Իշխանյանների ընտանիքը 30 տարուց ավելի է` զբաղվում է մեղվապահությամբ, սակայն այն բիզնես դարձնելու շարժառիթը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» հովանու ներքո՝ EU4IMPACT ծրագրով հայտարարված դրամաշնորհն էր․ մինչեւ 2021 թվականը 10-20 մեղվափեթակ էր պահել, իսկ հիմա դրանց թիվը 40-ն է։
2020 թվականից մեկնարկած եւ չորս տարի տեւողությամբ EU4IMPACT ARMENIA ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից, որի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում՝ աշխատանքային), վերադարձածների եւ նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագա գործարար նախաձեռնությունների զարգացմանը: Այդ իսկ նպատակով ծրագրի համապատասխան փուլերը հաջողությամբ ավարտելուն պես շահառուներին տրամադրվել է երկու հազարից մինչեւ տասը հազար եվրո՝ սեփական ներդրման գումարին հավասար չափով դրամաշնորհներ:
«Ծրագիրն օգնեց ինչպես նոր տեխնոլոգիաների կիրառմանը մեղվապահության մեջ, այնպես էլ կրճատեց բիզնեսին խոչընդոտող ռիսկերը»
«Սա լավ հնարավորություն էր հայրիկիս սիրելի զբաղմունքը դարձնել բիզնես ու զարգացնել այն։ Մոտ երեք տարի է անցել ծրագրի իրականացումից, բայց տրված օժանդակության ազդեցությունը դեռ երկար ենք զգալու․ Սյունիքի մարզում այն քչերից ենք, որ հնարավորություն ունեցանք նոր տեխնոլոգիաները կիրառել մեղվապահության գործում՝ շնորհիվ ծրագրի շրջանակում ձեռք բերած սարքավորումների, ինչպես օրինակ մեղրաքամ, մոմհալ եւ այլն»,- նշում է Գորիս համայնքի բնակիչ Նարա Իշխանյանը եւ ավելացնում, որ եթե նախկինում ձեռքով մեղր քամելը մի քանի օր էր տեւում, ապա հիմա պարզապես մեղրի շրջանակները հայրը տեղադրում է սարքավորման մեջ, ու վերջինս իր գործն անում է՝ մարդու ներգրավվածությունը հասցնելով մինիմալի։
Մեղվապահների ընտանիքը ստացել է նաեւ մոտ 30 մեղվափեթակ՝ փոխարինելով արդեն հնացածները նորերով։ Բացի այն, որ դրանք թեթեւ են եւ ավելի հեշտ է մի վայրից մյուսը տեղափոխելը, այլեւ օգնել է մեղուներին հիվանդությունից զերծ պահելու եւ քիչ կորուստներ ունենալու։ Նարայի խոսքով՝ 2024 թվականին մեղուների կորստի մեծ տոկոս է գրանցվել ամբողջ Հայաստանում, իսկ իրենք, ի տարբերություն մյուսների, ունեին ընդամենը 5% անկում։
«Մեղվապահությունը բարձր ռիսկայնություն պարունակող բիզնես է, քանի որ բնակլիմայական պայմանների ամեն մի փոփոխությունը, ինտերնետային աշխարհում այսքան ճառագայթների առկայությունը, մեղվափեթակներում նախկինից մնացած հիվանդությունների հետեւանքները պատճառ են մեղուների անկման։ Բայց մեր դեպքում մեղվափեթակների նորացումը կրճատեց կորուստը»,- ասում է Նարան։
Բացի գույքի ձեռքբերումից, նա նաեւ արժեւորում է ծրագրի շրջանակում ձեռք բերած հիմնարար գիտելիքները բիզնես պլան մշակելու, այն զարգացնելու մարքետինգային հմտությունների, բրենդավորման եւ այլ թեմաների շուրջ։
«Ես բազմաթիվ բիզնես դասընթացների եմ մասնակցել, բայց այս դասընթացները լիովին տարբերվում էին մյուսներից՝ շնորհիվ ներգրավված փորձագիտական թիմի եւ խորհրդատուների։ Իմ բիզնեսը վերաբերում է գյուղատնտեսությանը, եւ իմ խորհրդատուն գյուղատնտես էր․ արդյունքում մենք ունեցանք մեր բիզնես պլանն ու հավանության արժանացած նախագիծ»,-պատմում է նա՝ շեշտելով զարգացած ցանցային համագործակցությունը։
«Տարիներ են անցել, բայց եթե մի կարեւոր առաջարկ է լինում, բոլոր շահառուներս իրազեկվում ենք ու ցանկության դեպքում ներգրավվում տարբեր միջոցառումների մեջ։ Նաեւ նույն ոլորտի շահառուներն են իրար հետ կապ պահում եւ անհրաժեշտության դեպքում փորձի փոխանակում անում, որն էլ ավելի արդյունավետ է»,-ավելացնում է նա։
Բիզնեսի զարգացման տեսանկյունից, եթե նախկինում մեղրի պահանջարկն էր ցածր եւ իրացման խնդիր կար, ապա այժմ դժվարությունը մեղվափեթակները շատացնելն է եւ աշխատուժի պակասը։ Բայց Իշխանյանները վերջինիս լուծումը գտել են․ իրենց շուրջն են հավաքել մեղվաբուծությամբ զբաղվելու ցանկություն ունեցող մարդիկ, ովքեր օգնում են նրանց՝ զուգահեռ սովորելով մեղվապահության բոլոր գաղտնիքները եւ հնարավորություն ստանում ունենալ նաեւ իրենց մեղվափեթակները։
«Նախագծի ամենահաջողված գաղափարները հենց Սյունիքից էին»
«Այս ծրագիրը մի միջոց էր, որի օգնությամբ հնարավոր եղավ օգտագործել ֆինանսական, աշխատանքային եւ արտագնա աշխատանքի ընթացքում ձեւավորված փորձառությունը՝ ի նպաստ այն համայնքների զարգացման, որտեղից միգրանտները մեկնում են արտագնա աշխատանքի։ Ժամանակն է միգրացիայի նկատմամբ մոտեցումը մի քիչ փոխել, քանի այն իր հետ նաեւ դրական փոփոխություններ է բերում, ինչպես օրինակ՝ բնակարանաշինության, ճանապարհաշինության մեջ ունեցած փորձը»,- ասում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Ափոյանը։
Ծրագրի շրջանակում հինգ փուլով հայտարարվել են դրամաշնորհներ, որին դիմած մասնակիցները, մասնակցելով տարբեր դասընթացների եւ հաջողությամբ ներկայացնելով իրենց բիզնես պլանը, ստացել են դրամաշնորհներ՝ զարգացնելու իրենց բիզնեսը։ Սյունիքի մարզի Գորիս, Տաթեւ, Սիսիան եւ Կապան համայնքներից դրամաշնորհ է ստացել 16 շահառու, որոնց բիզնես գաղափարները վերաբերում էին մեղվաբուծության, անասնապահության, սրճարանի, գեղեցկության սրահի, հյուրանոցային տնտեսության, լանդշաֆտային դիզայնի, ինտենսիվ այգու, մանրաթելերի արտադրության զարգացմանը եւ հզորացմանը։
«Այն ներդրումը, որ Սյունիքում է արվել, բազմաթիվ շահառուների օգնել է ոտքի կանգնել կամ ունեցած բիզնեսը զարգացնել, եւ արդյունքները տեսանելի են։ Նախագծի ամենահաջողված գաղափարները հենց Սյունիքից էին․ դա նաեւ երեւում էր մեր մշտադիտարկման արդյունքներից»,- ասում է Անդրեյ Ափոյանը։
EU4IMPACT ծրագրի շնորհիվ Գորիսում նոր բիզնես ուղղություն զարգացավ
«Նոր բիզնեսի գաղափարը ծնվեց, երբ մենք ստեղծեցինք մեր հյուրատնային բիզնեսը․ RED ROOF-ն առանձնացավ իր այգով ոչ միայն հյուրերի, այլեւ գորիսեցիների համար։ Փաստորեն, ես ունեի մի տարածք, որտեղ կարող էի անել այն ամենն, ինչը պատկերացնում եմ՝ չլինելով մասնագիտությամբ գյուղատնտես, ոչ էլ լանդշաֆտային դիզայնի մասնագետ։ Արդյունքում ծառերի, թփերի տնկման, կանաչապատման, խնամքի գործընթացն ինձ համար եղավ կարեւոր փորձառություն, ու հենց այդ ժամանակ էլ գաղափար առաջացավ հիմնադրել մի ընկերություն, որը կարող է Գորիսում զբաղվել լանդշաֆտային դիզայնով, կանաչապատմամբ»,- ասում է «Կանաչ դարպասներ» ընկերության ղեկավար Արտաշես Տոռոզյանը։
Ծրագրի շրջանակում կազմակերպած դասընթացներն ու խորհրդատվությունն օգնել են Արտաշեսին գաղափարից բիզնես անցումը ճիշտ տանելու եւ լավ պատկերացնելու հարցում՝ հասկանալու, թե ինչ գործընթացի մեջ է մտնում եւ ինչքանով կկարողանա գաղափարը վերածել իրական բիզնեսի։ «Բայց կարեւորը դու հավատաս քո գործի հաջողությանը եւ ցուցաբերես անկոտրում կամք նպատակիդ հասնելու համար․ մնացածն ամեն ինչ աստիճանաբար կլինի։ Բիզնեսը ժամանակ է պահանջում, բայց կարեւոր է էդ ընթացքում ամեն օր աշխատես գաղափարի կյանքի կոչմանը»,-մեզ հետ զրույցում ասում է նա։
Բացի այդ,նոր հիմնադրված ընկերությունը դրամաշնորհի շնորհիվ ձեռք է բերել նաեւ գյուղատնտեսական գործիքներ, ինչպես նաեւ կաթիլային ոռոգման եւ լուսավորության անցկացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու գործիքները, մշակվել են լանդշաֆտային դիզայնի հետ կապված ծառայությունների փաթեթներ։ «Դեռեւս բիզնեսի գաղափարի փուլում սկսել էինք նման ծառայություններ մատուցել, բայց այս տարի արդեն ավելի պրոֆեսիոնալ կարվի ամեն ինչ․ բակային հատվածի դիզայնի եւ կանաչապատման համար մի քանի հյուրատներից արդեն ունենք պատվերներ, Գորիսի կանաչապատման հարցում համագործակցել ենք համայնքային իշխանության հետ»,- նշում է ընկերության հիմնադիրը։
Արտաշեսն առանցքային է համարում մարդկանց վերաբերմունքի փոփոխությունը բույսերի, ծաղիկների, թփերի, տնկիների մշակման գործընթացի վերաբերյալ՝ ցույց տալով, որ համապատասխան գիտելիքներ ունենալով եւ հետեւողականության արդյունքում կարող է հետաքրքիր միջավայր ստեղծել յուրաքանչյուրը։ «Եթե մենք տասը հյուրատան բակ ենք սիրունացրել, բայց մայթով քայլելը տհաճ է, կամ որեւէ այգի մտնելիս քեզ լավ չես զգում, որովհետեւ խնամված չի, այն շատ բան չի փոխի մեր կյանքում․ մենք պիտի ընդհանուր միջավայրի վրա աշխատենք։ Հույս ունենք, որ այս մշակույթը մենք կտարածենք, եւ բնակիչներն իրենց բակում կկարողանան ավելի հետաքրքիր լուծումներ գտնել, որին հասնելու համար նրանց ինքնուրույն բույսեր ստանալու հմտություններ փոխանցելու պլաններ կան»,-ասում է նա։
Վերջինիս խոսքով՝ չնայած Գորիսը միշտ հայտնի է եղել իր կանաչ տարածքներով ու առանձնատներով՝ սեփական այգիներով, եւ վերջին տարիներին նաեւ լայն թափով զարգացել է հյուրատնային եւ ռեստորանային բիզնեսը, նկատելի է, որ կանաչապատ եւ խնամված, գրագետ մշակված, հետաքրքիր ծառատեսակներով տարածքների լուրջ կարիք կա։ «Իհարկե, օգտագործել մեր ավանդական ծառերն ու թփերը ՝ համադրելով այնպիսինների հետ, որոնք Գորիսում չեն տնկվել, բայց դրանք՝ որպես լանդշաֆտային դիզայնի մաս, կարող են իրենց լավ զգալ մեր կլիմայական պայմաններում եւ ստեղծել յուրահատուկ միջավայր։ Այս երեք տարիների ընթացքում մեր անձնական փորձի վրա հասկանալով, թե որ ծառերն ու թփերն են իրենց լավ զգում մեր համայնքում, նաեւ հաշվի առնելով նաեւ աճի արագությունը՝ սկսում ենք առաջարկել նաեւ ուրիշներին»,- պատմում է «Կանաչ դարպասների» հիմնադիրը։
«Մեզ մոտ այգեգործական կուլտուրան շատ ցածր է․ տպավորություն է, որ ծառը տնկում են, ուրեմն վերջ՝ չեն էտում, մշակում, անհրաժեշտության դեպքում բուժանյութեր տալիս եւ այլն։ Բայց մեզ խնամված այգիներ են անհրաժեշտ։ Այս մշակույթը ձեւավորելուց հետո անհրաժեշտ է լինելու նաեւ վերապատրաստել այգեպաններ, ինչը նոր մասնագիտություն կլինի տարածաշրջանի համար»,- ասում է Արտաշեսը։
Ապագայի մասին խոսելիս ընկերության հիմնադիրն իր բիզնեսի գործունեությունը տեսնում է ողջ Հայաստանում, իսկ առաջիկայում կունենան մասնագիտացված խանութ, որտեղ կվաճառվեն արդեն իսկ ձեռք բերված 2000 տնկիներն ու սենյակային բույսեր, նաեւ կտրամադրեն դրանց գրագետ խնամելու խորհրդատվություն։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Անահիտ Բաղդասարյան
Լուսանկարները՝ Անահիտ Բաղդասարյանի եւ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: