Առողջության առաջնային պահպանման օղակն առողջապահական համակարգի հիմքն ու հենասյունն է։ Այն իրականացնում է ոչ միայն բուժական եւ կանխարգելիչ միջոցառումներ, այլեւ՝ կարեւոր տեղեկատվական ու կրթական գործառույթ։
Այս օղակի բուժհաստատություններում՝ պոլիկլինիկաներում, քաղաքացին առաջին անգամ առնչվում է առողջապահական համակարգին։ Շատ կարեւոր է, որ այդ փուլում բժշկի ճիշտ աշխատանքի շնորհիվ ձեւավորվի մտածողություն, որ սեփական առողջության նկատմամբ ուշադրությունն ու պարբերական հետազոտությունները կենսական նշանակություն ունեն։ Սա է առողջական խնդիրների առաջացման ռիսկը նվազեցնելու ամենաարդյունավետ ուղին։
2024 թ. մայիսից Երեւանում գործում են «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնի» պոլիկլինիկաները՝ Կենտրոնում, Նոր Նորքում, իսկ այժմ նաեւ՝ Էրեբունի վարչական շրջանում։ Այսպիսով, մայրաքաղաքի բնակիչները կարող են ընտրել իրենց առավել հարմար մասնաճյուղը եւ լիովին անվճար օգտվել ինչպես բուժման, այնպես էլ՝ կանխարգելիչ ծառայություններից (սքրինինգային հետազոտություններ, պատվաստումներ):
«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնի» բուժական գծով փոխտնօրեն Լիլիթ Մարությանը, Էրեբունու մասնաճյուղի ղեկավար Սոնա Տերմենջյանը եւ Նոր Նորքի մասնաճյուղի ղեկավար Գոհար Պետրոսյանը Մեդիամաքսի հետ զրույցում պատմել են պոլիկլինիկաներում իրականացվող բուժական եւ կանխարգելիչ միջոցառումների մասին՝ ընդգծելով նաեւ առողջության պահպանման մշակույթի կարեւորությունը։
«Հիվանդությունների կանխարգելումն առավել արդյունավետ է թե՛ անհատի, թե՛ բուժհաստատության, թե՛ պետության տեսանկյունից»
Լիլիթ Մարության
Առողջության առաջնային պահպանման օղակն առողջապահական համակարգի հենասյունն է: Առանց կիրթ, ուժեղ առաջնային օղակի հնարավոր չէ կառուցել արդյունավետ առողջապահական համակարգ, որը պատրաստ է դիմակայել առկա բազմաթիվ մարտահրավերներին: Ցավոք, այս օղակում կան որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծենք միասնական ջանքերով:
Լիլիթ ՄարությանըԼուսանկարը` Մեդիամաքս
Առաջնային օղակի հիմնական գործառույթներն են հիվանդությունների կանխարգելումը եւ դրանց բուժումը: Ակնհայտ է, որ կանխարգելումն առավել արդյունավետ է թե՛ անհատի, թե՛ բուժհաստատության, թե՛ պետության տեսանկյունից: Կանխարգելիչ միջոցառումների թվում շատ կարեւոր են պատվաստումներն ու սքրինինգները՝ որոշակի տարիքում պարտադիր ստուգումները, որոնք կատարվում են ըստ համապատասխան ժամանակացույցի՝ կախված տարիքից եւ ռիսկի գործոններից: Հայաստանում անպայման պետք է զարգացնել առանց գանգատի հետազոտվելու մշակույթը:
Այստեղ է, որ ի հայտ է գալիս առաջնային օղակի եւս մեկ կարեւոր գործառույթ՝ տեղեկատվականն ու կրթականը: Բժիշկն է այն վստահելի անձը, որի պարտականություններից է բուժառուին ապահովել ճշգրիտ, հասանելի եւ հստակ տեղեկատվությամբ՝ հաջորդ կանխարգելիչ այցի, սքրինինգի եւ պատվաստումների վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ, բուժառուն եւս պատասխանատու է սեփական առողջության պահպանման համար՝ առաջնորդվելով բժշկի մասնագիտական խորհուրդներով:
Լիլիթ ՄարությանըԼուսանկարը` Մեդիամաքս
Այսօր ՀՀ-ում արդեն իսկ ներդրված են մի քանի սքրինինգային ծրագրեր, սակայն հիմնվելով միջազգային փորձի վրա՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոնը մշակել է լրացուցիչ սքրինինգային հետազոտություններ, որոնք մեզ մոտ կցագրված բուժառուների համար անվճար են: Դրանցից են կրծքագեղձի, թոքերի եւ հաստ աղիքի քաղցկեղի եւ այլ կարեւոր սքրինինգներ։
Այս օղակի մյուս կարեւոր դերը հիվանդությունների բուժումն է: Պոլիկլինիկաները պետք է մատուցեն որակյալ բժշկական ծառայություններ՝ առաջնորդվելով ապացուցահեն բժշկության սկզբունքներով եւ նշանակելով միայն ցուցված հետազոտություններն ու բուժումները: Սա կարեւոր է, որպեսզի հիվանդանոցներն իրենց վրա չկրեն առողջության առաջնային պահպանման օղակի ծանրաբեռնվածությունը:
«Հասանելի դարձնել որակյալ, մատչելի, արդյունավետ բուժօգնությունը»
Լիլիթ Մարության
Ցանկացած բուժհաստատության համար առանցքային է ոչ միայն ձեռք բերել բուժառուների վստահությունը, այլեւ՝ պահպանել այն։ Սա հնարավոր է միայն հետեւողական, որակյալ աշխատանքի միջոցով: Ընդ որում, խոսքը միայն կազմակերպչական որակի կամ տեխնիկական հագեցվածության մասին չէ: Ամենաբարդն ու միաժամանակ ամենակարեւորը որակյալ մասնագետների առկայությունն է: Սա է պատճառը, որ «Ուիգմոր»-ում շատ ենք կարեւորում շարունակական բժշկական վերապատրաստումը։ Մեզ մոտ առաջնահերթություն է տրվում կրթական ծրագրերին՝ թե՛ բժիշկների, թե՛ բուժանձնակազմի համար։ Ինքս մշտապես մասնակցում եմ վերապատրաստումների՝ որպես դասավանդող կամ ուսանող եւ լավ գիտեմ՝ ինչ տիտանական աշխատանք է այս ամենի հիմքում: Այնուամենայնիվ, սա է միակ ճանապարհը՝ պահպանելու բարձր մասնագիտական մակարդակն ու ժամանակակից բժշկությանը համահունչ մոտեցումները:
«Ապահովել հասանելիություն Երեւանի տարբեր հատվածներում»
Սոնա Տերմենջյան
«Ուիգմոր»-ում մեր նպատակն է հասանելի դարձնել որակյալ, մատչելի եւ արդյունավետ բուժօգնությունը։ Մենք ձգտում ենք ապահովել հասանելիություն Երեւանի տարբեր հատվածներում, եւ հենց այս սկզբունքով ենք որոշել մեր նոր մասնաճյուղը բացել Էրեբունի վարչական շրջանում: Քաղաքի այս հատվածը բավականին հեռու է Կենտրոնի կամ Նոր Նորքի մասնաճյուղերից:
Սոնա ՏերմենջյանըԼուսանկարը` «Ուիգմոր»
«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Էրեբունու մասնաճյուղը գործում է ավելի քան մեկ ամիս, եւ այս ընթացքում մեծ թվով քաղաքացիներ են դիմել մեզ, լրացրել գրանցման հայտեր:
Լուսանկարը` «Ուիգմոր»
Բուժառուի կցագրումը կամ այլ բուժհաստատությունից տեղափոխումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով, ինչը գործընթացը դարձնում է առավել պարզ եւ արագ:
«Բուժառուի շփումը պոլիկլինիկայի հետ երկարաժամկետ հարաբերություն է»
Գոհար Պետրոսյան
«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Նոր Նորքի մասնաճյուղը գործում է 2025թ. մարտից։ Բուժառուների դիմելիությունն եւ գրանցման գործընթացը բավականին ակտիվ է: Դիմում են տարբեր տարիքային խմբերի քաղաքացիներ ՝ նորածիններից մինչեւ տարեցներ։ Կենտրոնի անվանումը (Ընտանիքի առողջության կենտրոն) լիովին արդարացնում է իրեն, քանի որ մեզ մոտ հաճախ գրանցվում են նույն ընտանիքի տարբեր անդամներ՝ երեխաներ, ծնողներ, տատիկ-պապիկներ (ժպտում է – հեղ.)։
Գոհար ՊետրոսյանըԼուսանկարը` «Ուիգմոր»
Պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում բուժառուի հետ կապն ու նրա վստահության պահպանումը որոշակի տարբերություններ ունեն: Եթե հիվանդանոցում բուժառուն բժշկին տեսնում է մեկ կամ մի քանի այցի ընթացքում եւ հեռանում, ապա պոլիկլինիկայի դեպքում շփումն ավելի երկարաժամկետ է եւ սկսվելով նորածնային տարիքից՝ կարող է շարունակվել տասնամյակներով: «Ուիգմոր»-ում լիովին գիտակցում ենք այս վստահության արժեքն ու դրան վերաբերվում մեծ պատասխանատվությամբ: Բուն բժշկական միջոցառումներից բացի, կարեւորում ենք նաեւ բուժառուի հետ հաղորդակցման որակը: Ունենք մշակված ներքին կանոնակարգ, որը ներառում է մասնագիտական էթիկայի եւ բարեվարքության կանոններ։
Դեռեւս տարածված է կարծրատիպ, թե «Ուիգմոր»-ի ծառայությունները միայն վճարովի են։ Մենք զրուցում ենք բուժառուների հետ, ներկայացնում պետության կողմից տրամադրվող երաշխավորված անվճար պոլիկլինիկական ծառայությունները, ինչպես նաեւ՝ «Ուիգմոր»-ի կողմից մշակված սքրինինգային անվճար հետազոտությունները։
Լուսանկարը` «Ուիգմոր»
Կանխարգելիչ միջոցառումներից բացի, «Ուիգմոր»-ի պոլիկլինիկաների գործունեության կարեւոր ուղղությունն է նաեւ բուժական ծառայությունը։ Մեր բոլոր մասնաճյուղերում ընտանեկան բժիշկներին զուգահեռ աշխատում են նեղ մասնագետները, որոնք եւս լիովին անվճար տրամադրում են բուժական ծառայություններ:
Անընդհատ ընդգծում ենք, որ ծառայություններն անվճար են, քանի որ հաճախ նկատում ենք հետեւյալ միտումը․ բուժառուները, տեսնելով հարմարավետ, լուսավոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած պայմանները եւ տեղեկանալով ծառայությունների անվճար լինելու մասին, խորհրդատվության ավարտին միեւնույն է հարցնում են՝ «իսկ որտե՞ղ պետք է վճարենք» (ժպտում է – հեղ.): Այս մտածողությունը պետք է փոխենք մեր ամենօրյա հետեւողական աշխատանքով:
«Ուիգմոր»-ի կողմից մշակված լրացուցիչ սքրինինգային հետազոտությունները
Լիլիթ Մարության
Ինչպես նշեցի, շատ կարեւոր է մարդկանց մոտ սերմանել առանց գանգատի, պարբերաբար հետազոտվելու մշակույթը։ Այս նպատակով «Ուիգմոր»-ում մշակել ենք տեղեկատվական նյութեր, որոնց միջոցով հնարավոր է ծանոթանալ պետպատվերի շրջանակում առաջարկվող հետազոտությունների ցանկին։
Լուսանկարը` «Ուիգմոր»
Հիվանդությունների կանխարգելումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով «Ուիգմոր»-ում մշակել ենք նաեւ լրացուցիչ սքրինինգային փաթեթներ՝ հաշվի առնելով համաշխարհային առողջապահական փորձը։ Դրանցում ներառված հետազոտությունները եւս լիովին անվճար են բուժառուների համար։ Օրինակ՝ կրծքագեղձի տարեկան մամոգրաֆիան (40 տարեկանից բարձր կանանց համար), թոքերի, հաստ աղիքի քաղցկեղի սքրինինգը, ակնաբույժի զննումը եւ այլն։
Սքրինինգային հետազոտությունների մշակույթը շատ կարեւոր է, եւ այն պետք է տարածել դեռ փոքր տարիքից։ Երեխան պետք է տեսնի, որ ծնողները հետեւում են իրենց առողջությանը։ Միայն այս դեպքում նրա մոտ կձեւավորվի նույն պատասխանատու վերաբերմունքը սեփական առողջության հանդեպ։
«Պատվաստումների միջոցով խուսափել կառավարելի հիվանդություններից»
Սոնա Տերմենջյան
Շարունակելով գործընկերոջս խոսքը կանխարգելիչ բժշկության մասին՝ պետք է ընդգծեմ պատվաստումների կարեւորությունը։ Դրանց միջոցով հնարավոր է խուսափել հիվանդություններից, որոնք գիտության շնորհիվ դարձել են կառավարելի։
Լուսանկարը` «Ուիգմոր»
Կան մի շարք օրինակներ՝ ինչպես է այս կամ այն հիվանդությունն առհասարակ վերացել պատվաստումների միջոցով, օրինակ՝ բնական ծաղիկը, որը ժամանակին մոլեգնել է ողջ աշխարհում, իսկ հիմա վերացել է արդյունավետ միջոցառումների արդյունքում։
«Ուիգմոր»-ի բոլոր մասնաճյուղերում իրականացվում են ազգային օրացույցով մեծահասակաների եւ երեխաների համար նախատեսված պատվաստումները։
Կա թյուր կարծիք, որ պատվաստումները պարտադիր են միայն երեխաների դեպքում։ Մեծահասակները եւս պետք է պարբերաբար պատվաստվեն, օրինակ՝ 10 տարին մեկ դիֆթերիայի եւ փայտացման դեմ։
Մեծահասակաների եւ երեխաների համար նախատեսված է նաեւ սեզոնային գրիպի դեմ պատվաստումը, որն իրականացնում ենք հիմնականում աշուն-գարուն ժամանակահատվածում, երբ այս վիրուսն առավել ակտիվ է։
Ցավոք, քչերն են լուրջ վերաբերվում գրիպի վիրուսին, սակայն այն բավականին վտանգավոր է եւ ունի բազմաթիվ շճատեսակներ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պարբերաբար կատարում է հետազոտություններ՝ կանխատեսելու, թե առաջիկա սեզոնի ընթացքում գրիպի որ շճատեսակներն են լինելու առավել ակտիվ եւ ըստ այդմ՝ ընտրում պատվաստանյութ։ Օրինակ՝ այս տարվա պատվաստանյութը ձեզ կպաշտպանի գրիպի 4 շճատեսակից։
Լուսանկարը` «Ուիգմոր»
Պատվաստումների մշակույթի տարածման գործում մեծ դեր ունեն բժիշկները։ Նրանք պետք է հասարակությանը տրամադրեն պարզ եւ հասկանալի տեղեկատվություն դրանց անհրաժեշտության, արդյունավետության եւ անվտանգության վերաբերյալ։ Պատվաստումների կարեւորությունը ցույց տան սեփական օրինակով, իսկ եթե այս ոլորտը դուրս է նրանց նեղ մասնագիտական դաշտից, զերծ մնան խորհուրդներից կամ հակագիտական պնդումներից։ Սա ասում եմ, որովհետեւ հաճախ այս կամ այն պատվաստման շուրջ միֆը ձեւավորվում է հենց բուժաշխատողների կողմից:
«Խոսել «մեկ լեզվով»՝ անկախ մասնաճյուղից»
Լիլիթ Մարության
Ես երկար տարիներ աշխատել եմ որպես տեղամասային բժիշկ, տեսել առողջության առաջնային պահպանման օղակում առկա խնդիրներն ու հնարավորություններիս սահմաններում փորձել շտկել դրանք՝ միշտ երազելով համակարգային փոփոխությունների մասին։ Այսօր «Ուիգմոր»-ում հավաքվել է թիմ, որն ունի նույն մտածողությունը եւ որակը դարձրել է «կարգախոս»՝ ձգտելով ամենօրյա աշխատանքով ամրապնդել մեր հանդեպ ձեւավորված վստահությունը։
Սոնա Տերմենջյանը, Լիլիթ Մարությանը եւ Գոհար ՊետրոսյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Մարտահրավերները շատ են, եւ դրանց դիմակայելու հիմնական գործիքները շարունակական կրթություն ու թիմային աշխատանքն են։ Անկախ մասնաճյուղից՝ «Ուիգմոր»-ում բոլորս պետք է խոսենք «մեկ լեզվով», որպեսզի բուժառուն վստահ լինի՝ դիմելով մեզ՝ իր խնդիրը դիտարկվելու է թիմային մոտեցմամբ եւ բուժվելու՝ ժամանակակից ուղեցույցների համաձայն։
Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին՝ պատրաստվում ենք Երեւանում (Լենինգրադյան փողոց) բացել «Ուիգմոր» պոլիկլինիկայի նոր՝ 4-րդ մասնաճյուղը: Վստահ եմ՝ այս գործընթացը լինելու է շարունակական, քանի որ կա թե՛ բուժառուների պահանջարկը, թե՛ մեր թիմի մեծ ցանկությունը։
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ «Ուիգմոր»-ի












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: