Հայաստանում ֆրանսիական համալսարանում անցկացվել է հոբելյանական 20-րդ աշխատանքի տոնավաճառը: Դրան մասնակցել են շուրջ 65 մասնավոր ընկերության ու պետական կառույցների ներկայացուցիչներ:
Ամենամյա այս միջոցառման նպատակն է կապ ստեղծել աշխատանք փնտրող ուսանողների եւ տարբեր ոլորտների գործատուների միջեւ:
Մեդիամաքսը ներկա է եղել միջոցառմանն ու առանձնացրել դրա հետաքրքիր դրվագները:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նորաստեղծ կարիերայի հարթակն ու տոնավաճառին մասնակցելու «սպասման ցուցակը»
Աշխատանքի տոնավաճառի բացմանը դրան մասնակցող ընկերությունների ներկայացուցիչներին ողջունել է ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին:
«Շնորհակալ ենք, որ այստեղ եք: Հենց գործատուներն են մեր տված կրթության կարեւորագույն շահառուներից մեկը», - ասել է ռեկտորը:
Նա ընդգծել է՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշտական կապի մեջ է աշխատաշուկայի հետ: Հենց սա է օգնում կրթել մասնագետների, որոնց կարիքն իսկապես կա:
Լուսանկարը` ՀՖՀՀ
«Ակնկալում ենք, որ կշարունակեք կիսվել մեզ հետ, իսկ մենք ձեզ ուշադիր կլսենք», - ընկերությունների ներկայացուցիչներին ասել է Սալվա Նակուզին:
Նա նշել է՝ համալսարանը մի քանի նորություն ունի, որոնցից առանցքայինը նորաստեղծ կարիերայի հարթակն է՝ կապող օղակ մասնագետներ փնտրող ընկերությունների եւ ՀՖՀՀ ուսանողների ու շրջանավարտների միջեւ:
Համալսարանի զարգացման եւ համագործակցությունների գծով տնօրեն Ասյա Մովսիսյանը հիշել է 20 տարվա ընթացքում կազմակերպված աշխատանքի տոնավաճառները.
«Այս գործընթացում ներգրավված եմ դեռ 2006թ.-ից: Հիշում եմ, երբ համալսարանը նոր էր հիմնադրվել, շատ դժվար էր գործատուներին ներգրավել տոնավաճառներում: Այդ ժամանակ ՀՖՀՀ-ն կամ դրա շրջանավարտները դեռ չունեին այս համբավն աշխատաշուկայում», - ասել է Ասյա Մովսիսյանն՝ ավելացնելով.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Այսօր արդեն ՀՖՀՀ տոնավաճառին մասնակցում է շուրջ 65 ընկերություն, ընդ որում՝ դրանց մեծ մասն ինքն է դիմել մեզ մասնակցության համար: Բացի այդ, ունենք նաեւ «սպասման ցուցակ»: Դրանում կազմակերպություններն են, որոնց տեղ չունենալու պատճառով,ցավոք,մերժել ենք հյուրընկալել»:
«ՀՖՀՀ-աշխատաշուկա կապը ոչ թե արագ ժամադրությունների, այլ կայուն ամուսնության ձեւաչափ ունի»
Աշխատանքի տոնավաճառի բացմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Նա ընդգծել է՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի եւ ձեռնարկությունների հարաբերությունները պայմանավորված չեն միայն մեկ միջոցառումով, սա մշտական գործընթաց է.
«ՀՖՀՀ-աշխատաշուկա կապը ոչ թե արագ ժամադրությունների, այլ կայուն ամուսնության ձեւաչափ ունի», - կատակել է Ֆրանսիայի դեսպանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նա նշել է, որ ՀՖՀՀ-ն կիրառում է կրթական համակարգի լավագույն մոտեցումներն ու պատրաստում մասնագետների, որոնք իսկապես պետք են աշխատաշուկային.
«Այսօր ներկա են կազմակերպություններ բոլոր ոլորտներից՝ աուդիտ, հաշվապահություն, մարքեթինգ, հյուրանոցային բիզնես, նոր տեխնոլոգիաներ եւ այլն։ Այս բազմազանությունը ցույց է տալիս Հայաստանում ֆրանսիական համալսարանի պատրաստակամությունն ուսանողների համար բացել մասնագիտական աշխարհի դռները։ Եթե գործատուներն ապագա աշխատակիցներ գտնելու համար իրենց հայացքն ուղղում են դեպի ՀՖՀՀ, նշանակում է՝ վստահ են, որ այս համալսարանը պատրաստում է հենց իրենց անհրաժեշտ կադրերը»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հաջողության ցուցանիշներն առավել ակնհայտ ներկայացնելու համար դեսպանը մեջբերել է վիճակագրական տվյալներ:
«Միայն մի թիվ կասեմ, որը շատ խոսուն է։ Հիմա՝ 2024թ. աշնանը, 2023թ. ՀՖՀՀ շրջանավարտների միայն 3 տոկոսն է աշխատանք փնտրում։ Սա այն թիվն է, որը տնտեսագետներն անվանում են ֆրիկցիոն գործազրկության տոկոս։ Սրանք մարդիկ չեն, որոնք առհասարակ աշխատանք չեն գտնում, այլ մի աշխատավայրից դուրս են եկել և փնտրում են ավելի լավ աշխատանք», - ասել է Օլիվիե Դըկոտինյին:
«ՀՖՀՀ շրջանավարտ կամ ուսանող լինելը որակի ցուցիչ է»
ՀՖՀՀ Իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սիլվի Առաքելյանն աշխատանքի տոնավաճառին մասնակցում է աշխատանքի կամ պրակտիկայի հնարավորություն գտնելու համար.
Լուսանկարը` Մեդիամաքս
«ՀՖՀՀ-ում բավականին շուտ ենք սկսում ուսումնասիրել իրավունքի ճյուղերը, սովորում ենք բիզնես, ֆինանսական ու քրեական իրավունք։ Այսօր այստեղ եմ հասկանալու՝ հայկական աշխատաշուկայում ինչ հնարավորություններ ունեն ուսանողները, ընկերությունները տալի՞ս են այս ոլորտում պրակտիկայի կամ աշխատանքի հնարավորություն: Պետք է ասեմ, որ տոնավաճառին ներկա իրավաբանական ընկերությունները մեծ պատրաստակամությամբ խորհուրդ են տալիս ուղարկել ինքնակենսագրական, քանի որ փաստաբաններին միշտ պետք են օգնականներ։ Արդեն իսկ ինձ համար մի քանի տարբերակ առանձնացրել եմ»:
Լուսանկարը` ՀՖՀՀ
Սիլվի Առաքելյանի խոսքով՝ իր համար ՀՖՀՀ առավելություններից մեկը հենց այն է, որ բուհն իր ուսանողներին ու շրջանավարտներին միայնակ չի թողնում աշխատանք գտնելու հարցում.
«ՀՖՀՀ-ն մշտապես կապի մեջ է աշխատաշուկայի հետ, հստակ գիտի՝ ինչ պահանջարկ կա: Հպարտությամբ կարող եմ ասել, որ այսօր ՀՖՀՀ շրջանավարտ կամ ուսանող լինելն արդեն իսկ որակի ցուցիչ է ու միանգամից դրական արձագանք է գտնում գործատուների մոտ»:
«Երիտասարդները կաշկանդված չեն փորձով եւ նրանց հնարավորություններն անսահման են»
«Մենք փնտրում ենք աշխարհը, Հայաստանը վերափոխող երիտասարդների, որոնք ունեն մեծ ներուժ, եռանդ եւ ոգեշնչված են թվայնացման օրակարգով», - ասում է ՀՖՀՀ աշխատանքի տոնավաճառի մասնակից Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության գործադիր համակարգող Անժելա Գալստյանը:
Գործակալությունը հիմնադրվել է երկու տարի առաջ եւ առաջնորդում է Հայաստանի թվային վերափոխման օրակարգը.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մենք ունենք երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագիր, որի շրջանակում էլ այսօր ՀՖՀՀ-ում ենք»:
Անժելա Գալստյանի խոսքով՝ հավաքագրումից հետո երիտասարդները ներգրավվում են գործակալության երեք տարբեր թիմի աշխատանքին՝ յուրաքանչյուրում մնալով 4 ամիս.
«Սրա արդյունքում մեր աշխատանքներում ներգրավված բոլոր երիտասարդները պատկերացում են ստանում՝ ինչ է թվայնացումն առհասարակ։ Նախորդ տարի, օրինակ, ծրագրին մասնակցելու համար ընտրել էինք 20 երիտասարդի, որոնց մոտ 40 տոկոսը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներ էին: Այս տարի եւս ՀՖՀՀ-ն շատ ակտիվ է: Հաճելիորեն զարմացած եմ, որ մեզ մոտեցող երիտասարդների մեծ մասը բավականին ճիշտ պատկերացում ունի թվայնացման մասին»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Անժելա Գալստյանի կարծիքով՝ երիտասարդների ներգրավումը գործատուների համար չափազանց կարեւոր է.
«Ոչ մի կերպ չնեղացնելով ավագ սերնդի մասնագետներին՝ երիտասարդները դեռեւս չունեն կարծրատիպային մտածողություն կամ կաշկանդված չեն փորձով: Այնպես որ, դեռ ամրացած պատնեշներ չկան ու նրանց հնարավորություններն անսահման են»:
ՀՖՀՀ աշխատանքի տոնավաճառին մասնակից պետական կառույցներից Ֆինանսների նախարարության ՄՌ վարչության ներկայացուցիչ Հայկանուշ Տեր-Վարդանյանը կարեւորում է երիտասարդների մասնակցությունը նաեւ պետական կառավարմանը:
«Ֆինանսների նախարարությունը մեծապես խրախուսում է երիտասարդների հետ աշխատանքը՝ գիտակցելով, որ երկրի բարեկեցությանը նպաստելու համար նրանց դերը շատ մեծ է։ Երիտասարդներն են ապագայի կերտողները, այդ պատճառով շատ կարեւոր է զարգացնել նրանց կարողությունները», - ասում է նա:
Հայկանուշ Տեր-Վարդանյանը պետական կառույցների աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն է նկատում նաեւ ՀՖՀՀ ուսանողների կողմից.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Շատ կարեւոր է, որ բուհի եւ գործատուի միջեւ լինի մշտական կապ։ Ուսումնական հաստատությունից դուրս եկող շրջանավարտը չպետք է միայնակ մնա աշխատաշուկայում։ Եղել է ժամանակ, երբ այդ կապը կտրվել է, արդյունքում ունեցել ենք բազմաթիվ մասնագետներ, որոնք չունեն աշխատանք եւ թափուր աշխատատեղեր, որոնց համապատասխան աշխատակիցներ բուհերը չեն կրթել: Ուրախ եմ, որ այսօր իրավիճակն այլ է: Մենք եւս, որպես նախարարություն, մշտապես աշխատում ենք երիտասարդների հետ: Փորձում ենք նրանց ցույց տալ՝ ինչպես է իրականացվում պետական կառավարումը»:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: