Փքաբլիթից մինչև մեծ երազանք. Սվետիկ Հարությունյանի նոր կյանքը Գորիսում - Mediamax.am

exclusive
264 դիտում

Փքաբլիթից մինչև մեծ երազանք. Սվետիկ Հարությունյանի նոր կյանքը Գորիսում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


58-ամյա Սվետիկ Հարությունյանի կյանքը սեւ եւ սպիտակ շրջափուլերի է բաժանվել։ 2023 թ-ին Ստեփանակերտից արտագաղթելուց հետո նա իր ընտանիքի հետ միասին ճարահատյալ եւ հուսահատված ապաստան գտավ Գորիսում։ Սակայն տիկին Սվետիկը որոշեց չհանձնվել ճակատագրի քմահաճույքներին, այլ պայքարել իր եւ իր ընտանիքի ապագայի համար։ 

2024 թ-ին նա մասնակցեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀԱՎԱՍԱՐ. ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման» ծրագրին, որն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի համագործակցությամբ։ Այդ ծրագիրը «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության մի մասն է, որը համատեղ իրականացնում են Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, ԵՄ անդամ երկրներ՝ Ավստրիան, Չեխիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լիտվան, Նիդերլանդները, Լեհաստանը, Շվեդիան, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիան։ Նախաձեռնության հիմնական նպատակը Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթանումն է։

Տիկին Սվետիկի համեղ առավոտները

Տնից բուրում էր թարմ ջեմով ռուլետի հոտը։ Խոհանոցում Սվետիկ Հարությունյանը զգուշորեն շտկում էր խմորեղենի եզրերը՝ հերթը հասել էր զարդարմանը։ Չէր թողնում նկարենք․«Թող զարդարեմ, նոր նկարի, որ սիրուն երևա նկարում»,– ժպտալով ասում էր նա։

Լուսանկարը` Մեդիամաքս


Իմ խնդրանքներին, որ համատեղ պատրաստենք ու ընթացքից էլ նկարեմ, Սվետիկը պատասխանեց իր հանգիստ, վստահ ձայնով․ «Արդեն թխել եմ, բայց միասին էլ կթխենք, մի մտածիր»։

Խոհանոցում ամեն ինչ հուշում էր, որ այս տունը թխվածքների հոտով է ապրում։ Թեև տարածքը փոքր է, բայց Սվետիկի ձեռքով պատրաստված յուրաքանչյուր ուտեստ իր մեջ կրում է ջերմություն, հոգատարություն և կյանքը շարունակելու մեծ ցանկություն։

Ստեփանակերտից մինչև Գորիս․կրկին ու կրկին սկսելու փորձը

58-ամյա Սվետիկը ծնունդով Գորիսից է։ Ամուսնու աշխատանքի և որդու ծառայելու պատճառով ընտանիքով տեղափոխվել ու շուրջ 25 տարի ապրել է Ստեփանակերտում։ Այդ տարիները լի էին աշխատանքով, ընտանիքի հոգսերով և սիրով պատրաստված ուտելիքներով։

2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ ընտանիքը ժամանակավոր տեղափոխվել էր Գորիս, սակայն խաղաղության հույսով նորից վերադարձել Ստեփանակերտ։ Բայց 2023-ի սեպտեմբերին տեղահանման երկրորդ փորձությունը վերջնականապես փոխեց նրանց կյանքը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոր կյանքը, սակայն, չեկավ առանց ցավի։ Տեղահանությունից մի քանի ամիս անց Սվետիկը կորցրեց ամուսնուն։ Այժմ ապրում է միայնակ՝ խնամելով հաշմանդամություն ունեցող որդուն։ 

«Հիմա ես եմ տան տղամարդն ու կինը, պիտի ամեն ինչ հասցնեմ․ տղայիս դեղերը, տան վարձը, ու ապրուստն էլ ապահովեմ»,– ասում է նա։

Նոր կյանքը Գորիսում սկսվեց ոչ թե ընտրված, այլ հարկադրական պայմաններում։ Բայց Սվետիկը որոշեց, որ այս ամենը չի կոտրի իրեն․ անհրաժեշտ էր ուժ գտնել, որ կյանքը շարունակվի։

Փքաբլիթից սկսված ճանապարհ

Ստեփանակերտում Սվետիկի հրուշակեղեն պատրաստելու պատմությունը սկսվեց պատահական, բայց դարձավ կյանքի ուղի։ Տունը մոտ էր 8-րդ դպրոցին, որտեղ հացաբուլկեղենը վաճառվում էր փոքրիկ կրպակում, այն էլ՝ մինչև ժամը 11-ը։ Դրանից հետո աշակերտները գալիս էին, տեսնում, որ կրպակն արդեն փակ է ու սկսում բողոքել, որ սոված են։ Նա էլ որոշեց առաջին անգամ փքաբլիթներ պատրաստել ու վաճառել հենց այդ ժամից հետո։

«Տեսա, որ երեխաները սպասում են իմ թխածին, ու սկսեցի մեծ քանակով պատրաստել։ Ինձ մոտ դա ստացվեց՝ ավելի լավ, քան խանութի տիրոջ մոտ»,– ժպիտով հիշում է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ժամանակի ընթացքում փքաբլիթներին ավելացան տարբեր հացաբուլկեղեններ՝ թխվածքաբլիթներ, հացիկներ, կարկանդակներ։ Ամեն ինչ պատրաստվում էր տնական պայմաններում, բայց սրտով ու սիրով։ Փոքրիկ արտադրությունը դարձավ համայնքի սիրելի անկյուն, որտեղ երեխաները գիտեին՝ մինչև ժամը 11-ը խանութից կառնեն, իսկ հետո՝ Սվետիկի խոհանոցից մի  քանի բան համտեսելու կգան․․․ 

Երբ եկավ Գորիս տեղափոխվելու օրը, նրանց մեքենայում տեղավորվեցին միայն իրենք, աղջիկը՝ երեխայի հետ և 20 լիտր ջուր։ «Փակել եմ տանս դուռը՝ հետ վերադառնալու հույսով»,- ասում է Սվետիկը, և այդ խոսքերի հետևում թաքնված հույզերը նա չի էլ փորձում թաքցնել։

Լեռնային Ղարաբաղից մնացել են միայն հիշողությունները․ «Երեխաներս հեռախոսիցս ջնջել են բոլոր նկարները, որովհետև ամեն օր նայում ու հուզվում էի։ Բայց հիշողություններս չեն կարող ջնջել․ դրանք ինձ հետ են ընդմիշտ»։

Վերապատրաստումներից դեպի սեփական գործ

Գորիսում տիկին Սվետիկը որոշեց շարունակել իր գործը, այս անգամ՝ ավելի կազմակերպված ու մրցունակ։ Նա մասնագիտությամբ վարսահարդար, խոհարար և հրուշակագործ է, սակայն վերջինը նրա համար ամենահոգեհարազատ մասնագիտությունն է։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա մասնակցեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀԱՎԱՍԱՐ. ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման» ծրագրին, որն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի համագործակցությամբ։

Ծրագրի շրջանակում նա անցել է բիզնեսի, հրուշակագործության և սննդի պատրաստման դասընթացներ, սովորել ժամանակակից պատրաստման մեթոդներ, արտադրանքի ձևավորման նրբություններ, վերապատրաստվել Գորիսի պետական քոլեջում։ Վերապատրաստումներից հետո ստացել է հրուշակագործությամբ զբաղվելու համար սարքավորումներ։  

«Սա շատ մեծ աջակցություն էր ինձ համար։ Հիմա կարող եմ արագ ու որակով աշխատել և բազմազանություն ներառել իր տեսականու մեջ»,– ասում է նա։

Այսօր Սվետիկը պատրաստում է ոչ միայն ավանդական թխվածքներ, այլև բազմաշերտ տորթեր, ժինգյալով հաց, տնական հալվա և մանկական տոնական խմորեղեն։ Նրա պատրաստածն առանձնանում է ոչ միայն համով, այլև պատմությամբ․ յուրաքանչյուր կտոր իր մեջ կրում է տան հոտը, անցյալի հիշողությունները և ապագայի հույսը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամառային արձակուրդներին տիկին Սվետիկը աշխատում է անհատ պատվերների վրա, իսկ սեպտեմբերից կրկին կվերադառնա դպրոցական սննդի պատրաստմանը։ Չնայած վարձակալած մեկ սենյականոց բնակարանի փոքր տարածքին՝ հաճախորդների պակաս չկա։

«Սոցհարթակներում չկամ, բայց ծանոթներն այնքան շատ են, որ պատվերներ միշտ կան»,– ասում է նա։

Ապագայի երազանքը՝ սեփական արտադրամաս

Սվետիկը սպասում է պետության կողմից սահմանամերձ բնակավայրերում բնակարան գնող տեղահանվածներին տրամադրվող աջակցությանը։ Ծրագիրը նախատեսում է յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար 5 միլիոն դրամ, և քանի որ իրենց ընտանիքում երկուսն են՝ ինքն ու որդին, գումարը կկազմի 10 միլիոն դրամ։

«Գորիսում այդ գումարով անհնար է բնակարան գնել։ Գները շատ բարձր են, իսկ առաջարկները՝ քիչ։ Բայց ես ուզում եմ, որ իմ տունը ոչ միայն ապրելու, այլև աշխատելու հնարավորություն տա»,– ասում է Սվետիկը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրա մտքում հստակ պատկեր կա․ գնալ սահմանամերձ գյուղերից մեկը, գնել առանձնատուն, որի առաջին հարկում կստեղծի իր վաղուց երազած արտադրամասը։ Այնտեղ կթխի հաց, թխվածքներ, տորթեր, նաև կպատրաստի ավանդական ժինգյալով հաց։ Տանը կպահի հավեր ու կովեր, որպեսզի կաթն ու ձուն հենց տեղում ունենա։ Եվ կշարունակի բոլորի սիրելի դարձած փքաբլիթները թխել։ Չէ՞ որ փքաբլիթը տիկին Սվետիկի համար վաղուց այլևս պարզապես ուտեստ չէ․ այն դարձել է իր նոր կյանքի խորհրդանիշը։

Անահիտ Բաղդասարյան

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի  համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Այս հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես Մեդիամաքսի պատասխանատվությունն է եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին