ՀՖՀՀ-ն ու մասնավոր ընկերությունները համատեղ կրթում են մրցունակ մասնագետների - Mediamax.am

exclusive
2364 դիտում

ՀՖՀՀ-ն ու մասնավոր ընկերությունները համատեղ կրթում են մրցունակ մասնագետների


Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Գյուլխասյանը
Գոռ Գյուլխասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լենա Գյուլխասյանը
Լենա Գյուլխասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միքայել Խաչատրյանը
Միքայել Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաիրա Հայրապետյանը
Նաիրա Հայրապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Սուքիասյանը
Ռուբեն Սուքիասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Զառա Հակոբյանը
Զառա Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում աշխատաշուկայի մեծագույն մարտահրավերներից մեկը բուհն ավարտող կադրերի անհամապատասխանությունն է գործատուի պահանջներին: Սա կփաստեն թե՛ կազմակերպությունները, որոնք մասնագիտական կրթություն ունեցող երիտասարդներին աշխատանքի վերցնելուց առաջ հաճախ ստիպված են վերապատրաստել նրանց, թե՛ իրենք՝ շրջանավարտները. թվում է՝ տեսությունը գերազանց են սովորել, բայց կա՛մ չեն կարողանում կիրառել այն իրական իրավիճակում, կա՛մ էլ աշխատաշուկան իրենցից բոլորովին այլ բան է պահանջում:

Հիմա պատկերացրեք իրավիճակ, երբ ապագա մասնագետի կրթությամբ զբաղվում է ոչ միայն բուհը, այլեւ՝ ապագա գործատուն՝ ներդրում ունենալով ակադեմիական կրթության մեջ, ուսուցումն իրականացնելով իրական նախագծերի հիման վրա: Արդյունքում ուսանողը դեռ կրթության ընթացքում դառնում է իր ուժերի վրա վստահ, տեսական ու գործնական գիտելիքներ ունեցող որակյալ մասնագետ:    

Հենց այս ձեւաչափով է ուսումնական գործընթացը կազմակերպվում Հայաստանում ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետում, որի դեկանը, դասախոսներն, ուսանողներն ու գործընկերները Մեդիամաքսին պատմել են այս մոտեցման առավելությունների մասին:

Ձեւաչափ, որով «մրցակցությունից դուրս» կադրեր են կրթում

«Մարքեթինգի ոլորտում, կրթությունը հնարավոր չէ սահմանափակել միայն տեսական գիտելիքներով, մեր մասնագիտությունը շատ կիրառական է եւ արագ զարգացող», - ասում է ՀՖՀՀ մարքեթինգի ֆակուլտետի դեկան Նաիրա Հայրապետյանը:

Նա ընդգծում է՝ ոլորտն այնքան դինամիկ է, պահանջներն այնքան արագ են փոխվում, որ պետք է մշտապես կապի մեջ լինել աշխատաշուկայի, գործատուների հետ ու նրանց էլ մասնակից դարձնել ապագա աշխատակիցների կրթությանը:  

Նաիրա Հայրապետյանը Նաիրա Հայրապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դեկանի խոսքով՝ ուսումնական գործընթացը նման մոտեցմամբ կազմակերպելու անհրաժեշտությունը զգացվել է դեռ տարիներ առաջ.

«Կարելի է ասել, որ մեր ֆակուլտետներում ուսուցման ինտերակտիվ տարբեր մեթոդները կիրառում ենք արդեն մոտ 10 տարի եւ այս ձեւաչափը շատ արդյունավետ է: Այդ մասին վկայում են բազմաթիվ ընկերություններից ու կազմակերպություններից ստացված կարծիքներն ու բարձր գնահատականները: Ինտերակտիվ մեթոդների կիրառության պարագայում ուսանողն այլեւս պասիվ լսողի դերում չէ, ի տարբերություն ավանդական մեթոդների։ Նա դառնում է իր իսկ ուսումնառության գործընթացի մասնակիցը, ձեռք բերում վերջնարդյունքներ, որոնք պահանջված են աշխատաշուկայում: Վերջին տարիներին այս ձեւաչափի հիմքերն էլ ավելի ենք ամրացնում՝ կիրառելով այն թե՛ բակալավրիատի, թե՛ մագիստրատուրայի տարբեր դասընթացների ծրագրերում»:

ՀՖՀՀ-ն գործընկերային հարաբերություններ ունի մի շարք մասնավոր ընկերությունների հետ, որոնց ներկայացվում է այս ձեւաչափն ու առաջարկվում մասնակից դառնալ կրթական գործընթացին: Արդյունքում, համալսարանն ուսանողին տալիս է տեսական գիտելիքներ եւ դրանք կիրառելու հնարավորություն՝ ձեւավորելով կարողություններ ու հմտություններ: Մասնավոր ընկերություններն էլ այդ գիտելիքներին համապատասխան առաջարկում են իրական գործնական առաջադրանքներ: Դրանց համար ուսանողների առաջարկած լուծումները հետագայում կարող են հետաքրքրել հենց այդ մասնավոր ընկերություններին ու կիրառվել գործունեության տարբեր փուլերում:  

Վերջին ուսումնական կիսամյակի ընթացքում ՀՖՀՀ մարքեթինգի ֆակուլտետի ուսանողներն առաջադրանքներ են ստացել «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունից եւ աշխատել իրական նախագծերի վրա:

«Բացի հիմնական՝ շուկային անհրաժեշտ մասնագետ կրթելու նպատակից, այս ձեւաչափը մի շարք այլ առավելություններ էլ ունի: Շատ կարեւոր է, որ վերանում է դասախոս-ուսանող «դասական» շփումը, այս դեպքում դասախոսը մենտոր է, խորհրդատու, որին միշտ կարելի է դիմել: Ուսանողը հասկանում է՝ որտեղ  կարող է կիրառել իր ստացած գիտելիքները եւ շատ ավելի ինքնավստահ է դառնում: Այս ձեւաչափով մենք ուսանողի մոտ ձեւավորում ենք կարողություններ ու հմտություններ, որոնք իրեն մրցունակ են դարձնում աշխատաշուկայում: Գործատուներից արձագանքներ ունենք, որ նման կրթություն ստացած ուսանողները կամ շրջանավարտներն աշխատանքի ընդունվելիս մրցակցությունից դուրս են, քանի որ պատրաստի մասնագետներ են: Բացի այդ, առաջադրանքներն իրականացնելու համար հաճախ անհրաժեշտ է լինում կիրառել մի քանի առարկաներից ստացած գիտելիքները եւ ուսանողը տեսնում է դրանց միջեւ կապը, հասկանում՝ ինչով են դրանք կարեւոր: Նա պարզապես անգիր չի անում հսկայական ծավալի տեղեկատվություն», - ասում է Նաիրա Հայրապետյանը:  

Մարքեթինգի ֆակուլտետի դեկանը կարեւորում է, որ նման մոտեցմամբ կրթությունը հասանելի լինի նաեւ այլ բուհերում ու ինչու ոչ, կիրառվի դպրոցներում.

«Այն ձեւավորվում է քննադատական եւ ստեղծագործական մտածողություն, սովորեցնում է հետազոտել, վերլուծել, որոշումներ կայացնել եւ հիմնավորել դրանք, խնդիրների լուծումներ առաջարկել, աշխատել խմբում: Այս հատկանիշները շատ կարեւոր են ապագա մասնագետի համար: Ուսանողների համար շատ մոտիվացնող է, որ իրենք ոչ թե պարզապես անգիր են անում այս կամ այն գնահատականը ստանալու համար, այլ մշակում են իրական նախագծեր, որոնք գնահատվում են իրական գործատուների կողմից»:

Իհարկե, թե՛ դասախոսական կազմի, թե՛ ուսանողի, թե՛ ընկերությունների ներկայացուցիչների համար այս ձեւաչափն առավել աշխատատար է, բայց արդյունքում բուհից դուրս է գալիս մասնագետ, որն իսկապես անհրաժեշտ է:

«Եթե գոնե մեկ անգամ չնկարես, նկարիչ չես դառնա»

ՀՖՀՀ մարքեթինգի ֆակուլտետի դասախոս Լենա Գյուլխասյանը նույն ֆակուլտետի շրջանավարտ է: Հիշում է, որ նման գործնական մոտեցում եղել է դեռ իր ուսանողության տարիներին, սակայն հիմա, համագործակցելով մասնավոր ընկերությունների հետ, այն ավելի ամուր հիմքի վրա է դրվում:   
Լենա Գյուլխասյանը Լենա Գյուլխասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ես PR եմ դասավանդում ու առարկան միշտ համեմատում եմ նկարչության հետ: Դու կարող ես բազմաթիվ գրքեր կարդալ նկարչության մասին, այո՛, կարեւոր է իմանալ՝ ինչպես աշխատել գույնի հետ, ծանոթ լինել նկարելու նյութերին, տեխնիկաներին, բայց եթե գոնե մեկ անգամ ինքդ չվերցնես մատիտն ու չնկարես, չես կարող նկարիչ դառնալ: Նույնն այստեղ է: Ուսանողը կարող է անգիր իմանալ մասնագիտական սահմանումներն ու կանոնները, բայց եթե գոնե մեկ անգամ չկիրառի դրանք՝ չի կարող լավ մասնագետ դառնալ», - ասում է Լենա Գյուլխասյանը:

Նա ընդգծում է՝ այս մեթոդով աշխատանքն ավելի աշխատատար է դասախոսի համար, բայց, միեւնույն ժամանակ, ավելի հետաքրքիր.

«Այս տարի դեկանի առաջարկով ու աջակցությամբ ծրագիր իրականացրեցինք «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հետ: Ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Գեւորգյանը հանդիպեց ուսանողներին, ներկայացրեց ոլորտի առանձնահատկություններն ու ընկերության գործունեության հետ կապված տարբեր ուղղություններով առաջադրանքներ տվեց: Ուսանողները բաժանվեցին խմբերի ու ընտրեցին՝ որ առաջադրանքների վրա են ցանկանում աշխատել: Ուղղություններից մեկը վերաբերում էր հայկական խոհանոցի առաջխաղացմանը, բայց պետք էր ստեղծարար, նոր մոտեցում գտնել: Երկրորդ ուղղությունը շատ թիրախային էր, քանի որ ֆրանսիական համալսարան ենք (ժպտում է – հեղ.): «Երեմյան Փրոջեքսթ»-ն ունի բարձր խոհանոցի «Renommée» ռեստորան ու այս նախագծով պետք էր Հայաստանում ներկայացնել բարձր խոհանոցը, որը Ֆրանսիայից ծնունդ առած խոհարարական մշակույթ է: Երրորդ ուղղությունը կաթնամթերքն էր, կաթնամթերքի ճիշտ ընտրությունն ու օգտագործման մշակույթը: Արդյունքում, ստացանք բավականին հետաքրքիր նախագծեր, որոնք ներկայացվել են նաեւ ընկերությանը»:  

Լենա Գյուլխասյանի խոսքով՝ այս ձեւաչափով ուսանողները հետազոտական աշխատանքից բացի, սովորում են նաեւ ճիշտ ներկայացնել ստացված արդյունքները, ինչը պակաս կարեւոր հմտություն չէ. 

«Նրանք շատ ավելի ինքնավստահ են դառնում, պակասում է նոր բաներ փորձելու, սխալվելու վախը: Փոխվում է դասախոսի հետ շփումը, միշտ կարող են դիմել մեզ խորհրդի կամ որեւէ գաղափար քննարկելու համար»:

Մարքեթինգի ֆակուլտետի մեկ այլ դասախոս՝ Գոռ Գյուլխասյանն էլ կատակում է, որ ուսանողները հաճախ համալսարանից մինչեւ մեքենա ուղեկցում են իրեն, քանի որ ցանկանում են այդ մեկ-երկու րոպեն էլ արդյունավետ օգտագործել.

«Միշտ ասում եմ, որ ոչ միայն դասախոս եմ իրենց համար, այլեւ՝ մենտոր, նրանք կարող են զանգել ինձ, գրել էլեկտրոնային նամակներ: Լինում են դեպքեր, երբ ուսանողներն իրենց գաղափարներով դիմում են տարատեսակ ստարտափ համաժողովների ու հաղթում: Սա շատ ոգեւորիչ է»:
Գոռ Գյուլխասյանը Գոռ Գյուլխասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինչպես եւ ֆակուլտետի մյուս դասախոսները, Գոռ Գյուլխասյանը դասավանդելուց բացի նաեւ աշխատում է մասնավոր հատվածում, հետեւաբար՝ առավել լավ է հասկանում՝ ինչ պահանջներ ունի շուկան:

«Բուհը պետք է միշտ կապված լինի աշխատաշուկայի հետ ու կրթի այնպիսի կադրերի, որոնց կարիքը կա: Այսօր ես նաեւ գործատու եմ, ունեմ փորձնակներ, որոնք մեր համալսարանի ուսանողներ են, ունեմ աշխատակիցներ, որոնք մեր համալսարանի շրջանավարտներ են: Դասավանդում եմ այնպես, որ հետո, երբ այս կամ այն ուսանողը գա ինձ մոտ արդեն որպես գործատու, հասկանամ՝ նա պատրաստի աշխատակից է», - ասում է Գոռ Գյուլխասյանը:

Ուսանողի գաղափարները կարող են օգտագործվել իրական ընկերության կողմից

ՀՖՀՀ մարքեթինգի ֆակուլտետի ուսանող Զառա Հակոբյանն ասում է, որ համալսարան ընտրելիս մեծ նշանակություն է տվել գործնական ձեւաչափով ուսուցմանը:

«Սա կարեւոր է, քանի որ հնարավորություն է տալիս հետագայում թե՛ տեղական, թե՛ միջազգային աշխատաշուկա մտնել որպես պատրաստի մասնագետ», - ասում է Զառան:
Զառա Հակոբյանը Զառա Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա իր թիմի հետ աշխատել է կաթնամթերքի ճիշտ ընտրությանը վերաբերող նախագծի վրա ու մշտապես զգացել է դասախոսների աջակցությունը.

«Այլեւս չկա մոտեցումը, երբ դասախոսին տեսնում ես միայն լսարանում, վերջում ստանում գնահատականդ ու, եթե հարցեր ունես, դրանք այդպես էլ անպատասխան են մնում: Մեր դասախոսների կողմից միշտ խորհուրդներ ենք ստացել, նույնիսկ՝ դասամիջոցների 5 րոպեի ընթացքում: Թվում է՝ այդ կարճ ժամանակահատվածում ի՞նչ օգտակար բան կարող ես ստանալ, բայց մեկ դիպուկ խորհուրդը հաճախ կարող է շատ արդյունավետ լինել»:

Զառան հիմա երրորդ կուրսում է սովորում ու առաջինից արդեն աշխատում է մասնագիտությամբ: Ասում է՝ աշխատանքի ընդունվելիս անտեսել են այն, որ դեռ ուսանող է.

«Գործատուն ինձ ընդունել է մեծ սիրով ու ոգեւորությամբ՝ առանց մեկ վայրկյան կասկածելու մասնագիտական կամ հոգեբանական պատրաստվածության վրա»:

Ֆակուլտետի ուսանող Միքայել Խաչատրյանը եւս այս ձեւաչափով ուսուցումը շատ օգտակար է համարում:
Միքայել Խաչատրյանը Միքայել Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հնարավոր է՝ մեր նախագծերում լինեն մտքեր, որոնք հետագայում կօգտագործվեն ընկերությունների կողմից: Սա շատ ոգեւորիչ է: Կարեւորում եմ նաեւ դասախոսների աջակցությունը, որոնք այս դեպքում ավելի շատ խորհրդատուի, ավագ ընկերոջ դերում էին», - ասում է Միքայելը:

Ընկերությունները պետք է աջակցեն ուսումնական գործընթացին

«Կարծում եմ՝ Հայաստանում գրեթե բոլոր կազմակերպություններն ունեն որակյալ, բանիմաց կադրերի պակաս», - ասում է «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպության մարքեթինգի տնօրեն Ռուբեն Սուքիասյանն ու համալրման երկու ճանապարհ նշում.

«Առաջինն ակադեմիական կրթությունն է, երկրորդը՝ փորձառությունն իրական բիզնեսում: Եթե այս երկուսն իրարից անկախ, իրարից կտրված լինեն, չենք կարող լավ արդյունք ստանալ: Եթե համալսարանները պատասխանատու են ակադեմիական կրթության համար, ապա մենք՝ մասնավոր ընկերությունները, պետք է մեր հերթին աջակցենք ուսումնական գործընթացին՝ հույս ունենալով հետագայում որակյալ կադրեր ստանալ»:
Ռուբեն Սուքիասյանը Ռուբեն Սուքիասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրա խոսքով՝ հաճախ է լինում, երբ երիտասարդն իսկապես մասնագիտական գիտելիք ունի, սակայն չի կարողանում կիրառել այն, չգիտի՝ ինչպես դրսեւորի իրեն այս կամ այն իրական իրավիճակում: Հենց այս խնդրի վերացման համար էլ համալսարանն ու բիզնեսը պետք է միասին կրթեն ապագա մասնագետին.

««Երեմյան Փրոջեքթս»-ում մեր կադրերի պատրաստությունը փորձում ենք սկսել հնարավորինս վաղ: Եթե հնարավորություն ենք ունենում մասնակցել կրթական գործընթացին կամ աջակցել այս ձեւաչափով ծրագրերին, սիրով աջակցում ենք: Վստահ եմ՝ սա օգտակար է համալսարանի, ուսանողների համար, բայց միանշանակ է, որ նույնքան էլ մենք ենք շահում»:

Նրա խոսքով՝ իրենց տպավորել են այս տարվա գրեթե բոլոր նախագծերը, սակայն առանձնացրել են չորս լավագույն աշխատանք ու մրցանակներ հանձնել հեղինակներին.

«Ակնհայտ էր, որ թիմերի անդամները լավ ուսումնասիրել էին ոլորտը, առաջարկել էին հետաքրքիր ու ստեղծարար մոտեցումներ»:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին