«Սալոնիկի խրճիթներում պապս գտավ իր տատիկին» - Mediamax.am

exclusive
14092 դիտում

«Սալոնիկի խրճիթներում պապս գտավ իր տատիկին»



2015 թվականի ապրիլին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, The Guardian-ը Հայաստանի եւ Սփյուռքի իր  ընթերցողներին առաջարկեց պատմել, թե ինչ ազդեցություն է թողել Ցեղասպանությունը իրենց ընտանիքների վրա:

New East Network-ի կողմից տարվող այս նախագծին արձագանքեց ավելի քան 500 մարդ՝ ուղարկելով նամակներ, լուսանկարներ եւ այլ նյութեր, որոնց մի մասը ներկայացվել էր կայքում:

Մեկ տարի անց, Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին, Մեդիամաքսը եւ The Guardian-ը որոշեցին համատեղ ներկայացնել չհրապարակված նյութերի մի մասը:



Վահե Ղումուշյան, Հունաստան, Կոմոտինի

Իմ հայրական պապիկը ծնվել է Իզմիրում հարուստ ոսկերիչների ընտանիքում: Նրա ծնողները՝ Նշան եւ Տիգրանուհի Ղումուշյանները, 1915թ. ձերբակալվել եւ մահապատժի են ենթարկվել՝ որբ թողնելով իրենց 2, 5 եւ 8 տարեկան երեխաներին:

Նրանց ավագ որդուն որդեգրել է մորեղբայրը եւ իր հետ տարել Ֆրանսիայի հարավ:

Մյուս երկուսին ֆրանսիական նավը բազմաթիվ հայ որբերի հետ տեղափոխել է հունական Քորֆու կղզի: Մանկատանը որոշ տարիներ անցկացնելուց հետո երեխաներից ավագը հաստատվել է Կենտրոնական Հունաստանում, իսկ պապիկս տեղափոխվել է Հունաստանի երկրորդ քաղաք՝ Սալոնիկ, որտեղ ամեն օր պայքար է մղել ապրելու համար, 12 տարեկանից կատարելով տարբեր ծառայողական աշխատանքներ: Սալոնիկի նավահանգստի խրճիթներում պապս վատ առողջական վիճակում գտել է իր կորցրած տատիկին:

Տատիկի մահից հետո նա որոշել է միանալ իր միջնեկ եղբորը Կենտրոնական Հունաստանում, որտեղ վերջինս ատամնատեխնիկի գործ էր սովորում:

Ի վերջո, նրան հաջողվել է աշխատանք գտնել Հունաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Կոմոտինի քաղաքում, որտեղ հայկական համայնք կար: Այստեղ էլ նա ամուսնացել է տատիկիս հետ, որը նույնպես գաղթել էր Արեւմտյան Հայաստանից եւ աքսորի ժամանակ սիրական անապատում կորցրել հորը:

Նրանք երկուսն էլ իրենց հայրենի քաղաքներում էին թողել իրենց ողջ ունեցվածքն ու ստիպված էին դիմակայել ծայրահեղ աղքատությանը: Բարեբախտաբար, իրենց ջանասիրության շնորհիվ հետագայում նրանք կարողացել են ոտքի կանգնել:

1915-ին տեղի ունեցածը կողոպտել եւ խոցել է հայերի երեք սերունդների եւ մեզ՝ նրանց ժառանգներին, հետապնդում է մինչեւ այսօր: Մի բան հաստատ է՝ իմ նախնիները Օսմանյան կայսրության թշնամիները չէին: Նրանք օրինապահ քաղաքացիներ էին, ովքեր կարեւորում էին իրենց ծագումը: Ոչ մի տեղ գրված չէ, որ դա բավարար պատճառ է մարդուն տանջելու կամ մահապատժի ենթարկելու համար:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին