Անմոռանալի հաղթանակ. Դավիթ Հովհաննիսյան - Mediamax.am

exclusive
4971 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Դավիթ Հովհաննիսյան


Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզիկների կյանքում հաղթանակներ շատ են լինում, բայց ոչ բոլորն են նույն նշանակությունը եւ կարեւորությունն ունենում: Որոշները շրջադարձային են դառնում ու օգնում ավելի շատ հավատալ սեփական ուժերին:

Mediamax Sport-ի «Անմոռանալի հաղթանակ» շարքի համար հենց նման չեմպիոնության մասին է հիշել Եվրոպայի կրկնակի հաղթող Դավիթ Հովհաննիսյանը:

«Ինձ համար յուրահատուկ է դարձել առաջին հաղթանակս, որը տարել եմ 2016 թվականին Էլիաթում կայացած մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Այդ չեմպիոնությանն երկար էի սպասել, արդեն 2 տարի հանդես էի եկել Եվրոպայի առաջնություններում ու մեդալ նվաճել չէր ստացվել: 3-րդ տարում վերջապես հաջողվեց լավ ելույթ ունենալ ու հաղթող դառնալ:

Գուցե, դրա համար էլ հենց այդ ոսկե մեդալն է այդքան առանձանում ինձ համար, առաջին անգամ էի չեմպիոն դարձել ու հաղթական էմոցիաներն անծանոթ էին ինձ: Նոր էի զգում, թե ինչ ապրումներ ես ունենում պատվոհարթակի առաջին աստիճանին կանգնելիս կամ քո պատվին օրհներգը լսելիս:

Լուսանկարը` անձնական արխիվից


Երիտասարդական այդ առաջնությանը շատ լավ էի պատրաստվել, բավական ուժեղ էի մեկնել մրցաշարին ու կարող էի անգամ ավելին բարձրացնել, եթե դրա կարիքը լիներ: Բոլոր 6 մոտեցումներս էլ հաջող օգտագործեցի ու արծաթե մեդալակիր դարձած լիտվացի Ռիտվարս Սուխարեւսին շրջանցեցի 1 կգ-ով:

Այդ նվաճումից հետո անչափ շատ էի ուրախացել, այնպիսի հաճելի զգացողություն ունեի, որը բացատրել չեմ կարող: Երկար էի տանջվել ու այդ առաջնությունում իմ չարչարանքների պտուղները քաղեցի:

Ոսկե մեդալն ինձ վստահություն տվեց, սկսեցի ավելի շատ մարզվել ու մեծ ջանքեր ներդնել: Դրա շնորհիվ հասկացա, որ լավ աշխատելու դեպքում հետագայում նման հաղթական պահեր ու հույզեր էլի կարող եմ ունենալ: Հաջորդ տարի քաշային կարգս փոխեցի, ավելի ուժեղացա ու նոր հաջողություններ գրանցեցի:

Ցանկացած մարզիկի նպատակը միշտ չեմպիոն հռչակվելն է, ու երբ հասնում ես դրան, չես ուզում քչով բավարարվել, ձգտում ես կոչումդ պահել ու նոր տիտղոսներ ունենալ: Ամեն անգամ ու ցանկացած մրցաշարում ես պարտավոր ապացուցել, որ ուժեղ ես:

Մեծահասակների պայքարում էլ միանգամից չստացվեց լավագույնը դառնալ, նախ Եվրոպայի առաջնությունում 3-րդ տեղը գրավեցի, հետագայում ավելի շատ մարզվեցի, վնասվածքներս հաղթահարեցի ու կարողացա երկու անգամ ոսկե մեդալ նվաճել՝ 2022-ին Տիրանայում, իսկ մեկ տարի անց՝ արդեն Երեւանում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ժամանակի ընթացքում է վստահությունդ ավելանում, երբ պարապելու ընթացքում նոր քաշեր ես բարձրացնում ու հետագայում դրանք կրկնում նաեւ մրցումների ժամանակ: Ամեն հաջորդ մրցաշարին ավելի հանգիստ ես մասնակցում: Հասկանում ես, որ չես կարող եղածով բավարարվել ու պարտավոր ես լավագույն արդյունքդ գրանցել:

Այնպես չէ, որ ամեն ինչ հարթ է ընթանում, անհաջողություններ եւս լինում են: Երկու անգամ մրցումների ժամանակ 0 եմ ստացել, բայց պատճառը ոտքիս ու մեջիս վնասվածքներն էին:

Այնքան վատ էի, որ չեմ էլ հասկացել, թե 2022 թվականի Աշխարհի առաջնությանն ինչպես եմ մասնակցել: Նախապատրաստական փուլում շատ ուժեղ էի, գրանցած կիլոգրամներով կարող էի մեդալ ունենալ, դրա համար էլ մեջս կրակ կար ու անպայման ուզում էի ուժերս փորձել՝ հետագայում ինձ չմեղադրելու համար: Մեկնեցի Բոգոտա, բայց վնասվածքը շատ խանգարեց:

Լուսանկարը` Մեդիամաքս


2016 թվականին իմ նվաճած առաջին մեդալից մինչ օրս փորձում եմ առաջ գնալ ու անընդհատ աճել: Հիմա նպատակս է լավ ելույթ ունենալ Ռիյադում, Աշխարհի առաջնությունից դեռ մեդալ չունեմ, ու այնտեղ կփորձեմ այդ բացը լրացնել: Պարտավոր եմ ողջ ուժերս ներդնել դրան հասնելու համար»:

Դավիթ Հովհաննիսյանի հետ անմոռանալի հաղթանակը վերհիշել է Հասմիկ Բաբայանը։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին