«ԹԻՄ Եվրոպան» օգնում է Սյունիքի երիտասարդներին իրավական գիտելիքներ ստանալ - Mediamax.am

exclusive
2784 դիտում

«ԹԻՄ Եվրոպան» օգնում է Սյունիքի երիտասարդներին իրավական գիտելիքներ ստանալ


Լուսանկարը` Մեդիամաքս

Սարգիս Խաչյանը (մեջտեղում)
Սարգիս Խաչյանը (մեջտեղում)
Աննա Ռադեցկան
Աննա Ռադեցկան

Լուսանկարը` «Հելսինկյան ասոցիացիա»

Լուսանկարը` «Հելսինկյան ասոցիացիա»

Էլեն Ափունցը
Էլեն Ափունցը
Նինա Կարապետյանցը
Նինա Կարապետյանցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստելլա Քոչարյանը
Ստելլա Քոչարյանը

«Դատական մշտադիտարկում եւ ակտիվ քաղաքացիության ձեւավորմանն ուղղված իրավական իրազեկում Սյունիքի մարզում» ծրագիրն իրականացնում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում՝ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ եւ Լեհաստանի համերաշխության հիմնադրամի համագործակցությամբ։

Իրազեկ երիտասարդներ՝ հանուն Սյունիքի զարգացման

2024 թվականի հունիսից մեկնարկած ծրագրի նպատակն էր Սյունիքի մարզի, մասնավորապես՝ Կապան, Գորիս եւ Մեղրի, Տաթեւ խոշորացված համայնքների երիտասարդներին փոխանցել գիտելիքներ մարդու իրավունքների, արդար դատաքննության, դատարանների գործունեության եւ հակակոռուպցիոն գործընթացների վերաբերյալ, նպաստել դատական համակարգի, իրավապահ մարմինների հետ համագործակցության պրակտիկայի ձեւավորմանը։

«Մեր ծրագրի առանձնահատկությունն այն է, որ այն գիտելիքների, փորձառության փոխանցման, մարդու ձեւավորմանն ուղղված նախագիծ է։  Ճիշտ է՝ Սյունիքը այս երիտասարդների ծննդավայրն է, բայց մեր բոլորիս հայրենիքն է, եւ մենք ամեն ինչ պիտի անենք, որ լինենք ամուր ու կրթված»,- ասում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը։

Նինա Կարապետյանցը Նինա Կարապետյանցը

Լուսանկարը` Մեդիամաքս


Թեմայի զգայունությամբ պայմանավորված՝ նախագծի սկզբում ֆինանսավորող կողմը կասկածներ ուներ երիտասարդների հետաքրքրվածության վերաբերյալ, բայց վերջինների ակտիվ ներգրավվածությունը գերազանցեց սպասելիքները։ «Ծրագրի նպատակներից մեկը երիտասարդների ակտիվ մասնակցության խթանումն է հանրային կյանքին, նրանց կարողությունների զարգացումը մարդու իրավունքների ոլորտում։ Սյունիքի երիտասարդները շատ ավելի հետաքրքրված ու ներգրավված էին ծրագրում, քան մյուս մարզերում։ Դրա մասին են վկայում սկզբից մինչեւ վերջ ծրագրում ներգրավված մասնակիցների հաստատուն եւ ավելացող թվերը։ Եվ քանի որ մարզը հիմա ավելի խոցելի է, նման նախագծի իրականացումը կարեւոր նշանակություն ունի. այստեղի երիտասարդները պետք է ավելի իրազեկված լինեն, մասնակցեն հանրային կյանքին, զարգացնեն իրենց կարողությունները մարդու իրավունքների ոլորտում»,- նշում է Լեհաստանի Համերաշխություն հիմնադրամի ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Աննա Ռադեցկան։


Ծրագրի շահառուներն ավագ դպրոցի աշակերտներ եւ ուսանողներ էին, որոնք ընտրվել էին Սյունիքի մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աջակցությամբ։ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Կապան եւ Տաթեւ համայնքներից  ներգրավված է 97 մասնակից, որոնցից 31-ը նախորդ ծրագրի շահառուներն են։

Ստեղծվել է երկու խումբ՝ սկսնակների եւ փորձառուների, որոնց համար կազմակերպվել են ուսուցողական դասընթացներ՝ փոխանցելու գիտելիքներ եւ կարողություն մարդու իրավունքների, դատաիրավական համակարգի, արդար դատաքննության, հակակոռուպցիոն ընթացակարգերի, դատական մշտադիտարկման եւ այլ հարակից իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ։

«Մեր կազմակերպության համար համեմատաբար նոր է երիտասարդների համար ուսումնական գործընթաց սկսելը։ Մենք փաստաբանների, իրավապաշտպանների թիմ ենք, որ ամենօրյա ռեժիմով աշխատում էինք պրոֆեսիոնալ մակարդակում։ Բայց հիմա, երբ նաեւ աշխատում ենք երիտասարդների հետ, մեր տարիների փորձը հնարավորություն է տալիս ոչ թե միայն դասագրքային տեքստերով առաջնորդվելու, այլ ներկայացնելու կոնկրետ օրինակներ, դեպքեր, որոնց մասնակից, ականատես ենք եղել։ Եվ այն ավելի ինտերակտիվ եւ իրական է դարձնում կրթական պրոցեսը»,- ասում է Նինա Կարապետյանցը։

Նոր մտածելակերպի ձեւավորում

Ծրագրի երկրորդ փուլով վերապատրաստված երիտասարդներն այցելում էին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տեղի նստավայրեր՝ մշտադիտարկելու քրեական գործերով դատական նիստեր։ Նման ձեւով մասնակիցներն ավելի են զարգացրել իրենց իրավական եւ, մասնավորապես, դատական մշտադիտարկման գործնական հմտություններն ու գիտելիքները։ Ծրագրի տարածքային համակարգողները հատուկ դատական նիստեր էին ընտրում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ տարիքը, թեման եւ այլն։ Թեեւ սկզբում դատարան այցելելը հոգեբանորեն դժվար էր երիտասարդների համար, դա էլ է հաղթահարվել ժամանակի ընթացքում։

«Մինչեւ ծրագրին մասնակցելը շատ սխալ պատկերացում, վատ վերաբերմունք  ունեի դատական նիստերի անցկացման եւ ընդհանրապես արդար դատաքննության վերաբերյալ, բայց մի քանի անգամ մասնակցելուց հետո հասկացա, որ արդարությունը ուղղակի բառ չէ. կարեւոր էր տեսնելը, թե մարդկանց ճակատագրերն ինչ հանգամանքներ հաշվի առնելով են որոշվում։ Հետո շատերին եմ խորհուրդ տվել գալ-մասնակցել. մասնակիցներից շատերը հենց իմ ընկերներն են։ Եթե ծրագրի առաջին տարին ինձ ավելի օգնել է մտածելակերպի փոփոխության հարցում, ապա այս տարվա մասնակցությունը ավելացրել է գիտելիքներս ու փորձը»,- պատմում է 15-ամյա Ստելլա Քոչարյանը։
Ստելլա Քոչարյանը Ստելլա Քոչարյանը


«Որպես հիմնադրամ՝ մեզ նույնպես հետաքրքիր է Հայաստանում այնպիսի նախագծեր ֆինանսավորել, որոնք ազդեցություն կթողնեն երիտասարդների վրա։ Այն որ նոր սերունդը այդքան իրազեկվի, իրավագիտակցության մակարդակն այնքան բարձրանա, որ որպես քաղաքացիներ սկսեն հետաքրքրվել կառավարման գործընթացից, դատաիրավական համակարգից։ Իսկ դրան զուգահեռ օրինակ դատական համակարգի աշխատակիցների համար ընկալելի լինի քաղաքացիների ներգրավվածությունը դատական նիստերին, այն որ նրանք կարող են հարցեր տալ, հետեւել նիստերին, դիտարկումներ անել եւ այլն»,- ավելացնում է Լեհաստանի Համերաշխությունն հիմնադրամի ներկայացուցիչը։
Աննա Ռադեցկան Աննա Ռադեցկան


«Հելսինկյան ասոցիացիան» նախորդ տարիների էլ նման ծրագիր իրականացրել է Երեւանում, Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում, եւ ձեռք բերած փորձի, քաղած դասերի արդյունքում ծրագրի բովանդակության մեջ փոփոխություններ են արվել։

«Ամեն հաջորդ նախագծում փորձում ենք եւս մի կարեւոր բաղադրիչ ավելացնել: Դրանք արդարադատության համակարգի տարբեր բաղադրիչներ են, ու միայն դատարանը բավարար չէ՝ պատկերացնելու համակարգը։ Արդարադատությունը շատ ավելի լայն կոնտեքստ ունի, հետեւաբար, բոլոր բաղադրիչների, ինստիտուտների հետ շփումը, աշխատանքը ներսից տեսնելը շատ կարեւոր է երիտասարդի ընդհանուր պատկերացումը ձեւավորելու համար»,- նշում է Նինա Կարապետյանցը եւ ավելացնում, որ «հասարակությունը, հատկապես երիտասարդությունը պետք է հասկանա, որ ոստիկանությունն ու դատարանը իրենցից զատ չեն գործում եւ առանձին գործող միավորներ չեն»։


Բացի դատարաններ այցելելուց, այս տարվա մասնակիցները ճանաչողական այց են ունեցել նաեւ Սյունիքի մարզի ոստիկանության տարածքային բաժանմունքներ։ Հանդիպումների ընթացքում ոստիկանության աշխատակիցները երիտասարդներին ներկայացրել են համակարգի կառուցվածքը, առաջիկա բարեփոխումներն ու համակարգային փոփոխությունները, իսկ վերջիններս ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, ծանոթացել պարեկային ծառայության գործիքակազմին։

ՀՀ  ներքին գործերի նախարարության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի օպերատիվ գծով տեղակալ Սարգիս Խաչյանի խոսքով՝ նմանատիպ հանդիպումներն օգնում են կոտրելու ոստիկանության եւ հասարակության միջեւ ձեւավորված կարծրատիպերը։
Սարգիս Խաչյանը (մեջտեղում) Սարգիս Խաչյանը (մեջտեղում)


Դա է պատճառը, որ նրանք պարբերաբար դպրոցներում հանդիպումներ են ունենում աշակերտների հետ։ «Կարեւոր է նմանատիպ տեղեկատվական հանդիպումների կազմակերպումը հենց երիտասարդների, պատանիների հետ, որովհետեւ նրանց մոտ նոր սկսվում է ձեւավորվել մտածողություն։ Այն օգնում է երիտասարդներին վստահություն ձեռք բերել ոստիկանների եւ ընդհանրապես իրավական համակարգի հանդեպ», - նշում է նա։

Ծրագրի ավարտին երիտասարդների դատական մշտադիտարկման միջոցով ձեռք բերված արդյունքների հիման վրա մշակվում են դատական համակարգի բարեփոխումներին ուղղված առաջարկներ, կազմվում է զեկույց պատկան մարմինների, լայն հանրության ուշադրությանը ներկայացնելու համար։ Չնայած այն տարբերվում է «Հելսինկյան ասոցիացիայի» իրականացրած նեղ մասնագիտական զեկույցներից, սակայն կարեւոր համագործակցություն է ձեւավորում նոր սերնդի եւ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների միջեւ։ «Պետական մարմինները բարձր են գնահատում կատարված աշխատանքը, քանի որ այս դեպքում իրենց համար ոչ թե կարեւոր է, թե երիտասարդները քանի էջ խնդիրներ են վեր հանել ու առաջարկություններ արել, այլ այն, որ ձեւավորվում է նոր մտածողություն ունեցող մի ամբողջ սերունդ»,- ասում է Նինա Կարապետյանցը։

Լուսանկարը` «Հելսինկյան ասոցիացիա»


Աննա Ռադեցկան էլ նշում է, որ «նախորդ տարվա արդյունքները ցույց են տվել, որ նպատակը ոչ թե պարզապես քննադատելն է, այլ կառուցողական գործընկերային հարաբերություններ ստեղծելը, հարթակի ձեւավորումը, որտեղ կքննարկվեն նաեւ ընթացիկ դատական բարեփոխումները»։

2023-2024 թվականների ընթացքում ծրագրում ընդգրկվել է 14-18 տարեկան 177 մասնակից Սյունիքի մարզից։ 120 երիտասարդներ իրականացրել են քրեական գործերով 300-ից ավելի դատական նիստերի մշտադիտարկում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի եւ Գորիսի նստավայրերում։  

Լուսանկարը` «Հելսինկյան ասոցիացիա»


18-ամյա Էլեն Ափունցը արդեն երկրորդ տարին է ներգրավված է «Դատական մշտադիտարկում եւ ակտիվ քաղաքացիության ձեւավորմանն ուղղված իրավական իրազեկում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում կազմակերպվող դասընթացներին, ինչպես նաեւ դատական նիստերի մշտադիտարկման գործընթացում։
Էլեն Ափունցը Էլեն Ափունցը


«Այս ծրագիրն ինձ հնարավորություն է տվել ավելի լավ պատկերացնելու դատական համակարգը, մարդու իրավունքների ոլորտը, ինչպես նաեւ օգնել մասնագիտական կողմնորոշման հարցում. անմիջականորեն ծանոթացել եմ համակարգին աշխատակիցների հետ ու հասկացել, որ ճիշտ ընտրություն եմ կատարել»,- ասում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհին։

Անահիտ Բաղդասարյան

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի  համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Այս հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Դրա բովանդակությունը բացառապես Մեդիամաքսի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին