Վահան գյուղում «փակ դռներ» բացած ու գերսեր ստացած Լիլիթը - Mediamax.am

exclusive
16988 դիտում

Վահան գյուղում «փակ դռներ» բացած ու գերսեր ստացած Լիլիթը


Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից


Ազատ օրերին Լիլիթը տուն՝ Վանաձոր էր գնացել, երբ հայտարարվեց արտակարգ դրություն։ Չկարողացավ վերադառնալ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղ, որտեղ մաթեմատիկա է դասավանդում։ 

 

Չնախատեսված բաժանումը Լիլիթին տխրեցրել է։ Աշակերտների հետ շփվելու վերջին ամիսներն էին։ Այս տարի Լիլիթն ավարտում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիրը։

 

«Միշտ հիշում եմ, որ էրեխեքս ասում էին՝ ընկե՛ր Ասլանյան, Ձեր ավարտելու օրը ճանապարհը փակելու ենք ու չենք թողնելու, որ գնաք»։ 

 

Լիլիթը վաղուց էր հետեւում դասավանդելու համար Հայաստանի ու Արցախի գյուղեր գործուղվող ուսուցիչներին ու վստահ էր, որ մի օր ինքն էլ է անցնելու այդ ճանապարհը։ Երկու տարի առաջ գրեց դիմումները՝ վարկային կազմակերպությունից՝ ազատման, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին՝ միանալու։

 

Լիլիթին «բաժին ընկավ» Վահան գյուղը՝ երկարաշունչ ձմեռներով, ուշացող գարուններով, հյուրընկալ բնակիչներով, պայծառ երեխաներով։ 

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

«Լոռվա բնությունից, խիտ անտառներից, լեռներից գնացի Վահան, ու առաջինը, որ նկատեցի՝ կլիման խիստ է, ցուրտ, ծառերը քիչ են, մարդիկ երկար են սպասում գարնան գալուն։ Պատահում էր՝ շաբաթ-կիրակի գալիս էի Վանաձոր, էստեղ արդեն գարուն էր, մարդիկ՝ պայծառ, արեւոտ, ուրախ, վերադառնում էի Վահան՝ էնտեղ դեռ մի մետր ձյուն էր։ Այդ շրջանը միշտ սթրեսային էր»,-պատմում է Լիլիթ Ասլանյանը։

 

Սա միակ դժվարություն էր։ Մարզից մարզ, վարկային կազմակերպությունից դպրոց անցումը սահուն եղավ։ Ասում է՝ գյուղացիները, գործընկերներն ու աշակերտները շատ օգնեցին։ Երկու տարում 5 տուն է փոխել՝ բացահայտելով գյուղական կյանքի հմայքը, գյուղացիների հյուրընկալությունն ու հոգատարությունը։

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

«Գյուղում բնակվելն ուրիշ փորձառություն է։ Ապրում էի ուսուցիչներից մեկի տանը՝ ամբողջությամբ ներգրավված գյուղական կյանքին։ Շատ հետաքրքիր ու սիրուն էր։ Հետո տեղափոխվեցի Ճամբարակ քաղաք, որը Վահանից 5 կմ է հեռու։ Տրանսպորտն օրը մեկ անգամ էր գնում-գալիս, ժամերն անհարմար էին։ Բայց գյուղում լավ ավանդույթ կա. մեքենա ունեցողները գյուղամիջի կանգառում սպասում են ու քաղաք գնացողներին իրենց հետ տանում։ Կապ չունի՝ ճանաչում են, թե՝ չէ, ոչ մեկին չեն թողնի էնտեղ կանգնած»։

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

Վահան գյուղի միջնակարգ դպրոցը 140 աշակերտ ունի։ Լիլիթը նրանցից 12-ին է դասավանդում՝ 6-րդցիներին։ Ասում է՝ հավանաբար դա էր պատճառը, որ արագ մտերմացանք, մեկս մյուսինը դարձանք։ Երեխաների հետ աշխատելու փորձ ուներ՝ ճամբարներում ջոկատավար է եղել։ Բայց, ասում է, ուսուցչի աշխատանքի հետ չես համեմատի։

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

«Ամենամեծ նպատակը, որի համար որոշեցի աշխատել դպրոցում, գյուղերում ապրող երեխաներին ազատություն տալն էր, որ ավելի լայն տեսնեն ամեն ինչ, որ հասկանան՝ փակ դուռ չկա, կարող են հասնել իրենց երազանքին։ Յուրաքանչյուրս, որտեղ էլ ապրի, սահմանափակված է ինչ-որ քառակուսու մեջ։ Իմ նպատակն էր իրենց բացել, որ խորն ու լայն մտածեն, որ համարձակ երազեն ու գնան առաջ»։

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

Լիլիթը միաժամանակ երկու ուղղությամբ էր աշխատում. մի կողմից՝ ակադեմիական գիտելիքներն էին, մյուս կողմից՝ երեխաների չբացահայտված ներուժը։ Ասում է՝ անընդհատ նոր մեթոդներ էր փնտրում, որ մաթեմատիկայի ամենասովորական թեմաները երեխաների համար դարձնի անսովոր հետաքրքիր։

 

Համոզված է, որ նպատակին չէր հասնի, եթե սահմանափակվեր 45 րոպեանոց դասերով։ Որպեսզի երեխաներն ազատ շփվեն ու ստեղծագործեն, նկարչության խմբակ բացեց։ Նկարելու եւ քանդակելու նկատմամբ սերը գեղարվեստի դպրոցից է բերել։

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

 

«Բոլորը զարմանում են՝ որտեղ՝ մաթեմատիկան, որտեղ՝ նկարչությունը։ Թվում է՝ մաթեմատիկա դասավանդողը պիտի լինի չոր, թվերի մեջ, ապացույցներով, առանց երեւակայության, բայց արվեստն ու մաթեմատիկան կարող են էնքան սիրուն համադրվել, որովհետեւ մաթեմատիկայի մեջ լիքը արվեստ կա, նկատել է պետք։ Մաթեմատիկան ամենասիրուն առարկաներից է»։ 

 

Բնության մեջ ժամերով նկարելուց բացի՝ հավաքվում էին ֆիլմ դիտելու, տարբեր թեմաներ քննարկելու, նախաձեռնություններ իրականացնելու։ Լիլիթը հատկապես ոգեւորությամբ է հիշում Giving Tuesday-ը։ Աշակերտների հետ հավաքվել, թեյ էին պատրաստել, իրենց տներից բերած գրքերը վերցրել ու գնացել էին գյուղում շրջելու՝ համագյուղացիներին թեյ հյուրասիրելու ու փոքրիկ մակագրություններով գրքեր նվիրելու։

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

Վահան գյուղում անցկացրած 2 տարին Լիլիթի համար ահռելի փորձ էր, ուժերը բացահայտելու հնարավորություն։ Ասում է՝ 2 տարի այլ աշխարհում է ապրել, ամեն օր զգացել է՝ ինչքան են երեխաները սիրում ու գնահատում իրեն։ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին միացավ, որովհետեւ հավատում էր, որ երեխաներին տալու շատ բան ունի։ Բայց, ասում է, ավելի շատ ստացա, քան՝ տվեցի։

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

«Մի անգամ աշակերտներս ձեռքս բռնեցին, թե՝ տանենք ընկեր Ասլանյանին գյուղը ցույց տանք։ Ու էդ ընթացքում մեկն ասում է՝ Արմե՛ն, ընկեր Ասլանյանին ծաղիկ բեր, մյուսն ասում է՝ գնամ, գետից քար հավաքեմ ընկեր Ասլանյանի համար։ Գերուշադրություն, գերսեր եմ ստացել, նույնիսկ նկարագրելն է դժվար, թե ինչքան ջերմ ու մեծ կարող է լինել մարդու սիրտը։ 

 

Միշտ մտածում եմ՝ ինչ աշխատանքով զբաղվեմ, որ բավարարի ինձ, որ առավելագույնը իմը լինի։ Ու հասկացա, որ երեխաներն ու դասավանդման պրոցեսը շատ հարազատ են ինձ․լիքը սեր կա, լիքը ազատություն, արվեստ»։

Լուսանկարը` Լիլիթ Ասլանյանի արխիվից

Դեռ հստակ չի կողմնորոշվել, թե ինչ է անելու ծրագրի ավարտից հետո։ Հավանաբար, իր արվեստանոցը կունենա, նկարչությամբ ու քանդակով կզբաղվի։ Գուցե մանկավարժությունն էլ համատեղի։ Հաստատ է մի բան՝ նախկին աշխատանքին չի վերադառնա։

 

«Էնքան տարօրինակ կլինի, որ էսպիսի գործ անելուց հետո նորից վերադառնամ վարկային ոլորտ։ Ինձ թվում է՝ ուղղակի չեմ կարողանա շնչել»։

 

Լիլիթը սպասում է, որ համաճարակային վիճակը մեղմվի, վերադառնա գյուղ, հրաժեշտից առաջ գոնե 1-2 օր երեխաների հետ անցկացնի։ Հուսով է՝ մինչեւ ամռան վերջ կկարողանա ավարտին հասցնել դպրոցում գրադարան-արվեստանոց բացելու ծրագիրը։ 

 

Լուսինե Ղարիբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին