Սյունիքում փոխվում է սոցիալական ծառայությունների տրամաբանությունը - Mediamax.am

exclusive
284 դիտում

Սյունիքում փոխվում է սոցիալական ծառայությունների տրամաբանությունը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Շուշանիկ Ներսեսյան

Լուսանկարը` Շուշանիկ Ներսեսյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Դանիելյանը
Աննա Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արծրուն Գալստյանը
Արծրուն Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինա Հովհաննիսյանը
Քրիստինա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2023 թվականից Սյունիքի մարզում մեկնարկել է «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը, որի նպատակն է ձեւավորել եւ զարգացնել կայուն համայնքահեն սոցիալական ծառայություններ։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ «Վիննեթ Գորիս» հիմնադրամի եւ «Հայկական Կարիտաս»  ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

«Գործընկերություն հանուն Սյունիքի․բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը մաս է կազմում «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության», որը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակը Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթանումն է։

Ծրագիրն ընդգրկում է Սյունիքի յոթ խոշորացված համայնք՝ Տեղ, Սիսիան, Մեղրի, Գորիս, Տաթեւ, Քաջարան եւ Կապան։ Այն հիմնված է մի պարզ, բայց հիմնարար սկզբունքի վրա՝ համայնքներն իրենք են նախանշում իրենց սոցիալական կարիքները, ձեւավորում դրանց արձագանքող ծառայություններ եւ ապահովում այդ ծառայությունների մատչելիությունն ու շարունակականությունը։ Այս մոտեցման հիմքում երեք կարեւոր բաղադրիչներ են․ նախ՝ տեղական համայնքներն են սահմանում իրենց առաջնահերթ սոցիալական կարիքները, ապա ծառայությունների մատուցման համար ներգրավվում եւ համապատասխան պատրաստվածություն են ստանում տեղական հավաստագրված կազմակերպությունները, եւ վերջում՝ ներդրվում եւ փորձարկվում են նոր մոդելներ, որոնք հնարավոր է պահպանել երկարաժամկետ հիմքով՝ նաեւ ծրագրի ավարտից հետո։

Համայնքներից սկսվող խնամք

Ենթադրամաշնորհային բաղադրիչը ծրագրի գործիքակազմի մաս է, որը հնարավորություն է տալիս համայնքներին արձագանքել իրենց սոցիալական կարիքներին՝ ձեւավորելով կայուն եւ ներառական ծառայություններ։

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը դրամաշնորհներ է տրամադրել ինչպես տեղական հասարակական կազմակերպություններին, այնպես էլ համայնքապետարաններին՝ հնարավորություն տալով վերջիններիս հիմնել եւ փորձարկել  նոր սոցիալական ծառայություններ, որոնք կարող են հետագայում հիմք հանդիսանալ պետական ֆինանսավորմամբ մատուցվող ծառայությունների ընդլայնման համար։ 

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, ծրագրի ղեկավար Քրիստինա Հովհաննիսյանը նշում է, որ «առաջարկված մոդելը բազմակողմանի համագործակցության վրա է հիմնված՝ համայնք, պետություն, հասարակական սեկտոր, երբեմն նաեւ բիզնես։ Սա ամենարդյունավետ ճանապարհն է՝ հասնելու համակարգային փոփոխության»։

Քրիստինա Հովհաննիսյանը Քրիստինա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծրագրի տրամադրած ֆինանսական աջակցությամբ Սյունիքի համայնքներում ստեղծվել կամ վերազինվել են տարեցների խնամքի կենտրոններ, սոցիալական տաքսի ծառայություններ, երեխաների ներառական զարգացման կենտրոններ, ընտանիքների աջակցման կառույցներ, ինչպես նաեւ հիմնվել են փոքր սոցիալական ձեռնարկություններ եւ այլ կարիքահեն սոցիալական ծառայություններ։

Համայնքային մտածողության փոփոխություն. դրամական աջակցությունից դեպի ծառայություն

Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալ Աննա Կարապետյանի խոսքով՝ ծրագրի շնորհիվ համայնքում տեղի է ունենում հիմնարար փոփոխություն սոցիալական աջակցության մշակույթում։ Նախկին նպաստային համակարգը փոխարինվում է համայնքի կողմից մատուցվող հասցեական եւ կայուն սոցիալական ծառայություններով։

«Սա արմատական փոփոխություն է համայնքի սոցիալական պաշտպանության համակարգում։ Մինչ այս աջակցությունը հիմնականում դրամական նպաստների տեսքով էր, այժմ մենք իրականացնում ենք ծառայություններ՝ հիմնված կարիքների բազմակողմ գնահատման վրա», – ընդգծում է Աննա Կարապետյանը։

Սիսիանում, օրինակ, հիմնադրվել է սոցիալական տաքսի ծառայություն՝ նախատեսված տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար։ Ծառայությունը տրամադրվում է անվճար, նպատակային կերպով՝ տեղափոխելով խոցելի խմբերին բժշկական, կրթական, մշակութային հաստատություններ։

Լուսանկարը` Շուշանիկ Ներսեսյան


Սիսիան խոշորացված համայնքում ծրագրի շրջանակում գործում է նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների  տնային պայմանների հարմարեցման  ծառայություն, որը իրականացվում է «Հանրային խորհրդատվության եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ- ի կողմից, որի նպատակն է բարելավել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հաշմանդամություն ունեցող երեխաների բնակարանային պայմանները՝ շեշտադրելով մատչելիությունը եւ ազատ տեղաշարժվելու հնարավորությունը։

Մեղրի համայնքի Լիճք եւ Տաշտուն բնակավայրերում, որոնք բնակչության թվի նվազման առաջատարներից են մարզում, «Համայնքային զարգացման ուղի» ՀԿ-ն հիմնադրել է տարեցների խնամքի ցերեկային ժամանցի կենտրոններ։

Կենտրոնները նախատեսված են Լիճք եւ Տաշտուն բնակավայրերում բնակվող տարեցների համար։ Կենտրոնում նրանք ստանում են սոցիալ-հոգեբանական, սոցիալ-վերականգնողական եւ այլ խորհրդատվություններ, ստեղծագործում եւ հաղորդակցվում են միմյանց, ինչպես նաեւ հանդիպում են համայնքի երեխաների հետ՝ փոխանցելով իրենց փորձն ու հիշողությունները։
Արծրուն Գալստյանը Արծրուն Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մեր նպատակը համայնքի տարեցներին հնարավորություն տալն է ակտիվ մասնակցելու համայնքային կյանքին, նրանց արժանապատիվ ծերություն ապահովելն է»,- նշում է ՀԿ նախագահ Արծրուն Գալստյանը։

Կենտրոնները գործում են Մեղրիի համայնքապետարանի կողմից  տրամադրած տարածքներում, եւ նրանց գործունեությունը ծրագրից հետո շարունակվելու է համայնքի ենթակայությամբ։

Սոցիալական հանձնաժողովները՝ համայնքային որոշումների նոր շարժիչ ուժ

Ծրագրի կարեւորագույն ձեռքբերումներից է համայնքային սոցիալական հանձնաժողովների ձեւավորումը։ Այս հանձնաժողովները գործում են համայնքապետներին կից եւ ներառում են բոլոր շահակից կողմերը՝ ՀԿ-ներ, համայնքային, սոցիալական ու կրթական կառույցներ, խոցելի խմբերի ներկայացուցիչներ։ 

Հանձնաժողովները պատասխանատու են համայնքի սոցիալական պլանների մշակման, ծառայությունների պլանավորման եւ գաղափարների գնահատման համար։ Նրանք քննարկում են ծրագրերի արդիականությունն ու կարիքները, առաջարկներ ներկայացնում դրանց բարելավման, ֆինանսական հնարավորությունների ներգրավման վերաբերյալ։

Սոցիալական հանձնաժողովների ձեւավորումը համընկել է նաեւ սոցիալական ոլորտում իրականացվող համակարգային բարեփոխումների հետ, մասնավորապես՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի փոփոխության։ Սա խթանել է համայնքների մտածողության վերափոխումը՝ դրամական աջակցության տրամադրման փոխարեն կենտրոնանալով ծառայությունների մատուցման վրա։
Աննա Դանիելյանը Աննա Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մինչ այս համայնքներում գործող  սոցիալական հանձնաժողովները հիմնականում զբաղվում էին կանխիկ դրամական աջակցություններ տրամադրելով, սակայն «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ  նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համայնքներն այլեւս չեն կարող տրամադրել դրամական աջակցություն։ Նոր հանձնաժողովները ձեւավորվել են այլ տրամաբանությամբ՝ ոչ թե գումար, այլ համայնքային սոցիալական ծառայություններ  առաջարկելու», – ասում է «Վիննեթ Գորիս» հիմնադրամի կողմից ծրագրի ղեկավար Աննա Դանիելյանը եւ ավելացնում, որ եթե նախկինում բնակիչը դիմում էր հետազոտության գնալու համար եւ համայնքը նրան տրամադրում էր, օրինակ, 30,000 դրամ՝ ճանապարհածախսի համար, ապա հիմա այդ նույն խնդիրը լուծվում է այլ կերպ։  Հանձնաժողովների կողմից մշակված տեղական համայնքային սոցիալական  ծրագրերի շրջանակում  կազմակերպվում է, օրինակ, սոցիալական տաքսի ծառայություն, որը անվճար տեղափոխում է քաղաքացուն բժշկական հաստատություն»։

Աննա Դանիելյանի խոսքով՝ հանձնաժողովների կայացման գործընթացը միշտ չէ, որ եղել է դյուրին։ Հատկապես փոքր համայնքներում դժվարություններ են առաջացել ներգրավվածության եւ պատասխանատվության մասում։ Հանձնաժողովները գործել են հասարակական հիմունքներով, եւ հաճախ հասարակական մասնակցության մշակույթը դեռ նոր էր։

«Ոչ բոլոր համայնքներն էին պատրաստ այդպիսի մոդելին։ Ոմանք չէին վստահում գործընթացին, իսկ որոշ դեպքերում խուսափում էին երկարաժամկետ պարտավորություններից։ Բայց հենց կարողությունների զարգացման շնորհիվ՝ մարդիկ սկսեցին հավատալ, որ իրենք կարող են իրական ազդեցություն ունենալ», – ավելացնում է նա։

Լուսանկարը` Շուշանիկ Ներսեսյան


Դժվարություններ են եղել նաեւ տարբեր շահառու կառույցների համակարգման, լիազորությունների հստակեցման ու տեղեկատվության փոխանակման հարցում։ Բայց առանց փոխադարձ վստահության կայուն սոցիալական համակարգ ունենալն ուղղակի հնարավոր չէ։ Շնորհիվ երկար աշխատանքի՝ այս հանձնաժողովներն այսօր հանդիսանում են համայնքային սոցիալական կառավարման առանցքային օղակները։ Դրանք ոչ միայն ամրապնդում են քաղաքացիների ներգրավվածությունն ու վստահությունը տեղական կառավարման նկատմամբ, այլեւ ապահովում են առավել թիրախավորված եւ արդյունավետ ծառայությունների հասանելիություն խոցելի խմբերի համար։

Հանձնաժողովների անդամների համար պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ՝ համայնքային մոբիլիզացիայի, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ  նոր օրենքի, տեղական սոցիալական ծրագրերի մշակման, ինչպես նաեւ ֆոնդահայթայթման հմտությունների վերաբերյալ։ Կարողությունների զարգացման գործընթացը  նրանց հնարավորություն է տալիս ոչ միայն  ավելի հստակ պատկերացնել  իրենց գործառույթները, այլեւ ստանձնել նախաձեռնող եւ համակարգող դեր համայնքում։

Սոցիալական հանձնաժողովների կարողությունների զարգացման գործընթացը զգալի դրական ազդեցություն է ունեցել ընդհանուր գործընթացի վրա: Համայնքները սկսեն վերաիմաստավորել սոցիալական խնդիրների լուծման կարեւորությունը եւ հանձնաժողովները դիտարկեն ոչ թե զուտ ֆորմալ, այլ որպես աջակից կառույցներ՝ համայնքի իրական կարիքները բացահայտելու եւ դրանց արձագանքելու համար։


Ծրագրի շրջանակում հանձնաժողովների անդամների համար կազմակերպվել է նաեւ ուսումնական այց դեպի Էստոնիա, որտեղ նրանք ծանոթացել են Էստոնիայի սոցիալական պաշտպանության համակարգին ու այժմ փորձում են այն տեղայնացնել իրենց համայնքներում։ Ուսումնական այց է կազմակերպվել նաեւ ՀՀ ԱՍՀ նախարարության ներկայացուցիչների համար՝ Չեխիայի Հանրապետության սոցիալական ոլորտի փորձին ծանոթանալու նպատակով։

«Մեր նպատակն է շարունակել բարելավել այդ միջավայրը, ամրապնդել կապերը ներգրավված կողմերի միջեւ եւ ձեւավորել այնպիսի համագործակցային մշակույթ, որտեղ սոցիալական աջակցությունը դիտարկվի որպես համատեղ պատասխանատվություն»,-նշում է Աննա Դանիելյանը։

Չնայած ընթացիկ դժվարություններին, հանձնաժողովների դերը շարունակում է մնալ առանցքային՝ կարիքահեն որոշումների կայացման գործընթացում։

Ծրագիրը շարունակվում է մինչեւ 2026 թվականը։ Այս ընթացքում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն աջակցում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ տեղայնացված բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ։ ՀԿ-ները ներգրավվում են ոչ միայն ծառայությունների մատուցման, այլեւ քաղաքականության մշակման, շահերի պաշտպանության եւ հետազոտական գործընթացներում։


Ծրագրի նպատակը միայն  առկա իրավիճակը  բարելավելը չէ, այլ հիմք ստեղծել սոցիալական ծառայությունների նոր համակարգի համար՝ հիմնված արժանապատվության, ներգրավվածության եւ երկարաժամկետ կայունության վրա։

Տեղական կազմակերպությունների վստահելի ներկայությունը համայնքներում

Ծրագրի շրջանակում առանցքային դեր ունեն տեղական հասարակական կազմակերպությունները, որոնք ոչ միայն իրականացրել են փորձնական մոդելներ, այլեւ ձեւավորել են համայնքներում վստահելի գործընկերության մշակույթ։ Այս կազմակերպությունները ներգրավված են եղել ոչ միայն որպես ծառայություն մատուցող, այլ նաեւ որպես բարեփոխումների մասնակից՝ համագործակցելով համայնքապետարանների, պետական մարմինների եւ շահառուների հետ։ Հատկապես ընդգծելի է, որ մի քանի տեղական ՀԿ-ներ արդեն հավաստագրվել են՝ որպես համայնքահեն սոցիալական ծառայությունների պաշտոնական մատակարարներ։

Տեղական հասարակական կազմակերպությունների հավաստագրումը թույլ է տալիս նրանց ոչ միայն շարունակել գործունեությունը ծրագրից հետո, այլ նաեւ մաս կազմել պետության եւ ՏԻՄ-երի երկարաժամկետ ռազմավարությունների մեջ։ «Գործընկերություն եւ Ուսուցում», «Համագործակցության Կամար» եւ «Գորիսի նոր սերունդ» ՀԿ-ները այս ընթացքում հաստատագրվել են՝ երեխաների, տարեցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցելու համար

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս ծառայությունները փորձարկվել են ծրագրի ֆինանսավորմամբ, սակայն ներկայում արդեն Տեղ, Տաթեւ եւ Գորիս խոշորացված համայնքներում դրանք ստացել են պետական համաֆինանսավորում։ Սա խոսում է ոչ միայն ծրագրի հաջող ընթացքի, այլ նաեւ այն կայունության մասին, որը հնարավոր է, երբ համայնքները եւ տեղական ՀԿ-ները աշխատում են միասնաբար՝ համայնքի կարիքներին համարժեք լուծումներ ձեւավորելու ուղղությամբ։

Այս օրինակները ցույց են տալիս, որ համայնքներն աստիճանաբար առաջնահերթում են ոչ թե դրամական օգնությունը, այլ հասանելի եւ ներառական ծառայությունների զարգացումը։ Արդյունքում ձեւավորվում է նոր մոտեցում, որտեղ տեղական նախաձեռնությունը, մասնագիտական կարողությունները եւ համակարգային աջակցությունը հանգեցնում են սոցիալական պաշտպանության իրական բարեփոխման։

Անահիտ Բաղդասարյան

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի  համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Այս հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես Մեդիամաքսի պատասխանատվությունն է եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին