«Ուշադրություն․ավետում է «Ուիգմոր»-ը․ այստեղ ծնվում է երջանկությունը - Mediamax.am

exclusive
5078 դիտում

«Ուշադրություն․ավետում է «Ուիգմոր»-ը․ այստեղ ծնվում է երջանկությունը


Վերժինե Կասարջյանը, Տաթեւիկ Քոլոյանը, Նարինե Նավասարդյանը
Վերժինե Կասարջյանը, Տաթեւիկ Քոլոյանը, Նարինե Նավասարդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւիկ Քոլոյանը
Տաթեւիկ Քոլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւիկ Քոլոյանը
Տաթեւիկ Քոլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Նավասարդյանը
Նարինե Նավասարդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Նավասարդյանը
Նարինե Նավասարդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերժինե Կասարջյանը
Վերժինե Կասարջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերժինե Կասարջյանը
Վերժինե Կասարջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ուշադրություն, ուշադրություն, ավետում է «Ուիգմոր»-ը։ Րոպեներ առաջ մեր ծննդատանը նոր կյանք սկիզբ առավ»։

Բոլորը՝ բուժաշխատողներ, այցելուներ, բուժառուներ, մի պահ կանգ են առնում «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի սպասասրահում հնչող անակնկալ հայտարարությունից։ Հիվանդանոցում այսպես ավետում են ամեն բալիկի ծնունդը։

«Մենք աշխատում ենք, որ երեխայի ծնունդը մայրիկի համար լինի լավագույն փորձառությունը»

«Ուիգմոր»-ի առաջնեկը ծնվեց ծննդատան բացման հենց հաջորդ օրը՝ հունիսի 2-ին։ Հիվանդանոցի զարգացման գծով փոխտնօրեն Տաթեւիկ Քոլոյանը պատմում է․ այդ օրն ամբողջ անձնակազմը՝ ավելի քան 450 մարդ, հուզված ու անհամբեր սպասում էր երեխայի ծննդին։

«Ծննդատունը բացվեց սիմվոլիկ օր՝ հունիսի 1-ին։ Աշխատանքային օրն ավարտվել էր, երբ զանգ ստացանք, որ մեր հղիներից մեկը ցավերով տեղափոխվել է հիվանդանոց։ Բոլորս հուզվել էինք, նույնիսկ մեր փորձառու բժիշկները, որոնց համար սա որեւէ 100-րդ ծնունդն էր, միեւնույն է, շատ հուզված էին։ «Ուիգմոր»-ի մեր մեծ ընտանիքում սա շատ սպասված ծնունդ էր, եւ մեր առաջնեկ նորածնին խորհրդանշական վկայական տվեցինք»։

Տաթեւիկ Քոլոյանը Տաթեւիկ Քոլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Տաթեւիկ Քոլոյանը «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի թիմին միացել է 2023 թվականի սկզբին՝ բացումից մի քանի շաբաթ անց։ Ասում է՝ այդ պահին արդեն գիտեր, որ հիվանդանոցի զարգացման ռազմավարությամբ նախատեսվում էր նաեւ ծննդատուն ունենալ, ու իր՝ 3 երեխաների մոր համար, դա աշխատանքի ամենասպասված ու հետաքրքիր պահն էր։

Ծննդատան բացումը «Ուիգմոր»-ի զարգացման ռազմավարության կարեւոր կետերից էր, սակայն դրա իրագործումը նախատեսվածից շուտ եղավ։ Տաթեւիկը պատմում է, որ կանանց առողջության ծառայությունը գործարկելուց հետո իրենց հաճախ հարցնում էին, թե երբ է նաեւ ծննդօգնության ծառայություն գործելու, հղիները հետաքրքրվում էին՝ կհասցնե՞ն ծննդաբերել Ուիգմորում։ Հաշվի առնելով աճող պահանջարկը՝ ներդրողների հետ քննարկեցին ու որոշեցին վերանայել ժամկետները։

«Որպես բուժառուակենտրոն հաստատություն՝ մեր նպատակն է 0-18 տարեկան երեխաներին համալիր բուժսպասարկում տրամադրել մեկ հարկի տակ։ Իսկ հիմա պատկերացրեք մի բուժհաստատություն, որտեղ Ձեզ ճանաչել են նույնիսկ մինչեւ Ձեր ծնվելը, գիտեն Ձեր պատմությունը, ճանաչել են Ձեր մայրիկին, հոգ են տարել Ձեր առողջության մասին նույնիսկ մինչեւ Ձեր ծնվելը եւ Ձեր կողքին են եղել, երբ լույս աշխարհ եք եկել ․․․։ Սա շատ բուժառուակենտրոն մոտեցում է թե՛ մայրիկի, թե՛ նորածնի հանդեպ եւ թույլ է տալիս «Ուիգմոր»-ին բուժառուի համար շատ ավելի թիրախային բուժսպասարկում կազմակերպել։

Սա կարեւոր է նաեւ կնոջ համար, ով կարող է երեխայի ծննդյան պլանավորումից սկսած իր առողջությունը վստահել «Ուիգմոր»-ին, հղիության ընթացքում հսկվել այստեղ, իր բալիկին ունենալ եւ շարունակել նրա խնամքը նույն վայրում»,- ասում է Տաթեւիկ Քոլոյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա նշում է, որ ինչպես երեխաների եւ կանանց առողջության, այնպես էլ ծննդօգնության ծառայության դեպքում ձգտում են աշխարհի լավագույն փորձը սովորել եւ տեղայնացնել Հայաստանում․ դա հնարավոր է դարձել «Ուիգմոր»-ի միջազգային գործընկերությունների շնորհիվ։ Ծննդատան աշխատանքի մեկնարկից առաջ կանանց առողջության եւ ծննդօգնության ծառայությունների բժիշկները մոտ մեկ տարի հեռակա վերապատրաստվում էին Նյու Յորքի Բասսեթ բժշկական կենտրոնի (Bassett Medical Center) մասնագետների հետ։ Շարունակական կրթության եւ փորձի փոխանակման ծրագրեր են մշակվում նաեւ Մեծ Բալթիմորի բժշկական Կենտրոնի (Greater Baltimore Medical Center) գործընկերների հետ։

Տաթեւիկն ասում է, որ Հայաստանում լավագույն փորձի ներդրումը վերաբերում է ոչ միայն բժշկական հատվածին, այլեւ՝ բուժառուի հետ շփման մշակույթի ձեւավորմանը։ Սա կարեւոր է բոլորի, հատկապես՝ ծննդաբերությանը պատրաստվող կնոջ դեպքում։ Սեփական փորձից գիտի՝ բուժառուի համար բուժօգնության որակից ոչ պակաս կարեւոր է իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը, որը  շատ երկար է հիշվում։

«Երեխայի ծնունդը կնոջ կյանքում ամենահուզական պահն է, որը, ցավոք սրտի, կարող է աղավաղվել տարբեր վախերով կամ տհաճ հիշողություններով։ Մենք աշխատում ենք այնպես անել, որ երեխայի ծնունդը մայրիկի համար լինի լավագույն փորձառությունը։
Տաթեւիկ Քոլոյանը Տաթեւիկ Քոլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր մոտեցումը հետեւյալն է․ հղին պետք է միշտ զգա, որ ինքն այստեղ ամենակարեւոր մարդն է։ Ծննդալուծման ողջ ընթացքը կազմակերպվում է կնոջ շուրջ․ նա է այդտեղ կենտրոնական կերպարը։  Մենք առաջնորդվում ենք աշխարհում ընդունված LDR (Labor, Delivery, and Recovery) մոտեցմամբ․ հիվանդանոցում կան բոլոր հարմարություններով, բժշկական սարքավորումներով կահավորված սենյակներ, որտեղ կինն անցկացնում է ե՛ւ նախածննդաբերական փուլը, ե՛ւ ծննդաբերությունը, ե՛ւ հետծննդաբերական խնամքը՝ թե՛ իր, թե՛ բալիկի։ Ամեն ինչ արվում է սթրեսը նվազեցնելու եւ կնոջն օգնելու համար։ Այս մոտեցումների հիմքում ապացուցահեն բժշկությունն ու բժշկական ուղեցույցերն են»։

Ծննդօգնության ծառայության հետ մեկտեղ «Ուիգմոր»-ում մեկնարկել է «Ապագա ծնողների դպրոցը»։ «Ոչ թե մայրիկների, այլ ապագա ծնողների դպրոց, քանի որ մենք խրախուսում ենք երկու ծնողի մասնակցությունն ու կրթությունը»,- շեշտում է Տաթեւիկը։

Դպրոցը 4 հիմնական ուղղություն ունի՝ հղիություն, ծննդաբերություն, կնոջ հետծննդաբերական խնամք եւ նորածնի խնամք։ Դասընթացները մշակել եւ վարում են հիվանդանոցի բժիշկները։ Դպրոցը գործում է ինչպես «Ուիգմոր»-ում հաշվառված հղիների, այնպես էլ դասընթացով հետաքրքրված բոլոր ապագա ծնողների համար։

«Ցանկացած բուժառու գիտի, որ ստանալու է նույն բուժօգնությունը՝ անկախ այն բանից, թե որ բժիշկն է այդ օրը հերթապահում»

Մանկաբարձ-գինեկոլոգ Վերժինե Կասարջյանը «Ուիգմոր»-ում սկսել է աշխատանքը,  իր բնորոշմամբ, ծննդատան «սկզբից առաջ»։ Նա մեկն է այն մասնագետներից, ով միացավ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի թիմին, երբ ծննդօգնության ծառայությունը դեռ ձեւավորման փուլում էր, բայց մասնագետներն արդեն վերապատրաստվում էին Միացյալ Նահանգների գործընկերների կողմից։

Վերժինեն ասում է, որ յուրաքանչյուր բժշկի համար կարեւոր է աշխատել հստակ ուղեցույցներով, գործելակերպով, որի առանցքում ապացուցահեն բժշկությունն ու  աշխարհում կիրառվող լավագույն փորձն է։
Վերժինե Կասարջյանը Վերժինե Կասարջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մենք տեղայնացնում ենք աշխարհի լավագույն եւ նորագույն փորձը, ուղեցույցները՝ ստեղծված տարբեր հետազոտությունների, տարբեր հիվանդանոցների, տարբեր բժիշկների փորձառության եւ ապացուցված փաստերի հիման վրա։ Այս հարուստ հիմքի վրա ստեղծվում են գործելակարգեր եւ ուղեցույցներ համընդհանուր աշխատանքի համար։ Դրա առավելությունն այն է, որ «Ուիգմոր»-ի ցանկացած բուժառու գիտի, որ ստանալու է նույն բուժօգնությունը՝ անկախ այն բանից, թե որ բժիշկն է այդ օրը հերթապահում։ Բժիշկն էլ ապահովված է,  քանի որ գիտահեն մոտեցում է ցուցաբերում»։

«Ուիգմոր»-ի թիմին նոր միացող ամեն մասնագետ եւս անցնում է վերապատրաստում։ Վերժինե Կասարջյանն ասում է, որ դասընթացները երկու մասից են բաղկացած՝ բուժական եւ ոչ բուժական։ Մասնագիտական հմտություններից բացի թիմում չափազանց կարեւորում են բուժառուակենտրոն մոտեցումը։

Բժշկուհին ասում է, որ ամբողջ աշխարհում, ինչպես եւ Հայաստանում, պայքարում են կեսարյան հատումների տոկոսը նվազեցնելու համար։ Նա վստահ է՝ այստեղ կարեւոր գործոն է նաեւ կնոջ փորձառությունը․պետք է անել ամեն ինչ, որ առաջին հղիությունն ու ծննդաբերությունն անցնի առանց ցնցումների ու վախերի, չթողնի ֆիզիկական ու հոգեբանական բացասական ազդեցություն։ Հակառակ պարագայում կինը հաջորդ հղիությունների դեպքում, առանց լուրջ ցուցումների, նախընտրում է կեսարյան հատումը։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մեր սենյակներն այնպես են նախատեսված, որ կինը չի շփվում այլ բուժառուների հետ։ Դա շատ կարեւոր է ե՛ւ ինֆեկցիոն ռիսկերը նվազեցնելու, ե՛ւ մեկը մյուսի վրա հոգեբանական տարբեր ազդեցությունները բացառելու համար։ Կինը գիտի, որ այդ օրերի ընթացքում դա իր տարածքն է։ Ծննդաբերական ցավերի շրջանը կարող է անցկացնել տրանսֆորմեր մահճակալին, բազմոցին, բազկաթոռին, կարող է լինել ակտիվ, անշարժ վիճակը մենք չենք խրախուսում։ Կան լոգարաններով հագեցած սենյակներ։ Կինը կարող է օգտվել հիդրոթերապիայից՝ ջրային միջավայրում մեղմել ծննդաբերության ցավի ազդեցությունը, ունենք գնդակներ, յոգայի գորգեր, ցանկացած իր, որը կարող է հարմարավետություն հաղորդել կնոջը։

Եթե շտապ կեսարյան հատման կարիք առաջանա, վիրահատարանները գտնվում են նույն հարկում՝ մի քանի քայլի վրա՝ նախատեսված միայն մանկաբարձական միջամտությունների համար»։

Կշռելու, պատվաստելու, հետազոտությունների համար նորածնին այլ վայր չեն տեղափոխում, ամեն ինչ կազմակերպվում է նորածնի եւ մայրիկի շուրջ՝ նույն սենյակում։ Եթե բալիկն առողջ է, նա մայրիկից ոչ մի րոպե չի բաժանվում։

Վերժինե Կասարջյանը հատկապես կարեւորում է «ոսկե ժամ»-ի պահպանումը։ Դա ծննդյան առաջին ժամն է, որը մայրն ու բալիկը պետք է անցկացնեն միասին։
Վերժինե Կասարջյանը Վերժինե Կասարջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մաշկ մաշկի կոնտակտը երկուստեք շատ կարեւոր է, ինչը փորձում ենք ապահովել ե՛ւ բնական ծննդաբերության, ե՛ւ կեսարյան հատման ժամանակ։ Առաջին հերթին դա խթանում է կրծքով կերակրումը։ Շատ հետազոտություններ փաստում են՝ կյանքի առաջին ժամը մեծ ազդեցություն է թողնում հետագայում կրծքով կերակրման վրա։

Առաջին համատեղ ժամը շատ կարեւոր է նաեւ նորածնի իմունիտետի ձեւավորման համար, հոգեբանական մեծ դրական ազդեցություն ունի․ չէ՞ որ երեխան սովորել է մոր մարմնի ջերմաստիճանին, սրտխփոցին, որը լսել է ամիսների ընթացքում։

Այս շփումը մեծ առավելություններ ունի նաեւ մոր համար։ Հետծննդյան վաղ ժամերին կերակրումը նպաստում է արգանդի կրճատմանը։ Բացի այդ, լարվածության, սթրեսի, անհանգստության, ցավերի շրջանն անցնելուց հետո մորը հանգստացնող ամենակարեւոր միջոցը  բալիկի շնչառությունն է, բալիկին տեսնելը, զգալը․ դրանից լավ էմոցիա գոյություն չունի։ Սա արդեն ասում եմ ոչ որպես բժիշկ, այլ՝ որպես երկու երեխաների մայր»։

Հիվանդանոցում նաեւ հոգ են տանում կնոջ հետծննդյան առողջության մասին․ մասնավորապես մշակվել է հատուկ հարցաշար, որով գնահատում են կնոջ հետծննդաբերական շրջանի ֆիզիկական եւ հոգեբանական վիճակը։ Հարցաշարը կնոջը տրվում է հետծննդյան այցի ժամանակ՝ վերականգնողական շրջանում հնարավոր ռիսկերը կանխելու կամ խնդիրները վաղ հայտնաբերելու համար։ Անհրաժեշտության դեպքում կինն ուղղորդվում է ուրոգինեկոլոգի կամ հոգեբանի խորհրդատվության։

«Մենք ձգտում ենք կնոջ համար  ծննդաբերության բուն ընթացքը եւս դրական փորձառություն դարձնել, հնարավորինս մեղմ, հաճելի, աջակից»

Մանկաբարձ-գինեկոլոգի եւ դասավանդման ավելի քան 20 տարվա փորձով՝ Նարինե Նավասարդյանը մի օր հասկացավ, որ աշխատանքի ազդեցության մասշտաբի փոփոխություն է ուզում։ Հանրային առողջապահության մասնագետի որակավորում ստացավ, բայց առաջին մասնագիտությունից հրաժարվել չէր ցանկանում։ Փնտրում էր աշխատանք, որը հնարավորություն կտա համատեղել երկուսն էլ։

Այդ ընթացքում էր, որ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի աշխատանքի հայտարարությունը տեսավ։ Հիշում է՝ անգամ առաջին փուլի շփումներից պարզ դարձավ՝ որքան համակարգված է հաստատության աշխատանքը, մտածված ամեն մանրուք։
Նարինե Նավասարդյանը Նարինե Նավասարդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Սա մի վայր էր, որն ինձ հնարավորություն տվեց համադրել ամեն ինչ։ Ոչ միայն որպես բժիշկ, այլեւ որպես հանրային առողջապահության կազմակերպիչ՝ հիացմունքս շատ մեծ էր «Ուիգմոր»-ի հիմնարար սկզբունքներով, առաջնահերթություններով, որակի եւ անվտանգության բաղադրիչներով»,-ասում է Նարինե Նավասարդյանը, որն արդեն մի քանի ամիս է՝ համակարգում է «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի հիվանդանոցային գործընթացները։

Նարինեն նշում է՝ «Ուիգմոր»-ի համար առաջնահերթություն է, որ բոլորն առաջնորդվեն ստանդարտ ընթացակարգերով եւ ուղեցույցներով, ոչ թե սեփական նախասիրություններով, կարողություններով եւ անգամ փորձով, որը ապացուցահեն բժշկության տեսակետից ամենացածր վավերականությունն ունի։ Ապացուցողական բժշկության մեջ սեփական փորձի վրա հիմնված կարծիքը համարվում է ամենաթույլ հիմքը՝ զիջելով բոլոր հետազոտական աշխատանքներին։ Իրենք Հայաստան են բերում լավագույն բուժհաստատությունների փորձը, տեղայնացնում ու համադրում Հայաստանի առողջապահության նախարարության սահմանած չափորոշիչների հետ։

Ասում է՝ մանկաբարձությունը շահեկանորեն տարբերվում է բժշկագիտական մյուս ուղղություններից։ Բուժառուն, հիմնականում, առողջ կին է, ով ապրում է իր կյանքի ֆիզիոլոգիական շրջաններից մեկը։
Նարինե Նավասարդյանը Նարինե Նավասարդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Նախկինում ծննդաբերության ընթացքում կնոջը կրավորական դեր էր տրված, բուժօգնությունը բուժաշխատողակենտրոն էր, հիմնական որոշումներ կայացնողը բուժաշխատողն էր։ Կինը տրամադրվում էր, որ պետք է դժվարություն ու չարչարանք կրի, ինչը, ի վերջո, կպսակվի մեծ երջանկությամբ։

Ժամանակակից կյանքը նոր մոտեցում է բերել․ կարեւորվում են ոչ միայն բժշկական ելքերը, այլեւ՝ կնոջ փորձառությունը, հոգեբանական վիճակն ու հարմարավետությունը։ «Ուիգմոր»-ը եւս որդեգրել է այս մոտեցումը՝  որեւէ կերպ չմերժելով դասական մանկաբարձությունն իր առաջնահերթություններով։ Զինվելով գիտելիքով եւ աշխարհի լավագույն փորձով՝ մենք ձգտում ենք կնոջ համար ծննդաբերության բուն ընթացքը դարձնել հնարավորինս մեղմ, հաճելի, աջակից»։

Նարինե Նավասարդյանը հպարտությամբ նշում է, որ ճիշտ հաղորդակցումը, ապրումակցումը եւ բարեվարքությունը բնորոշ են բուժանձնակազմին։ Այս փափուկ հմտությունները շարունակ կատարելագործվում եւ մշտադիտարկվում են հիվանդանոցում։
Վերժինե Կասարջյանը, Տաթեւիկ Քոլոյանը, Նարինե Նավասարդյանը Վերժինե Կասարջյանը, Տաթեւիկ Քոլոյանը, Նարինե Նավասարդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծննդատանը գտնվելու ամբողջ ընթացքում՝ ներառյալ ծննդաբերությունը, կնոջը կարող է ուղեկցել հարազատներից մեկը։ Բացի այդ, կնոջ ընտրությամբ, բուն ծննդաբերությանը նրա հետ կարող է լինել նաեւ դուլա՝ ծննդաբերության աջակից։

«Դուլային ընտրում եւ հրավիրում է կինը՝ նախապես մեզ հետ համաձայնեցնելով։ Հիվանդանոցը դուլայի հետ կնքում է համաձայնագիր, որում հստակ նշված են նրա գործառույթները՝ հոգեբանական աջակցություն ցուցաբերել կնոջը ծննդաբերության ընթացքում։ Դուլան որեւէ բժշկական գործառույթ չի իրականացնում»։

Հիվանդանոցում նաեւ հոգ են տանում կնոջ հետծննդյան առողջության մասին․ մասնավորապես մշակվել է հատուկ հարցաշար, որով գնահատում են կնոջ հետծննդաբերական շրջանի ֆիզիկական եւ հոգեբանական վիճակը։ Հարցաշարը կնոջը տրվում է հետծննդյան այցի ժամանակ՝ վերականգնողական շրջանում հնարավոր ռիսկերը կանխելու կամ խնդիրները վաղ հայտնաբերելու համար։ Անհրաժեշտության դեպքում կինն ուղղորդվում է ուրոգինեկոլոգի կամ հոգեբանի խորհրդատվության։

«Ուիգմոր»-ում ծննդատան հետ կապված ծրագրերը շատ են՝ հաշվի առնելով զարգացման տեսլականն ու աճող պահանջարկը։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին