«Խիզախեք ու հավակնեք պաշտոնների, որոնց համար ունեք գիտելիք». առաջնորդ կանայք՝ ՀՖՀՀ-ում - Mediamax.am

exclusive
130 դիտում

«Խիզախեք ու հավակնեք պաշտոնների, որոնց համար ունեք գիտելիք». առաջնորդ կանայք՝ ՀՖՀՀ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Քսավիե Ռիշարը
Քսավիե Ռիշարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Ճուղուրյանը
Լիլիթ Ճուղուրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Շախուլյանը
Լիլիթ Շախուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դիանա Պարտիզպանյանը
Դիանա Պարտիզպանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) կազմակերպվել է պանելային քննարկում հաջողությունների հասած կին շրջանավարտների հետ։

«Մտքի կանայք, գործի կանայք» քննարկման 4-րդ թողարկումը կրել է «Կանայք եւ առաջնորդությունը. նորարարություն հանուն ապագայի» խորագիրը։

Դուբայում Ակադեմիկա կրթական հաստատության հիմնադիր ղեկավար, Միջին Արեւելքի ավիացիայի ոլորտի 10 առաջատար կանանց ցանկում ընդգրկված դոկտոր Լիլիթ Ճուղուրյանը, Safe YOU հավելվածի եւ IMPACT Innovations Institute-ի գործառնական հարցերով տնօրեն Լիլիթ Շախուլյանն ու Fastex-ում DeFi նախագծերի ղեկավար Դիանա Պարտիզպանյանը ներկաների հետ կիսվել են իրենց անցած ճանապարհով, պատմել մարտահրավերները հաղթահարելու ու ոգեշնչման աղբյուրներ գտնելու մասին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան համագործակցության եւ մշակութային գործունեության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը։

Քննարկումը վարել է ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին։

Մեդիամաքսն առանձնացրել է միջոցառման հետաքրքիր դրվագները։

«Կանա՛յք, պետք չէ սպասել, որ տղամարդիկ ձեզ ավելի շատ իրավունքներ տան»

Քսավիե Ռիշար

Այսօր առաջին հերթին դահլիճում փնտրում եմ տղամարդկանց, քանի որ կանանց իրավունքներն ուղղակիորեն առնչվում են նաեւ տղամարդկանց։ Շնորհակալ եմ արական սեռի այն ներկայացուցիչներին, որոնք այստեղ են։

Ես ֆրանսիացի դիվանագետ եմ եւ կարող եմ ասել, որ Ֆրանսիայի կառավարության համար կանանց իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություններից մեկն է։ Կանայք առավել խոցելի են սեռական ոտնձգությունների նկատմամբ, պատերազմների եւ այլ անկայունությունների ժամանակ։ Ցավոք, աշխարհում դեռ կան կանայք, որոնք չեն կարողանում օգտվել նույնիսկ հիմարար իրավունքներից։

Հետաքրքիր է, բայց Ֆրանսիայում էլ կանայք բավականին ուշ են ստացել մի շարք իրավունքներ։ Օրինակ՝ ընտրություններին մասնակցելու իրավունք, իսկ մինչեւ 1965թ.-ը ֆրանսիացի կանայք իրավունք չունեին աշխատելու՝ առանց ամուսինների թույլտվության, մինչեւ 1970-ականները չէին կարող ընդունվել Ֆրանսիայի մի շարք հայտնի համալսարաններ։ Բավականին ուշ է սկսվել նաեւ ընտանեկան բռնության վերաբերյալ քննարկումը։  
Քսավիե Ռիշարը Քսավիե Ռիշարը

Լուսանկարը` Մեդիամաքս


Միեւնույն պարտականությունները ենթադրող պաշտոնների դեպքում կանայք հիմա էլ տղամարդկանցից մոտ 20 տոկոսով քիչ են վարձատրվում։ Այս ամենին զուգահեռ, ուզում եմ դիմել կանանց, որպեսզի առավել նախաձեռնող լինեն։ Կանա՛յք, պետք չէ սպասել, որ տղամարդիկ ձեզ ավելի շատ իրավունքներ տան, ինքներդ հաստատեք այդ իրավունքները՝ պատասխանատվություն ստանձնելով պետական, քաղաքական ու մասնավոր հատվածներում։ Այսօր մեզ հետ է երեք ոգեշնչող կին։ Իհարկե, նման կանայք շատ ավելի շատ են։ Ոգեշնչող կանանց թվում, անկասկած, նաեւ Ֆրանսիական համալսարանի ռեկտորն է՝ Սալվա Նակուզին։ Հայաստանում տարբեր ոլորտներում կան կանայք, որոնց անցած ճանապարհը եւս կարող է ներշնչող լինել։

Ուզում եմ ընդգծել եւ հիշեցնել՝ կարիերայում հաջողությունների հիմքում պետք է լինեն մարդու գիտելիքն ու հմտությունները, ոչ թե կին կամ տղամարդ լինելը։

«Խիզախեք ու հավակնեք պաշտոնների, որոնց համար ունեք պատշաճ գիտելիք»

Սալվա Նակուզի

Կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի խզվածք, իհարկե, կա եւ այս ուղղությամբ պետք է աշխատել։ Միեւնույն ժամանակ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբեմն կանայք չեն խիզախում հավակնել պաշտոնների, որոնց համար ունեն անհրաժեշտ գիտելիք։ Նրանք կասկածում են սեփական ուժերի վրա։ Ճիշտ է, Հայաստանում այս առումով կա առաջընթաց, ինչը շատ կարեւոր է։ Օրինակ՝ Ֆրանսիայի եւ Հայաստանի խորհրդարաններում կանանց ներկայացվածության տոկոսը գրեթե նույնն է՝ մոտ 33-36 տոկոս։

Հայաստանում ֆրանսիական համալսարանում մենք միշտ լավատես ենք եւ հավատում ենք, որ առաջընթաց գրանցելով՝ կանայք կարող են ստեղծել դրական դինամիկա։ Աղջիկնե՛ր, այստեղ անելիք ունեք։
Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինչպես նշվեց՝ հաճախ դուք եք խանգարում ինքներդ ձեզ։ Եթե տեսնում եք՝ որեւէ պաշտոնի համար մասնագետ են փնտրում եւ ձեր գիտելիքները բավարար են, անպայման դիմեք։ Այսօր այստեղ են մեր շրջանավարտ կանայք, որոնք արել են դա եւ պատրաստ են կիսվել իրենց փորձով։

«Չեմ ասի, որ եղել են խոչընդոտներ, բայց կային կարծրատիպեր»

Լիլիթ Ճուղուրյան

Կարող եմ ասել՝ ինքս լուրջ խոչընդոտների չեմ հանդիպել։ Մասնագիտական ուղիս սկսել եմ ուսանողական տարիներին, երբ մագիստրատուրայի առաջին կուրսում սկսել եմ ղեկավարել նավթային ընկերության մարքեթինգի բաժինը։ Այս ոլորտի ղեկավար պաշտոններում հիմնականում տղամարդիկ են։ Շուրջ երկու տարի աշխատելով այստեղ՝ գրանցել եմ մեծ հաջողություններ ու զուգահեռ սովորել նաեւ ՀՖՀՀ մագիստրատուրայում։
Լիլիթ Ճուղուրյանը Լիլիթ Ճուղուրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այնուհետեւ՝ 21 տարեկանում, որոշել եմ մուտք գործել բիզնես խորհրդատվական եւ մասնագիտական վերապատրաստման շուկա՝ հիմնադրելով «Ակադեմիքս թիմ» բիզնես-խորհրդատվական ընկերությունը։ Այդ տարիներին խորհրդատվական ոլորտում եւս միայն տղամարդիկ էին։ Չեմ ասի, որ եղել են խոչընդոտներ, բայց կային կարծրատիպեր։ Միանշանակ է, որ այս տարիների ընթացքում մտածելակերպը շատ է փոխվել։

Կարծում եմ՝ իմ օրինակը եւս ցույց է տալիս, որ կարելի է խիզախել ու աշխատել ոլորտներում, որոնցում ղեկավարները հիմնականում տղամարդիկ են։ Տասը տարի հայաստանյան շուկայում աշխատելուց հետո հաջորդ քայլս Միացյալ Էմիրություններում ավիացիոն շուկա մուտք գործելն էր։ Այստեղ եւս աշխատում են միայն տղամարդիկ (ժպտում է – հեղ.), հատկապես՝ Միջին Արեւելքի երկրներում։ Նորից կասեմ՝ խոչընդոտներ չեն եղել։

Ամենակարեւորն անհրաժեշտ գիտելիք ունենալն է, ինքնավստահ լինելն ու նպատակներ սահմանելը։ Ուսումնասիրեք շուկան, որում ցանկանում եք աշխատել, գտեք ձեր տեղն ու եթե նույնիսկ հանդիպում եք խոչընդոտների՝ վերլուծեք ու հաղթահարեք դրանք՝ հստակ ձեւակերպելով սեփական մրցակցային առավելությունները։

Լուսանկարը` Մեդիամաքս


Իմ այսօրվա ձեռքբերումներում մեծ դեր ունի գիտելիքը, որը ստացել եմ Հայաստանում ֆրանսիական համալսարանում։ Սա չեմ ասում որպես գովազդ, իսկապես այստեղ ստացած գիտելիքը ես ամեն օր կիրառում եմ իմ աշխատանքում։

«Մեզ մոտ աշխատող տղաները չեն հասկանա, եթե իրենցից ավելի բարձր աշխատավարձ ստանաք»

Լիլիթ Շախուլյան

Շատ հետաքրքիր զգացողություն է տարիներ անց վերադառնալ սիրելի վայր։ Հետադարձ հայացք գցելով նույնիսկ մինչհամալսարանական տարիներին՝ ես եւս խտրականության կամ խոչընդոտների դեպքեր չեմ մտաբերում։ Ինչ վերաբերում է ուսանողական տարիներին, ապա Ֆրանսիական համալսարանն այն առաջադեմ կառույցներից է, որտեղ մարդկանց մտքով նույնիսկ չի էլ անցնում սեռով պայմանավորված որեւէ խտրականություն դրսեւորել։
Լիլիթ Շախուլյանը Լիլիթ Շախուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Համալսարանի շնորհիվ ուսանողության տարիներին ես պրակտիկա անցա ֆրանսահայ գործարարի մոտ եւ միանգամից ընդունվեցի աշխատանքի, որտեղ գործընկերներս Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Բելգիայից տղամարդ մասնագետներ էին։ Այս միջավայրը շատ աջակցող էր։ 2013թ.-ին, երբ պետք է փոխեի աշխատանքս, առաջին անգամ առնչվեցի, այսպես ասած, «քյարթու» միջավայրին (ժպտում է – հեղ.)։ Երբ կազմակերպության տնօրենի հետ քննարկում էինք ակնկալածս աշխատավարձը, նա, լսելով ակնկալիքս, ասաց՝ «ես ձեզ հասկանում եմ, բայց մեզ մոտ աշխատող տղաները չեն հասկանա, եթե իրենց հավասար կամ մի քիչ ավելի բարձր աշխատավարձ ստանաք»։ Կարելի է ասել՝ սա առաջին դրվագն էր, երբ հանդիպել եմ նման մոտեցման։ Որեւէ այլ լուրջ խոչընդոտներ չեն եղել։

Կարծում եմ՝ նաեւ մոտեցման հարց է. խնդիրների հանդիպելիս դրանց նայում եք որպես անհաղթահարելի պատի, թե՞ մի քիչ «թափ եք հավաքում» ու ցատկում դրանց վրայով։  

Լուսանկարը` Մեդիամաքս


Արդեն հինգ տարի է, ինչ ես եւ Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ, իմ շատ լավ ընկերուհի Մարիամն աշխատում ենք Safe YOU նորարարական լուծման վրա, որի նպատակն է աջակցել ընտանեկան բռնության ենթարկվող կանանց։ Հավելվածը գործում է մի շարք երկրներում, ստացել ենք բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից, եւ ամենակարեւոր նվաճումը, որով ամենից շատ ենք հպարտանում, փրկված կյանքերն են։

«Պարզապես արդյունք ցույց տվեք եւ սիրեք ձեր աշխատանքը»

Դիանա Պարտիզպանյան

Հայաստանում ֆրանսիական համալսարանն ավարտել եմ 7 տարի առաջ եւ այս ընթացքում աշխատել տարբեր կազմակերպություններում՝ գրեթե բոլորը ՏՏ ոլորտում։  Իմ դեպքում եւս գործընկերներիս գերակշիռ մասը տղամարդիկ էին։
Դիանա Պարտիզպանյանը Դիանա Պարտիզպանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արդեն չորս տարի է՝ աշխատում եմ Fastex ընկերությունում, որի թիմին միացել եմ, երբ այն 10 մարդուց էր բաղկացած եւ նույնիսկ չկար այսօրվա անվանումը։ Ես թիմում երկրորդ աղջիկն էի, ընդ որում՝ մյուս գործընկերուհիս հիմնականում հեռավար էր աշխատում (ժպտում է – հեղ.)։

ՏՏ ոլորտում որոշումների կայացման հետ կապված շատ հարցեր կան. առօրյա աշխատանքում կան թե՛ կանայք, թե՛տղամարդիկ, բայց երբ հերթը հասնում է որոշումների կայացմանը, գերակշռում են տղամարդիկ։ Լինում է, որ կնոջը չեն լսում կամ լսում են ու անում այնպես, ինչպես ճիշտ են գտնում տղամարդիկ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Իմ աշխատանքային պրակտիկայում եղել են բազմաթիվ ժողովներ, որոնցում միայն տղամարդիկ էին ու ես։ Նման իրավիճակներում ինչ-որ բան ներկայացնելը, կարծիք հայտնելն այնքան էլ հեշտ չէ, բայց ինձ համար դա եղել է հետաքրքիր փորձառություն ու հարմարավետության գոտուց դուրս գալու, աճի հնարավորություն։ Կարծում եմ՝ ցանկացած մասնագետի մոտ ինչ-որ պահից գալիս է գիտակցումը, որ պետք չէ կենտրոնանալ՝ գործընկերներդ տղամարդի՞կ են, թե՞ կանայք։ Պարզապես պետք է արդյունք ցույց տալ ու շատ սիրել աշխատանքդ։ Այդ դեպքում քեզ նկատում են եւ անպայման գնահատում։   

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին