Անմոռանալի հաղթանակ. Արթուր Դավթյան - Mediamax.am

exclusive
2086 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Արթուր Դավթյան


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը վերջին տարիներին ոչ մի կարեւոր մրցաշարից ձեռնունայն չի վերադառնում:

Այս տարի էլ նրան մի քանի խոշոր մրցաշարեր են սպասվում, սակայն մինչ դրանցում մեկնարկելը նա Mediamax Sport-ի «Անմոռանալի հաղթանակ» շարքի համար վերհիշել է իր համար ամենայուրահատուկ նվաճումը:  

«Տարատեսակ ու բազում մրցաշարերի եմ մասնակցել եւ ամեն մեկն էլ յուրովի տարբերվել է նախորդներից: Կարողացել եմ բոլոր հնարավոր մեդալները նվաճել, բայց դրանցից ինձ համար հատկապես երկուսն են առանձնանում:

Բնականաբար, իր ուրույն տեղն ունի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզը, բայց ոչինչ չի համեմատվի Աշխարհի չեմպիոնության հետ, որը գրանցեցի 2022 թվականին Լիվերպուլում:

Լուսանկարը` Reuters


Անկախ Հայաստանի առաջին ոսկին էր մարմնամարզության ԱԱ-ում, ու նաեւ դրա շնորհիվ է այդ հաջողությունն ավելի շատ նշանավորվում ինձ համար: Մինչ այդ Աշխարհի առաջնություններում ինձ չէր հաջողվել որեւէ մեդալ նվաճել:

Ճանապարհը բավական երկար ու բարդ էր, ինքս էլ չէի ակնկալում միանգամից չեմպիոն հռչակվել, թեեւ տքնաջան պատրաստվում էի ու երազում այդ մեդալի մասին: Աստիճանաբար եմ աճել ու հասել այդ մակարդակին, որ ունակ լինեմ պայքարելու Աշխարհի չեմպիոնության համար՝ 22 տարի շարունակ այդ նպատակի համար ջանք ու եռանդ չխնայելով:

Հաղթելուց հետո մոտս շոկ էր, զգացողություններս՝ անբացատրելի: Ուրախ ու հպարտ էի, բայց ավելի շատ՝ մեր երկրի համար, որ կարողացել էի ամբողջ աշխարհում այն այդքան ճանաչելի դարձնել: Միայն մարզիկները գիտեն, թե ինչերի միջով ենք անցնում, որքան երկար տանջվում նման պատվի արժանանալու եւ այդ վայրկյանները վայելելու համար:

Լուսանկարը` Reuters


Բոլորս էլ սովորաբար նախ ոսկու ենք ձգտում, բայց ամեն մեդալ իր յուրահատկությունն ունի, անգամ եթե 2-3-րդ տեղերը զբաղեցնեի՝ միեւնույն է բավարարված կլինեի, թեեւ ոսկին լրիվ այլ զգացողություններ է տալիս: Գիտակցում ես, որ կարողացել ես ողջ աշխարհում բոլորին հաղթել:

Մինչ այդ արդեն Եվրոպայի չեմպիոն էի եղել, բայց Աշխարհի առաջնության պայքարը լրիվ այլ մակարդակի է լինում՝ մասնակիցների քանակն ու մրցակցության թեժությունը  շատ ուրիշ են: Եվրոպայի շատ չեմպիոններ Աշխարհում անգամ մրցանակային  եռյակում չեն կարողանում տեղ գտնել: Մեր մարզաձեւն էլ այդ առումով շատ մրցակցային ու դժվար է:

Ամեն անգամ Չինաստանից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից շատ ուժեղ մարմնամարզիկներ են ներկայանում, եւ նրանց դեմ պայքարելն ավելի ու ավելի է բարդանում, իսկ ոսկի նվաճելը՝ առհասարակ անհնար դառնում:

Լուսանկարը` Getty Images


Ինքս աստիճանաբար եմ իմ կարիերայում աճ գրանցել ու ամեն հնարավոր մրցանակի տիրացել: Ցանկացած մեդալն իր հետ վստահություն է բերել, կաթիլ առ կաթիլ եմ ավելացրել ու դարձել այսպիսին:

Ինձ շատ օգնեց նաեւ Օլիմպիական խաղերից հետո կանոնների փոփոխությունը, սովորաբար դրանք ի վնաս ինձ էին լինում, բայց այս անգամ բախտս բերեց: Զգացի, որ կարող եմ ավելի լուրջ արդյունքի հասնել՝ նախ ցատկերս բարդացրի եւ մաքրեցի: Մարզիչներն էլ շատ են օգնել ու միասին իրականացրած հետեւողական աշխատանքի արդյունքում ենք ամեն մեդալ իրականություն դարձրել: Երբ փորձ ես ձեռք բերում, քեզ վրա ավելի շատ ես աշխատում ու չհանձնվող դառնում:

Հիմա առաջնային նպատակս Օլիմպիական ոսկուն տիրանալն է, ինչն այնքան էլ հեշտ չի լինելու: Այդ նպատակով որեւէ ջանք չեմ խնայի, բայց ինչպես Աստված կամենա, այդպես էլ կստացվի:   

Լուսանկարը` Getty Images


Ինձ վնասվածքներն են շատ խանգարում՝ 2 ամիս մեջքս բուժեցի, հիմա էլ ծունկս է սկսել ցավել: Նպատակ ունեմ խաղերից առաջ ցատկս բարդացնել, բայց այս ծնկով դա անելը շատ դժվար է, մանավանդ՝ առաջիկայում դեռ Եվրոպայի առաջնություն ու վարկանշային Աշխարհի Գավաթ էլ ունենք»:

Արթուր Դավթյանի հետ անմոռանալի հաղթանակը վերհիշել է Հասմիկ Բաբայանը։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին