100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ «Ընդմիջում երկնաքերի վրա» - Mediamax.am

6773 դիտում

100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ «Ընդմիջում երկնաքերի վրա»


Լուսանկարը` Անհայտ լուսանկարիչ


Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին կներկայացնի Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:

Անհայտ լուսանկարիչ` «Նախաճաշը երկնաքերի վրա»
Նյու Յորք, 1932 թվական

Ամենահայտնի լուսանկարներից այս մեկի հեղինակը անհայտ է:

Մինչ 2003 թվականը լուսանկարի հեղինակ էր համարվում Չարլզ Քլայդ Էբեթսը, իսկ մինչ այդ հեղինակ էին համարում Լյուիս Հայնին, ով վավերագրում էր Empire State Building-ի շինարարական աշխատանքները:

Լուսանկարի հեղինակային իրավունքի սեփականատեր Օտտո Բետմանի հիմնադրած արխիվի աշխատակիցների կողմից 2003 թվականին արված քննության արդյունքում պարզ դարձավ, որ լուսանկարն արել է Էբեթսը, սակայն 10 տարի անց որոշում կայացվեց առ այն, որ լուսանկարի հեղինակն անհայտ է:

Լուսանկարն արվել է Նյու Յորքի Ռոքֆելեր կենտրոնի մի մասի՝ RCA (Radio Corporation of America) շենքի շինարարական աշխատանքների ընթացքում՝ 1932 թվականի սեպտեմբերի 29-ին:

Լուսանկարում պատկերված են տասնմեկ բանվորներ, ովքեր «ճաշում են» 69-րդ հարկի մակարդակի վրա գտնվող կառուցվող երկնաքերի երկաթյա ձողի վրա նստած: Բանվորները գտնվում են մոտ 200 մետր բարձրության վրա:

Իրականում լուսանկարը բեմադրված էր՝ երկնաքերի գովազդի նկարահանման համար, բայց հերոսներն իրական բանվորներ են: Լուսանկարն առաջին անգամ տպագրվել է 1932 թվականի հոկտեմբերի 2-ին՝ New York Herald Tribune-ում:

Լուսանկարը դարձավ ամերիկյան երազանքի խորհրդանիշը՝ փոխանցելով այն զգացումը, որ Նյու Յորքը մի քաղաք է, որտեղ ցանկացած, նույնիսկ անհավանական նախագիծ կարող է իրականություն դառնալ:

Time ամսագիր

Պատրաստեց Լենա Գեւորգյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին