Կարեն Քոլոյան. «Ուիգմոր»-ում կարողացանք իրականացնել իմ 20 տարվա երազանքը - Mediamax.am

exclusive
3588 դիտում

Կարեն Քոլոյան. «Ուիգմոր»-ում կարողացանք իրականացնել իմ 20 տարվա երազանքը


Կարեն Քոլոյանը
Կարեն Քոլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Քոլոյանի անձնական արխիվ

Լուսանկարը` Կարեն Քոլոյանի անձնական արխիվ

Լուսանկարը` Կարեն Քոլոյանի անձնական արխիվ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Քոլոյանի անձնական արխիվ

Կարեն Քոլոյանը Եվրոպայի մանկական օրթոպեդների ասոցիացիայի (EPOS) գիտաժողովում
Կարեն Քոլոյանը Եվրոպայի մանկական օրթոպեդների ասոցիացիայի (EPOS) գիտաժողովում

Լուսանկարը` Կարեն Քոլոյանի անձնական արխիվ

Կարեն Քոլոյանը Եվրոպայի մանկական օրթոպեդների ասոցիացիայի (EPOS) գիտաժողովում
Կարեն Քոլոյանը Եվրոպայի մանկական օրթոպեդների ասոցիացիայի (EPOS) գիտաժողովում

Լուսանկարը` Կարեն Քոլոյանի անձնական արխիվ

Անհետաձգելի վիրահատական միջամտությունների սրահը
Անհետաձգելի վիրահատական միջամտությունների սրահը

Լուսանկարը` «Ուիգմոր»

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական օրթոպեդիայի թիմը
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական օրթոպեդիայի թիմը

Լուսանկարը` «Ուիգմոր»


«Չկա ավելի մեծ երջանկություն, քան տեսնել` ինչպես է ոտքի կանգնում չքայլող երեխան», - ասում է «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի մանկական օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության ծառայության պատասխանատու, մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Կարեն Քոլոյանը:

Մեդիամաքսի հետ զրույցում նա պատմել է Հայաստանում վնասվածքաբան-օրթոպեդի մասնագիտության զարգացման, «Ուիգմոր»-ի մանկական օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության ծառայության աշխատանքի մասին, ներկայացրել երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպող պաթոլոգիաները:

Գեորգի Մխոյան՝ ֆանտաստիկ մարդ, ով կրթեց մանկական օրթոպեդների սերունդ

Հայաստանում մանկական օրթոպեդիայի հիմնադիրներից մեկն իմ ուսուցիչն էր՝ պրոֆեսոր Գեորգի Մխոյանը: 1980-ականներին նա պաշտպանել էր դոկտորականը Մոսկվայում, վերադարձել ու Երեւանի Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ինստիտուտում ստեղծել մանկական օրթոպեդիայի բաժանմունքը: Այդ ժամանակ էր, որ իր շուրջ հավաքեց երիտասարդ բժիշկների թիմ, որոնցից մեկն էլ ես էի: Կարող եմ ասել՝ ոչ միայն հրաշալի մասնագետ էր, այլեւ՝ ֆանտաստիկ մարդ, որից շատ եմ սովորել: Նա Հայաստանի համար կրթեց մանկական օրթոպեդների մի ամբողջ սերունդ:

Այս մասնագիտությունը զարգացման բուռն փուլ անցավ 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո, երբ ունեինք վնասվածքներով բազմաթիվ երեխաներ: Հետո Արցախյան առաջին պատերազմն էր:

Սպիտակի երկրաշարժն ու Արցախյան պատերազմները

Օրթոպեդ-վնասվածքաբանները շատ ծանր ժամանակներ են անցել հատկապես 90-ականներին: Պետք էր ինչ-որ կերպ աջակցել երկրաշարժի հետեւանքով տուժածներին, այն դեպքում, երբ սահմանները փակ էին, պատերազմի մեջ էինք, չկար լույս, ջեռուցում, չունեինք անհրաժեշտ գործիքներ կամ նյութեր: Իհարկե, օգնության էին հասնում մեր արտասահմանյան ընկերներն ու գործընկերները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մասնագիտական հետհայացք գցելով՝ կարող եմ ասել, որ հենց այդ ծանր ժամանակներում, խիստ անհրաժեշտությունից ելնելով, սկսեց ձեւավորվել վնասվածքաբանությունը՝ որպես նեղ մասնագիտական ուղղություն։

Արցախյան առաջին պատերազմի տարիներին աշխատել եմ տեղում՝ Ստեփանակերտում, երբ Շուշին դեռ ադրբեջանցիների ձեռքում էր: Եղել եմ նաեւ Գետաշենում՝ «Օղակ» գործողության ժամանակ ու այնտեղից Հայաստան վերադարձել վերջին ուղղաթիռով:

2020թ.-ի պատերազմի ժամանակ ուժերը կենտրոնացրեցինք Երեւանում. «Ուիգմոր Քլինիք»-ում հետաձգեցինք բոլոր պլանային վիրահատությունները՝ ընդունելով միայն պատերազմի վիրավորներին:  

Նորածինների կոնքազդրային հոդերի պարտադիր ստուգումը

Մասնագիտության զարգացման սկզբնական փուլում՝ հետերկրաշարժյան ու պատերազմական տարիներին, մենք հիմնականում զբաղվում էինք վնասվածքներով:
Քիչ թվով օրթոպեդիկ վիրահատություններ էին կատարվում եւ բազմաթիվ պաթոլոգիաներ Հայաստանում չէին բուժվում, օրինակ՝ ողնաշարի խնդիրները, մանկական ուղեղային կաթվածը, իսկ երեխաների ոսկրային եւ փափուկ հյուսվածքների ուռուցքների բուժումը գրեթե բացակայում էր:

Լուսանկարը` Կարեն Քոլոյանի անձնական արխիվ


Այդ ծանր տարիներից հետո ինձ բախտ վիճակվեց մեկ տարի վերապատրաստվել ԱՄՆ-ում, որտեղ ստացա լիցենզիա եւ անձամբ էի մասնակցում վիրահատությունների: Վերադարձից հետո հասկացա՝ պետք է ընդլայնել այս ոլորտում մեր բուժօգնության ծավալները:

Լուսանկարը` Կարեն Քոլոյանի անձնական արխիվ


2000թ.-ից ծրագիր սկսեցինք ողնաշարի վիրաբուժության վերաբերյալ: Այս դեպքում եւս մեզ շատ աջակցեցին արտերկրի գործընկերներն ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Շվեյցարիայից: Նրանք տրամադրում էին սարքավորումներ, իմպլանտներ ու ինչն առավել կարեւոր է՝ կիսվում էին իրենց փորձով: Այս ամենի հիման վրա կարողացանք Հայաստանում ներդնել մի քանի ծրագիր, որոնցից ամենակարեւորն ինձ համար կոնքազդրային հոդի բնածին կամ զարգացող հոդախախտի վաղ հայտնաբերման սոնոգրաֆիկ հետազոտությունն է:

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի շնորհիվ մի քանի տարվա ընթացքում վերապատրաստեցինք Հայաստանի բոլոր ծննդատների ուլտրաձայնային հետազոտության մասնագետներին, ինչից հետո դիմեցինք առողջապահության նախարարություն, որպեսզի այս ծրագիրը ներդրվի Հայաստանում որպես պարտադիր սքրինինգ:

Խնդիրն այն է, որ ուշ հայտնաբերման դեպքում հոդախախտը մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել հաշմանդամության, իսկ վաղ փուլում նկատելիս հնարավոր է երեխային բուժել նույնիսկ տան պայմաններում:

Այսօր Հայաստանի ծննդատներում ստուգվում են բոլոր նորածինների կոնքազդրային հոդերը:

«Ուիգմոր»-ում կարողացանք իրականացնել իմ 20 տարվա երազանքը

Կարծում եմ՝ այսօր Հայաստանում մանկական օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության մակարդակը կարելի է համեմատել միջազգայինի հետ: Մեզ հաջողվել է պատրաստել մանկական օրթոպեդների եւ վնասվածքաբանների մի քանի սերունդ, որոնք աշխատում են ոչ միայն Հայաստանի տարբեր հիվանդանոցներում, այլեւ՝ Սիրիայում, Լիբանանում, Գերմանիայում, Ռուսաստանում։
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական օրթոպեդիայի թիմը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական օրթոպեդիայի թիմը

Լուսանկարը` «Ուիգմոր»


«Ուիգմոր»-ում օրթոպեդիայի ծառայությունը գործում է ողջ ծավալով՝ թե՛ վնասվածքների, թե՛ օրթոպեդիայի դեպքում: Հազվագյուտ պաթոլոգիաների ժամանակ հնարավորություն ունենք կապվել ու քննարկումներ անցկացնել մեր արտասահմանյան գործընկերների հետ: Պարբերաբար նրանց հրավիրում ենք նաեւ Հայաստան: Ժամանակի ընթացքում կարողացանք իրականություն դարձնել նաեւ իմ 20 տարվա մասնագիտական երազանքը՝ Հայաստանում ունենալ քայլվածքի լաբորատորիա (Gait Lab): Աշխարհի մեծ ու հայտնի հիվանդանոցներում կան լաբորատորիաներ, որտեղ հետազոտում են հաշմանդամ երեխաների քայլվածքը: Դրանցում շատ լուրջ տեխնոլոգիաների միջոցով նկարահանվում եւ վերլուծվում է՝ ինչպես է երեխան քայլում, ստացվում է ամբողջական պատկեր, թե շարժվելիս որ հատվածների վրա է հենվում, ինչպես են աշխատում հոդերն ու մկանները: Սա կարեւորագույն տեղեկատվություն է, որը թույլ է տալիս բժիշկներին հասկանալ՝ ինչ միջամտության կարիք կա, ինչը կլինի առավել արդյունավետ:

2017թ.-ին կարողացանք «Ուիգմոր Քլինիք»-ում հիմնադրել նման լաբորատորիա, ինչպես նաեւ վերապատրաստել մասնագետներին այստեղ աշխատելու համար:

«Ուիգմոր Քլինիք»-ից՝ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»

Տարիների ընթացքում «Ուիգմոր Քլինիք»-ը որակյալ բուժօգնություն տրամադրող կառույցի համբավ ձեռք բերեց: 2022թ-ին դրա բոլոր մանկական ծառայություները, այդ թվում՝ մանկական օրթոպեդիան եւ վնասվածքաբանությունը, տեղափոխվեցին Ուիգմոր հիվանդանոց։  

Այսօր, ի լրումն օրթոպեդիայի ծառայության, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ում գործում է նաև անհետաձգելի բուժօգնության ծառայություն, որի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս հենց տեղում և անհապաղ կատարել փոքր ինվազիվ միջամտություններ և վիրահատություններ։ Դրանք իրականացվում են անհետաձգելի բուժօգնության վիրասրահներում Ուիգմորի՝ համապատասխան վերապատրաստում ստացած մանկական վնասվածքաբանների կողմից։
Անհետաձգելի վիրահատական միջամտությունների սրահը Անհետաձգելի վիրահատական միջամտությունների սրահը

Լուսանկարը` «Ուիգմոր»


Երեխային ողջ ընթացքում կարող են ուղեկցել ծնողները, ինչն անչափ կարեւոր է  նման սթրեսային իրավիճակում։

Շատ ուրախ եմ, որ, լինելով մանկական մասնավոր հիվանդանոց, կարողանում ենք պետպատվերի շրջանակում ամբողջ ծավալով բուժօգնություն տրամադրել բոլոր երեխաներին:

«Երեխայի շնորհակալությունն իր աչքերում ու ժպիտում է»

Երեխաների հետ աշխատելը մեծագույն հաճույք է: Չկա ավելի մեծ երջանկություն, քան, երբ քայլել չկարողացող երեխան ոտքի է կանգնում:

Լուսանկարը` Կարեն Քոլոյանի անձնական արխիվ


Հենց սա է ուժ, էներգիա տալիս, որ այս տարիքում էլ շարունակեմ աշխատել:  Երեխայի շնորհակալությունն իր աչքերում է, ժպիտում:

Երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպող պաթոլոգիաները

Մանկական օրթոպեդիկ հիվանդություններից Հայաստանում առավել հաճախ հանդիպում է ծուռթաթությունը: Այս առումով մեր ցուցանիշը, սակայն, շատ չի տարբերվում համաշխարհայինից:

Երկրորդ տեղում կոնքազդրային հոդի դիսպլազիան է, որը Հայաստանում մի քիչ ավելի շատ է հանդիպում, քան այլ երկրներում, հիմնականում մի քանի պատճառով: Դրա առաջացման մեջ կա գենետիկ գործոն եւ երկրորդ պատճառը, որը նախկինում շատ էր ազդում այս պաթոլոգիայի առաջացման վրա, երեխային բարուրելն էր:

Մյուս խնդիրների խումբը կապված է նեյրոօրթոպեդիայի հետ: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելանում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների թիվը: Սա ինչ-որ կերպ կապված է բժշկության զարգացման հետ, քանի որ նախկինում ժամանակից շուտ, փոքր քաշով ծնվող երեխաներին հնարավոր չէր լինում փրկել, իսկ հիմա բժիշկներին հաջողվում է դա անել, սակայն նրանց թվում, ցավոք, մանկական ուղեղային կաթվածը շատ ավելի հաճախ է հանդիպում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Օրթոպեդիկ մյուս խնդիրը, որ հանդիպում է Հայաստանում, ողնուղեղային ճողվածքներ ունեցող երեխաներն են: Աշխարհում կան ուսումնասիրություններ, որ սրա հիմքում կարող է լինել ֆոլաթթվի պակասը հղիի օրգանիզմում: Մենք փորձում ենք կանանց բացատրել՝ եթե պլանավորում են հղիություն, անպայման պետք է ֆոլաթթու խմեն: Շատ կարեւոր է հիշել, որ սա պետք է անել հղիությունից առաջ՝ երեխա պլանավորելու փուլում: Այսօր մի շարք երկրներում կան պետական ծրագրեր, որոնցով ֆոլաթթուն ավելացվում է հացի կամ ջրի մեջ: Արդյունքները ցույց են տալիս, որ, օրինակ, Եվրոպայում այս խնդիրն ունեցող երեխաներ գրեթե չկան:

Ցավոք, Հայաստանում շատ են նաեւ ողնաշարի բնածին արատով երեխաները: Պատճառը դեռեւս հստակ հասկանալի չէ, բայց այն կարող է կապված լինել էկոլոգիայի հետ՝ ջրի, օդի աղտոտվածության: Հաստատված է, որ ողնաշարի բնածին արատները պտղի մոտ առաջանում են, երբ մայրիկի մոտ կա թթվածնի պակաս, իսկ Երեւանի օդը խիստ աղտոտված է, եւ մեզ մոտ բնակչության մեծ մասը ծխում է:

Եվրոպայի մանկական օրթոպեդների գիտաժողովը Երեւանում եւ աջակցությունը Հոնդուրասի ու Կամբոջայի երեխաներին

Հիմա համեմատաբար ազատ եմ, որովհետեւ աշակերտներս կարողանում են անել ամեն ինչ (ժպտում է – հեղ.): Սրա շնորհիվ է, որ արդեն մոտ տասը տարի կարողանում եմ պարբերաբար մեկնել այլ երկրներ ու աջակցել տեղի հիվանդանոցներին: Երկար տարիներ մեկնում էի Հոնդուրաս, հիմա ունենք նոր ուղղություն՝ Կամբոջա: Մինչ այդ էլ տասը տարվա ընթացքում ծրագիր եմ իրականացրել Վրաստանում: Այս բոլոր երկրներում կատարում ենք թե՛ զննումներ, թե՛ վիրահատություններ, թե՛  վերապատրաստումներ տեղի բժիշկների համար:

Լուսանկարը` Կարեն Քոլոյանի անձնական արխիվ


Առհասարակ կարծում եմ՝ բժշկության դեպքում կրթությունը չի կարող որեւէ կետում ավարտվել: Դա չընդհատվող գործընթաց է, որովհետեւ ոլորտն ամեն օր փոխվում է, զարգանում, եւ պետք է տեղեկանալ նորություններին:

Դա անելու լավագույն տարբերակներից մեկը մասնագիտական գիտաժողովներն են: Վերջերս Երեւանում անցկացվեց Եվրոպայի մանկական օրթոպեդների ասոցիացիայի (EPOS) գիտաժողովը, որի անդամ եմ 2008թ.-ից:
Կարեն Քոլոյանը Եվրոպայի մանկական օրթոպեդների ասոցիացիայի (EPOS) գիտաժողովում Կարեն Քոլոյանը Եվրոպայի մանկական օրթոպեդների ասոցիացիայի (EPOS) գիտաժողովում

Լուսանկարը` Կարեն Քոլոյանի անձնական արխիվ


Հայաստան էին եկել օրթոպեդներ Ֆրանսիայից, Խորվաթիայից, Իսպանիայից, Հոլանդիայից, Իտալիայից, առցանց միացել Իսրայելից:

Շատ ինտենսիվ քննարկումներ էին, որոնց ընթացքում վերլուծում էինք իրական դեպքեր, այդ թվում՝ մեր կողմից ներկայացված: Արդյունքում շատ գոհ էին թե՛  գիտաժողովի զեկուցողները, թե՛ մասնակիցները: Շատերը նշեցին, որ EPOS-ի ամենից հաջողված գիտաժողովներից մեկն էր:
Կարեն Քոլոյանը Եվրոպայի մանկական օրթոպեդների ասոցիացիայի (EPOS) գիտաժողովում Կարեն Քոլոյանը Եվրոպայի մանկական օրթոպեդների ասոցիացիայի (EPOS) գիտաժողովում

Լուսանկարը` Կարեն Քոլոյանի անձնական արխիվ


Սա եւս մեկ անգամ ցույց տվեց՝ Հայաստանում մանկական օրթոպեդիայի մակարդակը գրեթե չի զիջում միջազգայինին, եւ մենք կարողացել ենք կրթել որակյալ մասնագետների նոր սերունդ:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին