Մանե Մարգարյան. Իմ տատիկը - Mediamax.am

6603 դիտում

Մանե Մարգարյան. Իմ տատիկը



Կարոտել եմ տատիս հումորները. պապիս ֆիզիկական բացակայությունը տատիկի մեջ մի գեղեցիկ լույս խամրեցրել է, ու տատս սկսել է նաև  մազերը չներկել: Տատիկի երկխոսություններն այնքան ուժեղ են, որ հենց մտքում ասում եմ՝ տատ, միանգամից գալիս են. «Աղչի՛, Լիդա՛, էն օրը կոփեի միջից բատմիտաֆոն ենք շահել», կամ՝  «Մեր հարևան Պատոյի պախմելիդան էր…»,  «Էրեխեք, էկեք   դիՍՏակետա կազմակերպենք»…

…Տատիս  այս տեսակ խոսելաձևը  գուցե ախտորոշում ունի, բայց մեզ համար այդ լեզուն տատիերենն է, ու մենք թոռներով սիրում ենք այդ լեզվով շփվել,  նախապես միշտ նշելով՝ ասած  տատին…

Տատիս սիրտը կկանգներ մեկին պարապ տեսներ, ու իր ասած՝ բոլորին սիրուն «պինիկըլխու» (գործի գլուխ) էր դնում: Եթե գործը շատ էր, ինքն էլ մեզ հետ դառնում էր 20 տարեկան (իսկ գործը միշտ շատ էր), ժամով ջրերն էլ թե տային, տատս դառնում էր 18 տարեկան  պատառաքաղներն էլ էր լցնում: Տատիս տարիքը միայն հայելին էր մատնում. «էն հայելու միջի կապիկին որ տեսնում եմ է, նոր զգում եմ, որ 80-ն անցել եմ»:

… -Գագի՛կ, տղա ես էլի, վե՛ր,  գնա՛ կալը, տես ցորենը զտեցին:
- Դու էլ աղջիկ ես, դու՛ գնա, - պապիս չէր հանձնվում:

Ու տատս… իբրև ամոթխած, աջ ոտքը թուլացնում է, շուրջը կիսալուսին նկարելով, թե. «Բա  վախում եմ փախցնեն»:

Մի օր տատին Երևան է գալիս՝ մեզ տեսակցելու: Կես ժամը մեկ զանգում եմ՝ տա՛տ ու՞ր հասար: «Սիսիան»: Տա՛տ, ու՞ր հասար: «Մալիշկա»: Տա՛տ, ու՞ր հասար: Երկար դադարից հետո տատս թե՝  «ԱԳԼՃԿ»: Ա՛յ,  ծիծաղից տենց են «մեռնում»: Պաուզան տատիս պետք էր ցուցանակը կարդալու ու հասկանալու՝ էս ինչ թազա տեղի անուն է, որ ինքը չգիտի:

«Գնամ, քարին նստեմ, տեսնեմ՝  կնանիք ինչ նորություն գիտեն աշխարհից»:

Լուրերի «թողարկումից» հետո, երբ սկսվում էր «վերլուծական» մասը (բամբասանքը), տատս դժգոհ  վեր էր կենում ու մուննաթը դեմքին թե. «Բարև, զու″րու″ց, սա″քի թե մեյմու՞ն»: Հազար գործ կար, «ուրիշի մատի ու մատանու արանքը  մտնելու» ժամանակ չուներ:

«Էրեխե՛ք, որ Մանուշակը ասի Զատիկդ  շնորհավոր («Քրիստոս հարէավ ի մեռելոց»-ը նկատի ուներ) ի՞նչ պիտի պատասխանեի», արդեն որերորդ անգամն է հարցնում: «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի,  տա՛տ»: Մանուշակի ավետիսին ի պատասխան, տատս անօգնական մեզ է նայում, մեկ էլ՝  «Ամե՛ն, Մանուշակ, ամե՛ն»:

Պատերազմի տարիներին, երբ Գորիսն էլ էին ռմբակոծում, արկերի հերթական դըմ-դըմ-դըմ-ի տակ պայթում էր նաև սենյակի կենտրոնում դիրքավորված տատս. «Ազատ Աստվածն այն օրից, Երբ հաճեցավ շունչ փչել…»: Արկերի պայթյունի ձայնն էր խլացնում:

Տատս իր համար որոշել էր, որ մենք պապիկին ավելի շատ ենք սիրում, ու լուռ համակերպվել էր: Պարզապես ինքը մեր ընկերն էր, աշխարհի ամենալավ ու դրական տատին, ու մի՞թե սիրո դրսևորում չէ, որ երբ ուզում ենք ուրախանալ, իր անեկդոտներն ենք հիշում, երբ բառերն արտահայտվելիս չեն հերիքում, իր անձնական բառապաշարից ենք օգտվում: Ու մինչև հիմա հարսներից մինչև փեսաներ տատիկի սուրճի շոկոլադը չեն թողնում պակասի:

Տարիների հերթափոխության մեջ շատ բան չի փոխվել,  տատս էլի նույն ջանասիրությամբ  զանգում է բոլոր   թոռներին ու հուշում, թե այդ օրն ում ծնունդն է: Ես հո գիտեմ, տա՛տ, որ չես ուզում  թոռնիկներիդ ամուր կապը թուլանա, բայց  դու ու պապը այնքան ամուր հիմքով եք շաղախել այդ հարաբերությունները, որ ամենաուժեղ երկրաշարժից անգամ մեր արյունը ջուր չի դառնա: Հիմա  մենք հասունացել ենք, դու՝ մանկացել, ու  մեր   հոգսը քեզ առողջ ու երջանիկ տեսնելն է: Ապրի՛ր երկար, որ աշխարհը մեզ համար բարի, դրական ու չծերացող մնա: 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին