100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ Ալյենդեի վերջին կռիվը - Mediamax.am

7136 դիտում

100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ Ալյենդեի վերջին կռիվը


Լուսանկարը` https://www.infobae.com


Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին է ներկայացնում Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:

Լուիշ Օրլանդո Լագոս, Ալյենդեի վերջին կռիվը

Սալվադոր Ալյենդեն՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված Չիլիի առաջին մարքսիստ ղեկավարն էր, որը ստանձնել էր պաշտոնը՝ երկրի փոխակերպման մանդատով:

Բարեփոխումների նպատակով նա ազգայնացրեց ԱՄՆ-ին պատկանող ձեռնարկությունները, սառեցրեց գները եւ բարձացրեց աշխատավարձերը:

Սակայն տնտեսությունը տապալվեց, ահագնացավ գնաճը, ավելացավ հանցագործությունների թիվը:

1973 թվականի օգոստոսին Ալյենդեն Ավգուստո Պինոչետին նշանակեց բանակի հրամանատար, իսկ ընդամենը 18 օր անց պահպանողական գեներալը հեղաշրջում կազմակերպեց: 

Ալյենդեն հրաժարվեց լքել իր պաշտոնը: AK-47 ինքնաձիգով զինված եւ պաշտպանված իրեն հավատարիմ մնացած մի քանի թիկնապահներով, նա ռադիոյով հեռարձակեց իր վերջին ուղերձը՝ լսվող հրազենային կրակոցների ներքո:

Երբ Սանտյագոյի նախագահական նստավայրը սկսեց ռմբակոծվել, Ալյենդեի անձնական լուսանկարիչ Լուիշ Օրլանդո Լագոսը անմահացրեց նրա կյանքի վերջին դրվագներից մեկը: Այս լուսանկարն անելուց մի քանի ժամ անց Ալյենդեն ինքնասպան եղավ (շատերը մինչեւ հիմա պնդում են, որ նա սպանվեց ներխուժող զորքերի կողմից):

Վախենալով սեփական կյանքի համար՝ Լագոսը փախուստի դիմեց: Նրա լուսանկարն առաջին անգամ անանուն հրապարակվեց: 1973 թվականին այն World Press Photo-ի կողմից ճանաչվեց «Տարվա լավագույն լուսանկար» եւ դարձավ Ալյենդեի հերոսական կերպարը անմահացնող խորհրդանիշ: Միայն 2007 թվականին, Լագոսի մահից հետո, բացահայտվեց լեգենդար լուսանկարի հեղինակի ինքնությունը:

Time ամսագիր

Պատրաստեց Աննա Բուբուշյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին