Վանի հերոսամարտը՝ մաս VI - Mediamax.am

exclusive
23739 դիտում

Վանի հերոսամարտը՝ մաս VI


Վանի հերոսամարտը
Վանի հերոսամարտը

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

Վանի պաշտպանները
Վանի պաշտպանները

Լուսանկարը` Մինա Միքայելյանի արխիվից

Ինքնապաշտպանական դիրքերում
Ինքնապաշտպանական դիրքերում

Լուսանկարը` Wikipedia

Վանա Իշխանը
Վանա Իշխանը

Լուսանկարը` Մինա Միքայելյանի արխիվից

Իշխանը, Շահպազն ու Արամը
Իշխանը, Շահպազն ու Արամը

Լուսանկարը` Մինա Միքայելյանի արխիվից

Վանա իշխանի որդին
Վանա իշխանի որդին

Լուսանկարը` Մինա Միքայելյանի արխիվից

Վանա իշխանը
Վանա իշխանը

Լուսանկարը` Մինա Միքայելյանի արխիվից

Վանա իշխանը
Վանա իշխանը

Լուսանկարը` Մինա Միքայելյանի արխիվից

Վանա իշխանը
Վանա իշխանը

Լուսանկարը` Մինա Միքայելյանի արխիվից

Վանա իշխանը զինակիցների հետ
Վանա իշխանը զինակիցների հետ

Լուսանկարը` Մինա Միքայելյանի արխիվից

Վանա իշխանը
Վանա իշխանը

Լուսանկարը` Մինա Միքայելյանի արխիվից

Վանա իշխանը
Վանա իշխանը

Լուսանկարը` Մինա Միքայելյանի արխիվից

Վանա իշխանի հայրական տունը՝ Շուշիում
Վանա իշխանի հայրական տունը՝ Շուշիում

Լուսանկարը` Մինա Միքայելյանի արխիվից


Մեդիամաքսի հատուկ նախագիծը պատմում է 1915 թվականին Վանում կազմակերպված հայերի ինքնապաշտպանության մասին: Հոդվածաշարը պատմում է, թե Վանի հայերն ինչպես էին կռվում իրենց ինքնության ու սեփական տանն ապրելու իրավունքի համար:

«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:

1915թ. ապրիլի 25

Ապրիլի 25-ին երկուստեք կատաղի մարտեր են ընթանում: Այն հանգամանքը, որ ամերիկյան միսիոներական կազմակերպությունների աշխատակիցները չեն ցանկանում համագործակցել թուրքերի հետ, առաջացնում է Ջեւդեթի զայրույթը:

Նա մի ազդու նամակ է գրում Ք. Աշըրին` սպառնալով ռմբակոծել ամերիկյան հաստատությունները: Աշըրին այս մասին հայտնում է ամերիկյան կառավարությանը: Նա տեղեկացնում է, որ Վանում գտնվող ամերիկացիների կյանքը վտանգված է:

1915թ. ապրիլի 26

Շարունակվում է փախստականների անընդհատ հոսքը: Այգեստանի վրա կախվում է սովի սպառնալիքը:

Շղթայված կանայք ու երեխաները

Ապրիլի 26-ին՝ դեռ կեսօր չեղած, 20-30 հայ կանայք ու երեխաներ շղթա բռնած ու անհաստատ քայլերով մոտենում են Թեքեալիֆի-հարպիեի դիրքին: Սարսափներ ապրած, պատառոտված ու կեղտոտ հագուստով կանայք ու երեխաները գյուղերից էին: Դիրքի տղաները ներս են առնում տանջված հայերին: Մի փոքր չանցած երեւում է երկրորդ խումբը, որին եւս ներս են առնում: Հայ կանանց ու երեխաների հոսքը գնալով շատանում է, բայց այս անգամ արդեն մնում են դրսում: Դիրքի տղաներն անմիջապես տեղեկություն են ուղարկում Զին. մարմնին, որը գալիս է դիրք ու տեսնելով սարսափելի տեսարանը, ընկնում մտատանջության մեջ:

Այդքան մեծ թվով մարդ ընդունելը վտանգավոր էր. մի կողմից կար պաշարի հարցը, մյուս կողմից՝ գալիք լքումն ու հուսահատությունը: Հայերը չէին բացառում նաեւ հայկական տարազի տակ թաքնված դավադրության հնարավորությունը: Երկար խորհրդակցելուց հետո, որոշում են ներս չառնել: Այս թշվառ կանանց ու երեխաների շղթան պտույտ է կատարում, մոտենում Թավրիզի դռներին, սակայն այստեղ եւս ապաստան չեն գտնում:

-Դավադրություն է ստոր ու խարդախ Ջեւդեթի կողմից, - ասում էին ամենքը եւ արգելում նրանց մուտքը քաղաք։

Մի քանի հարյուր հոգուց բաղկացած այդ թշվառների բազմությունը երկու օր ու գիշեր սոված ու ծարավ մնում են պարիսպների տակ: Նրանք ոչ կարող էին առաջ շարժվել, ոչ հետ դառնալ: Թշնամին, նկատելով, որ այդ կերպ չի կարողանում ազդել հայերի վրա, սկսում է նոր դավադրություններ մտածել:

Թուրքերն իրենց դիրքերից մեկում տանջամահ են անում երկու հայ կանանց, ապա սպանում եւ նրանց դիերը քարշ տալիս փողոցում: Նույնն անում են մի քանի դիրքերում: Նրանք այս դաժանություններով նպատակ ունեին ազդելու հայերի վրա, որպեսզի բացեն դարպասներն ու ընդունեն ավելի ու ավելի մեծ թվով կանանց ու երեխաների, ինչն էլ կտաներ ինքնապաշտպանության թուլացմանը:

Զին. մարմինն անկոտրում էր, բայց նաեւ անտարբեր հետեւել չէին կարող: Հաճախ հայ տղաներն իրենց դիրքերից հաց էին նետում թշվառներին, սակայն այդչափ բազմության քաղցը հագեցնել չէին կարող: Պարիսպների տակ նրանց մի մասը մահացավ, մի մասն էլ սպանվեց դիրքերից եկող գնդակներից: Գոյության ծանր կռիվը գնալով ավելի էր բարդանում:

1915թ. ապրիլի 27

Ապրիլի 27-ին թուրքերը, կանանց զգեստներով ծպտված, փորձում են հրկիզել հայկական դիրքերը: Նրանց երկու փորձից մեկը, ցավոք, հաջողվում է: Նույն օրը դիրքերից մեկը խմբապետը Զինվորական մարմնին հաղորդում է, որ թուրքերը գույք են տեղափոխում նավահանգիստ: Զինվորական մարմինը հրամայում է հետեւել անցուդարձին` առանց կրակ բացելու: Թեեւ փոխադրության այս շարժը շարունակվում է նաեւ հաջորդ օրը, բայց կռիվը նույն թափով շարունակվում է:

Ինքնապաշտպանական դիրքերում Ինքնապաշտպանական դիրքերում

Լուսանկարը` Wikipedia


1915թ. ապրիլի 28

Ապրիլի 28-ին թուրքերը հարձակվում են Չաուշ բաշ կոչվող դիրքի վրա: Մինչեւ երեկո տված գրոհը նրանց համար անարդյունք է ավարտվում: 25 թուրք է զոհվում:

Վանի միակ իշխանը՝ Նիկոլ Պողոսյան

Նիկոլ Պողոսյանը, որն ավելի հայտնի է որպես Վանա Իշխան, ծնվել է Շուշիում: Հաճախել է տեղի թեմական վարժարանը, ուր աչքի է ընկել իր ըմբոստ վարքագծով ու կարճ ժամանակ անց հեռացվել վարժարանից՝ հետագայում ուսումը շարունակելով Երեւանի թեմական վարժարանում: Շուշիի վարժարանում ուսանելու տարիներին ծանոթացել է Արամ Մանուկյանի հետ՝ մասնակցելով Արամի կազմած աշակերտական ինքնազարգացման ու հեղափոխական խմբերին: Նրանց գաղափարական մտերմությունը շարունակվեց հետագայում: Իշխանը հետեւեց Արամի գործունեությանը նախ Ալեքսանդրապոլում, այնուհետեւ Կարսում  եւ Վանում:
Վանա իշխանի հայրական տունը՝ Շուշիում Վանա իշխանի հայրական տունը՝ Շուշիում

Լուսանկարը` Մինա Միքայելյանի արխիվից


Արամի եւ Իշխանի ընկերությունը Ռուբեն Տեր-Մինասյանը նկարագրում է այսպես. «Իշխանը մերկացրած սուր էր, իսկ Արամը դրա պատյանը, որովհետեւ Արամը միակ մարդն էր, որ կարողանում էր զսպել, երբ Իշխանը տաքանում էր»: Ւշխանի մահից հետո Արամը երկար ժամանակ հոգ էր տանում նրա որդուն: Վանի դեպքերի ժամանակ Իշխանի ընտանիքից միայն կինն ու որդին են փրկվում:

20-ամյա Իշխանը 1903թ.-ին միացավ ռուս-թուրքական սահմանը հատող Նեւրուզի զինատար խմբին՝ Սասունին զենք եւ կռվող ուժ հասցնելու առաքելությամբ: Հրաշքով փրկվեց բախումներից հետո եւ 1904թ.-ին հասավ Վան:
Իշխանը, Շահպազն ու Արամը Իշխանը, Շահպազն ու Արամը

Լուսանկարը` Մինա Միքայելյանի արխիվից


Վանի ինքնապաշտպանությունից մի քանի օր առաջ՝ ապրիլի 1-ին, Այգեստանի Նորաշեն եկեղեցու դահլիճում ժողով տեղի ունեցավ: Ժողովի մասնակից կուսակցության ներկայացուցիչներն ու առաջնորդարանի պատվիրակները որոշեցին   շարունակել հակառակորդ կողմին կտրուկ քայլերի չմղելու քաղաքականությունը եւ բավարարել կուսակալի պահանջները: Այդ նույն կուսակցությունների երիտասարդ անդամներին այս որոշումը դուր չեկավ: Հաջորդ օրը նրանք թերթի խմբագրությունում հանդիպում են: Ժողովի մասնակիցների թվում էին Վանի երեք կարկառուն գործիչներ Արամ Մանուկյանը, Նիկոլ Պողոսյանը (Վանա Իշխան) եւ ՀՅԴ արեւմտյան Բյուրոյի անդամ Արշակ Վռամյանը:
Վանա իշխանի որդին Վանա իշխանի որդին

Լուսանկարը` Մինա Միքայելյանի արխիվից


Վռամյանն այս օրը ելույթ է ունենում ՝ ասելով. «Թող Վռամեան մը չըլլայ, թող Իշխանը մը սպանուի, թող 500 ամելիներ անստոյգ կամ անխուսափելի մահուան ենթարկուին, թող ամբողջ գավառ մը նոյնիսկ հուրի ու սուրի  ոչնչանայ…բայց թող փրկուի մեծամասնութիւնը, թող կարենա ճողոպրիլ հայութիւնը իբրեւ ազգային հաւաքականութիւն…»: Վռամյանի այս խոսքերը մարգարեկան եղան:

Վանի կուսակալն ու թուրք պաշտոնատարները վախուց էին լծվել Իշխանին ու նրա զինակիցներին չեզոքացնելու գործին: Նրանք Շատախում հայ-քրդական բախումներ հրահրեցին, ապա Իշխանին խնդրեցին, որ կողմերին  հաշտեցնի: Իշխանը, երեք զինակիցներով, ապրիլի 3-ին հասավ Հիրճ գյուղ եւ հյուրընկալվեց իր ծանոթ քրդերից մեկի տանը, այստեղ Ջեւդեթի կամակատարները հարձակվեցին եւ սպանեցին Իշխանին: Ընդամենը 32 տարեկանում ավարտվեց այս մարտիկի կյանքը, բայց իր մահով անգամ նա միավորեց Վանի հայության բոլոր շերտերին, որոնք Իշխանի մահվանից հետո վերջնականակապես համոզվեցին, որ թուրքական կառավարությունը մեծ դավադրություն է մտահղացել ու սկսել  իրագործել այն:
Վանա իշխանը Վանա իշխանը

Լուսանկարը` Մինա Միքայելյանի արխիվից


Վանի երիտասարդ գործիչներից մեկը Հմայակ Մանուկյանը իր հուշերում գրում է.

«Այնքան անակնկալորեն ու այնքան վայրկենական կատարված Իշխանի եղեռնական մահը ստեղծեց պահանջված պահը: Ամենքը՝ հեղափոխականն ու պահպանողականը, ծերն ու երիտասարդը, կուսակցականն ու չեզոքը, կինն ու երեխան, բոլորը, բոլորը, մեկ վայրկյանում, հոգեբանական զսպանակի ուժով զգացին, որ զենքը ձեռքին պաշտպանվելուց զատ՝ չկա ուրիշ միջոց։ Իշխանի մահը եղավ հասարակական բոլոր ուժերը շաղկապող, զօդող օղակը, հանրային բոլոր կարողությունների, այն մի մարտկոց եղավ եւ մեր դիմադրական ուժի բոլոր ակերը բացեց մեկ կետի վրա։ Իշխանի մահը եղավ երկաթյա այն հարվածը, որը դարբնեց բոլոր կարողությունները եւ նրանցից ստեղծեց մի հզոր ու ապառաժյա կամք` Ցեղի գոյությունը պահելու եւ հաղթանակելու անհողդողդ մի որոշումով»:
Վանա իշխանը Վանա իշխանը

Լուսանկարը` Մինա Միքայելյանի արխիվից


1904-ից սկսած եւ 11 տարի շարունակ Իշխանը գործեց Վանում՝ հատկապես Վասպուրական աշխարհի գավառի ու գյուղերի վրա կենտրոնացնելով իր հեղափոխական ծավալուն գործունեությունը: Վան մտնելուց հետո առաջին բանը, որ  նկատեց հեռատես գործիչը, այն էր, որ Վանում ամեն բան կենտրոնացած է քաղաքում եւ լեռնային շրջաններն ու գյուղացիները ոչ մի գործում ներգրավված չեն: Նա որոշեց ուղղել այս բացը: Գյուղեր էր գնում, ինքնազարգացման խմբեր կազմում, զինավարժություն սովորեցնում: Առհասարակ կարծիք կա, որ Վանում դրսից եկած գործիչներին այնքան էլ սիրով չէին ընդունում, բայց Նիկոլի պարագայում տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Շուշիում ծնված փոքրամարմին հեղափոխական գործիչը այնպիսի նվիրումով էր աշխատում, հավատում հայրենիքի ազատագրությանը, որ նրա անկոտրում ու կազմակերպչական հզոր ջիղով օժտված կերպարով հիացած վանեցիները նրան տալիս են Վանա Իշխան անունը: Իր հուշերում Իշխանի ընկերը՝ Ռուբեն Տեր-Մինասյանը գրում է, որ Ախթամարի դպրոցի տարեվերջյան քննությունների ժամանակ, երբ աշակերտներից մեկին հարցնում են, թե Հայաստանն այժմ թագավոր ունի, երեխան պատասխանում է՝ այո: Երբ հարցնում են, թե ով է թագավորը, աշակերտն ասում է՝ Վանա Իշխանը: Արամ Մանուկյանի վկայությամբ՝ Իշխանը «զարմանալի ղեկավարելու, թելադրելու, կազմակերպելու շնորհ ուներ։ Նրանից պատկառում էին նաեւ Վանի մեր ընկերներն ու զինվորները։ Իսկ ժողովուրդը ո՛չ միայն պատկառում էր, այլեւ՝ սիրում։ Արդեն սկսել էին երգել նրա քաջագործությունները՝ «Իշխանը եկաւ, ձեռքին մաուզեր...»:
Վանա իշխանը Վանա իշխանը

Լուսանկարը` Մինա Միքայելյանի արխիվից


Հեղափոխական գործունեությունից զատ Իշխանը ստանձնել էր նաեւ կրթական-լուսավորչական կյանքի զարգացման գործը: Նա է հիմնել Արեան Ձայն թերթը, որը գործում էր ընդհատակյա: Հետագայում նրա խմբագրությամբ է լույս տեսնում նաեւ Վանի «Աշխատանք» թերթը, որը այդ տարիներին մեծ նշանակություն ունեցավ մարտական ոգին պահելու գործում: Վահե Թաշճյանի՝ Իշխանի մասին պատմող գրքից տեղեկանում ենք, որ  Իշխանը հրաշալի ձայնային տվյալներ է  ունեցել եւ անգամ խաղացել է Վանում բեմադրված Ժան Ռոզ օպերայում՝ ստանձնելով գլխավոր դերը: Իշխանը նաեւ ստեղծագործում էր: Նրա բանաստեղծությունների մի մասը պահպանվել է:

Վանա իշխանի մասին տեղեկությունները փոխանցել է նրա թոռնուհի Մինա Միքայելյանը:

«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:

Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան

Վանի հերոսամարտին նվիրված Մեդիամաքսի հատուկ նախագիծն իրագործվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական հանձնաժողովի աջակցությամբ:

Նախագծի խորհրդատուներն են՝

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանը;

Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից Ռուբեն Սահակյանը;

ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Անուշ Ամսեյանը:

Նախագծում օգտագործված աղբյուրներն են՝ Մխիթարյան Օ., «Վանի հերոսամարտը», Սոֆիա, 1960թ., Սահակյան Ռ., «Արեւմտահայության ցեղասպանությունը եւ ինքնապաշտպանական կռիվները 1915 թվականին», Ե., 2005թ., Ա-Դո, «Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին», Երեւան, 1917թ., Հայաստանի մայրաքաղաքները. Գիրք I, Վան (Վան քաղաքի առաջին հիշատակության 2865-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու), Երեւան, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, 2013թ., Վան-Վասպուրականի հերոսամարտը-75, Երեւան, 1990թ., Հայկական հարց հանրագիտարան, Երեւան, 1996թ.:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին