2018 թվականի նոյեմբերի 12-ին Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) հայտնեց ARARAT Charles Aznavour Signature Blend նախագծի մեկնարկի մասին: Այն հանդիսանում է մեծն արտիստի եւ միջազգային բրենդի համատեղ աշխատանքի արդյունքը՝ սկսված դեռեւս 2017 թվականին:
Երեւանի կոնյակի գործարանը եւ Մեդիամաքսը ներկայացնում են համատեղ հատուկ նախագիծ, որը «խճանկարի» ոճով կպատմի, թե ինչպիսինն էին Շառլ Ազնավուրի համար 1956, 1960 եւ 1981 թվականները: ARARAT Charles Aznavour Signature Blend-ի բացառիկ կուպաժը բաղկացած է հենց այդ տարիների հազվագյուտ վինտաժային սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարեւորագույն պահերը:
1960 թվականին Երկիր մոլորակի բնակչությունը հասավ երեք միլիարդի: ԽՍՀՄ-ի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկին, խորհրդային շուն-տիեզերագնացներ Բելկան եւ Ստրելկան «Սպուտնիկ-5» տիեզերանավով ուղեծրային թռիչք կատարեցին: ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթեց Ջոն Քենեդին, իսկ Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ընտրվեց Յակով Զարոբյանը:
1960 թվականին մեծ էկրան միանգամից երկու ֆիլմ բարձրացավ, որոնցում Շառլ Ազնավուրը ներկայացավ իբրեւ տաղանդավոր դերասան՝ «Անցում Ռեյնի վրայով» (Le passage du Rhin) եւ «Կրակեք դաշնակահարին» (Tirez sur le pianiste):
«Անցում Ռեյնի վրայով» ֆիլմը պատմում էր գերմանական գերության մեջ հայտնված երկու ֆրանսիացի զինվորների ճակատագրի մասին:
«Կրակեք դաշնակահարին»-ը՝ Ֆրանսուա Տրյուֆոյի երկրորդ ֆիլմն էր: Արդեն մի քանի տարի անց ռեժիսորը դասվեց ժամանակակից ֆրանսիական կինոյի դասականների շարքին:
Խոշոր ստուդիաները չցանկացան ֆինանսավորել նախագիծը, ինչի պատճառով Տրյուֆոն եւ իր թիմը ստիպված էին ֆիլմը «ոտքի վրա» նկարել՝ նկարահանումների ընթացքում հաճախ փոփոխելով սցենարը:
Ֆիլմում Ազնավուրը կատարում էր երբեմն հայտնի, ազգությամբ հայ դաշնակահար Էդուար Սարոյանի դերը, որն աշխատում է բարում՝ Շարլի Կոլեր անվամբ եւ փորձում է մոռանալ իր կնոջ հետ պատահած ողբերգության մասին: Հերոսը սիրահարվում է Լենա անունով մատուցողուհուն, միաժամանակ սիրավեպ սկսելով իր հարեւանուհի Կլարիսի հետ:
Համարվում է, որ հենց «Կրակեք դաշնակահարին» ֆիլմը 1960 թվականին Ազնավուրի առջեւ բացեց նյու-յորքյան հեղինակավոր Carnegie Hall համերգասրահի դռները, որտեղ նա փառավոր ելույթներ ունեցավ:
1960 թվականին լույս տեսավ Ազնավուրի վեցերորդ՝ “Les deux guitares” ալբոմը: Նույն թվականին նա ձայնագրեց "Je m'voyais dеjа" ալբոմը, որը լույս տեսավ 1961 թվականի հունվարին:
Ալբոմի համանուն երգը ոչ միայն հիթ դարձավ, այլեւ Շառլ Ազնավուրի համար միջազգային ճանաչման ճանապարհ հարթեց:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: