Հերմինե Դիլանչյան. Իմ պապիկը - Mediamax.am

Փետրվար 28, 2026
6239 դիտում

Հերմինե Դիլանչյան. Իմ պապիկը



Պապիս անունը  Վաղարշակ էր, բայց  նրան Վաղի էին ասում: Պապս ութ երեխա ուներ ու շատ թոռներ, սիրում էի հարցեր տալ.

- Պապի, ո՞ւմ ես շատ սիրում:
- Բոլորին էլ շատ եմ սիրում:
- Չկա՞ մեկը, ում ավելի ես սիրում:
- Չէ, բոլորն էլ իմ խոխեքն են, ծնողի համար բոլորն էլ հավասար են:

Պապիկիս սերն ու համբերությունն անսահման էր երեխաների ու թոռների հանդեպ: Շատ էինք չարություն անում. բոլորը խոսում էին մեզ վրա, բացի` պապիկից: Բայց երբ արդեն չափն անցնում էինք,ասում էր` Ատեին կասեմ: Ատեն տատս էր, ումից վախենում էինք…

Հին Խնձորեսկից Խնձորեսկ տեղափոխվելիս պապիկս իր տունը կառուցեց  Խնձորեսկին շատ մոտ: Ասում էր. «Ես էս ձորերը շատ եմ սիրում,  այստեղ եմ ծնվել ու մեծացել»: Նա օրը մի քանի անգամ իջնում էր այնտեղ: Պապիկս շատ խելացի մարդ էր.  դպրոց չէր գնացել,  լինելով տան մեծ երեխան, ստիպված էր աշխատել, բայց նա ուներ մի ընկեր, ով դասերից  հետո հողի վրա պապիկիս տառերն էր սովորեցրել: Կարդալ սովորելուց հետո պապս զբաղվել է ինքնակրթությամբ: Դեռ այն ժամանակ էլ Հին Խնձորեսկ բազմաթիվ զբոսաշրջիկներ էին գնում, այցելում էին Մխիթար Սպարապետի գերեզմանին, պապիկս բոլորի համար կարդում էր տապանաքարերը,  ներկայացնում գյուղի պատմությունը, և բոլորը զարմանում էին: Նա  գիտեր Հին Խնձորեսկի  ամբողջ պատմությունը. նույնիսկ եթե  ընտանիքների ազգանվան ծագումնաբանությանն ու պատմությանը վերաբերող տեղեկություններ էին անհրաժեշտ, գալիս էին պապիս մոտ:

Պապիկիս մասին գրել է  Բակուր Կարապետյանը` իր  պատմվածքներում: Երբ հեղինակը Րաֆֆու 150-ամյակի կապակցությամբ գիրք էր գրում,  այցելել է Խնձորեսկ, որտեղ Րաֆֆին է եղել, դպրոցի տնօրենը նրան ուղարկել է պապիկիս մոտ:  Երբ վեցերորդ դասարանում էի սովորում,  դասղեկը մեզ  հանձնարարություն տվեց.  պետք է օգնեինք գյուղի միայնակ ծերերին:  Քանի որ պապիկս մենակ էր ապրում, իսկ մենք ապրում  էինք Ներքին Խնձորեսկում,  տեղափոխվեցի ու սկսեցի ապրել պապիկիս հետ: Ես ճաշ էի եփում, ջուր  բերում, տներն էի հավաքում, բայց պապիս համար ամենադժվարը անունս արտասանելն էր, նա ինձ Թերմիրաթ էր ասում, իսկ ես արդեն սովորել էի: Մի օր էլ, երբ  ավարտեցի գործերս, գնացի փողոցի  միակ աղբյուրից  ջուր բերելու: Երբ հասա տուն,  լսվում էր պապիկիս ձայնը`Թերմիրաթ, Թերմիրաթ… Մտածեցի`  բան է պատահել, տեսնեմ պապիկս ծղոտի տուկը մեջքին տան վերջին սենյակն է հասել, առաջին անգամ պապիս տեսա ջղայնացած… Ամենուր ինձ էր փնտրել: Խռովեցի պապիկիցս, քանի որ ամբողջ տունը ծղոտ էր ու գնացի մեր տուն, իսկ պապիկս խնդրեց  մնալ, բայց չմնացի: Հաջորդ օրը, երբ դասերս ավարտվեցին, դպրոցի դիմաց տեսա պապիկիս. կարծես ներողություն էր հայցում: Հուզվեցի, զգացի սխալս ու ապրեցի պապիկիս հետ: 

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, գյուղը ռմբակոծվում էր: Պապիկիս տան մոտ մի քարանձավ կար, այնտեղ էինք մնում, իսկ պապիկս չէր գալիս:

- Պապի, գոնե լույսերը անջատի, էնտեղից երևում ա:
- Է, մեզ ոչինչ էլ չի լինի…

Ու մեզ ոչինչ էլ չեղավ: Նա ապրեց ու մահացավ արդեն հաղթանակած Հայաստանում:   Սովորելով զբոսավարի մասնագիտությունը՝ ավելի շատ տեղեկություն ստացա պատմության ու իմ մարզի մասին,  զարմացա՝ ախր պապս այս ամենը գիտեր, նա նույնիսկ դպրոց չէր գնացել:  Մի օր, երբ դասախոսս իմացավ, որ  Խնձորեսկից եմ, ասաց.

- Գիտե՞ս Խնձորեսկում Վաղարշակ պապի կար, շատ խելացի էր:

Աչքերս արցունքոտվեցին, ես ինձ լավ զգացի բոլորի  ներկայությամբ ու ասացի՝ նա իմ պապիկն էր:

Ափսոս այն ժամանակ չկային  նորօրյա տեխնոլոգիաները, պապիկս «քայլող հանրագիտարան» էր, իսկ մենք չգիտեինք…

Ինձ համար մինչ օրս նա կենդանի է...



Մեր ընտրանին