«Պապիկս մահացավ՝ չիմանալով իր մայրիկի եւ քույրերի անունները» - Mediamax.am

exclusive
14794 դիտում

«Պապիկս մահացավ՝ չիմանալով իր մայրիկի եւ քույրերի անունները»


Լուսանկարը` Շուշանիկ Մելիքյանի արխիվից

Գուրգեն Մուրադյանն իրեն որդեգրած ծնողների հետ՝ Աբգար եւ Շուշանիկ Մուրադյաններ
Գուրգեն Մուրադյանն իրեն որդեգրած ծնողների հետ՝ Աբգար եւ Շուշանիկ Մուրադյաններ

Լուսանկարը` Շուշանիկ Մելիքյանի արխիվից

Գուրգեն Մուրադյանը
Գուրգեն Մուրադյանը

Լուսանկարը` Շուշանիկ Մելիքյանի արխիվից

Չորս սերունդ՝ Գուրգեն Մուրադյանն իր աղջկա՝ Լաուրայի (Շուշանիկի տատիկի), թոռան՝ Ծովինարի (Շուշանիկի մոր) եւ ծոռան՝ Շուշանիկի հետ
Չորս սերունդ՝ Գուրգեն Մուրադյանն իր աղջկա՝ Լաուրայի (Շուշանիկի տատիկի), թոռան՝ Ծովինարի (Շուշանիկի մոր) եւ ծոռան՝ Շուշանիկի հետ

Լուսանկարը` Շուշանիկ Մելիքյանի արխիվից


2015 թվականի ապրիլին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, The Guardian-ը Հայաստանի եւ Սփյուռքի իր ընթերցողներին առաջարկեց պատմել, թե ինչ ազդեցություն է թողել Ցեղասպանությունը իրենց ընտանիքների վրա:

New East Network-ի կողմից տարվող այս նախագծին արձագանքեց ավելի քան 500 մարդ՝ ուղարկելով նամակներ, լուսանկարներ եւ այլ նյութեր, որոնց մի մասը ներկայացվել էր կայքում:

Մեկ տարի անց, Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին, Մեդիամաքսը եւ The Guardian-ը որոշեցին համատեղ ներկայացնել չհրապարակված նյութերի մի մասը:



Շուշանիկ Մելիքյան, Երեւան

1915թ.-ին պապիկս՝ Գուրգենը, մեկ տարեկան էր, երբ նրանց ընտանիքն արտաքսվեց Ալաշկերտից: Նա ուներ ավագ եղբայր եւ երկու քույր: Գյուղից 1կմ հեռավորության վրա նրանց քարավանը կանգ առավ, պապիկիս հորը կապեցին ծառին եւ բոլորի աչքի առաջ սպանեցին: Մայրը վերցրեց երեխաներին եւ շարունակեց ճանապարհը: Այդ ճանապարհը երեխաները ոտքով էին անցնում, իսկ պապիկս, որ դեռ փոքր էր, մոր գրկին էր: Երեք ամիս շարունակ քայլելով նրանք հասան Բայազետ, Իգդիր, հետո՝ Էջմիածին եւ ի վերջո՝ Երեւան, Սուրբ Սարգիս եկեղեցու բակ:

Բակը լի էր մարդկանց մարմիններով, նրանցից շատերը հիվանդ էին կամ մահացած: Հատուկ սայլը մոտենում էր, հավաքում դիակներն ու տանում եկեղեցու բակից:

Բակի հետնամասում մի տեղ կար, կոչվում էր Ղանթար, երեխաները, նրանց թվում նաեւ պապիկիս քույրերն ու եղբայրը, գնում էին եւ այնտեղից հաց մուրում: Երկար ճանապարհը պապիկիս մորը շատ էր հյուծել: Այդ ընթացքում նա կրծքով կերակրել էր իր ամենափոքր զավակին: Նա շատ հիվանդ էր եւ Երեւան ժամանելուց 12-13  օր հետո մահացավ: Մոր մահից հետո պապիկս մնաց նրա կրծքին եւ լաց էր լինում:

Եկեղեցու բակով անցնելիս մի ամուսնական զույգ նկատում է լացող երեխային եւ վերցնում նրան, այդ մասին տեղեկացնելով պապիկիս ավագ եղբորը: Պապիկիս եղբայրը 16 տարեկանում փորձում է գտնել իր եղբորն ու քույրերին: Նրան չի հաջողվում գտնել քույրերին, քանի որ նրանց տեղափոխել էին ԱՄՆ՝ մանկատուն:

Մի օր, երբ պապիկս Աշտարակի իր աշխատավայրում էր, մի մարդ է մոտենում նրան իր կնոջ հետ: Այդ կինը պատմում է տղամարդու կյանքի պատմությունը: Պարզվում է, որ այդ մարդը պապիկիս կորած եղբայրն է: Պապիկս վերջապես իմանում է, թե ինչ էր իր հոր անունը, բայց ոչ նա, ոչ էլ եղբայրը չեն կարողանում հիշել իրենց մոր անունը:

Իր ողջ կյանքի ընթացքում պապիկս երազում էր վերադառնալ իր կորցրած հայրենիքը: Նա մահացավ՝ այդպես էլ չիմանալով իր ծննդյան օրը, մայրիկի եւ քույրերի անունները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին