուքը: Ամեն տարի անձամբ ստուգում էր բոլոր կաղնե տակառները եւ որոշում` որը փոխարինման կարիք ունի, իսկ որը դեռ կարող է ծառայել:

Գործարանում բոլոր էքսկուրսիաները հայրս էր վարում: Այդ ընթացքում ծանոթացել եւ ընկերացել էր շատ մեծերի հետ:


Մարգար Սեդրակյանը աշխատակիցների հետ:
Լուսանկարը` Վ. Սեդրակյանի արխիվից:


Հետաքրքիր պատմություն է կապված առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի այցի հետ: Այցից առաջ հայրիկիս մոտ գալիս է Կենտկոմի աշխատակիցներից մեկը եւ զգուշացնում է, որ իրեն «զուսպ պահի»:

Տերեշկովան ժամանում է, ու երբ անցնում են կոնյակի համտեսման փուլին, հանկարծ հարցնում է հայրիկիս. “Почему Вы на меня не обращаете внимания? Неужели я такая неинтересная? Я хочу, чтобы мы с вами расцеловались на прощание!”. Հայրս էլ, «զուսպ» մնալով, պատասխանում է. “Ни в коем случае! Если хотите, Вы меня поцелуйте”: 

Տերեշկովան համբուրում է հորս եւ այդ պահին նրանց լուսանկարում են: Հայրս այդ նկարը բերեց տուն, մայրիկիս ցույց տվեց եւ ասաց. «Տեսնում ես, տիեզերք գնացած կինն է ինձ համբուրում»: Հետագայում նրանք Տերեշկովայի հետ լավ ընկերներ դարձան եւ պահպանում էին բարեկամությունը մինչեւ հորս մահը:

Հետաքրքիր պատմություններ են կապված նաեւ կոնյակների ստեղծման հետ: Օրինակ՝ «Երեւան» կոնյակը հայրս ստեղծել էր բեւեռախույզների համար: Այն ուներ 57 աստիճան թնդություն եւ չէր սառչում անգամ Հյուսիսային Բեւեռի պայմաններում:

Հորս երազանքն էր ստեղծել «Վասպուրական» անունով կոնյակ: Սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում հաստատել այդ անունը: Մի օր, Կենտկոմի բյուրոյի հերթական  ժողովին նա տանում է այդ կոնյակը ու երբ այն լցնում են համտեսման համար, սկսում է երգել.

«Ախ,Վասպուրական
Անգին Հայաստան,
Ինչքան հերոսներ
Քեզ համար մեռան»:
 
Սակայն նույնիսկ երգը չհամոզեց բյուրոյի անդամներին:

Հայրս թողել էր «Վասպուրական» կոնյակի բաղադրատոմսը եւ արդեն իր մահից հետո Միքայել Խանոյանին հաջողվում է հաստատել այդ անունը, եւ կոնյակը նվիրում են Մարգար Սեդրակյանի հիշատակին:

Գործարանում հաճախ էին գողություններ լինում՝ դժվար էր անտարբեր անցնել կոնյակի կողքով: Գողությունների թիվը նվազեցնելու համար հայրս թույլտվություն է վերցնում՝ սրահներից մեկում ընդհանուր տակառ տեղադրելու համար: Օրվա ընթացքում բոլոր աշխատողները կարող էին օգտվել այդ տակառից:

Իր սիրելի գործին այդքան նվիրված լինելով հանդերձ, հայրս շատ ժամանակ էր անցկացնում ընտանիքի հետ: Մանկատան սան լինելով, ամեն ինչ անում էր, որ իր երեխաները ծնողների ուշադրության պակաս չզգան:


Մարգար Սեդրակյանը դստեր հետ:
Լուսանկարը` Վ. Սեդրակյանի արխիվից:


Հայրս ծնվել էր Վանի Խառակոնիս գյուղում: 1915թ-ի ջարդերի ժամանակ նրան գտել էին ռուս կազակները՝ ծնողների դիերի կողքին, եւ տեղափոխել էին Աշտարակի մանկատուն: Ողջ կյանքի ընթացքում հայրս երազում էր, որ մի օր մեզ կվերադարձնեն մեր հողերը: Նա ասում էր. «Երբ Վանը կրկին մերը դառնա`ոտաբոբիկ կգնամ իմ երկիրը»: Ինձ էլ անվանեց Վանուհի` իր կորցրած հայրենիքի պատվին:

Միքայել Խանոյանի դուստրը` Անուշ Խանոյանը. հայրիկիս հաջողվեց «համոզել» Կարեն Դեմիրճյանին

Հայրս, Միքայել Խանոյանը, 1972 թվականին ստանձնեց Երեւանի Կոնյակի գործարանի տնօրենի պաշտոնը, որը զբաղեցրեց 12 տարի:

Այդ տարիների ընթացքում գործարանը հասավ իր փառքի գագաթնակետին: Իր էությամբ հայրս էսթետ էր: Պիտակների ձեւավորողներ Լեւոն Նալբանդյանի եւ Ազատ Հակոբյանի հետ անձամբ էր քննարկում բոլոր մանրուքները: Նրա օրոք համալրվեց կոնյակի շշերի տեսականին, իսկ կոնյակը սկսեցին վաճառել տուփերի մեջ: Առաջին կոնյակը, որը դրվեց տուփի մեջ` «Դվինն» էր:


Միքայել Խանոյանը:
Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:


Հայրս օպերային երաժշտության մոլի սիրահար էր, բազմաթիվ օպերաներ անգիր գիտեր: Հիշում եմ, թե ինչ հիացմունքով էր պատմում Մոսկվաի «Большой театр»-ի մենակատարների այցի մասին: Պատվիրակության կազմում էր նաեւ Պավել Լիսիցիանը: Այդ հանդիպումն անմոռաց տպավորվել էր հայրիկիս մոտ. Էքսկուրսիայի ընթացքում նա երգել էր արիաներ` «Աիդա», «Կարմեն» օպերաներից:

Խանոյանը նոր շունչ տվեց նաեւ տակառագործությանը: Արհեստի այդ տեսակը «մահանում էր» եւ հորս շնորհիվ բացվեց տակառագործության դպրոցը: Անվանական տակառների ավանդույթը նույնպես սկիզբ է առել Խանոյանի տնօրինության տարիներին: Այդ գաղափարը նա ընդօրինակել էր Շուստովից, ում անվանական տակառը մինչ օրս պահվում է գործարանում:

1980-ական թվականներին իր աշխատասենյակի մուտքի մոտ հանկարծ հայտնվեց ցուցանակ` «տնօրեն» բառով: Այն տարիների համար դա չափազանց անսովոր երեւույթ էր. օգտագործում էին միայն «դիրեկտոր» բառը:

Գործարանի սենյակներից մեկում մի հետաքրքիր պատ կա` ամբողջությամբ պատված կոնյակի պիտակներով: Դա Խանոյանի հոբին էր. հավաքում էր տարբեր երկրների կոնյակների պիտակներ եւ փակցնում դրանք պատին: Ընկերները եւ ծանոթները, իմանալով այդ պատի մասին, նրան նվիրում էին բազմազան պիտակներ:


Միքայել Խանոյանը:
Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:


Խանոյանի ջանքերով ստեղծվեց նաեւ համտեսման սրահը, որտեղ հյուրերին տրվում էր կոնյակի համը վայելելու հնարավորությունը:

Հայրս շատ էր սիրում ճանապարհորդել Հայաստանով: Եթե տեսնում էր աչքաթող արված պատմության մի բեկոր, գործարանի մի գողտրիկ անկյունում հատուկ տեղ էր հատկացնում դրա համար: Իր ընկերոջ`Ֆադեյ Սարգսյանի հետ, Նախիջեւանից երկու խաչքար բերեցին. մեկը տեղադրվեց գործարանի, մյուսը՝ Մերգելյանի ինստիտուտի բակում:

«Վասպուրական» կոնյակի ստեղծման եւ անվանման պատմությունն եւս շատ հետաքրքիր է: Հայրս, ինչպես եւ կոնյակի հեղինակը`Մարգար Սեդրակյանը, ծագումով  վանեցի էր եւ ցանկանում էր իր պատմական հայրենիքի անունը տալ կոնյակներից մեկին: Խորհրդային տարիներին կոնյակներին անվանում տալը կամ պիտակ փոխելը հեշտ գործ չէր, պետք է հաստատվեր մի քանի ատյանների կողմից: Տարիներ անց, արդեն Մարգար Սեդրակյանի մահից հետո, Խանոյանին հաջողվեց «համոզել» Կարեն Դեմիրճյանին, որն, ի դեպ, եւս ծագումով վանեցի էր: «Վանեցին վերջը իր գործն արեց»,- կատակել էր Դեմիրճյանը:


Վազգեն Ա Վեհափառը եւ Միքայել Խանոյանը:
Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:


Հնեցման արտադրամասի շենքի հեղինակ Հասմիկ Ալեքսանյան

Շենքը նախագծել ենք երեքով: Բաղդասար Արզումանյանն ու Սերգեյ Ներսիսյանը իմ ղեկավարներն էին: Մեծ պատիվ էր աշխատել այդ մարդկանց հետ` նման կառույցի ստեղծման վրա:


Լուսանկարը` Հ. Ալեքսանյանի արխիվից:

Երբ սկսեցինք նախագծումը, մնացած շինություններն արդեն կային: Պետք է համապատասխանացնեինք մեր կառույցը Հովհաննես Մարգարյանի ոճին:
Թեքության վրա իջնող տերասաձեւ լուծումները շատ էի սիրում եւ, ի վերջո, դա էլ օգտագործեցի: Հիմնական շեշտը դրվեց ճակատային մասի  վրա՝ քաղաքի գեղեցիկ տեսարանը համալրելու նպատակով: Իսկ բակը զարդարեցինք տարբեր քանդակներով:

Շենքը կառուցելու պատվերը ստացավ «Երեւաննախագիծը»: Շինարարությունը սկսվեց 1981թ-ին եւ ավարտվեց մոտ 4 տարի անց:


Քանդակի հեղինակ` Հռիփսիմե Սիմոնյան:
Լուսանկարը` Հ. Ալեքսանյանի արխիվից:


1991 թ-ին մենք՝ երեք ճարտարապետներս, շենքի նախագծման համար արժանացանք Մոսկվայի գեղարվեստական ակադեմիայի դիպլոմին եւ ոսկե մեդալին:

1957-1962 թթ. Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Ավետիք Մուրադյանի որդին՝ Մարտուն Մուրադյանը. հայրս երբեք կոնյակ չէր նվիրում

Հայրս ազնիվ եւ շատ համարձակ մարդ էր: Նա թոշակի անցած փոխգնդապետ էր, երբ 1957 թվականին նշանակվեց գործարանի տնօրեն: Սկզբում հրաժարվում էր զբաղեցնել այդ պաշտոնը` պատճառաբանելով, որ կոնյակից ոչինչ չի հասկանում: Նույնիսկ չէր էլ խմում: Հայրս դիմեց Հայկական ՍՍՀ Կոմկուսի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանին` ասելով, որ բանվոր մարդ է եղել, կուսակցական աշխատող, զինվորական: Թովմասյանն էլ պատասխանել էր. «Կգնաս, կաշխատես, հետո կխոսենք, մենք գիտենք, թե ինչ ենք անում»: Այդ ժամանակ կոնյակի գործարանում տարածված էր թալանը, ու հարկավոր էր տնօրենի պաշտոնում նշանակել ամուր բռունցք ունեցող, խստաբարո մեկին:


Լուսանկարը` Ռ. Մարգարյանի արխիվից:

Մի անգամ ակադեմիկոս, Միջազգային առողջապահական կազմակերպությունում հատուկ վտանգավոր ինֆեկցիաների բաժնի տնօրեն Հովհաննես Բարոյանը ժամանել էր Երեւան: Ուսուցիչս՝ ակադեմիկոս Արտո Ալեքսանյանը խնդրեց, որ հայրս Բարոյանի համար գործարանում էքսկուրսիա կազմակերպի: Գնացինք գործարան, Բարոյանը ուշադրությամբ ծանոթանում էր տարածքին: Գործարանի հիմնական շենքից ապակյա խողովակներ էին գնում դեպի հեռվում գտնվող մասնաշենքը: Բարոյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է անցնում խողովակների միջով եւ որքան մեծ էր նրա զարմանքը, երբ նրան ասացին, որ կոնյակ է: «Հրաշք մեթոդ է»,- հիացմունքով ասաց նա: Շատ էր հավանել «Հոբելյանական» կոնյակը, անդադար գովում էր, հետո հարցրեց, որտեղի՞ց կարող է ձեռք բերել: Հայրս անմիջապես պատասխանեց, որ խանութից: Նվերի մասին խոսք անգամ գնալ չէր կարող` նման հարցերում նա չափազանց խիստ էր:


Լուսանկարը` Ա. Խանոյանի արխիվից:

Մի օր Երեւան էր ժամանել խորհրդային համաճարակաբանության հիմնադիր, ակադեմիկոս Լեւ Գրոմոշեւսկին: Արտո Ալեքսանյանը կրկին խնդրեց, որ նրան գործարան տանենք: Էքսկուրսիաները վարում էր Մարգար Սեդրակյանը: Նա «քաղցր» լեզու ուներ եւ միշտ հետաքրքիր կերպով էր ներկայացնում այս կամ այն կոնյակը: Հարմար պահին, տեսնելով, որ մեր կողքը «ավելորդ» մարդ չկա, Սեդրակյանը վերցրեց դեռ հաշվառում չանցած կոնյակի շիշը, եւ մեկնեց Գրոմոշեվսկու կնոջը, ասելով, որ արագ պայուսակի մեջ դնի, քանի տնօրենը չի նկատել:


Լուսանկարը` Ռ. Մարգարյանի արխիվից:

Հետաքրքիր պատմություն է կապված նաեւ Չինաստանի պատվիրակության այցի հետ: Էքսկուրսիայից հետո հորս ասացին, որ պետք է պատրաստել կոնյակի բոլոր տեսակներից մեկական արկղ` պատվիրակությանը նվիրելու համար: Հայրս պատրաստում է կոնյակները ու հաշվապահին ասում, որ հաշիվ դուրս գրի (որը կազմում էր մի հազար ռուբլի): Հաշիվը հանձնարարում է ուղարկել  կառավարություն: Քոչինյանը, տեսնելով հաշիվը, զարմանում է, ասելով, որ դա նվեր էր: Հայրս էլ պատասխանում է, որ այնուամենայնիվ պետք է վճարել, քանի որ հակառակ դեպքում գործարանը մեծ գումար կկորցնի:

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Արա Թադեւոսյանը, Էմին Արիստակեսյանը, Արմինե Մելքոնյանը:

Շնորհակալություն ենք հայտնում` Զարուհի Սարիբեկյանին, Վանուհի Սեդրակյանին, Անուշ Խանոյանին, Մարտուն Մուրադյանին, Ռեմ Մարգարյանին, Գեւորգ Օրբելյանին:

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին