Անմոռանալի հաղթանակ. Հակոբ Մկրտչյան - Mediamax.am

exclusive
48965 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Հակոբ Մկրտչյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` olympic.org

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` olympic.org

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` olympic.org


Օրեր առաջ Բաթումիում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիրներ դարձան Հակոբ Մկրտչյանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

5 տարի առաջ էլ ծանրորդները փայլել էին ու հաղթողների կոչումները նվաճել Նանջինգում կայացած պատանեկան Օլիմպիական խաղերում:

Mediamax Sport-ի «Անմոռանալի հաղթանակ» շարքում այսօր իր տպավորիչ ու ամենակարեւոր նվաճման մասին խոսել է Հակոբ Մկրտչյանը:

Անմոռանալի հաղթանակս եղել է 2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերի ժամանակ: Այդ մեդալը շատ կարեւոր էր ինձ համար, նման հաջողության առաջին անգամն էի հասել:

Ոսկե մեդալը նվաճելուց հետո ամբողջ աշխարհն ասես իմը լիներ, ուրախությանս չափ չկար:

Լուսանկարը` olympic.org


Հաղթանակն ինձ անչափ դժվարությամբ տրվեց, մեծ ջանքերի ու շատ քրտինք թափելու արդյունքում: Ես այդքան էլ լավ հանդես չեկա, որպեսզի չեմպիոն հռչակվեի, մրցակիցս՝ հնդիկ ծանրորդը պետք է իր մոտեցումը ձախողեր: Արդյունքում այդպես էլ եղավ:

Անկեղծ ասած, հաղթանակիս շատ չէի հավատում, քանի որ լարված պայքար էր ընթանում:

Որքան մեծանում ենք, այնքան մեր սպորտային ուղին ավելի բարդ է դառնում, դրա համար էլ նվաճած ամեն մեդալ առանձնակի նշանակություն է ունենում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերջին մեծ նվաճումս Բաթումիում եղավ, մեծահասակների մրցումներում հաղթանակի շատ էի սպասել: Եվրոպայի առաջնությունում հավասար պայքար ծավալվեց վրացի Ռեւազ Դավիթաձեի հետ, բայց ես հրում վարժությունում վստահ էի ու ամեն ինչ արեցի հաղթելու համար:

Շատ ուրախ եմ, որ պատվոհարթակի 3-րդ աստիճանին էլ կանգնեց Դավիթ Հովհաննիսյանը, նա ավելին կարող է ու մյուս մրցումներում դեռ ցույց կտա բոլորիս, թե ինչի է ընդունակ: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Ոչ մի մեդալ հեշտությամբ չի տրվում, յուրաքանչյուրի համար անչափ տանջվում ես: Բայց չեմպիոն դառնալու համար արժե հաղթահարել դժվարությունները: Սպորտը միակ բանն է, որ օգնում է կյանքում ամեն ինչի հասնել:

Եվրոպայի ոսկե մեդալն ինձ վստահություն տվեց, որ կարող եմ հասնել ավելիին: Ամեն ինչ դեռ առջեւում է, հաջորդ մեդալը փորձելու եմ մեծահասակների Աշխարհի առաջնությունում նվաճել:

Հակոբ Մկրտչյանի հետ հաղթանակը վերհիշել է Հասմիկ Բաբայանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին