Անմոռանալի հաղթանակ. Տիգրան Մարտիրոսյան - Mediamax.am

exclusive
2295 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Տիգրան Մարտիրոսյան


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը երկար տարիներ հայկական ծանրամարտի ամենավառ ու հայտնի ներկայացուցիչներից մեկն է եղել: Երկար տարիներ առաջ կարիերան ավարտած մարզիկը Mediamax Sport-ի «Անմոռանալի հաղթանակ» շարքի համար վերհիշել է իր ամենատպավորիչ նվաճումը:

«Հիշարժան ու կարեւոր հաղթանակներս մի քանիսն են, բայց ամենաանմոռանալին ու թանկը գրանցել եմ 2010-ին Անթալիայում կայացած Աշխարհի առաջնությունում:

Այն իմ ունեցած հաջողություններից ամենամեծն ու արժեքավոր էր մի քանի առումով՝ 21 տարի Հայաստանը տղամարդկանց պայքարում չեմպիոն չէր ունեցել, իսկ մրցաշարն անցկացվում էր Թուրքիայում:

Մեծ ուրախություն զգացի, երբ ինձ հաջողվեց այդ սառույցը կոտրել ու դառնալ Աշխարհի չեմպիոն: Միշտ եմ ցանկացել լավագույնը լինել եւ ամենակարեւոր մրցաշարերում հաղթող դառնալ, այդ ոսկին 11 տարվա տքնաջան աշխատանքի արդյունքն էր:

Առաջնության նախապատրաստական վերջին 5-6 ամիսները շատ առանձնացան ինձ համար ու բավական ծանր էին: Ուսի եւ մեջքի վնասվածքներ ունեի, առաջնության մեկնարկից մեկ ամիս առաջ նույնիսկ մտածում էի՝ գուցե չստացվի մասնակցել: Եթե այդ խանգարող հանգամանքները չլինեին, կարող էի ավելի բարձր կիլոգրամներով չեմպիոն հռչակվել: Բայց կարեւորն այն է, որ կանգնեցի պատվոհարթակի առաջին աստիճանին:

Բացի այդ էլ ԱԱ-ից առաջ մահացավ իմ անձնական ու հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը: Շատ մեծ ու ցավալի կորուստ էր ինձ համար, Մխիթարյանն ամբողջ ճանապարհը հետս է անցել ու բոլոր դժվարությունների ականատեսը եղել, նաեւ նրա շնորհիվ հասա այդ հաջողությանը:

Լուսանկարը` Reuters


Բոլոր մարզիկների կողքին միշտ թիմ է աշխատում՝ բժիշկներ, մարզիչներ, թիմակիցներ, ընկերներ, ներդրում ունեն նաեւ երկիրն ու սպորտային ղեկավարները, բայց ամենամեծ լուման մարզիչն է ունենում: Իզուր չէ, որ այդ հաղթանակս նվիրեցի Մխիթարյանի հիշատակին:

Հաջողվեց Աշխարհի չեմպիոն դառնալ 22 տարեկանում ու որոշակի չափանիշ սահմանել՝ ինձ ավելի ցածր հորիզոնականներում չէի ուզում տեսնել եւ ձգտում էի նոր բարձունքների հասնել: Ոսկե մեդալը շատ պարտավորեցնող էր, բայց, ցավոք սրտի, դրանից հետո լուրջ վնասվածքներ ունեցա, որոնք ինձ շատ խանգարեցին:

Կարող էի չեմպիոնությունը մի քանի անգամ կրկնել, բայց դրանից հետո հաջողվեց միայն մեկ անգամ Եվրոպայի հաղթող դառնալ ու բավարարվել այդքանով:

Մինչեւ հիմա էլ հիշում եմ աննկարագրելի չեմպիոնական հույզերը՝ կյանքում էլ նման երջանիկ պահ եւ օր չեմ ունեցել: Չեմ պատկերացնում ինչ կարող է պատահել, որ նույնն ապրեմ: Առաջին անգամ էի Աշխարհի չեմպիոն դառնալ ու այն էլ՝ Թուրքիայում: Այդքան դժվարություններ հաղթահարելուց հետո ուրախությունս այնքան մեծ էր, որ բառերով փոխանցել հնարավոր չէ:  

Անսահման երջանկություն էի զգում, որ իմ ընտրած ասպարեզում կարողացել եմ լավագույնը դառնալ ու երկրիս համար ոսկե մեդալ նվաճել: Արդեն 7 տարի է, որ թողել եմ ծանրամարտը, ամենաշատը սպորտային մթնոլորտի, հիշողությունների ու այդ ապրած կյանքի պակասն եմ զգում:  

Ցանկանում եմ, որ մեր տղաների հաջողությունները շարունակական ու ավելի մեծ լինեն: Կարեւորն այն է, որ ծանրամարտը պահում է իր բարձր մակարդակն ու հույս ունեմ, որ առաջիկայում կհաջողվի սառույցը կոտրել եւ ունենանք Օլիմպիական չեմպիոն»:

Տիգրան Մարտիրոսյանի հետ անմոռանալի հաղթանակը վերհիշել է Հասմիկ Բաբայանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին