Շատ գրպաններով կաշվե մեծ պայուսակն ամբողջացնում է 24-ամյա անգլերենի ուսուցչի կերպարը։ Աշակերտներից տարբերվելու համար Թոմաս Տողրամաջյանն ուսապարկը փոխարինել է ձեռքի պայուսակով։ Երեխաները տեսել ու միանգամից որոշել են՝ խնձոր տանելու պայուսակ է։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Մշակութային տարբերությունները 2 տարում հասկացել ու ընտելացել են. երեխաները՝ամերիկյանին, ընկեր Թոմասը՝ Լոռիին։
«Ես ապրել ու մեծացել եմ մի մշակույթում, որտեղ շատ արտասովոր եւ նույնիսկ վիրավորական բան է, եթե մեկը փողոցում քեզ մոտենա ու ուզենա ծանոթանալ, շփվել։ Կարող ես ինչ-որ բան հարցնել, բայց եթե ավելի երկար խոսես, դիմացինդ կզգա, որ շատ վտանգավոր բան է կատարվում։ Ես առաջին օրից դիտավորյալ աշխատում էի շատ բաց լինել, չքաշվել մարդկանցից։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Ամերիկայում միշտ ժամանակացույց էի գրում՝ այսքան անելիք ունեմ,այսքան ժամանակ, պիտի էսպես կազմակերպեմ, որ հասցնեմ։ Իսկ էստեղ չի ստացվում, որովհետեւ ցանկացած րոպե կարող է մի երեխա երեւալ դռան մոտ ու ասել՝ ընկե՛ր Թոմաս, կլինի՞ պարապենք, ուզո՞ւմ եք գնանք դաշտ կամ, ուղղակի, եկել է շփվելու։ Ես ինչպե՞ս էդ երեխային կամ իմ հարեւանին ասեմ, որ շատ զբաղված եմ, չեմ կարող։ Եթե ծայրահեղ զբաղված եմ, կասեմ՝ հարմար չէ, բայց որպես կանոն՝ գնում եմ»։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Թոմասը հայ է կիսով չափ։ Հայրը Ամերիկա է տեղափոխվել Լիբանանից։ Ինքը, եղբայրներն ու քույրը ծնվել ու մեծացել են ամերիկյան միջավայրում՝ միշտ ձգտելով ավելին իմանալ հայրիկի ընտանիքի մասին։
«Զգում էինք, որ շատ խորհրդանշական ու հետաքրքիր բան կա այդ ուրիշ՝ հայ աշխարհում, բայց նույնիսկ բառեր չունեինք այդ տարբերությունը բացատրելու համար»։
Մի քանի անգամ այցելել են Լիբանան, այնտեղ էլ մկրտվել:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Երբ Մինեսոտայում քահանան եղբայրներին առաջարկեց սպասավորել հայկական եկեղեցում, չհրաժարվեցին։ Չնայած գրաբար չէին հասկանում, բայց սովորեցին կարդալ ու արտասանել հայերեն։ «Դա էլ հայության մի աղբյուր էր»,-ասում է Թոմասը։
Որոշել էր իրավաբան դառնալ, ու թեեւ սովորելու ընթացքում մտափոխվել էր, բայց ուսումը կիսատ չէր թողել։ Այլ երկրում հետազոտություններ անելու, լեզուներ սովորելու նպատակով համալսարանի տրամադրած կրթաթոշակով առաջին անգամ եկավ Հայաստան։ Հաջորդեցին երկրորդ, երրորդ այցերը, մինչեւ Ամերիկայից տեղափոխվելու վերջնական որոշում կայացրեց։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Ասում է՝ սփյուռքահայերի Հայաստանը տարբեր է, ինքն ուզում էր ապրել իրական Հայաստանում՝ Երեւանից հեռու, գյուղական կյանքով։
Դիմեց «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրին, թեեւ մանկավարժի մասնագիտության մասին երբեւէ չէր մտածել։ Ասում է՝ «Հայաստան» բառն այս դեպքում «դասավանդի՛ր»-ից կարեւոր էր։
«Դիմեցի մի քանի պատճառով։ Առաջինը՝ ուզում էի հայերեն սովորել։ Սկսել էի ինքնուրույն պարապել, բայց լավ գիտեի, որ եթե ցանկանում եմ իմ կյանքն ապրել որպես հայ, պիտի Հայաստան գամ ու շրջապատված լինեմ այս ամենով։ Ես գիտեի, որ կարող եմ քահանա կամ գրող դառնալ, բայց ինչ էլ անեի, պիտի անեի որպես հայ։ Ուզում էի նաեւ ինչ-որ ձեւով ծառայել հայրենիքիս, որովհետեւ արդեն անչափ սիրում էի հայ ժողովրդին եւ ուզում էի որեւէ լավ բան անել ու ապրել նրանց մեջ»։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
2019-ի ամռանը Թոմասը տեղափոխվեց Լոռու մարզի Դեբետ գյուղ՝ անգլերեն դասավանդելու։ Ասում է՝ իր հաճախած դպրոցում հատուկ՝ Մոնտեսորիի մեթոդով էին կրթում, ու ինքը, ծանոթ չլինելով անգամ ամերիկյան ավանդական դպրոցներին, հայտնվեց Հայաստանում, որի կրթական համակարգին ընտելանալը շատ ջանք պահանջեց։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
«Մեծ գործ է երեխաներին համոզելը, որ նստած մնան իրենց տեղում եւ լսեն քեզ։ Այնպես չէ, որ առարկան, գիտելիքը հետաքրքիր չեն։ Նույն երեխան, որը դասի ժամանակ հազիվ է նստած մնում աթոռին, կարող է դասից հետո մոտենալ՝ ընկե՛ր Թոմաս, ընկե՛ր Թոմաս, կլինի՞ պարապմունք անենք այսօր։ Ես ավանդամիտ մարդ եմ, բայց պետք չէ, որ երեխան այդպես սովորի։ Լավ է, որ իր հունով գնա, իր հետաքրքրություններին հետեւի, խորանա իր ուզած աշխատանքում»։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Թոմասի մագիստրոսական թեզը ուսուցման այլընտրանքային մոտեցումների մասին է։ Դասավանդելուն զուգահեռ՝ սովորում է Բրյուսովի անվան համալսարանում։ Ասում է՝ այս 2 տարիների ընթացքում այնքան եմ ձախողվել ու փոքր ձեռքբերումներ ունեցել, որ արդեն պատրաստ եմ շարունակել աշխատանքս դպրոցում։
-Զգում եմ, որ հոգնեցիք կարդալուց: Ուզում եմ՝ մի խաղ խաղանք։
- Եթե interesting խաղ ա, խաղանք,- ասում են 9-րդ դասարանի տղաները։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Խաղով, պաստառներով, լրացուցիչ պարապմունքներով Թոմասը փորձում է անգլերենը հետաքրքիր դարձնել դեբետցի երեխաներին։ Իրեն հատկապես պատասխանատու է զգում 3-4-րդ դասարանցիների համար, որոնց անգլերենի առաջին ուսուցիչն է։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
«Առաջին տարիներն ամենակարեւորն են։ Եթե երեխան փոքրուց զգում է, որ թույլ է, չի հասցնում, այդ միտքը նրան կհետեւի 10 տարի, ու վերջում կարող է ավարտել դպրոցը՝ ժամանակը վատնած, առանց անգլերեն սովորելու։ Երեխան միշտ ուզում է անել այնպիսի բան, որը, զգում է՝ լավ է ստացվում, ունի հմտություններ։ Կան աշակերտներ, որ լրացուցիչ ուշադրության կարիք ունեն, պատահում է՝ հակառակը, շուտ են հասկանում, ձանձրանում են դասի ժամանակ, ուզում են ավելին իմանալ։ Ցանկանում եմ իմ ներկայությամբ, պարապմունքներով նրանց ազատ շփման հնարավորություն տալ, որ լեզուն դառնա օգտագործելի ամեն օր»։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Դասերից հետո փոքր գրատախտակը թեւի տակ, տետրերն ու գրքերը վերցրած՝ Թոմասը բարձրանում է վերեւի՝ Տզուտ թաղ։ Ճանապարհին երեխաներին հավաքելով մեկի պատշգամբում կամ բացօթյա՝ անգլերենի պարապմունք են անում։
-Բարե՛ւ, ընկեր Թոմաս։
- Բարե՛ւ։ Գալի՞ս եք պարապմունք անենք։
- Չէ, երեւի վաղը։
Անգլերենի պարապմունքներին զուգահեռ՝ նաեւ զբոսաշրջային խմբակ է բացել։ Աշակերտների հետ նախագիծ են կազմել. իրենց գյուղի տեսարժան վայրերով, էքսկուրսիայի տեւողությամբ, արժեքով թերթոններ են տպելու եւ առաջարկելու Դեբետ եկած զբոսաշրջիկներին։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Թեեւ երկու տարի Թոմասը Դեբետում է, կենցաղային խնդիրները դեռ չի հաղթահարել։
«Գյուղը ոչ մի բանով պակաս չէ, պարզապես ես պատրաստ չէի վայելել իր հարստությունը։ Բոլոր դժվարությունները ելնում են իմ անձնական թերություններից»։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Տունը, որտեղ ապրում է Թոմասը, մեծ է, բայց ինքը միայն մեկ սենյակն է զբաղեցրել: Ասում է. «Տանը ոչինչ չեմ փոխել։ Նորոգումը տերերն են արել, բայց անկարգությունը իմն է»։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Մի հայացքն էլ բավական է՝ հասկանալու համար, որ Թոմասին կենցաղը քիչ է անհանգստացնում։ Սենյակում միայն ամենաանհրաժեշտ իրերն են ու գրքեր՝ ամենուր։ Որպես հյուրասենյակ, ննջարան ու աշխատասենյակ ծառայող միակ սենյակի մեծ պատուհաններին նույնիսկ վարագույր չկա։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
«Դա ամենամեծ խնդիրն է։ Եթե մի օր երկար եմ աշխատում, մինչեւ 2-3-ը չեմ քնում, մյուս օրը էրեխեքը հարցնում են՝ ժամը 2-ին ի՞նչ էիք անում»։
Միայն առանց վարագույր պատուհանները չեն, որ համագյուղացիներին ստիպում են հետաքրքրվել Թոմասի առօրյայով։ Փոքր ու հյուրընկալ համայնքում բոլորն իրենց օգնությունն ու բարեկամությունն են առաջարկում։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
«Ես շատ եմ սիրում քայլել, մտքերս այդպես եմ դասավորում։ Բայց հեռու գնալ չեմ կարողանում, որովհետեւ առանց բացառության՝ միշտ տեսնում եմ մեկին, ով կասի՝ վա՜յ, Թոմ, ո՞ւր ես, զանգում եմ, չես պատասխանում, քանի ամիս իրար չենք տեսել։ Գյուղում 900 մարդ կա, եւ ինչքան էլ ուզենամ բաց լինել, միշտ մեկը կա, որի հետ հարեւանություն, ընկերություն չեմ արել։ Ու էդպես գնում եմ իրենց հետ ժամանակ անցկացնելու։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Շատ երախտապարտ եմ, որ հարեւաններս այսքան հյուրասեր են, որ այսքան լավ համայնք ունենք, բայց դժվար է խոշորացույցի տակ լինելու զգացումը։ Երբեմն երազում եմ քաղաքում ապրելու մասին, որ կարողանամ անանուն, միայնակ քայլել, եւ ոչ մեկ ինձնով չհետաքրքրվի։ Բայց այն տարանջատվածությունը, որ կա քաղաքներում, հոգեպես կործանող է եւ շատ ավելի լուրջ խնդիր է, քան փոքր համայնքում ապրելը»։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Շուտով Թոմասը կավարտի ծրագիրը։ Հայաստան գալուց առաջ մտածում էր, որ 2 տարի կդասավանդի, լավ հայերեն կսովորի, կվերադառնա Ամերիկա ու կշարունակի ուսումը։ Հայաստանում ապրելն ապագայի ծրագրերում էր։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխեց բոլոր մտադրությունները։ Կամավորագրվել էր, բայց հերթն իրենց ջոկատին չհասավ։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
«Պարտությունը շատ անսպասելի էր, գոնե ինձ համար։ Ես զգացի, որ սա մեր ազգի ճգնաժամն է։ Ես սկսել էի Հայաստանում ինձ հարմարավետ, հանգիստ զգալ, շատ հեշտ էի պատկերացնում, որ 20 տարի հետո ընտանիքիս հետ էստեղ կապրեմ։ Ինձ թվաց, որ այս երկիրը կայուն հիմք է ապագայի համար, նույնիսկ ավելի, քան՝ Ամերիկան։ Պարզվեց, որ Հայաստանն իմ մտածած կայուն հիմքը չէ։ Մեր ապագան երաշխավորված չէ։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
7-րդ դասարանում ապառնի ժամանակաձեւն էի սովորեցնում։ Պատահական մի օրինակ բերեցի՝ «Do you think Armenia will exist in 15 years?» («Կարծում եք 15 տարի հետո Հայաստանը գոյություն կունենա՞»)։ 13 աշակերտներից 12 ասաց՝ ոչ։ Մտածեցի՝ ո՞նց կարող եմ հետ գնալ, եթե, Մոնթեի խոսքով, շրջել ենք մեր պատմության վերջին էջը։ Չեմ ուզում տխուր բաներ ասել, համոզված եմ, որ ապագա ունենք, բայց լավ չի լինի, եթե ամեն մեկը, ով հնարավորություն ունի, հեռանա Հայաստանից։ Ես այնքան սեր ունեմ այս երկրի, ժողովրդի հանդեպ, որ արդեն անհնար է դարձել ուրիշ երկրում լինելը։ Դպրոցում շատ երեխաներ կան, որոնց համար ուսուցիչները, դասընկերները, նույնիսկ ծնողները մեծ նպատակներ չունեն։ Սիրո պակաս չկա, բայց հույսի պակաս կա։ Մեզ համար կարեւոր է ամեն երեխան, մենք կորուստների համար տեղ չունենք»։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Հիմա Թոմասը երկու նպատակ ունի. մեկը՝ մանկավարժական, մյուսը, ինչպես ինքն է ասում, անձնական-գրական։ Սեպտեմբերից ԵՊՀ-ում հայոց լեզու եւ գրականություն է ուսումնասիրելու: Երազում է առանց դժվարության թարգմանել հայ հեղինակներին: Շիրվանզադեից, Բակունցից որոշ գործեր արդեն թարգմանել է, բայց ոչ հրատարակելու համար: Աշխատելու է այնքան, մինչեւ վստահ լինի, որ կարող է թարգմանել իր համար հավասարը չունեցող Չարենցի «Երկիր Նաիրի»-ն:
Ասում է՝ այս երկու տարին մեծ մարտահրավերների շրջան էր: Հիմա ավելի ուժեղ, վստահ է զգում:
«Զգում եմ, որ Ամերիկայում եմ թողել Թոմաս Տողրամաջյանին եւ հիմա նոր անձնավորություն եմ: Իմ հայ անձը գտել եմ այստեղ եւ կհիշեմ, որ ես ինչ-որ առումով ծնվել եմ Հայաստանում՝ Լոռու մի գյուղում, ես ինձ միշտ լոռեցի կհամարեմ։
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Սրանք ինձ համար նաեւ կրթության երկու տարիներ էին: Ինչ սովորեցրել եմ երեխաներին, 10 անգամ ավելի սովորել եմ նրանցից, սկսած՝ հայոց լեզվից: Երեխան ամենալավ դասատուն է, որովհետեւ հետապնդում է, որ իր հարցին պատասխանես։ Մեծահասակների հետ շփվելիս, եթե ինչ-որ բան սխալ եմ հասկանում, սխալ եմ պատասխանում, շատ անգամ չեն ասում, որ վատ չզգամ, իսկ երեխան կասի՝ ընկե՛ր Թոմաս, իմ հարցին չպատասխանեցիք։ Նաեւ՝ հայկական մշակույթին եմ ծանոթացել: Հիմա գիտեմ՝ ինչ է մաղարիչ, տեսել եմ մեռելոցի օրն ինչ են անում կամ Ցեղասպանության օրը գյուղում ինչպես են նշում: Ամերիկայում հրաշալի բնություն կա, բայց շատ հեռու է մարդկանց կյանքից։ Եթե ուզում ես բնություն տեսնել, 100 մղոն մեքենայով գնում ես, տեսնում, նկարում ու հետ ես գալիս: Այսպիսի տեսարաններով գյուղ չկա»:
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Թոմասը վստահ է՝ ծնողները հպարտ են, որ ի վերջո հայ դարձավ: Մայրը մի անգամ արդեն հյուրընկալվել է Դեբետում: Ասում է՝ ընտանիքով շատ կապված ենք եւ իրարից հեռու ապրել չենք ուզում. եթե նորից միանալու ենք, ապա՝ Հայաստանում:
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: