Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին կներկայացնի Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:
Հարի Բենսոն` «Բարձերով ծեծկռտուքը»
Փարիզ, 1964 թվական
Լուսանկարիչ Հարի Բենսոնը երբեւէ չէր երազել The Beatles խմբի հետ հանդիպելու մասին: Գլազգոյում ծնված լուսանկարիչը պատրաստվում էր նկարահանման մեկնել Աֆրիկա, սակայն նրան հանձնարարեցին մեկնել Փարիզ՝լուսանկարելու երաժիշտներին:
«Ինքս ինձ լուրջ ֆոտոլրագրող էի համարում ու չէի ուզում ռոքնռոլյան պատմություն լուսաբանել», - պատմում է լուսանկարիչը:
Բայց հենց այն պահին, երբ Բենսոնը հանդիպեց խմբի անդամներին ու լսեց նրանց կատարումները, արդեն անկարող էր հեռանալ՝ «Մտածեցի՝ Աստված իմ, ճիշտ ուղղու վրա եմ»: The Beatles-ն արդեն մեծ փառք ունեցող խումբ էր, իսկ Բենսոնը նոր էր սկսում ճանաչում ձեռք բերել:
Լուսանկարն արվել է George V հյուրանոցում: Այդ գիշեր տղաներն իմացան, որ «I Want to Hold Your Hand» երգը թիվ մեկ հիթն է դարձել ԱՄՆ-ում: Լուսանկարելու ընթացքում Բենսոնը աշխատել է առանց օգնականների:
«Փոլը վիսկի էր խմում, Ջոնը վազեց ու վերցրեց բարձը՝ հենց այդպես էլ ամեն ինչ սկսվեց: Այնքան էին ծիծաղում, մոտ 20 րոպե շարունակում էին «ծեծել» միմյանց: Ամեն շարժումը՝ երջանկություն էր, նրանք իսկապես ուրախ էին»:
Հետո Բենսոնը վերադարձավ իր սենյակ, հենց լողասենյակում երեւակեց ժապավենն ու չորացրեց այն հասարակ ֆենով:
Հաջորդ ամիս Բենսոնը տղաների հետ ուղեւորվեց Նյու Յորք ու մասնակցեց Էդ Սալիվանի հայտնի շոուին: Այդ համատեղ ճանապարհորդությունից հետո էլ լուսանկարիչը շարունակեց համագործակցել խմբի հետ:
Time ամսագիր
Պատրաստեց Լենա Գեւորգյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: