«Սյունիքի մարզում առողջապահական իրավիճակի բարելավում՝ որակյալ առողջապահական ծառայությունների հասանելության և ամրապնդված քաղաքացիական հասարակության միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Օվերն Ռոն-Ալպեր շրջանի, Ֆրանսիական զարգացման գործակալության և Ֆրանսիայի դեսպանատան կողմից, Սյունիքում ակտիվ գործունեություն է իրականացնում «Սանտե Արմենի» (Santé Arménie) բարեգործական առողջապահական կազմակերպությունը։ Գորիսում 2021 թ-ից գործում է Հայաստանի հարավում մեծահասակների միակ վերականգնողական կենտրոնը, որտեղ բուժումն իրականացվում է անվճար։ Շուտով իր դռները կբացի նաեւ «Սանտե Արմենի»-ի մանկական վերականգնողական կենտրոնը։ Այս ծրագիրը մաս է կազմում «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության, որն ուղղված է Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։
«Վերականգնողական կենտրոնը կյանքի և մահվան խնդիր չի լուծում, բայց ոչ պակաս կարևոր՝ կյանքի որակի հարց է լուծում»
10-ամյա Սաթենիկը երկու տարուց ավել հաճախում է «Սանտե Արմենի» առողջապահական հիմնադրամի կողմից Գորիսում ստեղծված հայ-ֆրանսիական ցերեկային վերականգնողական կենտրոն։ Երեխայի մոտ տարիներ առաջ հայտնաբերվել է մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) հիվանդությունը։ Կենտրոն պարբերաբար հաճախելու արդյունքում երկարատեւ աշխատանքը նկատելի է․
«Եթե նախկինում առանց սայլակի ինչ-որ տեղ ուզում էր նստել, պետք էր կողքին անպայման հենարաններ դնել, իսկ հիմա առանց հենարանների հանգիստ նստում է։ Հուսանք, մի օր էլ առանց վախենալու թույլ կտանք, որ Սաթենիկը միայնակ նստի աթոռին․ այս կենտրոնի ու մեր չարչարանքն իր վերջնական արդյունքը կտա»,- ասում է երեխայի մայրը՝ Շուշանը։
Արդյունքը նկատելի է, քանի որ նախկինում՝ ամեն օր, իսկ հիմա՝ արդեն շաբաթական երեք անգամ ծնողներն աղջկան Սիսիանից բերում են կենտրոն ֆիզիոթերապևտիկ բուժման։ Մինչ Կենտրոն հաճախելը ծնողները երկու անգամ են կարողացել երեխային պետպատվերի շրջանակում բուժման տանել Երևանում տեղակայված Հանրապետական վերականգնողական կենտրոն, մի քանի անգամ էլ Սիսիանում են կազմակերպել բուժումը․ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներով գումար են հավաքել և ֆիզիոթերապեվտ ու բժիշկ հրավիրել Սիսիան, բայց դա էլ երկար չի շարունակվել․ կազմակերպվել է մի քանի տարվա ուշացումով ու կարճ ժամանակով, քանի որ ծնողները ի վիճակի չէին վճարել։
«Չնայած պետպատվերի շրջանակում տարեկան երկու անգամ 28 օր անվճար բուժում կարող էր ստանալ, սակայն ֆինանսական խնդիրների, այդ թվում՝ բնակվելու տեղ չունենալու, ինչպես նաև Սաթենիկի զույգ քրոջը միայնակ թողնելու պատճառով ոչ միշտ է հնարավոր եղել երեխային տանել բուժման։ Իսկ պետպատվերն այսպես էր, որ, եթե բաց ես թողնում, հնարավոր չէ այլ օրերի հաճախել»,- ավելացնում է երեխայի մայրը։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Սանտե Արմենի» կենտրոնի համակարգող Շուշան Միրումյանի խոսքով, Սաթենիկի հաճախելիությունը կրճատվել է արձանագրված զարգացման, առաջընթացի արդյունքում, ինչպես նաև ծնողների ֆինանսական վիճակի բարելավման պատճառով․ «Չնայած բուժումն անվճար է, բայց ամեն օր գնալ-գալը դժվար էր նրանց համար»,- ասում է նա։
Ֆիզիոթերապիայի և նեյրոօրթոպեդիկ վերականգնողական կենտրոնը նախատեսված է մեծահասակների համար, սակայն հարկադրաբար սկսել են ընդունել նաև երեխաների, քանի որ Կենտրոնին այլընտրանք չկա․ շատ են դիմում տարբեր հիվանդություններ ունեցող երեխաների բուժման համար, բայց Կենտրոնն առայժմ ի վիճակի է սպասարկել միայն ՄՈՒԿ-ով, նյարդաբանական և օրթոպեդիկ խնդիրներ ունեցող երեխաների։ Արդյունքում «Սանտե Արմենի»-ն որոշել է Գորիսում մանկական վերականգնողական կենտրոն ստեղծել, որն այլևս իրականություն է և արդեն շուտով կընդունի երեխաներին։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Վերականգնողական կենտրոնը կյանքի և մահվան խնդիր չի լուծում, բայց ոչ պակաս կարևոր՝ կյանքի որակի հարց է լուծում, որովհետև նման ծառայություն մայրաքաղաքից դեպի հարավ չկա, մինչդեռ Երևանում ծառայությունը բավական թանկ է, իսկ պետպատվերը տարվա ընթացքում 46 օր է տրամադրվում»,- ասում է Շուշան Միրումյանը։
Բացի առողջապահական խնդիր լուծելուց՝ անվճար բուժօգնությունը նաև մշակութային, մտածողության փոփոխություն է բերել տարածաշրջան
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ֆրանսիայից և եվրոպական այլ երկրներից բժիշկներ են ժամանել Սյունիք՝ իրենց մասնագիտական աջակցությունը ցուցաբերելու։ «Տեսնելով, որ տեղում գործունեություն ծավալելու անհրաժեշտություն կա ոչ միայն ճգնաժամի պահին, այլև հետագայում, պրոֆեսոր Արսեն Մեքինյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Սանտե Արմենի» հիմնադրամը, որը սկսել է աշխատել մի քանի ուղղություններով, դրանցից մեկը հենց վերականգնողական բուժումն է»,- նշում է «Սանտե Արմենի» կազմակերպության համակարգող Փաթիլ Քէշիշեանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Վերականգնողական բուժումը բազմապրոֆիլային է, կինեզիստների հետ միասին աշխատում են լոգոպեդը և հոգեբանը, ինչն ապահովում է բուժման արդյունավետությունը։ Կենտրոնում իրականացվում են նաև մասնագիտական վերապատրաստումեր, սեմինարներ՝ Ֆրանսիայից ժամանած մասնագետների մասնակցությամբ։ Կենտրոնն ապահովված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, բուժհաստատությունում աշխատում են ինչպես տեղացի, այնպես էլ Եվրոպական Միությունից ժամանած մասնագետներ, օրական այն ընդունում է մինչև 24 բուժառու։ Եթե սկզբում բուժառուները հիմնականում Գորիսի շրջանից էին, ապա հիմա շուրջ 30%-ը միայն Սիսիանից է։
Սկզբնական շրջանում կենտրոն էին դիմում ուղեղի կաթվածից տուժած հիվանդներն ու պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորականները։ Ընթացքում սկսեցին շատանալ նաև օրթոպեդիկ, նյարդաբանական տարբեր խնդիրներով պացիենտները։
«Որպեսզի արդյունավետությունը չտուժի, սահմանափակում ենք ընդունելությունը, հերթագրում ենք պացիենտներին, նրանք էլ սպասում են, որքան անհրաժեշտ է, որովհետև այլընտրանքը Երևան գնալն է։ Անշուշտ, բոլոր սուր դեպքերին անմիջապես միջամտում ենք՝ անկախ ծանրաբեռնվածության աստիճանից, որովհետև հիվանդին չի կարելի թողնել ցավերի մեջ»,- ասում է Փաթիլ Քէշիշեանը։
Բացի առողջապահական լրջագույն խնդիր լուծելուց, Շուշան Միրումյանի խոսքով, կենտրոնը նաև մշակութային, մտածողության փոփոխություն է բերել տարածաշրջան․ եթե սկզբում դիմում էին միայն ծանր փուլում գտնվող պացիենտները, ապա հիմա առաջ է եկել նաև կանխարգելման միտումը։
«Սա շատ եմ կարևորում, որովհետև ծանր առողջական խնդրով բուժառուին բուժելն ու ոտքի կանգնեցնելը միշտ չէ, որ լիովին արդյունավետ է ստացվում, իսկ եթե հիվանդության վաղաժամ փուլում է սկսվում բուժումը, կանխարգելվում է ավելի բարդ փուլ անցնելը, բուժման ընթացքն ավելի կարճ է, բուժառուի համար՝ ավելի հեշտ, ցանկալի արդյունքի հասնելն՝ ավելի արագ»,- նշում է նա։
Վերականգնողական կենտրոնի գործունեությունը վերջին տարում ապահովվել է «Սյունիքի մարզում առողջապահական իրավիճակի բարելավում՝ որակյալ առողջապահական ծառայությունների հասանելության և ամրապնդված քաղաքացիական հասարակության միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Օվերն Ռոն-Ալպեր շրջանի, Ֆրանսիական զարգացման գործակալության և Ֆրանսիայի Եվրապայի և արտաքին գործերի նախարարության կողմից։
Անվճար խորհրդատվություն Սյունիքի մարզի գյուղերում
2021 թվականից «Սանտե Արմենի»-ն Գորիսում բացել է ընտանեկան բժշկության խորհրդատվական շարժական միավոր, որը սպասարկում է 10 գյուղ, նոր ծրագրի շրջանակում շարժական միավորներ են բացվել նաև Կապանում և Սիսիանում՝ սպասարկելով ևս 21 գյուղ։ Շարժական միավորն անհրաժեշտ սարքավորումներով հագեցած մեքենայով գյուղ հաճախող բժիշկ է, որն ընտանեկան բժշկության խորհրդատվություն է տրամադրում և անհրաժեշտության դեպքում անալիզներ վերցնում, որոնք բուժհաստատություններում վճարովի են։

Լուսանկարը` Մեդիամաքս
Գյուղերի բուժքույրերի հետ համագործակցության շնորհիվ՝ բնակիչները իրազեկվում են այցելության մասին, բնակիչների թվից ելնելով՝ բժիշկը գյուղ է այցելում շաբաթական մեկ կամ երկու անգամ։ Ամեն այցելության ընթացքում սպասարկում են մինչև 12 բնակչի։
«Շատ կարևոր գործ է անում բժիշկը գյուղացիների համար։ Քրոնիկ հիվանդ եմ՝ սրտի, ճնշման խնդիր ունեմ, բայց տարիներով հիվանդանոց չեմ գնում։ Ծախսերը մեծ են՝ գյուղից քաղաք հասնելու, անալիզների ու բուժման համար։ Իսկ մեր բժիշկը տեղում ճնշումն է ստուգում, անհրաժեշտության դեպքում արյան անալիզ ենք հանձնում, կարևոր խորհուրդներ է տալիս»,- պատմում է Խնածախ գյուղի բնակիչ Նարինեն։

Լուսանկարը` Մեդիամաքս
Նրա պես շատերն են, որ տարիներով բժիշկի չեն հաճախում՝ նշելով մի քանի պատճառ։ Դրանցից մեկը հանրային տրանսպորտի բացակայությունն է, որի հետևանքով գյուղերից մարդիկ մոտակա բուժհաստատություններ հասնելու լուրջ խնդիր ունեն։ Մյուսը՝ մարդկանց ֆինանսական և սոցիալական վիճակն է․ բնակչության փոքր տոկոսն է միայն օգտվում պետության կողմից արտոնված բուժօգնությունից։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Տարեց տարի ավելացնում ենք բուժօգնության ծավալները գյուղերում․ ընդունում ենք բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, հիվանդությունից։ Բժիշկն իր ուժերի սահմանում օգնություն է ցուցաբերում, նեղ մասնագետի խորհրդատվության անհրաժեշտության դեպքում՝ ներկայացնում բոլոր այն բուժհաստատությունները, որտեղ տվյալ մասնագետը կա։ Նա նաև օգնում է պարզել՝ պետպատվերի շրջանակում հնարավոր է բուժվել, թե ոչ։ Բժշկության ոլորտի վերաբերյալ բնակչությանը կրթելու և իրազեկելու կարիք կա, քանի որ, օրինակ, շատերը տեղյակ չեն, որ իրենք պետպատվերից օգտվելու իրավունք ունեն։ Ոմանք էլ տեղյակ են, բայց չգիտեն՝ որտեղից սկսել, որ ծառայությունից կարող են անվճար օգտվել, որից՝ ոչ»,- ասում է «Սանտե Արմենի» կազմակերպության Սյունիքի մարզի համակարգող, շտապ օգնության թիմի հրահանգիչ Հակոբ Խաչյանը։
Կարողությունների զարգացում՝ բուժանձնակազմի և քաղաքացիական անձանց համար
Վերջին տարվա ընթացքում «Սանտե Արմենի»-ն բուժանձնակազմի, այդ թվում՝ բժիշկների, բուժքույրերի համար կազմակերպել է մի շարք թեմաներով 13 դասընթաց, օրինակ՝ մանկաբուժության, վերականգնողական բժշկության, վերակենդանացման, շտապ օգնության և այլ թեմաներով։ Արդյունքում վերապատրաստվել է 386 բուժաշխատող։ «Սանտե Արմենի»-ի կայքէջում հասանելի է նաև առցանց բժշկական ակադեմիան, որտեղ բուժաշխատողները կարող են անվճար վերապատրաստվել և կրեդիտներ ստանալ․ առցանց հարթակում հասանելի է 13 մասնագիտություններով 49 դասընթաց։

Լուսանկարը` Մեդիամաքս
Կրթական գործընթացը համակարգային դարձնելու համար «Սանտե Արմենի»-ն, համագործակցելով «Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպության հետ, «Շտապ օգնություն՝ գործողություններ և խնամք» թեմայով դասընթանցներ է իրականացնում նաև քաղաքացիական անձանց համար։ «Բուժանձնակազմի հետ աշխատանքի արդյունքները շոշափելի են, բայց մենք մեծ բաց ունեինք քաղաքացիական անձանց շրջանում։ Օրինակները շատ են․ երբ որևէ դեպք է տեղի ունենում, քաղաքացիները պետք է օգնություն ցուցաբերեն, քանի որ բուժանձնակազմի ժամանելը կարող է տևել ընդհուպ մինչեւ մեկ ժամ, հատկապես՝ գյուղական բնակավայրեր հասնելու դեպքում, և քաղաքացիների իրազեկված և կրթված լինելը կարող է կյանքեր փրկել»,- ասում է Հակոբ Խաչյանը։
Քաղաքացիական անձանց կրթության նախագիծը մեկնարկել է 2024թ․ ամռանը․ մինչեւ ամանոր անցկացվել է 26 դասընթաց, ավելի քան 550 քաղաքացի մասնակցել է դասընթացներին։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Սանտե Արմենի»-ն կազմակերպում է նաև վերապատրաստումներ, կոնֆերանսներ, փորձի փոխանակումներ տեղացի և եվրոպացի մասնագետների ներգրավմամբ, որոնք հնարավորություն են ստեղծում զարգացնել առողջապահական ոլորտն ու ապահովել բուժանձնակազմի կարողությունների զարգացումը։
Անահիտ Բաղդասարյան
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Այս հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես Մեդիամաքսի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: