Համայնքի առաջնորդությամբ` դեպի կայուն զարգացում. Կապանի օրինակը - Mediamax.am

exclusive
511 դիտում

Համայնքի առաջնորդությամբ` դեպի կայուն զարգացում. Կապանի օրինակը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտյոմ Համբարձումյանը
Արտյոմ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Թադևոսյանը
Գոռ Թադևոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եվա Խաչատրյանը
Եվա Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երիտասարդական կենտրոնի դասընթացի մասնակիցները
Երիտասարդական կենտրոնի դասընթացի մասնակիցները

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստ Մարուքյանը
Քրիստ Մարուքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերջին տարիներին Կապան համայնքում սկսվել են սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք նախաձեռնություններ, որոնք աջակցություն են ստացել Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակում»։

Կապանում իրականացվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը մաս է կազմում «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության», որը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակը Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթանումն է։

Նորարարական մոտեցում՝ համայնքների զարգացման հենքում

Ծրագիրը Կապանում մեկնարկել է 2022 թվականին՝ երկրորդ փուլի շրջանակում։ Համայնքը սկսել է կիրառել ծրագրի առանցքային բաղադրիչ համարվող՝ պորտֆելային  մոտեցումը (portfolio approach), որպես կառավարման նորարար գործիք։ Այն նպաստում և կիրառվում է ճկուն, փորձարարական և տվյալներով առաջնորդվող որոշումների կայացմանը։ Մոտեցումը նաև սխալվելու, հնարավորություն է տալիս. մի երևույթ, որը տարբերվում էր ղեկավարման և ծրագրերի կառավարման ավանդական մշակույթին։

«Փորձարկելու մշակույթը սկզբում խորթ էր թվում, սակայն այսօր այն դիտվում է որպես զարգացման մաս՝ սովորելու հնարավորություն։ Փորձում ենք հնարավոր լուծումները, վերլուծում արդյունքները ու հետո միայն ընտրում լավագույն տարբերակը»,– նշում է Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը։

Գոռ Թադևոսյանը Գոռ Թադևոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Պորտֆելային մոտեցման կիրառմամբ համայնքները մշակում են իրենց զարգացման տեսլականը՝ միաժամանակ գնահատելով տարբեր նախաձեռնությունների փոխկապակցվածությունը, ազդեցությունը և իրականացման առաջնահերթությունները՝ տեղական ներուժի, ռեսուրսների, կարիքների ու հեռանկարների համադրված վերլուծության հիման վրա։

Այդ տեսլականից բխեցվում են դրա իրականացմանն իսկ միտված ծրագրեր և գործողություններ, որոնք նախ իրականացվում են փորձարարական մակարդակով՝ ծրագրի ֆինանսավորմամբ։ Եթե այս քայլերը տալիս են տեսանելի արդյունք, ապա դրանք կարող են դառնալ ինստիտուցիոնալ՝ համայնքային կամ պետական բյուջեով շարունակական ֆինանսավորման ներքո։

ՄԱԶԾ կողմից իրականացվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի ղեկավար Քրիստ Մարուքյանի խոսքով՝ նույնիսկ այն գաղափարները, որոնք սկզբնական փուլում չեն տալիս ցանկալի արդյունք, դառնում են արժեքավոր սովորելու տեսանկյունից։ «Նախաձեռնությունը չի մերժվում, այլ վերլուծվում է՝ պարզելու, թե ինչու չաշխատեց տվյալ լուծումը և ինչ այլընտրանքային մոտեցում կարելի է կիրառել։ Այսպիսով, պորտֆելային մոտեցումը դառնում է համայնքի զարգացման նոր մշակույթ՝ կառուցված փորձի, վերլուծության և  նոր իրողություններին հարմարվելու գործելակերպի վրա։ Համայնքները, որոնք հիմնականում վարչարարական գործառույթներ էին իրականացնում, այժմ վերածվում են ռազմավարություն մշակող և փոփոխություններ առաջնորդող դերակատարների»,-ընդգծում է նա։
Քրիստ Մարուքյանը Քրիստ Մարուքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


ՀՀՏԶ ծրագրի շրջանակում պորտֆելային մոտեցումը կիրառվել է 3 համայնքում՝ Գյումրիում, Արենիում և Կապանում։ Ծրագրի կիրառման ընթացքում համայնքներն առաջ են բերել իրենց տեսլականներն ու առաջնահերթությունները։ Օրինակ Կապանում, համայնքի տարբեր դերակատարների հետ քննարկումների արդյունքում, որոշվել է խթանել բիզնեսի բազմազանեցման, ձեռներեցության այլընտրանքային ուղղությունների զարգացման և համայնքային մասնակցայնության նոր մեխանիզմներ՝ ապահովելով ավելի կայուն, ներառական և հեռանկարային զարգացում։

Տեղական տնտեսության դիվերսիֆիկացիա՝ այլընտրանք հանքարդյունաբերությանը

Կապան համայնքի ղեկավարի տեղակալը նշում է, որ ծրագրի մեկնարկին երկու կարևոր նպատակ էր սահմանվել․ բարձրացնել սոցիալական ծառայությունների որակը և դիվերսիֆիկացնել համայնքի տնտեսությունը։ «Քանի որ Կապանի տնտեսության առանցքային ուղղությունը հանքարդյունաբերությունն է, մենք կարևորեցինք նաև այլ ճյուղերի զարգացումը՝ այլընտրանքային ուղիներով նպաստելով փոքր, միջին և խոշոր բիզնեսների զարգացմանը»,- ասում է Գոռ Թադևոսյանը։

Խոշոր բիզնեսներին աջակցելու նպատակով 2024 թվականին Կապանում համայնքապետարանի աջակցությամբ, բացվել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի մասնաճյուղը, որը տեղացի գործարարներին միացնում է հայաստանյան և միջազգային գործընկերների հետ։ Ակումբը ներառում է 15-ից ավելի կապանցի գործարար՝ հյուրընկալության, շինարարության, առևտրի և գյուղատնտեսության ոլորտներից։ Ակումբն իր անդամներին ընձեռում է փորձի փոխանակման, վերապատրաստումների, նոր կապերի ստեղծման և բիզնեսը նոր շուկաներում ներկայացնելու լայն հնարավորություններ։

Բացի խմբային հանդիպումներից, Կապանում իրականացվել են նաև անհատական բիզնես խորհրդատվություններ։ Այս ձևաչափը թույլ է տալիս բիզնեսներին հասկանալ սեփական զարգացման առաջնահերթությունները և ստանալ հատուկ իրենց կարիքներին համարժեք մասնագիտական աջակցություն։ Իրականացվել է նաև խորը ուսումնասիրություն բիզնեսի զարգացման հնարավոր ուղղությունների, ներուժի, առկա խոչընդոտների և հնարավորությունների մասին, որի արդյունքները հասանելի են դարձվել ձեռներեցներին՝ ավելի տեղեկացված որոշումների կայացմանն օժանդակելու համար։

Շինանյութի վաճառքով զբաղվող Արտյոմ Համբարձումյանը մասնակցել է անհատական բիզնես խորհրդատվությունների, որոնք, նրա խոսքով, եղել են արդյունավետ ու գործնական՝ հաշվի առնելով նաև իր բիզնեսի առանձնահատկությունները։ «Խոսել ենք զարգացման, պլանավորման, ռազմավարություն մշակելու մասին։ Նույնիսկ երկար տարիների փորձ ունեցող գործարարը կարող է նոր բան սովորել ու զարգանալ։ Արդեն կիրառում ենք մի շարք խորհուրդներ և զգում արդյունքը»,- նշում է նա։
Արտյոմ Համբարձումյանը Արտյոմ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


ՄԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով՝ նման գործելակերպը բարձրացնում է ՏԻՄ-ի հանդեպ վստահությունն ու ձևավորում է գործընկերային մթնոլորտ համայնքի և գործարարների միջև։

Երիտասարդների ներուժի բացահայտում և ուժեղացում

Ծրագրի կարևոր ուղղություններից է երիտասարդների ձեռնարկատիրական ներուժի զարգացումը։ Կապանի տասնյակ երիտասարդներ մասնակցել են ձեռնարկատիրության դասընթացների, որոնք կազմված են գաղափարի ձևակերպումից մինչև կայուն բիզնես կառուցելու փուլերից։ Դասընթացների ավարտին մասնակիցները հանդիպել են համայնքի ղեկավարի հետ, ներկայացրել իրենց գաղափարները, իսկ չորս սկսնակ ձեռներեցներ ստացել են դրամաշնորհներ՝ առաջին գործնական քայլերն իրականացնելու համար։

Եվա Խաչատրյանը ծրագրի շահառուներից մեկն է։ Նա ստեղծել է «Հեպարտ Ակադեմիա» կրթական կենտրոնը, որը գործում է հիբրիդային ձևաչափով և դասավանդում է սոցիալական մեդիայի մարքեթինգ, գրաֆիկ դիզայն, ռիլմեյքինգ, համակարգչային հմտություններ և այլ արդիական մասնագիտություններ։ «Դասընթացների ընթացքում հասկացա, որ իմ վաղուց ունեցած գաղափարը կարող է դառնալ իրական բիզնես։ Դա ինձ սթափեցրեց ու մղեց առաջին գործնական քայլին»,- ասում է Եվան և ավելացնում, որ իրենք ոչ միայն կրթում են, այլև օգնում կենտրոնի շրջանավարտներին աշխատանք գտնելու հարցում։ «Այն մեզ համար պարզապես բիզնես չէ, այլև համայնքային խնդիրների լուծման գործիք»։
Եվա Խաչատրյանը Եվա Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կապան համայնքի պորտֆելային մոտեցմամբ մշակված նախաձեռնությունների շրջանակում հիմնադրված երիտասարդական կենտրոնը ոչ միայն ժամանցային տարածք է, այլ նաև հարթակ՝ կրթական, մշակութային, ինտելեկտուալ և համայնքային ակտիվությունն ապահովող միջոցառումների համար՝ նպաստելով երիտասարդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։

«Մենք ոչ միայն ներգրավված ենք համայնքում անցկացվող բոլոր միջոցառումներում, այլև ինքներս ենք նախաձեռնում ծրագրեր՝ կրթականից մինչև մշակութային ու սոցիալական։ Կենտրոնն իրականում դարձել է այն վայրը, որտեղ գաղափարները վերածվում են նախաձեռնությունների, իսկ երիտասարդները՝ համայնքի զարգացման իրական մասնակիցների»,- մեզ հետ զրույցում պատմում է Կապանի երիտասարդական կենտրոնի համակարգող Հրանտ Արզումանյանը։

Բիզնես հմտությունների զարգացմանն անմասն չեն մնացել նաև պատանիները։ Ծրագրի շրջանակում ուշադրություն է դարձվում նաև արհեստագործական կրթության վերաիմաստավորմանը։ Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում և գեղարվեստի դպրոցում գործարկվել են կավագործության, կար ու ձևի, գորգագործության և փայտագործության խմբակներ։
Երիտասարդական կենտրոնի դասընթացի մասնակիցները Երիտասարդական կենտրոնի դասընթացի մասնակիցները

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս նախաձեռնության նպատակն է պատանիներին ու երիտասարդներին փոխանցել նոր, կիրառելի հմտություններ, որոնք կարող են ապագայում վերածվել ոչ միայն մասնագիտության, այլ նաև սեփական բիզնեսի հիմքի։ Խմբակների համար ստեղծվել են առանձին դասասենյակներ, ձեռք է բերվել անհրաժեշտ գույք և սարքավորումներ։

«Մենք կարևորել ենք, որ այս հարթակները զարգանան՝ ելնելով համայնքում արդեն առկա հնարավորություններից։ Արդյունքում՝ կրթական այս հաստատությունները վերածվել են ոչ միայն հմտությունների փոխանցման տարածքների, այլև մասնագիտական աճին նպաստող միջավայրի»,- շեշտում է Գոռ Թադևոսյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Որպես ձեռներեցության խթանման միջոց՝ համայնքը փորձում է ներդնել նաև գյուղատնտեսական նորարար մոդելներ։ Այդ նպատակով մրցութային կարգով տրամադրվել են դրամաշնորհներ հիդրոպոնիկ համակարգով անասնակերի արտադրության, միկրո կանաչեղենի աճեցման, ճագարաբուծության, մրգային չիպսերի արտադրության և ջերմոցային կառավարման խելացի համակարգերի ներդրման գաղափարներին։

Սոցիալական աջակցություն՝ մեկ հարթակում. թվայնացման նոր փուլ Կապանում

Կապանում ներդրվել է թվայնացված սոցիալական հարթակ, որը թույլ է տալիս սոցիալական աշխատողներին ունենալ Կապանի բնակիչների տվյալների ամբողջական թվային բազա ՝ առկա և ծագող խնդիրներին օպերատիվ արձագանք ապահովելու համար։ Հարթակի ստեղծման անհրաժեշտությունն ընդգծվել է հատկապես տեղահանվածների ինտեգրման ընթացքում։

«Աշխատելով սոցիալական ոլորտում՝ մենք հաճախ չենք կարողացել արագ արձագանքել՝ պարզապես տվյալների պակասի պատճառով։ Հիմա այդ տեղեկատվությունը մեկ հարթակում է՝ հասանելի ու ճշգրիտ»,- նշում են համայնքային սոցիալական աշխատողները, ովքեր սկզբում գործուղվել են Կապանի քույր քաղաք՝ Ֆրանսիայի Սենտ-Էտյեն և փորձի փոխանակման միջոցով ծանոթացել այնտեղ գործող մոդելին։ Վերադառնալուց հետո մշակվել է սոցիալական տվյալների թվայնացված համակարգ՝ նպաստելու և օժանդակելու համայնքում սոցիալական աջակցության գործընթացների ավելի արդյունավետ կառավարմանը։

ՏԻՄ-երի նոր դիմագիծը. վարչարարությունից դեպի զարգացում

Ծրագիրը փոխել է ոչ միայն համայնքի զարգացման ուղղությունները, այլև՝ ՏԻՄ-երի ներսում խորքային վերափոխման ենթարկել համայնքային կառավարման մշակույթը։ Համայնքապետարանի աշխատակիցները ներգրավված են նախագծերի մշակման, մասնակցայնության ապահովման, զարգացման տեսլականների ձևավորման և ծրագրերի իրականացման գործընթացում։ ՏԻՄ-ի ներսում ձևավորվել է պորտֆելային թիմ, որը համակարգում է համայնքի ռազմավարական ծրագրերն ու կապում տեղական կարիքները զարգացման հնարավորությունների հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այս ծրագիրն էականորեն փոխել է ՏԻՄ-երի ընկալումը։ Նրանք այլևս ոչ միայն վարչարարներ են, այլեւ զարգացող կառույցներ, որոնք նախաձեռնություն են ցուցաբերում և առաջնորդում փոփոխություններ»,- ամփոփում է Քրիստ Մարուքյանը։

Այս մոտեցումն առաջարկում է ՏԻՄ-երի նոր մոդել՝ կայուն զարգացման հեռանկարով, համագործակցության մշակույթով և համայնքի իրական կարիքներին արձագանքելու գործնական կարողությամբ։ Կառավարումը դառնում է ոչ թե ընթացակարգ, այլ արդյունքի հասնելու դինամիկ գործընթաց։

Անահիտ Բաղդասարյան

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի  համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Այս հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես Մեդիամաքսի պատասխանատվությունն է եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին