Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին կներկայացնի Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:
Ռիչարդ Ավեդոն՝ «Դովիման փղերի հետ»
Փարիզ, 1955 թվական
Երբ մոտ կես դար առաջ Dior ապրանքանիշի աշուն/ձմեռ 1955 նոր հավաքածուի գովազդի համար լուսանկարիչ Ռիչարդ Ավեդոնը Փարիզի Cirque d'Hiver կրկեսում լուսանկարեց 50-ականների սուպերմոդել Դովիմային Harper's Bazar ամսագրի համար՝ երկուսն էլ արդեն բավականին հայտնի էին:
Դովիման աշխարհի ամենապահանջված մոդելներից էր՝ առաջինը, ում «սուպերմոդել» անվանեցին, Ռիչարդը՝ կայացած ու հայտնի ֆեշն-լուսանկարիչ, ով աշխատում էր Vogue, Life, Look եւ այլ հեղինակավոր ամսագրերի համար:
Լուսանկարում Դովիման կրում է Dior ապրանքանիշի առաջին երեկոյան զգեստը, որի դիզայնի հեղինակն այն ժամանակ դեռեւս անհայտ 19-ամյա Իվ Սեն Լորանն էր:
Լուսանկարը համարվում է նորաձեւության աշխարհի ամենախորհրդանշականներից մեկը: Արվեստի բազմաթիվ քննադատներ առ այսօր վիճում են, թե ո՞րն էր իրականում Ավեդոնի լուսանկարի միջոցով արված հաղորդագրությունը: Վարկածներից մեկի համաձայն, երիտասարդ Դովիմայի ու իմաստուն եւ տխուր փղերի համադրության միջոցով հեղինակը ցանկացել էր ցույց տալ կյանքի կարճաժամկետությունը:
Մինչ Ավենդոնը մոդելներին լուսանկարում էին ստատիկ դիրքերով՝ ստուդիայում, ընդգծելով միայն զգեստոը: Իսկ Ռիչարդը նախընտրում էր աշխատել անսովոր վայրերում՝ լուսանկարի միջոցով փոխանցելով շարժումը, կյանքի ռիթմը: Հենց նրա շնորհիվ փոխվեց զգեստի վերաբերյալ ստեղծված կարծրատիպը՝ միայն զգեստը չէ, որ ներկայացնում է մարդուն՝ մարդն է շունչ տալիս զգեստին:
«Դովիման՝ փղերի հետ» լուսանկարի բնօրինակը 2010 թվականին «Քրիստիս» աճուրդում վաճառվել է 1 մլն 150 հազար դոլարով:
Time ամսագիր
Պատրաստեց Լենա Գեւորգյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: