100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ Թռիչք դեպի ազատություն - Mediamax.am

Մարտ 05, 2026
6963 դիտում

100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ Թռիչք դեպի ազատություն


Լուսանկարը` Պիտեր Լայբինգ


Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին է ներկայացնում Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:

Պիտեր Լայբինգ
Թռիչք դեպի ազատություն
1961թ.

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դաշնակից պետությունները Բեռլինը բաժանեցին չորս օկուպացիոն գոտիների:

1949-1961 թվականներին մոտ 2,5 մլն արեւելյան գերմանացիներ փախչեցին ԽՍՀՄ կողմից վերահսկվող գոտուց: Փախուստները կանխելու նպատակով Արեւելյան Գերմանիայի առաջնորդ Վալտեր Ուլբրիխտի հրամանով 1961 թվականի օգոստոսին դեպի խորհրդային հատված տանող ճանապարհն արգելափակվեց փշալարերով:

Մի քանի օր անց Associated Press-ի լուսանկարիչ Պիտեր Լայբինգին տեղեկացրեցին սպասվող դասալքության դեպքի մասին: Այլ լուսանկարիչների հետ նա կանգնած հետեւում էր, թե ինչպես էին Արեւմտյան Բեռլինի բնակիչները 19-ամյա սահմանապահ Հանս Քոնրադ Շումանին համոզում անցնել սահմանը: Եվ հանկարծ Շումանը վազեց դեպի փշալարը եւ թռավ նրա վրայով:

Assosiated Press-ի ցանցով տարածված Լայբինգի այս նկարը հայտնվեց աշխարհի թերթերի առաջին էջերում: Լուսանկարի շնորհիվ Շումանը դարձավ Արեւելյան Գերմանիայից փախած ամենաճանաչված զինվորը եւ ազատությունը խորհրդանշող «պաստառի վրայի տղան»: Միաժամանակ, այս դրվագը դրդեց արագացնել Բեռլինյան Պատի կառուցումը` շինարարությունը մեկնարկեց 1961 թվականի օգոստոսի 13-ին:

Հանս Քոնրադ Շումանն իր ողջ հետագա կյանքն ապրեց այս լուսանկարի «ստվերում», ինչը ծանր հոգեբանական փորձություն էր նրա համար: Ի վերջո,
այլեւս չկարողանալով գտնվել «ազատության խորհրդանիշի» կարգավիճակում, նա 1998 թվականին ինքնասպան եղավ:

Time ամսագիր

Պատրաստեց Աննա Բուբուշյանը



Մեր ընտրանին