Անմոռանալի հաղթանակ. Մնացական Իսկանդարյան - Mediamax.am

exclusive
13616 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Մնացական Իսկանդարյան


Լուսանկարը` ՀԱՕԿ

Լուսանկարը` RIA


Օրեր առաջ երկար տարիների դադարից հետո Հայաստան էր ժամանել Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մնացական Իսկանդարյանը:

Հունահռոմեական ըմբիշի հետ Mediamax Sport-ը շատ ջերմ զրույց ունեցավ ու խոսեց նաեւ նրա անմոռանալի հաղթանակի մասին: 


Մեր շարքի համար Իսկանդարյանը վերհիշել է իր համար առանձնահատուկ նշանակություն ունեցող հաղթանակը: Ի դեպ, 1994-ին նա Աշխարհի չեմպիոն է հռչակվել:

Անմոռանալի գոտեմարտեր մի քանիսն ունեմ, որոնք շատ են տպավորել: Օլիմպիական խաղերում ու մանավանդ՝ եզրափակչում տարած հաղթանակներն ամբողջ կյանքում են հիշվում, բայց դրանց մասին չէ, որ այսօր կպատմեմ:

1994 թվականն էր, արդեն ներկայացնում էի Ռուսաստանն ու Ֆինլանդիայում հանդես եկա Աշխարհի առաջնությունում: Այդ տարվա Եվրոպայի առաջնությունը բաց էի թողել, դրա համար շատ կարեւոր էր լավ մասնակցել:

Եվրոպայի չեմպիոն հռչակված թուրք Էրոլ Կոյունչուն գլուխ էր գովել, որ ինձ կարող է հաղթել: Նա վատ մարզիկ չէր, ուժեղ էր, տեխնիկապես հագեցած հնարքների էր տիրապետում:

Ու այնպես ստացվեց, որ Աշխարհի առաջնությունում հանդիպեցինք: Երբ արդեն առաջ էի 6:0 հաշվով, մրցակիցը զգաց, որ հաղթանակի հասնելու շանսերը շատ փոքր են, ժամանակն էլ սպառվելու վրա էր: Ոչ մի կերպ չէր կարողանում հնարք անել ու միավոր վաստակել:

Լուսանկարը` RIA


Այդ ժամանակ շատ կտրուկ հարձակվեց ինձ վրա ու վիզս կծեց: Երկու քայլ հետ արեցի, մրցավարին ցույց տվեցի, բայց մենամարտը չդադարեցրեց եւ ժեստով կարգադրեց շարունակել: Նորից պայքարը բռնկվեց, մենամարտն ավարտին էր մոտենում, ու ինձ պարտավորված էի զգում ոչ սպորտային արարքի համար պատժել մրցակցին:

Երբ 20 վայրկյան էր մնում, ձեռքս առաջ պարզեցի ու նրան գործողության դրդեցի: Երբ նետվեց դեպի ինձ, ձեռքս արագ քաշեցի, ու Կոյունչուն ծնկների վրա ընկավ: Ես էլ իբր թե իներցիայով նույնպես ընկա ու արմունկով վզին ցավոտ հարվածեցի, ծնկով էլ աննկատ խփեցի: Այնպիսի տպավորություն էր, որ ինձ պահել չկարողացա ու վայր ընկա: Այդպես ըմբշամարտում հաճախ է պատահում:

Երբ նկատեցի, որ մրցավարը ձախ կողմում է, աջ ձեռքով բռնեցի նրա վզից ու սկսեցի սեղմել, 3-4 վայրկյան էր մնում գոտեմարտի ավարտին: Սկսեց գորգին հարվածել ու գոռալ, եւ սուլիչը հնչեց:

Ինձ համար սկզբունքային գոտեմարտ էր, քանի որ սպորտը բարություն է սիրում, արդարություն, կարգապահություն: Երբ նման պահեր ես տեսնում, չես կարող հանգիստ վերաբերվել:

Մնացական Իսկանդարյանի հետ հաղթանակը վերհիշել է Հասմիկ Բաբայանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին