Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում անցկացվել է արհեստական բանականության (ԱԲ) օր, որի նպատակն էր ներկայացնել ԱԲ եւ տվյալագիտության ազդեցությունը տեխնոլոգիաների ու անվտանգային համակարգերի զարգացման վրա։
Ինչով է «սնվում» արհեստական բանականությունը, ինչ տրամաբանությամբ կայացնում որոշումներ եւ ինչպես կարող են սովորական օգտատերերը պաշտպանել իրենց՝ այս գործիքից ստանալով առավելագույն օգուտ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս եւ մի շարք այլ թեմաներ քննարկվել են ԱԲ օրվա ընթացքում տեղի ունեցած «Արհեստական բանականության մրցավազք․ ինչպես տվյալագիտության միջոցով կանխել ինքնավար սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ։
Այն վարել է ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին։ Քննարկմանը մասնակցել են Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՖՀՀ դասախոսներ, ոլորտի հետազոտողներ Կարեն Եղիազարյանը, Ժերոմ Մանժենը եւ Ժորժ դա Կոստան։
Մեդիամաքսը ներկա է եղել միջոցառմանը՝ առանձնացնելով դրա հետաքրքրիր դրվագները։
«Որպես գաղտնաբառ մի՛ օգտագործեք ձեր ծննդյան կամ ամուսնության ամսաթվերն․ ընտրեք պատահական տառերի եւ թվերի խումբ»
Ռալֆ Յիրիկյան
Այսօր հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները ներդրում են մեծ միջոցներ սեփական սերվերները եւ օգտատերերին պաշտպանելու համար։ Կարող եմ ասել՝ սպառնալիքի հիմնական աղբյուրը DDoS հարձակումներն են եւ ֆիշինգը։ Վերջինի դեպքում բաժանորդներին ուղարկվում են բազմաթիվ հղումներ, եւ եթե ընկերության աշխատակիցները կամ սպառողները բավարար չափով տեղեկացված չեն վտանգների մասին, կարող են դառնալ դրանց զոհը։
Ռալֆ ՅիրիկյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Օգտագործելով այս հնարավորությունը՝ ցանկանում եմ ներկա երիտասարդներին կոչ անել լինել առավել ուշադիր։ Բոլորդ Instagram-ի, TikTok-ի եւ Facebook-ի օգտատերեր եք, խնդրում եմ պաշտպանեք ձեր օգտահաշիվները բարդ գաղտնաբառերով։ Դրանք պետք է կազմված լինեն տառերից եւ թվերից՝ հասնելով առնվազն 12-15 նիշի, իսկ հնարավորության դեպքում՝ նույնիսկ 20-ի։
Օրինակ՝ իմ հիմնական գաղտնաբառերը 24 նիշ ունեն՝ տառեր, թվեր, տարատեսակ նշաններ։ Սա առաջին քայլն է, որ պետք է անեք ձեր օգտահաշիվների, բանկային հավելվածների, էլեկտրոնային փոստի, աշխատանքային Wi-Fi-ի պաշտպանության համար։
Լուսանկարը` Մեդիամաքս
Խնդրում եմ, որպես գաղտնաբառ մի՛ օգտագործեք ձեր ծննդյան, նշանադրության կամ ամուսնության ամսաթվերն ու հարազատների անունները։ Ընտրեք պատահական տառերից եւ թվերից կազմված տարբերակներ։
Մեկ այլ կարեւոր կետ է Chat GPT-ի հետ «շփման» դեպքում չկիսվել խիստ անձնական տեղեկատվությամբ, չբերել օրինակներ սեփական կամ ընկերների կյանքից։
Վստահ եղե՛ք, այդ տեղեկատվությունը հավաքվում է, վերլուծվում, պահվում ինչ-որ տեղ եւ մի օր կարող է օգտագործվել ձեր դեմ։ Կարող եք տալ ընդհանուր հարցեր՝ առանց ներկայացնելու անձնական մանրամասներ կամ տվյալներ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Երբեք մի՛ բացեք տարօրինակ թվացող հղումները, նույնիսկ, եթե դրանք ուղարկում է ձեր մտերիմը։ Պարզապես զանգահարեք նրան եւ ճշտեք՝ ի՞նչ հղում է։
Հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերությունները մշտապես աշխատել եւ աշխատելու են անվտանգության կատարելագործման ուղղությամբ, բայց դուք եւս պետք է կատարեք սեփական տվյալները պաշտպանելու առաջին եւ կարեւորագույն քայլը։
«Երաժիշտները կարող են լուրջ խնդրի առաջ կանգնել»
Կարեն Եղիազարյան
Համակարգչային տեսողությունը, որն իմ հետազոտությունների ոլորտներից մեկն է, այսօր կարող է հանդես գալ որպես թվային աշխարհի լրացուցիչ անվտանգային համակարգ։ Այսօր արդեն կան ուշագրավ ալգորիթմներ, որոնք թույլ են տալիս, օրինակ, չափել մարդու զարկերակը՝ հիմնվելով միայն նրա մասնակցությամբ տեսանյութի վրա։ Հնարավոր է հետեւել նաեւ բուն տեսանյութում տեղի ունեցող փոփոխություններին՝ լույսի, նկարահանման անկյան, եւ ստանալ տվյալներ՝ արդյոք այդ տեսանյութում տեղի է ունենում որեւէ անբնական բան, արդյոք այն գեներացվել է ԱԲ կողմից։
Կարեն ԵղիազարյանըԼուսանկարը` Մեդիամաքս
Մեր բջջային հեռախոսներում կան բազմաթիվ գործիքներ, որոնք աշխատում են արհեստական բանականության հիմքով։ Դրանք կարող են ստեղծել պատկերներ, տեսանյութեր, նույնիսկ՝ շատ իրական թվացող մարդկանց։ Այս պատկերները դեռեւս ունենում են նկատելի թերություններ, օրինակ՝ շատ բնական թվացող մարդու ստվերն ընկնում է սխալ անկյան տակ, բայց տեխնոլոգիաները զարգանում են եւ այդ պատկերներն այսօր ավելի իրական են, քան երեկ էր։ Այնպես որ, տարբերակումն առավել դժվար է դառնում։
Սալվա ՆակուզինԼուսանկարը` Մեդիամաքս
Մեկ այլ ոլորտ է ԱԲ կողմից գեներացվող ձայնային բովանդակությունը։
Եթե այսպես շարունակվի, կարծում եմ՝ երաժիշտները մի օր լուրջ խնդրի առաջ կկանգնեն, քանի որ ԱԲ-ն արդեն իսկ ստեղծում է հրաշալի երաժշտություն, որը գրեթե չի տարբերվում իրականից։ Այստեղ է, որ ի հայտ են գալու հեղինակային իրավունքի հետ կապված լուրջ խնդիրներ։
Ինչպես է ինքնավար զինատեսակը որոշում՝ ինչ թիրախ խոցել
Ժերոմ Մանժեն
Չափազանց կարեւոր է ուսումնասիրել՝ ինչու եւ ինչպես է արհեստական բանականությունը որոշում կայացնում։ Սա թույլ կտա ԱԲ-ն դարձնել կառավարելի։ Առավել պատկերավոր լինելու համար օրինակ բերեմ ռազմական ոլորտից։ Կարեւոր է հասկանալ՝ ինչու է տվյալ զինատեսակը որոշել խոցել այս կամ այն թիրախը, առավել եւս, երբ զինատեսակն ինքնավար է, ասենք՝ անօդաչու թռչող սարք։ Այսօր սա ռազմական արդյունաբերության առաջնային հարցերից է։
Ժերոմ ՄանժենըԼուսանկարը` Մեդիամաքս
Որոշման կայացման տրամաբանությունը պետք է փնտրել մեքենայական ուսուցման մեջ, քանի որ սարքավորմանը նախապես տրվել են որոշակի չափորոշիչներ խոցման ենթակա թիրախների վերաբերյալ։ Իհարկե, մենք չենք կարող հասկանալ՝ ինչ տրամաբանությամբ է նեյրոցանցը թիրախ ընտրել, բայց կարող ենք հասկանալ մարդու տրամաբանությունը, որը «մարզել է» այն։
ԱԲ-ն, որ ավելի շատ էներգիա է սպառում, քան՝ ավիացիան
Ժորժ դա Կոստա
Ես ուսումնասիրում եմ մեծածավալ համակարգերի էներգաարդյունավետությանը եւ վստահ կարող եմ ասել՝ այսօր արհեստական բանականությունը բավականին խոշոր մրցակից է այս համակարգերի համար։
Ժորժ դա Կոստան՝ աջիցԼուսանկարը` Մեդիամաքս
Այն սպառում է հսկայական ծավալի էներգիա, քանի որ տվյալների վերլուծության կենտրոնները իրական, մեծ շինություններ են` հազարավոր համակարգիչներով, որոնք արձագանքում են օգտատերերի հարցումներին։ Չնայած՝ շատերիս թվում է, թե մեր ուղարկած ամեն հարցում անշոշափելի է (ժպտում է – հեղ․)։ Այս սերվերների սպասարկման համար օգտագործվում է նաեւ մեծ ծավալի ջուր, քանի որ դրանք մշտական հովացման կարիք ունեն։
Լուսանկարը` Մեդիամաքս
Եթե խոսեմ թվերով, ապա այսօր տվյալների վերամշակման կենտրոնները սպառում են քաղաքների էլեկտրաէներգիայի մոտ 4 տոկոսը։ Մենք ավելի շատ էլեկտրականություն ենք ծախսում, քան ավիացիայի ոլորտը։ Այսօրվա աշխարհում նույնիսկ ատոմակայաններ են կառուցում՝ ապահովելու տվյալների վերամշակման կենտրոնների սնուցումը։ Այս ամենը գիտակցելով՝ կա օպտիմալացման կարիք։
Բոլոր հարցումների համար չէ, որ պետք է ԱԲ օգտագործել։ Հաճախ ձեր կենցաղային հարցերի պատասխանները կարելի է գտնել Google-ում կամ կամայական այլ որոնողական համակարգում։ Հակառակ դեպքում՝ տարեցտարի կառաջանա ավելի շատ սերվերների եւ դրանց սպասարկման կարիք։ Սա արատավոր շղթա է, որն էլ փորձում ենք ընդհատել։
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: