Գորիսի նոր ճանապարհը բացեց «Թռիչքի» դռները - Mediamax.am

Սեպտեմբեր 29, 2025
exclusive
118 դիտում

Գորիսի նոր ճանապարհը բացեց «Թռիչքի» դռները


Իրինա Դարբինյանը
Իրինա Դարբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Իրինա Դարբինյանը
Իրինա Դարբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Իրինա Դարբինյանը
Իրինա Դարբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Իրինայի ամուսինը՝ Նարեկը
Իրինայի ամուսինը՝ Նարեկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իտալացի հյուրերը
Իտալացի հյուրերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարիներ շարունակ Գորիսի գեղատեսիլ վայրերից մեկը՝ Շորին ձորի կիրճը մնում էր համարյա անտեսված․անանցանելի արահետը դժվարացնում էր ջրվեժ հասնելը եւ զրկում զբոսաշրջիկներին ու տեղացիներին այն բացահայտելուց։ 

Ամեն ինչ փոխվեց, երբ Գերմանիայի եւ Շվեյցարիայի կառավարությունների ֆինանսավորմամբ վերանորոգվեց դեպի ջրվեժ տանող ճանապարհը։ Մեկ կիլոմետր հատվածում իրականացվել է խճապատում, տեղադրվել են արեւային լուսատուներ, անվտանգության արգելապատնեշներ ու ջրահեռացման համակարգ։ Այս քայլը ոչ միայն կապեց Գորիսի կենտրոնը բնության հրաշալի գոտու հետ, այլեւ բացեց նոր հնարավորություններ ձեռներեցության, զբոսաշրջության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման եւ, ի վերջո, ընկերական եւ ընտանեկան  ժամանցի մշակույթի ձեւավորման համար: Այդ հնարավորությունը առաջիններից մեկն օգտագործեց Իրինա Դարբինյանը՝ ստեղծելով «Թռիչք» հանգստյան գոտին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Շորին ձորի կիրճը բարեկարգվել է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության աջակցությամբ եւ Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Կիրճի բարեկարգումը նախաձեռնել եւ համաֆինանսավորել է Գորիսի համայնքապետարանը՝ նպատակ ունենալով նպաստել Գորիսի՝ որպես զբոսաշրջային վայրի գրավչության բարձրացմանը եւ համայնքի սոցիալ-տնտեսական բարեկեցության խթանմանը։ Ծրագիրը «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության մի մասն է, որը համատեղ իրականացնում են Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, ԵՄ անդամ երկրներ՝ Ավստրիան, Չեխիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լիտվան, Նիդերլանդները, Լեհաստանը, Շվեդիան, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիան։ Նախաձեռնության հիմնական նպատակը Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթանումն է։

«Թթենուտից» մինչեւ «Թռիչք»

Իրինա Դարբինյանը՝ երեք երեխաների մայր, տնտեսագետ եւ բիզնես խորհրդատու, առաջիններից էր, ով տեսավ Շորին ձորի նոր ճանապարհի արժեքը։ Բայց նրա ձեռներեցական ուղին սկսվել էր դեռ 2019-ին՝ «Թթենուտ» բիզնես գաղափարով։

«2019 թվականին հիմնել եմ «Թթենուտը»․այն իմ մանկության երազանքներից մեկն էր, որովհետեւ գյուղում երեխաներով, ընտանիքով ինչ-որ տեղ գնալու մշակույթ չի եղել։ Սկզբում այն բացվեց որպես քեմփինգ զբոսաշրջիկները գային, թութ թափ տային, օղի թորեին, գիշերեին վրաններում»,- հիշում է Իրինան։
Իրինա Դարբինյանը Իրինա Դարբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Թթենուտը» հիմնադրվել էր Եվրոպական միության «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի աջակցությամբ։

Սակայն նորաբաց վայրը շուտով բախվեց մարտահրավերների․սկսվեց Քովիդ-19 համավարակը։ «Քեմփինգի գաղափարը չաշխատեց։ Հասկացանք, որ պետք է արագ կողմնորոշվել։ Այդ ժամանակ վերապրոֆիլավորվեցինք ու ստեղծեցինք սրճարան։ Փորձեցինք լուծել մայրիկների ամենօրյա երեք կարիք՝ երեխաների օրն ուրախ տեսնելը, տաք սուրճ խմելը եւ ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելը։ Մեր ջանքերն ուղղված էին հենց այդ առաքելությանը, ու դրա համար էլ այն սիրվեց բոլորի կողմից»,– պատմում է նա։

Ապագայում էլ տարբեր մարտահրավերներ ստիպեցին բիզնեսին փոխել ձեւաչափը՝ սրճարանից հանրային սննդի կետի, իսկ վերջում՝ արդեն գլեմփինգի։ «Գլեմփինգի գաղափարը միշտ մտքումս էր։ Հիմա արդեն հասել եմ նրա իրականացմանը», – ասում է Իրինան։
Իրինա Դարբինյանը Իրինա Դարբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսպիսով՝ «Թթենուտից» սկսած ճանապարհը անցավ տարբեր փուլերով ու փորձություններով, մինչեւ որ ծնվեց «Թռիչքը»՝ Գորիսում առաջին գլեմփինգով հանգստյան գոտին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Իրինայի համար «Թռիչք» անվանումը միայն բառ չէ։ «Շրջապատող սարերը, ներքեւում փռված Գորիսը քեզ ստիպում են թռչել։ Թռիչքը միայն ինքնաթիռից չի լինում. դա զգացողություն է, ազատ միտքն է ու նկարագրում է այն հոգեվիճակը, որ այստեղ կանգնելով ես ապրել եմ առաջին պահին ու անունն ինքն իրեն մտքիս եկավ», – սարերին նայելով ու կարծես ամեն անգամ նույն պահը վերապրելով զրուցում է երիտասարդ ձեռներեցը։ Հիմա էլ ցանկացած հյուր «Թռիչք» այցելելիս գալիս, վայելում է նույն տեսարանը, զգում այդ ազատությունը, նոր շտապում վայելելու տեղական ուտեստները։

Դժվարությունների միջով՝ դեպի զարգացում

Ճանապարհը հեշտ չի եղել, բայց բիզնեսի կայացման ամենակարեւոր գործոններից մեկը, նրա խոսքով, թիմն ու ընտանիքն են։ «Ընտանիքի աջակցությունը շատ կարեւոր է․ միայնակ միգուցե էլի հնարավոր է, բայց հաջողության հասնել ողջամիտ ժամանակում չի լինի։ Եթե ուզում ես արագ գործ սկսել, պետք են աջակիցներ»,-վստահեցնում է նա։
Իրինայի ամուսինը՝ Նարեկը Իրինայի ամուսինը՝ Նարեկը

Լուսանկարը` Մեդիամաքս


Իրինայի ամուսինը՝ Նարեկը, նույնպես տնտեսագետ է եւ բիզնեսի առաջին օրերից ներգրավված է բոլոր ֆինանսական ու կազմակերպչական հարցերում։ Երեխաներից երկուսը ուսանող են Երեւանում․ արձակուրդներին շտապում են Գորիս՝ իրենց ուժերը ներդնելու համար․ «Ինչ հասնում՝ անում են․ սկսած օտարերկրյա զբոսաշրջիկներին Գորիսը ներկայացնելուց մինչեւ խոհանոցում օգնությունը։ Դա նրանց համար ոչ միայն աշխատանք է, այլեւ ընտանիքի գործի հետ կապվելու կարեւոր փորձ», – պատմում է Իրինան։

Թիմի ներսում մթնոլորտը նույնպես շատ մտերմիկ է. աշխատակիցները հարեւան գյուղի կանայք են, ովքեր ոչ միայն աշխատողներ են, այլեւ ընտանիքի պես մարդիկ։ «Եթե պետք է ամանները չորացնել՝ ես անում եմ, եթե լվանալ է պետք՝ դա էլ։ Այստեղ բոլորը մերոնք են, իսկ ես էլ նրանցը։ Այդ մթնոլորտն է, որ բիզնեսին ուժ է տալիս», – ասում է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս համատեղ ջանքերն ու դժվար պահերին միասնականությունը դարձան այն հիմքը, որի վրա հնարավոր եղավ կառուցել «Թռիչքը»։

Կանանց ներգրավվածությունն ու համայնքային կապը

Բայց Իրինայի ձեռներեցությունը միայն ընտանիքի ներգրավվածությամբ չի սահմանափակվում։ Նրա համար սկզբից կարեւոր էր նաեւ, որ բիզնեսը համայնքային ազդեցություն ունենա։

«Ապրելով գյուղում՝ տեսել եմ, թե կանայք գյուղում ինչքան են աշխատում, բայց որպես կանոն իրենց ձեռքին գումար չեն ունենում։ Այդ պատճառով մեր աշխատակիցների մոտ 90 տոկոսը հենց իր ծննդավայրի՝ Քարահունջ գյուղի կանայք են։Ամառվա ամիսներին 6-7 կին է աշխատում մեզ մոտ, իսկ երբեմն նաեւ օրավարձով ենք կանանց ներգրավում», - պատմում է նա։
Իտալացի հյուրերը Իտալացի հյուրերը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսպիսով, «Թռիչքը» ոչ միայն տուրիստական կենտրոն է, այլեւ աշխատատեղ՝ հատկապես գյուղի կանանց համար, ինչը մեծ ազդեցություն ունի համայնքի սոցիալական կյանքում։ 

Այսօր ճանապարհը ոչ միայն հարմարավետություն է ապահովում, այլեւ կապ է ստեղծում համայնքապետարանի, բիզնեսի ու հասարակության միջեւ։

Հեռանկարներ եւ նոր գաղափարներ

«Թռիչքը» շարունակաբար զարգանում է․ արդեն տեղադրվում են երեք գլեմփինգներ, ապագայում նախատեսվում է կառուցել նաեւ փայտե տնակներ։ Ծառատունկ է իրականացվել, որոնց ոռոգումն ապահովել միայն այս տարի է հնարավոր եղել, իսկ մինչ այդ դույլերով էին հասցնում մինչեւ 500 մետր շառավղով։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Շատ զբոսաշրջիկներ գուցե իրենց կյանքում երբեւէ դեղձի կամ ընկույզի ծառ չեն տեսել։ Այստեղ նրանք կարող են իրենց ձեռքով միրգ պոկել ու համտեսել։ Դա ոչ միայն հաճելի փորձ է, այլեւ կրթական»,- ասում է Իրինայի ամուսինը՝ Նարեկը։

Իրինայի հաջորդ գաղափարը պարանուղի կառուցելն է. «Մեր տարածաշրջանում երեխաների համար ժամանցի կենտրոնները շատ չեն։ Մենք ուզում ենք տարբերակներ ստեղծել, որ նրանք ծառ բարձրանան, խաղան, կտրվեն հեռախոսներից։ Այդպիսով «Թռիչքը» կդառնա ամբողջական հանգստի գոտի՝ գիշերակացով, սննդով ու ժամանցով»։

Մշակույթի փոփոխություն

«Նախկինում գրեթե անհնար էր, որ ընտանիքը առանց առիթի գար ընթրիքի։ Հիմա դա դառնում է սովորական բան։ Մարդիկ սկսում են ավելի շատ գնահատել իրենց ժամանակը, բնության հետ կապը, միմյանց հետ շփումը, միասին լինելու մշակույթը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Բիզնեսը կարող է մշակույթ փոխել հասարակության մեջ։ Մենք փոփոխություն ենք մտցնում այն մարդկանց կյանքում, ում հետ շփվում ենք։ Գիտենք, որ արժեքը կարող է ստեղծվել յուրաքանչյուր հանդիպման ժամանակ», – ասում է նա։

Դոնորների վստահությունը՝ որպես թեւեր

«Դրամաշնորհները շատ են հեշտացնում բիզնեսի զարգացումը։ Վարկով բիզնես սկսել Հայաստանում գրեթե անհնար է՝ տոկոսադրույքները չափազանց բարձր են։ Դոնորների աջակցությունը միայն գումարով չի չափվում։ Դա նաեւ գիտելիք է, փորձի փոխանցում, վստահություն, որ քո գաղափարը իրագործելի է։ Երբ հանձնաժողով հավանություն է տալիս քո գաղափարին, դա արդեն մեծ պատասխանատվություն է։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հատկապես այն միջավայրում, որտեղ կանայք հիմնականում կենցաղով են զբաղվում, դոնորի վստահությունը կնոջ գաղափարին մեծ փոփոխություն է բերում ինչպես ընտանիքում, այնպես էլ համայնքում», – վստահեցնում է Իրինան։

Նրա համոզմամբ, Սյունիքում կատարվող ներդրումները փոխում են կյանքի տրամաբանությունը։ «Շորին ձոր տանող ճանապարհի բարելավումը բերեց նոր շարժ ու նոր շունչ․ մարդիկ սկսեցին մտածել բիզնես հիմնելու մասին։ Իսկ երբ այդ ամենին միանում են տարբեր կազմակերպությունների փորձն ու աջակցությունը, արդյունքը դառնում է ավելի մեծ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Տեղական ձեռներեցների համառությունը, միջազգային դոնորների աջակցությունը եւ ենթակառուցվածքների զարգացումը միասին կարող են ստեղծել տնտեսական աճի նոր ալիք ու Սյունիքը դարձնել զբոսաշրջության նոր գրավչության կենտրոն»,- վստահեցնում է Իրինան։

Անահիտ Բաղդասարյան

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Այս հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես Մեդիամաքսի պատասխանատվությունն է եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին