Հայաստանն իմ աչքերում - Mediamax.am

exclusive
10253 դիտում

Հայաստանն իմ աչքերում


Բորան
Բորան

Լուսանկարը` անձնական արխիվից

Բորան՝ UWC Dilijan-ի միջոցառումներից մեկի ժամանակ
Բորան՝ UWC Dilijan-ի միջոցառումներից մեկի ժամանակ

Լուսանկարը` անձնական արխիվից


Մեդիամաքսը եւ UWC Դիլիջան քոլեջը շարունակում են համատեղ նախագիծը, որի միջոցով ներկայացնում են տարբեր երկրներից ժամանած ուսանողների պատմությունները՝ Դիլիջանի, Հայաստանի եւ այստեղ իրենց կյանքի մասին:

Բորա, Թուրքիա, UWC Դիլիջան ’17

Բորան UWC Դիլիջանի 2017 թվականի շրջանավարտն է Թուրքիայից, այժմ սովորում է Էդինբուրգի համալսարանում համակարգչային տեխնոլոգիաներ մասնագիտությամբ։ Բորան համարում է, որ ժամանակակից աշխարհում համակարգիչները շատ կարեւոր տեղ են զբաղեցնում կրթության եւ տնտեսության տեսանկյունից։ Նա պլանավորում է ստեղծել առցանց բաց հարթակ, որը կհարգի մարդու հիմնարար իրավունքները, մասնավորապես՝ գաղտնիության իրավունքը։

Այն պահից սկսած, երբ ես հատեցի Հայաստանի եւ Վրաստանի սահմանը, եւ դրան հաջորդող երկու տարիների ընթացքում, որ ապրեցի Դիլիջանում, ես միշտ հպարտ էի, որ վաղ տարիքում սովորում եմ արտասահմանում, ինչը հավասարապես դժվար եւ ոգեւորող։ Միայն համալսարանում սովորելու համար Էդինբուրգ տեղափոխվելուց հետո գիտակցեցի, որ Հայաստանը այդքան էլ հեռու չէր, ինչքան պատկերացնում էի, ոչ միայն աշխարհագրական՝ որպես Թուրքիայի հարեւան երկիր, այլեւ մշակութային տեսանկյունից։

Երկար կարող եմ խոսել այն մասին, թե որքան նման են մեր մշակույթները՝ ներընտանեկան հարաբերություններից մինչեւ կրոնի դերը հասարակության մեջ, ինչպես նաեւ մեր խոհանոցների զարմանալի նմանության մասին, բայց դրանք ծեծված թեմաներ են։ Ես կխոսեմ մեկ այլ բանի մասին։

Որոշ փիլիսոփաներ հավատում են, որ իրական ազատությունը ոչինչ լինելու մեջ է, որն, իմ կարծիքով, նշանակում է ունենալ հնարավորություն դառնալու այն, ինչը դեռ չես։ Հայաստանը, ամենայն հարգանքով, զարգացող երկիր է ու բավականին մոտ է ամեն ինչ դառնալու այն վիճակին, որը ես նշեցի։  Կա մի բան, որ ես միշտ զգացել եմ այստեղ սովորելու ժամանակ, իսկ հիմա ավելի եմ գիտակցում, երբ սովորում եմ եվրոպական երկրում: Շոտլանդիայում կախվածությունը օրենքներից, կառավարությունից ու դրա ենթակառուցվածքներից ավելի բարձր է, մինչդեռ Հայաստանում մարդիկ սովորել են անկախ լինել պետությունից, ինչն էլ հանգեցնում է նրան, որ նրանք ավելի շատ միմյանց ու իրենց ընտանիքների, հետո՝ ընկերների եւ մյուսների հետ են կապված։ Հիշում եմ մի հայ կնոջ, ով հպարտությամբ խոսում էր այն մասին, որ փողոցներում թափառական մարդիկ չես գտնի շնորհիվ ամուր ընտանեկան կապերի, մինչդեռ այստեղ ես բազում անգամներ տեսել եմ ցուրտ փողոցներում քնած թափառականների, ովքեր օգնություն էին ստանում ոստիկաններից ու այլ քաղաքացիական ծառայողներից։

Բորան՝ UWC Dilijan-ի միջոցառումներից մեկի ժամանակ Բորան՝ UWC Dilijan-ի միջոցառումներից մեկի ժամանակ

Լուսանկարը` անձնական արխիվից


Ամենուր հասնող ինստիտուցիոնալացումը կյանքի գրեթե բոլոր դիտարկելի ոլորտներում կարող է ցանկալի լինել, բայց միեւնույն ժամանակ այն բերում է որոշակի անգործության, փոփոխության հասնելու ու առհասարակ ինչ-որ քայլ անելու անկարողության։

Չնայած կան որոշ խնդիրներ, որոնց դեմ հայերը պայքարում են, բայց գործնական պայքարը նաեւ կյանքի իմաստն է, կամ այն, ինչը քեզ ստիպում է մոռանալ  դրա մասին։ Օրինակ՝ ես կասկածում եմ, որ իմ պապը, ով պետք է 4 երեխա մեծացներ, որոնք բոլորը համալսարանում սովորեցին, հոգ տաներ իր կնոջ, քույրերի եւ եղբայրների մասին, որեւէ հարց ուներ կյանքի իմաստի մասին: Նա, հավանաբար, նույնիսկ ժամանակ չուներ դրա համար, եւ երկրորդը՝ այն մարդիկ, որոնց մասին նա հոգ էր տանում, իր համար աշխարհ էին նշանակում։ Մենք հպարտ ենք, որ մեր ծնողները գոնե մեկ քայլ առաջ են անցել իրենց ծնողներից, եւ դա մի բան է, որին մենք, որպես ներկա սերունդ, ձգտում ենք։ Այդ նույն հպարտությունը կարելի է տեսնել հայերի մեջ. հպարտ են իրենց նախնիներով, ովքեր վերապրել են ցեղասպանությունը, հպարտ են իրենց հայրերով եւ մայրերով, ովքեր կառուցեցին այս երկիրը, եւ իրենցով, որ հիմա փորձում են օգնել իրենց երեխաներին։ Մինչդեռ զարգացած դասակարգվող երկրներում քրոնիկ դեպրեսիան ծանր խնդիր է, քանի որ բազում մարդիկ չեն կարողանում գտնել իրենց կյանքի իմաստը կամ կառուցել այն, չունեն մեկին, ում մասին կարող են հոգ տանել, եւ, փաստորեն, ոչինչ չունեն իրենց կյանքում, որի մասին կարող են անհանգստանալ։

Ես հավատում եմ, որ մեր երկրների գեղեցկությունն ու ուժը մեր շարունակական պայքարի մեջ է ՝ ավելի մարդկային կյանք ապրելու համար։

Թարգմանությունը անգլերենից՝ Շուշանիկ, Արցախի հանրապետություն, UWC Դիլիջան ‘19




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին