«Անհատի հաջողությունը պետության հաջողությունն է». նոր ուսումնական տարի՝ ՀՖՀՀ-ում - Mediamax.am

exclusive
114 դիտում

«Անհատի հաջողությունը պետության հաջողությունն է». նոր ուսումնական տարի՝ ՀՖՀՀ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Օլիվիե Դըկոտինյին
Օլիվիե Դըկոտինյին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինա Սարգսյանը
Քրիստինա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) սկսվել է նոր ուսումնական տարին: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի մասնակցությամբ ուսանողների դիմավորման տոնական արարողությունը մեկնարկել է համալսարանի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) մասնաշենքում:  

«Լինել համբերատար, աշխատասեր եւ ազնիվ». այս խորհրդով համալսարանի ռեկտորը դիմավորել է առաջին կուրսեցիներին, իսկ անձնակազմը ներկայացրել ուսումնական գործընթացի կազմակերպման մանրամասները: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը ներկա է եղել տոնական միջոցառմանը՝ առանձնացնելով դրա հետաքրքիր դրվագները: 

«Այսօրվանից դառնում եք գեղեցիկ պատմության մաս, որն արդեն 25 տարեկան է» 

Օլիվիե Դըկոտինյի, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան

Շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա եւ կրթության համար Հայաստանում ֆրանսիական համալսարանն ընտրելու կապակցությամբ: Դուք ընտրել եք համալսարան, որի ուսանողները մրցունակ են աշխատաշուկայում, պահանջված ու գնահատված են գործատուների կողմից: Այս համալսարանն ավարտելուց մեկ տարի անց ուսանողների 97 տոկոսն արդեն ունենում է զբաղվածություն: Այսօրվանից դուք դառնում եք գեղեցիկ պատմության մաս, որն արդեն 25 տարեկան է: 
Օլիվիե Դըկոտինյին Օլիվիե Դըկոտինյին

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընտրելով ՀՖՀՀ-ն՝ դուք բացում եք պատուհան դեպի Ֆրանսիա եւ ֆրանսախոս աշխարհ, քայլ եք անում դեպի շրջանավարտների եւ գործընկերների հզոր ցանց: Հայաստանում ֆրանսիական համալսարանը հայ-ֆրանսիական համագործակցության ամենաստացված արբանյակներից է: Կարծում եմ՝ այն երկու երկրների լավագույն համատեղ ծրագիրն է, որովհետեւ միտված է երիտասարդների կրթությանը: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Շնորհավորում եմ ձեզ նաեւ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ընտրելու կապակցությամբ: Այս ընտրությունը կատարել եք, երբ Հայաստանը, Ֆրանսիան եւ ամբողջ աշխարհը գտնվում են արհեստական բանականության (ԱԲ) ստեղծած մեծ հեղափոխության դարաշրջանում: Մեր երկրները շատ սերտ համագործակցում են այս ոլորտում: Ձեզ համար սա ստեղծում է ավելի լայն հնարավորություններ կարիերայի զարգացման տեսանկյունից: 
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում փայլուն ուսումնական տարի: 

«Մեր նպատակն է կրթել միջազգային շուկայում մրցունակ մասնագետներ»

Սալվա Նակուզի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր 

Այս միջոցառմանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի ներկայությունը ցույց է տալիս՝ որքանով են դեսպանությունն ու Ֆրանսիան ներգրավված մեր համալսարանի գործունեությանը: Սա պարզապես խոսքեր չեն, այլ՝ իրականություն: 

Որպես ռեկտոր՝ ցանկանում եմ ձեզ մի քանի վարքականոն ներկայացնել, պատմել՝ ինչ ենք ակնկալում ձեզանից եւ ինչ ենք փոխանցելու ձեզ: 
Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին հերթին ցանկանում ենք, որ ազնիվ լինեք: Արդեն գիտեք՝ այս համալսարանը բավականին խիստ է, եւ մենք ձեզանից ակնկալում ենք աշխատասիրություն ու համբերատար մոտեցում: Մասնագիտական առարկաներից բացի, Հայաստանում ֆրանսիական համալսարանը ձեզ հնարավորություն է տալու զարգացնել «փափուկ» հմտությունները: Գիտեմ, որ ինֆորմատիկան ընտրած ուսանողների համար լեզուներ սովորելը կարող է ձանձրալի թվալ, բայց դրանք շատ կարեւոր են թե՛ ուսումնական գործընթացում, թե՛ առօրյա եւ գործնական շփումների դեպքում: Մեր նպատակն է, որ հետագայում դուք դառնաք միջազգային շուկայի համար պիտանի, մրցունակ մասնագետներ: 

Լուսանկարը` Մեդիամաքս


ՀՖՀՀ-ն համալսարան է, որը միշտ փորձում է ժամանակին համընթաց քայլել: Սա է պատճառը, որ հենց տարվա սկզբից կվերապատրաստվեք արհեստական բանականության ուղղությամբ: Դուք առաջին սերունդն եք, որն իր ուսումնառությունը սկսում է ԱԲ-ի հեղափոխական ժամանակաշրջանում: 

Վստահ եղե՛ք, ձեզ փոխանցելու շատ բան ունենք, եղեք աշխատասեր եւ պատասխանատու: 

«Անհատի հաջողությունը մեր պետության հաջողությունն է» 

Քրիստինա Սարգսյան, ՀՖՀՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան 

Մենք ապրում ենք շատ փոփոխական, միեւնույն ժամանակ, հետաքրքիր ժամանակաշրջանում: Ոչ մասնագետների դեպքում արհեստական բանականությունը փոխում է նրանց շրջապատող սովորական աշխարհը, իսկ մեր պարագայում դրա զարգացումը կրկնակի պատասխանատվություն է: Ցանկանում եմ, որ դուք ոչ թե պարզապես սպառեք այս փոփոխությունները, այլ՝ լինեք դրանց անմիջական մասնակից: 
Քրիստինա Սարգսյանը Քրիստինա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հետեւե՛ք՝ ինչի վրա եք ծախսում ձեր ժամանակը: Ամեն օր ինքներդ եք ընտրում՝ ավելորդ 10 րոպե անցկացնել սոցիալական ցանցերո՞ւմ, թե՞ գրքի եւս մեկ գլուխ ընթերցել:

Ես ներկայացնում եմ սերունդ, որը տեսավ ինտերնետի վերելքը, իսկ հիմա դուք տեխնոլոգիական մեկ այլ վերելքի ականատեսն ու մասնակիցն եք: Դարձե՛ք որակյալ եւ մրցունակ մասնագետ: Սա կարեւոր է ձեզ, ձեր հարազատների եւ մեր պետության համար: Անհատի հաջողությունը մեր պետության հաջողությունն է, իսկ ՀՖՀՀ-ի դեպքում դուք պատասխանատու ենք նաեւ գործընկեր պետության՝ Ֆրանսիայի առջեւ: 

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին