Ֆրանսիայի աջակցությունը Սյունիքի առողջապահական համակարգին (մաս II) - Mediamax.am

exclusive
617 դիտում

Ֆրանսիայի աջակցությունը Սյունիքի առողջապահական համակարգին (մաս II)


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլյա Շալունցը
Լիլյա Շալունցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Actions Santé Femmes («Հանուն կանանց առողջության») ասոցիացիան, որը ֆինանսավորվում է  Ֆրանսիական զարգացման գործակալության,  Օվերն Ռոն-Ալպեր շրջանի եւ Ֆրանսիայի դեսպանատան կողմից, Սյունիքի և Շիրակի մարզերում իրականացնում է «Հայաստանում կանանց առողջության պահպանում» (Santé des Femmes en Arménie) ծրագիրը: Դրա շրջանակում այդ մարզերի բժշկական հաստատությունների անձնակազմը կարողությունների զարգացման վերապատրաստումներ է անցնում։ Ծրագիրը մաս է կազմում «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության, որն ուղղված է Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։

«Լինելով մայրաքաղաքից հեռու՝ մեր մասնագետները երկար տարիներ նման ինֆորմատիվ և արդյունավետ դասընթացների շարք չէին անցել։ Շատ եմ կարևորում բուժանձնակազմի համար կազմակերպվող կարողությունների զարգացման նմանատիպ վերապատրաստումները»,- նշում է Գորիսի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական  բաժանմունքի վարիչ Վիգեն Ղուլունցը։

Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կրեդիտավորված դասընթացներն անց են կացվում Actions Santé Femmes ասոցիացիայի կողմից՝ Սյունիքի և Շիրակի մարզերում իրականացվող «Հայաստանում կանանց առողջության պահպանում» ծրագրի շրջանակում։ Եթե մյուս դեպքերում կրեդիտներ հավաքելու համար հայ բուժաշխատողները, այդ թվում՝ բժիշկները, բուժքույրերն ու մանկաբարձուհիները ստիպված են վերապատրաստումներն անցնել Երևանում, ապա այս դեպքում դասընթացներն են «հասել» Սյունիքի մարզ։

Actions Santé Femmes ասոցիացիան հիմնվել է 2015 թվականին և տարբեր երկրներում զբաղվում է կանանց առողջության խթանմամբ, մասնավորապես՝ գինեկոլոգիայի և մանկաբարձության ոլորտում։ Ասոցիացիայի հիմնական գործունեությունը ներառում է կանանց և երիտասարդներին կրթական և աջակցող ծրագրերի իրականացում, կոնֆլիկտների կամ բնական աղետների ժամանակ արտակարգ իրավիճակներին արձագանքում, կանանց իրավունքների պաշտպանություն և աջակցություն։

2020 թվականի պատերազմից հետո ասոցիացիան աջակցում է Հայաստանին բժշկական օգնություն ցուցաբերելու հարցում։ 2022 թ.-ից Ֆրանսիայի դեսպանատան, այնուհետև՝ Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ Սյունիքի մարզում կազմակերպությունն ակտիվ գործունեություն է իրականացնում։

2024 թվականի հունիսից Սյունիք ժամանած ֆրանսիացի գինեկոլոգի և մանկաբարձուհու կողմից ամեն ամիս անց են կացվում երկու վերապատրաստումներ, որոնցից մեկը՝ ավագ, մասնավորապես՝ գինեկոլոգների, մանկաբույժների, իսկ մյուսը՝ կրտսեր բուժաշխատողների՝ մանկաբարձուհիների ու բուժքույրերի համար։

«Մայրության դպրոցները» նպաստում են գրագետ ծնողավարությանը

Ծրագրի մյուս կարևոր բաղկացուցիչը Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Կապան համայնքներում «Մայրության դպրոցների» բացումն է, որտեղ ֆրանսիացի գինեկոլոգը հղիներին տեղեկատվություն է տրամադրում հղիության ընթացքի, ծննդաբերության, հետծննդաբերական շրջանի, նորածնի խնամքի, սննդակարգի և այլ թեմաների վերաբերյալ, իսկ մանկաբարձուհին  գործնական պարապմունքներն է անցկացնում՝ շնչառական վարժություններ, ռելաքսացիա, որոնք կարևոր են բնական ճանապարհով ծննդաբերության ընթացքում ցավի շեմի նվազեցման համար։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Չնայած արդեն մի բալիկ հասցրել էի մեծացրել ու թվում էր, թե փորձառու եմ, բայց հանդիպումներին ստացած գիտելիքների արդյունքում պատկերացումներս ամբողջովին փոխվել են, իսկ մի շարք կարծրացած սովորություններ՝ մոռացության մատնվել։ Օրինակ, մեծերից լսել էի, որ երեխային կրծքով կերակրելիս չի կարելի ջուր խմել, այնինչ հակառակն է․ քանզի մայրը կերակրելիս ջրազրկվում է, նրան նույնիսկ անհրաժեշտ է ջուր խմելը։ Հանդիպումների ընթացքում այնպիսի վարժություններ ենք անում, որոնք կօգնեն բնական ճանապարհով բալիկ ունենալ ավելի անցավ», - պատմում է իր երկրորդ երեխային սպասող Աննան։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Գորիսի ԲԿ-ում նախկինում էլ կար «Մայրության դպրոց», բայց այնքան ակտիվ չէր, ինչպես վերջին շրջանում՝ «Հանուն կանանց  առողջության» ասոցիացիայի հետ համատեղ ծրագիր իրականացնելիս։ Հանդիպումներին հղիների մասնակցությունը մեծ է, և դրանում մեծ դեր ունեն մեր բուժքույրերը, որոնք  իրազեկում են հղիներին հանդիպումների մասին։ Արդյունքում ամեն ամիս մինչև 20 հղի մասնակցում է հանդիպումներին»,- պատմում է Վիգեն Ղուլունցը։  

«Քանի որ Հայաստանում ցանկացած հղի կարող է առանց խոչընդոտի ընտրել կեսարյան հատումով երեխա ունենալու տարբերակը, «Մայրության դպրոցի» դասերի ընթացքում փորձում ենք նաև հղիներին տեղեկատվություն տրամադրել, որ դա նույնպես վիրահատություն է՝ իր հետագա ռիսկերով և հնարավոր բարդություններով, իսկ վերականգնողական շրջանն ավելի երկար է տևում։ Դրա պատճառը շատ դեպքերում այն է, որ մարզերում չունենք էպիդուրալ անզգայացում և, որպեսզի ցավը մեղմանա, տարբեր վարժություններ ենք առաջարկում»,- նշում է Actions Santé Femmes ասոցիացիայի հայաստանյան ծրագրերի համակարգող Լիլյա Շալունցը։
Լիլյա Շալունցը Լիլյա Շալունցը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ասոցիացիան «Մայրության դպրոցի» հանդիպումներն արդեն չորրորդ տարին է կազմակերպում, միայն վերջին հինգ ամսում այս ծրագրի շրջանակում կազմակերպվել է 22 հանդիպում, որից հինգը՝ Սյունիքում։ Լիլյա Շալունցի խոսքով՝ ժամանակն է այդ փորձը փոխանցել հայ բուժաշխատողներին, մասնավորապես՝ մանկաբարձուհիներին, որպեսզի, եթե ասոցիացիան նույնիսկ այլևս համայնքում աշխատանք չտանի, իրենք ունենան այն բոլոր գործիքներն ու հմտությունները, որպեսզի կարողանան շարունակել դպրոցի դասերի անցկացումը։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ծրագրի կարևոր նպատակներից է Հայաստանում մանկաբարձուհիների դերի բարձրացումն ու արժևորումը։ Եթե համեմատենք Ֆրանսիայի հետ, որտեղ վերջինս է հետևում հղիության ընթացքին, վարում ֆիզիոլոգիական ծննդաբերությունը ու նորածնի առաջին խնամքն իրականացնում, ապա մեզ մոտ նրանց ֆունկցիաները սահմանափակ են․ բժիշկի ներկայությունը պարտադիր է՝ անկախ նրանից՝ խնդիր կա, թե ոչ»,- նշում է ասոցիացիայի հայաստանյան ծրագրերի համակարգողը։

Կահավորված լսարաններ և վերապատրաստումներ՝ ուղղված բժշկական ոլորտի մասնագիտությունների կրթական կարիքներին

Ծրագրի կարողությունների զարգացման դասընթացների մյուս շահառուները Գորիսի պետական և Կապանի բժշկական քոլեջների քույրական և մանկաբարձական բաժինների ուսանողներն են։ Ամեն ամիս նրանց համար անցկացվում է դասախոսություն, որը համահունչ է իրենց պետական ծրագրին․ եթե ուսանողները դասերի ընթացքում անցնում են պտղի կամ հղիության թեման, ապա դասախոսությունն էլ վերաբերում է դրան, բայց այլ տեսանկյունից։

«Բժիշկ դառնալու մասին դեռ մանկուց եմ երազել, բայց հիմա քույրական բաժնում եմ սովորում․ Ֆրանսիայից ժամանած պրոֆեսորների կողքին ես կրկին հայտնվում եմ իմ երազանքներում։ Բավական հետաքրքիր են անցնում դասերը․ այն, ինչ մենք մեր դասերի ընթացքում անցնում ենք, ավելի ինտերակտիվ, անհրաժեշտ պարագաներով, սահիկաշարով ու դիդակտիկ նյութերով իրենք են ներկայացնում։ Վստահ եմ՝ ստացած գիտելիքներս կօգնեն նաև աշխատանք գտնելու հարցում»,- ասում է Գորիսի պետական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Ռուզաննա Մկրտչյանը։ Իսկ քոլեջի անատոմիայի և ֆիզիոլոգիայի դասախոս Լիանա Գևորգյանի խոսքով՝ ուսանողներն ակտիվ ներգրավված են այլընտրանքային ուսուցման պրոցեսում․ այնպիսի անմիջական մթնոլորտ է ձևավորվել, որ նրանք անկաշկանդ տալիս են ցանկացած հարց ու սիրով սպասում հաջորդ ամսվա հանդիպմանը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գորիսի պետական քոլեջը Actions Santé Femmes ասոցիացիայի գործընկեր է, համագործակցության շրջանակում բացվել է համապատասխան սարքավորումներով հագեցած ուսումնական լսարան, տրամադրվել են համակարգիչներ, պրոյեկտոր, մանկաբարձական վարժասարքեր և այլ պարագաներ։ Լսարանի բացմանը ներկա էր նաև ասոցիացիայի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Անրի-Ժան Ֆիլիպը։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այս ծրագրերը ոչ միայն օգտակար են համայնքների տարբեր դերակատարների և առողջապահական հաստատությունների, այլև հենց ասոցիացիայի թիմերի համար․ մեզ շատ ջերմ են ընդունում թե՛ մեր գործընկերը կազմակերպություններն ու հաստատությունները, թե՛ համայնքային իշխանությունները։ Ապագայում նախատեսում ենք շարունակել Սյունիքի մարզի իշխանությունների հետ համագործակցությունը՝ հատկապես կեսարյան հատումների հարցում նոր նախաձեռնություններ իրականացնելու ուղղությամբ»,- նշում է պրոֆեսորը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի խոսքով, ստացված աջակցությունը կարևոր է ոչ միայն ուսանողների, քոլեջի, այլև հենց Գորիս համայնքի և տարածաշրջանի համար, քանի որ ուսանողների մեծ մասը հետագայում աշխատում է հենց այս տարածաշրջանի տարբեր բժշկական հաստատություններում։

Կանանց համար առաջնային գինեկոլոգիական խորհրդատվությունների կազմակերպում Սյունիքի սահմանամերձ գյուղերում  

Դասախոսություններին ու վերապատրաստումներին հաջորդում են այցեր սահմանամերձ, հեռավոր գյուղեր, որտեղ առաջնային գինեկոլոգիական խորհրդատվությունները ծայրահեղ կարևոր են։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մենք չենք կարող ոչինչ անել, եթե կինը վերջին 10 տարում երեխա չի ունենում, բայց մենք տեսնում ենք կանանց, որոնք 40 տարի առաջ երեխա ունենալուց հետո երբևէ չեն այցելել գինեկոլոգի, որովհետև գանգատ չունեն։ Բայց գանգատ չունենալը դեռ ոչինչ չի նշանակում։ Մեր այցելությունները գյուղեր մի քանի կողմից կարելի է դիտարկել․ մի կողմից՝ փորձում ենք կանանց սոցիալական բեռը թեթևացնել ու անվճար կազմակերպել որոշ բժշկական ծառայություններ, մյուս կողմից էլ՝ բժշկի չայցելելու մշակույթը փոխել։ Ամեն դեպքում, եթե թողնենք կանանց ընտրությանը, էլի կշարունակեն չհետաքրքրվել իրենց առողջությամբ, իսկ որ մենք հասնում ենք իրենց գյուղ, այդ դեպքում գալիս են»,- ասում է Լիլյա Շալունցը։

Անահիտ Բաղդասարյան

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի  համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Այս հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես Մեդիամաքսի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին