Արցախյան պատերազմին մասնակցել են հարյուրավոր հայ կանայք: Ոմանք զոհվել են մարտի դաշտում, ոմանք վերադարձել ու ապրում մեր կողքին: Նրանց կռիվը, պատմություններն ու անունները, սակայն, շատերի համար անհայտ է մնացել:
Մեդիամաքսը շարունակում է «Պատերազմն ու կինը» շարքը՝ այսօր ներկայացնում ենք կապիտան Մելսիդա Հարությունյանի պատմությունը:
Մելսիդա Հարությունյանը ծնվել է 1959 թվականինˋ Արարատի մարզի Վերին Վեդի ավանում: Ավարտել է Երեւանի Հաշվապահական տեխնիկումը, աշխատել է Երեւանի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտում` որպես ավագ հաշվապահ:
***
Ամուսինս ազգությամբ ռուս էր: Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, մենք Ռուսաստանում էինք բնակվում: 1991-ին ամուսնուս հետ վաճառեցինք մեր տունն ու եկանք Հայաստանˋ պատերազմ գնալու մտքով: Նրան թույլ չտվեցին գնալ Ղարաբաղ: Ամուսնուս լացով հետ ճանապարհեցինք, իսկ ես գնացի կռվի...
«Արցախ կոմիտե»-ում ներկայացա Գեորգի Պետրոսյանին: Ասեցինˋ ինձ որպես բուժքույր կտանեն: Նախքան մեկնելըˋ մեկ շաբաթ վերապատրաստեցին, զենք բռնել ու կրակել սովորեցրեցին: Մեր բնակարանի վաճառքի գումարից 4 հազար դոլարով 5 ցինկ փամփուշտ, առաջին անհրաժեշտության հագուստ ու մեծ թովով դեղորայք գնեցի, որ տանեմ ինձ հետ: Մտնում էի դեղատներն ու ասումˋ Ղարաբաղ եմ գնալու, ինչ դեղ ունեք, տվեք, պետք է առնեմ ու տանեմ հետս:
***
1991-ի հոկտեմբեր ամիսն էր: Կամավորական ջոկատի հետ գնացի Ղարաբաղˋ Շոշ գյուղ: Այն Շուշիի ներքեւում էր, երկու ամիս մնացինք, շատ ծանր մարտեր եղան: Մարտի դաշտում ոչ միայն բուժքույր էի, այլեւ զենքը ձեռքիս կռվում էի, շատ լավ կրակում: Այդ մարտերի ընթացքում մենք շատ կորուստներ ու վիրավորներ ունեցանք, արդյունքում թուրքերին հաջողվեց կարճ ժամանակով գրավել Շոշը: Երեք օր անց մերոնք հետ վերցրեցին Շոշը:
![](https://c0.mediamax.am/datas/znews/big_1494060275_2774813.jpg)
Լուսանկարը` Մ. Հարությունյանի արխիվից
Ջոկատի հետ քաշվելուց հետո մեզ բերեցին Երեւան: 1992-ի մարտին նոր ջոկատ կազմավորվեց ու եկանք Ստեփանակերտˋ Արկադի Տեր-Թադեւոսյանի մոտ: Կոմանդոսի հրամանատարությամբ մասնակցել եմ Շուշիի ազատագրմանը: Մասնակցել եմ նաեւ Լաչինի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրման մարտերին, 1,5 տարի կռվել Շահումյանում: Եղել եմ «26-ի Յուրայի» ջոկատում, հրաշալի ընկերներ ունեցել...
***
1992-ի ամռանը Մարտակերտի վիճակը շատ վատ էր: Մենք շատ զոհեր ու վիրավորներ ունեինք: Խրամատում 8 հոգով էինք: Թուրքն այնքան ինտենսիվ էր կրակում, որ չէինք կարողանում գլուխներս դուրս հանել խրամատից: Մեր ջոկատի հրամանատարը հենց Մարտակերտից էրˋ Գրիգոր Միրզոյանը, ում Գիրո էինք ասում: Նա խրամատից դուրս էր եկել ու առաջ էր գնում: Հրաման տվեց, որ գնդացրի ժապավեն տանեն իրեն: Ժապավենը գցեցի վզիս, վերցրեցի զենքս ու գնացի նրա հետեւից:
Մի սովորություն ունեիˋ վտանգի պահին խաչակնքվում էի ու ասումˋ «Տեր Աստված, մենակ թե գերի չընկնեմ»:
![Մելսիդա Հարությունյանը Մելսիդա Հարությունյանը](https://c1.mediamax.am/datas/znews/big_1494060275_4147595.jpg)
Լուսանկարը` Մ. Հարությունյանի արխիվից
Կռացած վազում էի դեպի հրամանատարը: Գլուխս մի փոքր բարձրացնելովˋ տեսա ինձանից մոտ 300 մետր հեռավորության վրա կանգնած թուրքի տանկինˋ վրան 6 հոգի: Նրանց համար արդեն թիրախ էի: Տանկի փողը շրջվում էր իմ ուղղությամբ: Կրակելով վազեցի այնքան, մինչեւ տանկի կրակոցը ինձ հասավ. չհասկացա, թե ինչ կատարվեց, ասես ձայնի ալիքն ինձ օդ բարձրացրեց: Աչքերս բացելուց հետո ամեն ինչ ահռելի չափերով էի տեսնում. դա էլ հենց կոնտուզիան էր...
Կռվի ավարտից տարիներ հետո Գիրոն պատմեց, որ իմ կրակոցներից 6 ադրբեջանցին էլ զոհվել էին, իսկ ինքը, տեսնելով, որ թշնամու արկի պայթյունն ինձ գետնին է շպրտել, մտածել էր, թե ես էլ եմ զոհվել:
***
Աչքիս առաջից չի գնում մարտակերտցի 18 տարեկան Արթուրի դեմքը: Նա, որ մինչ այդ վախենում էր դուրս գալ խրամատից, ինձ տեսնելով, առաջ էր եկել ու վազում էր իմ հետեւից: Բղավում էի, որ նա հետ գնա. չլսեց ու արկի պայթյունից ինքը զոհվեց:
Ինձ համար մեծ ցավ էր, երբ դրանից հետո հրաման եղավ, թե պետք է թողենք մեր ազատագրած դիրքն ու նահանջենք:
Մարտակերտից հետո եղել եմ Շահումյանում: Շահեն Մեղրյանի անվան պարտիզանական հատուկ նշանակության ջոկատում էի: Այնտեղ էլ եւ կռվում էի, եւ վիրավորներին օգնում, եւ հետախուզության գնում...
***
Կռվի ժամանակ վախ չկա: Ամեն ինչ մոռանում ես ու անում քեզնից պահանջվող հնարավորը: Չենք թողել, որ մեր զոհը կամ զոհի մասունքը թուրքի մոտ մնա, վիրավորներին ամեն գնով փորձել ենք փրկել: Միակ մտածումս թուրքին գերի չընկնելն էր, իսկ զոհվելուց երբեք չեմ վախեցել:
***
Երբ ավարտվեց կռիվը, եկա Երեւան: Երկու անգամ վիրավորվել ու երեք կոնտուզիա էի ստացել, պետք է բուժում անցնեի, բայց այստեղ ինձ ասեցին, որ պետք է վճարեմ բուժման համար: Վիրավորական էր: Ինձ չէին վճարել, որ կես մարդ դառնամ...
Ամուսինս ու սկեսուրս ինձ կանչեցին Դոնեցկ, գնացի նրանց մոտ: Աշխատում էի, բուժվում: Վիրահատություններ ունեցա, մարմնիցս 20 բեկոր հանեցին:
Ամուսինս հիվանդ էր: Մահացավ: 1998-ինˋ ամուսնուս մահից հետո, եղբայրս ասեց, որ վերադառնամ Հայաստանˋ այստեղ ինձ փնտրում էին Վազգեն Սարգսյանն ու Կոմանդոսը:
Վերադառնալուց հետո աշխատանքի անցա երեւանյան զորամասերից մեկում, հետոˋ 2000-ականների սկզբից, տեղափոխվեցի Մարտակերտ ու, մինչ օրս, այստեղ եմ բնակվում: Հիմա աշխատում եմ N զորամասումˋ որպես գրադարանավարուհի:
![](https://c1.mediamax.am/datas/znews/big_1494060275_9536054.jpg)
Լուսանկարը` Մ. Հարությունյանի արխիվից
Զինվորի համար առաջ քույր եմ եղել, հիմա մայր, որոշների համարˋ տատ: Մի զինվոր կար, որ խնդիրներ ուներ, փորձել էր ինձ վրա ձեռք բարձրացնել: Խոսեցի հետը, փորձեցի դուրս բերել էդ վիճակից, կողքը մնացի... Հիմա, փառք Աստծո, զորացրվել է ու լավ է, ասում էˋ դուք իմ երկրորդ մայրն եք:
***
2016-ի ապրիլյան պատերազմին եմ մասնակցել: 20 օր տուն չեմ եկել: Զենքը ձեռքիս կրակում էի, վիրավորներին օգնում ու հոսպիտալ տեղափոխում: Սարսափելի օրեր տեսանք, անցյալն ու ներկան խառնվեցին իրար...
Կրակի դադարեցման պայմանավորվածություն դեռ չկար: Զորամասից դուրս եկա, տեսա տղաներն աշխատում են հակառակորդի «կամիկաձե» տիպի անօդաչու թռչող սարքի ուղղությամբ: Զենքս վերցրեցի ու մի փամփշտատուփ էլ ես կրակեցի: ԱԹՍ-ն ընկավ իմ կրակոցից: Այդ մասին գրվեց, բարձրաստիճան պաշտոնյաններն ինձ շնորհակալություն հայտնեցին, բայց ես դրանով չեմ հպարտանում: Կարեւորըˋմենք ավել զոհ չունեցանք....
***
Պատերազմում կին կամ տղամարդ չկա: Միշտ զգացել եմ, որ կնոջ ներկայությունը մեծ ու զսպող ուժ է ավելի կազմակերպված գործելու համար: Այլ բան է, թե ոնց է փոխում պատերազմը մարդու կյանքըˋ եւ հոգեպես, եւ ֆիզիկական: Կնոջ դեպքում ավելի ակնառու է այդ փոփոխությունըˋ կոպտանում ես, ավելի չոր ու ինքնուրույն մարդ դառնում:
Ես կին եմ տանը, իսկ զորամասումˋ զինվորի մայր, կռվի ժամանակˋ գթության քույր, վիրավորի մոտˋ ծնող, ով ամեն գնով կփրկի նրա կյանքը, զոհի դիմացˋ մարդ, ով հարազատից շուտ է ցավ ապրում ու արցունք թափում նրա համար...
Պատերազմը շատ բան փոխեց մեր կյանքում: 25 տարի էˋ իմ կաշվի վրա եմ զգում այս հողի համար ընկած բոլոր տղաների ցավը. առանց այդ հերոս տղաներիˋ հայրենիք չկա:
***
Եթե կյանքս նորից սկսելու հնարավորություն ունենայի, ամեն քայլ նույն հերթականությամբ կդնեի: Ոչինչ, որ հիմա տուն չունեմ ու ապրում եմ զորամասի տրամադրած բնակարանում: Միեւնույն է, երբեք չեմ ափսոսի, թե տունս ծախեցի ու ներդրեցի պատերազմ գնալու համար. դա սուրբ գործ էր:
Առաջ չէի պատկերացնումˋ ինչ է հայրենի հողի ազատագրումը: Արմատներս Արեւմտյան Հայաստանից են, ես գաղթականի սերունդ եմ, բայց երբեք չէի մտածում, թե մեր սերունդն էլ է կռիվ տեսնելու: Հայի ճակատագիրն էˋ մեր հողը պատերազմով ու արյան գնով պետք է պաշտպանենք: Եթե մի բռունցք դառնանք, հայի ուժը ոչ մեկ չունի: Թուրքն իր քանակով ու զինտեխնիկայով թող առաջ գա, ինչքան ուզում է շատ լինի, թե ոգի չկա, չի հաջողելու: Երկու պատերազմում էլ նույնը բանը տեսել ու համոզվել եմ:
***
Ինձ գնահատել են իմ մարտական վիրավոր ընկերները, որ հիմա ողջ են, նրանց հարազատները, ովքեր շնորհակալ են իրենց արյունակցի կյանքը փրկելու համար:
Ի՞նչ ուզեմ ես պետությունից, երբ զինկոմիսարիատն անգամ պատերազմի տարիները հաշվի չի առնում, ասում էˋ «թուղթ բեր, որ կռվել ես»:
***
![Մելսիդա Հարությունյանը Մելսիդա Հարությունյանը](https://c1.mediamax.am/datas/znews/big_1494060275_3525784.jpg)
Լուսանկարը` Մ. Հարությունյանի արխիվից
Ես խաղաղ երկինք եմ ուզում: Մեր զինվորները թող խաղաղ պայմաններում շարունակեն իրենց ծառայությունը: Դիրքում կանգնած տղան բանակ է գալիս հայրենիքին իր պարտքը, ոչ թե կյանքը տալու համար: Թող յուրաքանչյուր ծնող իր ժառանգին ստանա այնպես, ինչպես տվել է բանակին: Մի ծնող էլ ես եմ ինձ համարումˋ հսկա բնակի ծնողը: Քանի ուժ ունեմ ու կարող եմ, յուրաքանչյուր զինվորի կողքին եմ լինելուˋ որպես հարազատ մայր, քույր կամ տատ: Սա է իմ կյանքը...
Մեդիամաքս
/>Լուսանկարներըˋ Մելսիդա Հարությունյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: