«Իրավունքը ձեր շեմին» կարգախոսով մարտից Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) գործում է Իրավաբանական կլինիկա: Սա հարթակ է, որտեղ մարդիկ կարող են ստանալ անվճար իրավաբանական աջակցություն, իսկ ներգրավված ուսանողները՝ ձեռք բերել մասնագիտական փորձ եւ նոր հմտություններ:
Բացի այդ, Իրավաբանական կլինիկայի միջոցով համալսարանը եւ ուսանողներն իրենց ներդրումն են ունենում Հայաստանում արդարադատության մատչելիության խթանման գործում:

Լուսանկարը` Մեդիամաքս
ՀՖՀՀ Իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանը եւ կլինիկայի աշխատանքներում ներգրավված ուսանող-իրավաբանները Մեդիամաքսին պատմել են դրա աշխատանքի մասին՝ կարեւորելով հանրության շրջանում իրավագիտակցության բարձրացումը եւ արդարադատության հասանելիությունը:
«Սովորել՝ հիմնվելով գործնական փորձի վրա»
Կարին Յովսէփեան, ՀՖՀՀ Իրավաբանական ֆակուլտետի դեկան
ՀՖՀՀ Իրավաբանական կլինիկայի ստեղծման մասին ուսանողությանը հայտարարել ենք անցյալ տարվա նոյեմբերին եւ այդ փուլից մինչեւ 2025թ. մարտ աշխատել ենք գրանցված ուսանողների վերապատրաստման ուղղությամբ: Ի սկզբանե կլինիկայի աշխատանքներում ներգրավվելու համար գրանցվել է ավելի քան 60 ուսանող, որոնց մեծ մասն այժմ ակտիվ ներգրավված է շահառուներին խորհրդատվություն տրամադրելու հարցում։Կլինիկայի իրավաբան-ուսանողները հիմնականում երկրորդ, երրորդ, չորրորդ կուրսեցիներ են: Ունենք նաեւ մագիստրատուրայի մի քանի ուսանող: Ողջ աշխատանքը դրական առումով վերահսկվում է իրավաբան դասախոսների կողմից: Այսինքն, մենք ուսանողների կողքին ենք ցանկացած հարցով, կարող ենք ուղղորդել, օգնել գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Մեր գործընկեր Լիոն 3 համալսարանում եւս գործում է Իրավաբանական կլինիկա եւ այս փորձը շատ է օգնել ՀՖՀՀ-ում այն ձեւավորելիս: Առհասարակ, «կլինիկական» իրավաբանական կրթության մեթոդը սկիզբ է առել ԱՄՆ-ում՝ դեռ 1900-ականների սկզբին:
Բժշկական ուսուցման մեջ կլինիկական դասավանդումը նշանակում է սովորել՝ հիմնվելով գործնական փորձի վրա: Այստեղից էլ առաջացել է Իրավաբանական կլինիկա ձեւակերպումը՝ ցույց տալու, որ այստեղ եւս ուսուցումը հիմնված է պրակտիկայի վրա: Բացի այդ, սա հնարավորություն է տալիս, որ ուսանողները հանրօգուտ աշխատանք կատարեն: Մեր գլխավոր նպատակն է հասնել խոցելի, անվճարունակ մարդկանց ու աջակցել նրանց: Կանգնել մարդկանց կողքին, որոնք իրավական խորհրդատվության կարիք ունեն, բայց որոնց համար այն շատ թանկ ու անհասանելի է: Իրավաբանական կլինիկայի միջոցով ՀՖՀՀ ուսանող-իրավաբաններն առավել ներգրաված են լինում մասնագիտական համայնքում, ինչն այս ծրագրի կարեւոր նպատակներից է:

Լուսանկարը` Մեդիամաքս
ՀՖՀՀ Իրավաբանական կլինիկան գործում է ամեն երեքշաբթի՝ ժամը 17:00-ից 19:00-ն: Այցելության համար հարկավոր է գրանցվել՝ նախապես զանգահարելով կամ լրացնելով առցանց հարցաթերթիկը: Իհարկե, հնարավոր է նաեւ նշված ժամերին առանց գրանցման մոտենալ կլինիկայի հասցեով՝ Պարույր Սեւակ 1, 1-ին հարկ (Երազ այգու հարեւանությամբ): Պարզապես նախապես գրանցվելն առավել հեշտ է դարձնում կազմակերպչական հարցերը:
Տեղեկատվական թերթիկներն ու իրավագիտակցության բարձրացման կարեւորությունը
Խորհդատվության մատուցումից բացի, ՀՖՀՀ Իրավաբանական կլինիկայում մշակվում են նաեւ տեղեկատվական թերթիկներ, որոնց նպատակն է պարզ լեզվով եւ հակիրճ ներկայացնել այս կամ այն ոլորտի իրավունքը: Արդեն իսկ պատրաստել եւ հրապարակել ենք առաջին տեղեկատվական թերթիկը, որը վերաբերում է աշխատանքային իրավունքին եւ հասանելի է ՀՖՀՀ կայքում:
Ցանկացած ժողովրդավարական պետության համար շատ կարեւոր է աշխատել հանրության իրավագիտակցության բարձրացման, իրավունքների իրացման, արդարադատության հասանելիության ուղղությամբ: Մարդիկ պետք է տեղյակ լինեն սեփական իրավունքներին ու դրանք պաշտպանելու մեխանիզմներին: Կարծում եմ՝ այս գործընթացին կարող են նաեւ մասնակցել դպրոցները, համալսարաններն ու հասարակական կազմակերպությունները:
Շարժական Իրավաբանական կլինիկա, որը կհասնի Հայաստանի տարբեր անկյուններ
ՀՖՀՀ Իրավաբանական կլինիկայի նախագիծը նոր է, բայց արդեն իսկ մտածում ենք դրա զարգացման ուղղությամբ: Նախատեսում ենք, որ առաջիկայում այն կսկսի գործել նաեւ մարզերում, նախ՝ Աշտարակ եւ Հրազդան քաղաքներում, որոնք համեմատաբար մոտ են Երեւանին։ Այս դեպքում շաբաթը մեկ օր մեր ուսանողները մեկնելու են նշված քաղաքներ եւ քաղաքացիները կարող են դիմել նրանց իրավական խորհրդատվություն ստանալու համար: Իհարկե, այս փուլում ակնկալում ենք տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությունն ու համագործակցությունը: Ժամանակի ընթացքում անհատական խորհրդատվությունից բացի, ցանկանում ենք գործարկել նաեւ խմբային հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվի այս կամ այն իրավական թեման:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հետագա մեծ նպատակներից է նաեւ շարժական Իրավաբանական կլինիկայի գործարկումը, երբ ուսանողներ-իրավաբանները կշրջեն հատուկ մեքենայով՝ հասնելով Հայաստանի տարբեր անկյուններ:
«Օգտակար նախաձեռնություն թե՛ ուսանողների, թե՛ համայնքի համար»
Տարոն Նազարյան, ՀՖՀՀ Իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Առաջին հերթին Իրավաբանական կլինիկան մասնագիտական փորձ ձեռք բերելու հնարավորություն է: Իրավունքի ոլորտն արագ զարգացող ու դինամիկ փոփոխվող է, հետեւաբար լսարանում սովորած տեսությունը գործնականում կիրառելը շատ կարեւոր է:

Լուսանկարը` Մեդիամաքս
Այդպես դու կարողանում ես ձեւավորել հիմնարար գիտելիք:
Միանշանակ, կարեւոր է նաեւ կլինիկայում թիմային աշխատանքը:
Մարիամ Հովհաննիսյան, ՀՖՀՀ Իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Դեռ մի քանի հանդիպում ենք անցկացրել ու կարող եմ ասել, որ քաղաքացիները մեզ դիմում են հիմնականում քաղաքացիական կամ վարչական խնդիրներով, օրինակ՝ ժառանգության հարցեր, ամուսնալուծություններ: Ունենք խմբեր, որոնք զրուցում են մեզ դիմած շահառուների հետ, ուղղորդող հարցերի միջոցով՝ ստանում գործի լուծման համար անհրաժեշտ տեղեկատվությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ուսանողների մյուս խումբը կատարում է հետազոտական աշխատանք՝ ուսումնասիրելով օրենսդրությունը եւ հավաքելով եղած փորձն ու նախադեպերը: Կարծում եմ՝ սա բավականին օգտակար նախաձեռնություն է թե՛ մեր, թե՛ համայնքի համար:
Թամարա Դարբինյան, ՀՖՀՀ Իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Ես ընդգրկված եմ Իրավաբանական կլինիկայի հետազոտողների խմբում եւ այս աշխատանքը հիմնականում տեւում է երկու շաբաթ: Այսինքն, մեզ դիմած քաղաքացուն երկու շաբաթ անց հրավիրում ենք հանդիպման՝ ներկայացնելու իր խնդրի հնարավոր լուծումները: Հետազոտական աշխատանքի ողջ ընթացքում մեզ աջակցում է գործին կցված վերահսկող իրավաբանը, որը կա՛մ մեր դասախոսն է, կա՛մ ոլորտի առաջատարներից մեկը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Կարծում եմ՝ որքան էլ տեսական մակարդակում գիտելիքը կարեւոր է, պարտադիր պետք է ունենալ գործնական փորձառություն: Միայն այսպես է հնարավոր ձեռք բերել վստահորդի հետ շփման հմտություններ, հետեւել էթիկական նորմերին ու քեզ վրա պատասխանատվություն վերցնել:
Տարոն Նազարյան
Կարեւոր է նշել, որ շահառուի հետ հանդիպում ենք երկու շաբաթ անց միայն այն դեպքերում, երբ չունենք գործի հետ կապված խիստ ժամկետներ: Եթե տեսնում ենք, որ կա դատարան դիմելու կարիք եւ վաղեմության ժամկետի խնդիր, անպայման հաշվի ենք առնում դա եւ այս գործին անդրադառնում առավել սեղմ ժամկետներում:
Իմանալ սեփական իրավունքներն առնվազն այն ոլորտներում, որոնց առնչվում ես
Տարոն Նազարյան
Իրավագիտակցության բարձրացման համար առաջին հերթին, ըստ իս, կարեւոր է կրթությունը: Ընդ որում, սեփական իրավունքների ու պարտականությունների մասին տեղեկացված լինելու համար պարտադիր չէ ստանալ իրավաբանական կրթություն (ժպտում է – հեղ.): Օրինակ՝ հանրակրթական դպրոցներում կա Հասարակագիտություն առարկան, որի ընթացքում պետք է դասավանդվեն իրավունքի հիմունքները:

Լուսանկարը` Մեդիամաքս
Կարծում եմ՝ մեր հասարակության գլխավոր խնդիրներից մեկն է, որ մարդը հաճախ նույնիսկ չգիտի, որ իր իրավունքը խախտվում է: Հետագայում այս խնդիրը հանգեցնում է անարդարության զգացումի, ինչն էլ բերում է շատ այլ խնդիրների: Այստեղ նաեւ մշակույթ ձեւավորելու կարիք կա: Օրինակ՝ վերջերս բանկում սկսեցի կարդալ փաստաթուղթը, որն ինձ առաջարկում էին ստորագրել: Աշխատակիցը շատ զարմացավ: Այնպես չէ, որ կասկածներ ունեի, պարզապես սա շատ կարեւոր մշակույթ եմ համարում՝ կարդալ այն, ինչի տակ ստորագրում ես:
Կարծում եմ՝ եթե մարդիկ տեղյակ լինեն՝ ինչպես պաշտպանել սեփական հիմնարար իրավունքները, կունենանք ավելի հավասարակշռված հասարակություն:
Մարիամ Հովհաննիսյան
Մարդիկ պետք է տիրապետեն սեփական իրավունքներին առնվազն այն ոլորտներում, որոնց առնչվում են՝ աշխատանքային իրավունք, ծառայությունների մատուցում եւ այլն: ՀՖՀՀ Իրավաբանական կլինիկայի նպատակներից մեկը հենց իրավագիտակցության բարձրացումն է:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ամեն անգամ ստանալով իրավախորհրդատվություն, լսելով սեփական հարցերի պատասխանները՝ քաղաքացին ստանում է որոշակի գիտելիք, որը հետագայում կարող է օգտակար լինել:
Թամարա Դարբինյան
Կարծում եմ՝ մեր Իրավաբանական կլինիկան ապացույց է, որ սեփական իրավունքները պաշտպանելու կամ դրանք իմանալու համար պարտադիր չէ անպայման մեծ գումար ծախսել: Աշխատելով կլինիկայում՝ մենք փորձում ենք քաղաքացիների համար ավելի հասանելի դարձնել սեփական իրավունքների գիտակցումը եւ իրացումը: Համաձայն եմ Տարոնի հետ՝ կրթությունն ամեն ինչի բանալին է, եւ սեփական իրավունքների մասին գոնե նվազագույն գիտելիք պետք է ունենան բոլորը:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: