«Ռոսիա» կինոթատրոն` (ան)կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
79114 դիտում

«Ռոսիա» կինոթատրոն` (ան)կենդանի պատմություն


Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ:

Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ:

Լուսանկարը` Մ. Կրիմսկի:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Բդեյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Բդեյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Բդեյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Բդեյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Բդեյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Բդեյանի արխիվից:

Հ. Բդեյանի կոտրված աշխատանքները:
Հ. Բդեյանի կոտրված աշխատանքները:

Լուսանկարը` Հ. Բդեյանի արխիվից:

Լուսանկարը` Հ. Բդեյանի արխիվից:


«Ռոսիա» կինոթատրոնը համարվում է Երեւանի ամենամոդեռնիստական կառույցներից մեկը: Ցավոք, այսօր այն հայտնվել է այնպիսի միջավայրում, որը թուլ չի տալիս շենքն ընկալել այնպես, ինչպես որ այն նախատեսել էին հեղինակները` Հրաչ Պողոսյանը, Արթուր Թարխանյանը ու Սպարտակ Խաչիկյանը: Ու չնայած նրան, որ ի տարբերություն այս հեղինակների կողմից նախագծված Երիտասարդության Պալատի, «Ռոսիա» կինոթատրոնի շենքը կանգուն է, իրականում այն գտնվում է անկենդան վիճակում...

Ճարտարապետ Հրաչ Պողոսյան` կարողացանք իրականացնել այն ամենն, ինչ ուզում էինք, առանց որեւէ բան փոխելու

«Ռոսիա» կինոթատրոնը իմ, Արթուր Թարխանյանի եւ Սպարտակ Խաչիկյանի երկրորդ համատեղ խոշոր նախագիծն էր: Մեր առաջին համատեղ աշխատանքը Աբովյան քաղաքի գլխավոր հատակագիծն էր:

Նախկինում «Ռոսիա» կինոթատրոնի տարածքում գտնվում էր Երեւանի ամենահին շուկաներից մեկը` բավականին կեղտոտ տարածքով, սակայն ինքնատիպ կոլորիտով:

Որոշում կայացվեց, որ շուկայի փոխարեն կինոթատրոն է կառուցվելու: Այդ մասին մամուլից տեղեկացանք ու տեսանք Գեւորգ Թամանյանի արված նախագծի լուսանկարը: Նա հիանալի մարդ էր, ազնվագույն ճարտարապետ: Բայց մենք այն ժամանակ համաշխարհային ճարտարապետության նորամուծություններով էինք տարված եւ մտածեցինք, որ Թամանյանի նախագիծը դասական ոգով է արված եւ չի կարող ժամանակակից դիտվել: Որոշեցինք առաջարկություն անել: Տղաներով մեր տանը հավաքվեցինք ու սկսեցինք նախագծել կինոթատրոնի մեր տարբերակը: 1970-71 թվականներին մեր նախագիծը ներկայացրեցինք ճարտարապետների միության դատին: Այնտեղ ռումբի պայթյունի նման մի բան տեղի ունեցավ. այդ տարիներին բոլորը դասական թամանյանական ոճով էին աշխատում, իսկ մենք նորարարություն ներկայացրեցինք: Նախագծի վերաբերյալ քննարկումները երկու օր տեւեցին` ոմանք կտրուկ դեմ էին: Սակայն երկու օր անց դրական արձագանք ստացանք` նախագիծը մեծամասնության կողմից հավանության էր արժանացել: Ավելի ուշ այն հաստատեց նաեւ Երեւանի Քաղխորհրդի կողմից: Նախագիծը իրականացնելու պատվերը տրվեց «Հայպետնախագիծ» ինստիտուտին:


Լուսանկարը` «Հայնախագիծ» ինստիտուտի արխիվից:

Շինարարությունը բավականին դժվար էր ընթանում, նյութերի պակաս կար: Շինարարները եւս դժվարանում էին, որովհետեւ չէին կարող հասկանալ, թե ի՞նչ են կառուցում: Ի վերջո, բավականին մեծ, սենյակի չափով մանրակերտ պատրաստեցինք եւ տվեցինք շինարարներին: Դրանից հետո աշխատանքը թեթեւացավ, բանվորները ոգեւորվեցին:


Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

«Ռոսիա» կինոթատրոնի կախովի ծածկը Հայաստանում ստեղծվեց առաջին անգամ: Այն կոչվում էր «вантовое перекрытие»: Կինոթատրոնի` Տիգրան Մեծի փողոցի վրա նայող հատվածում ծածկը 40 մետր լայնություն եւ 60 մետր երկարություն ունի: Ի դեպ, այն կախված է առանց որեւէ հենարանի:

Երբ կինոթատրոնը նախագծվում էր, ցանկանում էինք այն անվանել «Արարատ» կամ «Նոյան Տապան»: Սակայն մեր ձայնը որոշիչ չէր, եւ կինոթատրոնն անվանեցին «Ռոսիա»:


Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

«Ռոսիա» կինոթատրոնն ունի երկու մեծ դահլիճ` 1600 եւ 1000 նստատեղով: Երկու հարկանի մասում, որտեղ այժմ առեւտրային սրահներ են, կար եւս մեկ սրահ`280 նստատեղով: Մյուս մասերում գտնվում էին ցուցասրահներ, պարասրահներ, սրճարաններ` «Ռոսիան» լիարժեք մշակութային կենտրոն էր:


Լուսանկարը` «Հայնախագիծ» ինստիտուտի արխիվից:

Հրավիրեցինք մեր լավագույն քանդակագործներին, ովքեր քանդակներ ստեղծեցին կինոթատրոնի սրահների համար: Նրանց թվում էին Երվանդ Կոդաբաշյանը, Հենրիկ Էլիբեկյանը, Օհան Պետրոսյանը, Հմայակ Բդեյանը եւ ուրիշներ: Ցավոք, հետագայում քանդակներից շատերը հանվեցին ու կոտրվեցին:

«Ռոսիա» կինոթատրոնի բացումը կայացավ 1974 թվականի դեկտեմբերին՝  ՀԿԿ Կենտկոմի պլենումի նիստով, որը վարեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնը ստանձնած Կարեն Դեմիրճյանը: Հաջորդ օրվանից կինոթատրոնում սկսեցին ֆիլմեր ցուցադրել:

1978 թվականին Երեւանում պատրաստվում էին տոնել Արեւելյան Հայաստանի՝ Ռուսաստանի հետ միավորման 150-ամյակը, եւ սպասվում էր, որ Հայաստան կժամանի Լեոնիդ Բրեժնեւը: Հանդիսավոր նիստը պետք է կայանար «Ռոսիա» կինոթատրոնում: Մոսկվայի ՊԱԿ-ից (КГБ) մարդիկ եկան` տարածքի հետ ծանոթանալու համար: Ուսումնասիրեցին կինոթատրոնի բոլոր անկյունները` սկսած էկրանի հետեւի տարածքից: Հետո սկսեցին մտածել, թե որտեղի՞ց է Լեոնիդ Իլյիչը ներս մտնելու: Նա արդեն վատառողջ էր, դժվարությամբ էր քայլում: Ցույց տվեցի հիմնական մուտքը: Նրանք չհամաձայնվեցին, պատճառաբանելով, որ Բրեժնեւը չի կարող դեպի դահլիճ տանող աստիճաններով բարձրանալ: Առաջին հարկում հանգստյան սենյակ կար, որը դրսից մուտք չուներ: Հանձնարարեցին, որ դահլիճներին հարակից պատը քանդենք ու դուռ բացենք: Մեծ դժվարություններով դուռ բացեցինք, սակայն Բրեւժնեւն այդպես էլ չեկավ: Իսկ այդ դուռը մինչ այսօր պահպանվել է:


Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Ճարտարապետական առումով «Ռոսիա» կինոթատրոնը իմ, Սպարտակի ու Արթուրի համար սկզբունքային եւ շատ կարեւոր նշանակություն ուներ, որովհետեւ կարողացանք իրականացնել այն ամենն, ինչը նախատեսել էինք նախագծով, առանց որեւէ բան փոխելու:

1979 թվականին Հրաչ Պողոսյանը, Արթուր Թարխանյանը ու Սպարտակ Խաչիկյանը «Ռոսիա» կինոթատրոնի նախագծի համար արժանացան ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի մրցանակին:

ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյան` իմ քանդակներից ոչ մեկը չփրկվեց

1974 թ.-ին «Ռոսիա» կինոթատրոնի հեղինակներից մեկը` Հրաչ Պողոսյանը, դիմեց ինձ եւ պատվիրեց շենքի համար մի քանի դեկորատիվ կոմպոզիցիաներ պատրաստել:

Նա խնդրեց, որպեսզի նախասրահի եւ բարի միջեւ մի այնպիսի միջնապատ պատրաստեմ, որը թափանցիկ կլիներ եւ որի վրա կամրացվեին ֆիլմերի գովազդները: Միջնապատը պատրաստվեց այնպես, որպեսզի հնարավոր լիներ այն բացել ու փակել:


Լուսանկարը` Հ. Բդեյանի արխիվից:

Միջնապատի վրա տեղադրվեցին դեկորատիվ քանդակներ՝ դիմակների տեսքով, որոնք միանգամայն տարբեր կերպ էին երեւում դրսից եւ ներսից:

Միջնապատի լայնությունը 10 մետր էր, իսկ բարձրությունը՝ 3,5 մ:    

Ընդհանուր առմամբ, «Ռոսիա» կինոթատրոնում հեղինակել եմ երեք կոմպոզիցիաներ: Բավական երկար ժամանակ պահանջվեց այդ գործերը պատրաստելու համար: Կինոթատրոնի շենքի կառուցումը տեւեց մոտ մեկ տարի, ուստի ես էլ բավական ժամանակ ունեի՝ մտածելու պատվիրված աշխատանքների մասին:

Ցավոք, կինոթատրոնի մասնավորեցումից հետո, երբ այն վերածվեց տոնավաճառի, իմ դեկորատիվ քանդակներից ոչ մեկը չփրկվեց, դրանք կոտրվեցին. ինձ հաջողվեց միայն մի քանի հատվածներ գտնել:  


Հ. Բդեյանի կոտրված աշխատանքները:
Լուսանկարը` Հ. Բդեյանի արխիվից:


Հիշում եմ, որ շատերին դուր չեկավ այն փաստը, որը կինոթատրոնի անվանումը «Ռոսիա» էր: Շատերը կարծում էին, որ կինոթատրոնը պետք է հայկական անվանում ունենար: Այնուամենայնիվ, մարդիկ շատ սիրեցին այդ կինոթատրոնը: Նախեւառաջ, գրավիչ էին ճարտարապետական լուծումները` «Ռոսիան» այդ ժամանակահատվածի լավագույն շենքերից էր: 

Webtv ինտերնետ-հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյան`

«Ռոսիա» կինոթատրոնը բացվեց 1974 թվականին, ու թեեւ այդ ժամանակ ես ընդամենը 10 տարեկան էի, կինոթատրոնի շուրջ ընթացող խոսակցություններն այնքան բուռն էին, որ շատ լավ տպավորվել են հիշողությանս մեջ:

Խոսակցությունների հիմնական թեման այն էր, որ Մոսկվան չէր տալիս Երեւանում նման մեծ կինոթատրոն կառուցելու թույլտվությունը եւ Հայաստանի ղեկավարներին հաջողվեց ստանալ այն՝ ապագա կինոթատրոնը «Ռոսիա» անվանելու գնով: Իհարկե, դժվար է ասել, թե որքանո՞վ է այս պատմությունը համապատասխանում իրականությանը: Գուցե, նման խոսակցությունները գալիս էին մարդկանց՝ «Ռոսիա» անունից դժգոհ լինելուց, քանի որ Երեւանում արդեն կար կինոթատրոն, որը կրում էր «Մոսկվա» անվանումը:


Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

«Ռոսիա» կինոթատրոնի հետ կապված հիշողություններս ավելի կենտրոնանում են 1978 թվականի շուրջ, երբ նշվում էր Արեւելյան Հայաստանի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու 150-ամյակը: Երեւան էր ժամանել ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դմիտրի Ուստինովը, եւ պաշտոնական նիստը տեղի ունեցավ հենց «Ռոսիա» կինոթատրոնում: Այդ ժամանակ ես պարի խմբակ էի հաճախում, եւ մեր խումբը մասնակցելու էր հանդիսության գեղարվեստական մասին: Մեզ տարան կինոթատրոնի փոքր դահլիճի նախասրահ, որը կահավորված էր այն ժամանակվա համար շատ մոդեռն` մեծ, սպիտակ բազկաթոռներով ու բազմոցներով, որոնց դիմաց համարակալված սեղաններ էին՝ մրգերով եւ անուշեղեններով: Մենք, իհարկե, չգիտեինք, որ դրանք հատուկ հյուրերի համար են, եւ մինչ միջոցառման սկսվելը մի լավ «հյուրասիրվեցինք»: Երբ Կարեն Դեմիրճյանը եկավ ու տեսավ, որ մենք «փչացրել» ենք սեղանները, բարձր ծիծաղեց ու հանձնարարեց, որ վերականգնեն` մինչ այդ նրա ենթակաները իրար էին խառնվել եւ փորձում էին ամեն ինչ շտկել մինչեւ Դեմիրճյանի ժամանելը:


Լուսանկարը` Ա. Թարխանյանի արխիվից:

Եթե չեմ սխալվում, հենց այդ օրը «Ռոսիայում» տեղի ունեցավ նաեւ Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպի հիման վրա Էդմոն Քեոսայանի կողմից «Մոսֆիլմում» նկարահանված «Հուսո աստղ» ֆիլմի պրեմիերան, որը մեծ իրարանցում էր առաջացրել: Պրեմիերային մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել Արմեն Ջիգարխանյանն ու Էդմոն Քեոսայանը: Հայրս պրեմիերայի հրավիրատոմս ուներ եւ կարողացավ ինձ իր հետ տանել «Ռոսիա» կինոթատրոնի մեծ դահլիճ` ֆիլմը դիտելու: Բոլորը ցանկանում էին տեսնել Արմեն Ջիգարխանյանին, Խորեն Աբրահամյանին, Սոս Սարգսյանին: Ֆիլմը շատ տպավորիչ էր, թեեւ ոմանք դժգոհում էին ֆիլմում պատմական փաստերի խեղաթյուրումից, ինչպես նաեւ Արմեն Ջիգարխանյանի մարմնավորած Մխիթար Սպարապետի կերպարից:

Այդ տարիներին ավանդույթ էր նոր ֆիլմերի պրեմիերաները կազմակերպել «Ռոսիայում»: Դահլիճները լեփ-լեցուն էին լինում, տոմս գնել հնարավոր չէր:


Լուսանկարը` Մ. Կրիմսկի:

Դասընկերներիս հետ «Ռոսիայում» դիտել եմ նաեւ Ֆրունզե Դովլաթյանի «Ապրեցեք երկար» ֆիլմը: Իհարկե, դա արվել էր դասերից փախչելու հաշվին, սակայն ֆիլմից հետո գնացինք ու ամբողջ դասարանով կարդացինք Շահեն Թաթիկյանի «Բալի շուրթերով իմ հեքիաթը», որն ընկած էր ֆիլմի հիմքում:

1978 թվականին «Ռոսիա» կինոթատրոնում տեղի ունեցավ նաեւ համամիութենական կինոփառատոն: Երեւան էին ժամանել խորհրդային կինոյի շատ աստղեր եւ մենք, նրանց տեսնելու ակնկալիքով, «հերթապահում» էինք «Ռոսիա» կինոթատրոնի ծառայողական մուտքերի մոտ: Գրող Հովիկ Չարխչյանի վկայությամբ, այդ օրերին Հայաստան էր եկել նաեւ Սուլամիթան ու այցելել էր Պարույր Սեւակի գերեզմանը:

Տպավորվել է նաեւ 1980-ականներին «Ռոսիա» կինոթատրոնում ցուցադրված «Վերադարձ դեպի Արարատ» ֆիլմը: Ֆիլմում առաջին անգամ Արարատը ցուցադրված էր մեզ համար անսովոր` Թուրքիայի կողմից: Այդ տարիներին աշխատում էի «Երեկոյան Երեւան» թերթի խմբագրությունում եւ հիշում եմ, որ բավականին մեծ խորհրդավորություն ու խոսակցություններ կային այդ ֆիլմի շուրջ:

Ժամանակին կինո կամ թատրոնը հաճախելը հատուկ մշակույթ էր, իսկ «Ռոսիան» միայն կինո դիտելու վայր չէր, այլեւ ժամանցի իսկական կենտրոն: Մարդիկ սովորաբար մեկ-երկու ժամ շուտ էին գնում, որպեսզի մինչ կինոյի սկսվելը ներսում հաճելի ժամանակ անցկացնեն:


Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Կինոթատրոնը, նույնիսկ այսօրվա համար շատ ժամանակակից, կլոր բար ուներ, որը գտնվում էր դեպի մեծ եւ փոքր դահլիճներ տանող աստիճանավանդակների միջնամասում: Մենք` 14-15 տարեկան դպրոցականներս, նախաճաշերից «կուտակած» գումարներով կարողանում էինք այդ բարից օգտվել:


Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ:

Կինոթատրոնի մեծ եւ գեղեցիկ նախասրահում, որը, կարծես, ճեմելու եւ մինչ կինոդահլիճ բարձրանալը կինոյի մթնոլորտում հայտնվելու վայր էր, փակցված էին մեր կինոյի մեծ վարպետների դիմանկարները, լուսանկարներ կինոֆիլմերից: Կարծես մշտական ցուցահանդես լիներ եւ մարդիկ մեծ հաճույքով երկար կանգնում էին այդ նկարների առջեւ:

Տոմսարկղերի հարեւանությամբ նաեւ թեյարան կար: Այն կահավորված էր ռուսական ոճով, սեղանների վրա ինքնաեռներ կային, թխվածքներն էլ հենց տեղում էին թխում: Անգամ դրսում կանգնելով կարող էիր զգալ այդ համեղ բույրը: 

Այսպիսով, կինո գնալը 3-4 ժամանոց արարողություն էր դառնում՝ գնալ թեյարան, մի քիչ զրուցել, ճեմել նախասրահում, սուրճ ըմպել բարում, ծանոթանալ կինոյի նորություններին ու վերջապես` ֆիլմ դիտել:


Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Տոմսարկղերը գտնվում էին դրսի կողմից առաջին հարկում, որոնց առջեւ գրեթե մշտապես երկար հերթեր էին: Հաճախ երեկոյան դիտումների տոմսերը կարող էիր ձեռք բերել միայն  ծանոթ-բարեկամական կապերով, կամ էլ «տակից»՝ավելի թանկ գներով:

Կինոթատրոնը շատ հետաքրքիր էր կառուցված: Կինոդահլիճների մուտքերը գտնվում էին բաց հարթակների վրա եւ տանում էին դեպի մանկավարժական ինստիտուտը եւ այսօրվա «Տաշիր» առեւտրի կենտրոնը: Ֆիլմը դիտելուց հետո մարդիկ անմիջապես չէին հեռանում, կանգնում, զրուցում էին, քննարկում էին ֆիլմը, փոքր բարձրունքից նայում էին Երեւանին:


Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:

Հետաքրքիրն այն է, որ «Ռոսիա» կինոթատրոնը կոմունիստական Հայաստանում կառուցվեց հայտնի «սեւ շուկայի» տեղում, իսկ անկախ Հայաստանում այդ հսկայական կառույցը կրկին վերածվեց շուկայի:

«Ռոսիա»-«Այրարատի» ներկան ու ապագան

«Ռոսիա» կինոթատրոնը սեփականաշնորհվեց 2004 թվականին: Սեփականատերը դարձավ «Սիլ կոնցեռն»-ի մեջ մտնող «Նարեկ» ընկերությունը, որը կառույցի համար վճարեց $‌ 500 հազար: Մասնավորեցման մասին ՀՀ կառավարության ամբողջական  որոշման հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

2006 թվականին շենքի սեփականատերը հայտնեց, որ «Ռոսիա» կինոթատրոնը, որը անկախության առաջին տարիներին վերանվանվել էր «Այրարատ»-ի, այսուհետ կրկին կոչվելու է հին անվամբ եւ գործելու է որպես առեւտրամշակութային կենտրոն:

Համալիրի վերականգնման ծրագրի արժեքը կազմում էր $‌ 12 մլն, որից 5,2 մլն-ը պետք է երկարաժամկետ վարկի տեսքով տրամադրեր Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան: Մնացած գումարը ներդնելու էր «Սիլ կոնցեռն»-ը:

2006 թվականի նոյեմբերի 11-ին «Այրարատ» կինոթատրոնի մի հատվածում հանդիսավորությամբ բացվեց «Ռոսիա» առեւտրամշակութային կենտրոնի առաջին մասնաշենքը, որը ներառում է սրճարան եւ առեւտրի սրահներ։ Բացման կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ «Սիլ կոնցեռն»-ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը։ Հայտարարվեց, որ շինարարական աշխատանքները կշարունակվեն, եւ 3-4 տարուց փուլ առ փուլ միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոնը շահագործման կհանձնվի։


Լուսանկարը` Հ. Պողոսյանի արխիվից:
 
«Հինգ տարվա ընթացքում շատ մեծ գործ կանենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է մեր հայրենակիցների ու արտասահմանցիների ամենասիրելի վայրերից մեկը», - ասել էր Խաչատուր Սուքիասյանը` նշելով, որ ծրագրի ամբողջ արժեքը մոտ $‌ 30 մլն է։

«Սիլ կոնցեռն»-ի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը մեզ հայտնեց, որ կինոթատրոնի վերակառուցման ծրագրերը 2008 թվականից «կանգնեցվել են քաղաքային իշխանությունների կողմից»: Նա մանրամասներ չհայտնեց, ուստի դժվար է ասել. արդյո՞ք «Սիլ կոնցեռն»-ը մտադիր է շարունակել այն ծրագրերը, որոնց մասին հայտարարել էր 6 տարի առաջ:

Աննա Մկրտչյանը հավաստիացրեց, որ կինոթատրոնի դահլիճները գտնվում են նորմալ վիճակում, իսկ «քանդակները պատշաճ կերպով պահպանվում են սեփականատիրոջ մոտ»:

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Աննա Զիլֆուղարյանը, Արա Թադեւոսյանը, Արմինե Մելքոնյանը:

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին