Էլվինա Մանուկյան. Երբ նորը խոսում է պապիս հին աչքերով - Mediamax.am

4028 դիտում

Էլվինա Մանուկյան. Երբ նորը խոսում է պապիս հին աչքերով



«Բալե'ս, ես քո հետ մեծ հույսեր եմ կապում…»

Երբևէ կպատկերացնեիք, որ նման բառերը, որոնք առավել հաճախ հնչում են հաղթական,  կարող են ծանրանալ ոչ թե քարաշունչ բեռի նման, այլ կաթիլի պես: Մի պարզ կաթիլի, որ  նույն տեղն անընդհատ կաթելով անգամ քարն է ճեղքում: Կաթիլի, որ մի փոքրիկ փոսն ընկնելիս լցնում է այն ողջ մակերեսով, էլ չասեմ անդունդի մասին: Սրանք բառեր են, որոնց բարդության աստիճան պարզությունը մթագնում է ողջ գիտակցությունդ, ապականում է ողջ իրականությունդ, փոխում է գետի ուղղությունը, գետի, որի հունը քոնն էիր համարում:

Պապիս ոչ միայն շուրթերն էին կրկնում այս բառերը, այլ ավելի հաճախ` ծերացած աչքերը: Նրա` ինձ հետ կապված հույսերը, գամված էին ամեն մի հայացքում, արցունքի ամեն մի կաթիլի մեջ, որոնք միշտ ակամայից ողողում ու խոնավեցնում էին առանց այն էլ «ծով» աչքերը:

Վախկոտ էի համարում ինձ ու անզոր պապիս կողքին, միևնույն ժամանակ` հպարտությանս սահմանները հատում էին ամեն տիեզերական եզր (փաստացի գիտակցելով տիեզերքի անեզրությունը): Եվ այդ ամենը ոչ այն պատճառով, որ ինձ անարժան էի համարում: Պարզապես դժվար է հաճոյանալ մարդուն, ում ապրած կյանքը գրեթե անթերի ես համարում, ում ուզում ես նմանվել, ումով ուզում ես ճանաչեն քեզ, ումով հպարտանում ես, ում անունն առանց վարանելու ես տալիս, երբ հարցնում են, թե դու ու՞մ թոռն ես:

Մի օր չդիմացա.

- Պա'պ, հասկանում ես` ի՞նչ ես անում: Պատկերացնու՞մ ես ինձ տված բեռի չափը:
- Ես բեռ չեմ տալիս, քեզնից եմ պահանջում, - ասաց պապս` քիչ բարկացած տոնայնությամբ, կարծես հիշեցնելով, որ կյանքում երբեք ոչ մեկի համար բեռ չի եղել և ոչ մի չար գործ ու խոսքով չի ծանրացրել ուրիշի կյանքը:
- Այդ ի՞նչ պետք է անեմ, ո՞վ պետք է դառնամ, սխալներից, ասա', ո՞նց եմ խուսափելու, որ հույսերդ արդարացնեմ, պապ: Մեր աշխարհն ուրիշ է, մենք այլ կերպ ենք ապրում, - կարծես կանխավ ուզում էի արդարացնել բոլոր այն սխալները, որոնք հնարավոր է գործեի ապագայում:
- Ուրեմն, ես իմ հին աչքերով քո նոր աշխարհի սիրունն եմ տեսնում, դու` դժվարությունը, բալե'ս, - ասաց ու քմծիծաղով ավելացրեց, - խելք հավաքի'ր:

Խորիմաստ էին պապուս բոլոր խոսքերը` սկսած «Շան որդուց» մինչև «Չմոռանաք, որ մարդ եք ծնվել»: Պապուս լռության մեջ անգամ այնքան բան կարելի էր լսել և հասկանալ այնքանը, երբ ընտրողաբար ծիծաղում էր ոչ ամեն հումոր լսելիս:

- Մեր հին աչքերում նորն, ա՜յ, այստեղ էր, - երկարատև դադարից հետո ասաց պապս` գլուխն ու ձեռքը համատեղ անփույթ շարժումով ուղղելով դեպի գրապահարանը, որը հյուրասենյակի մի պատը գրավելու չափ մեծ էր` աջից ձախ, վերից վար` ամբողջ երկայնքով` գրքերի կրկնաշարքով, - մեր հին կյանքում նոր բան այստեղից էինք իմանում, դու էլ նոր կյանքիդ խնդիրներին լուծում հին գրքերում փնտրիր: Չնայած` գրքի հինը ո՞րն է:

Վերջին նախադասությունն ասեց մի տեսակ կսկիծով ու թախիծով` կարծես սովորեցնելով, որ գիրքը երբեք չի հնանում ու ժամանակի մեջ տեղավորվելու խնդիր չունի:

Հիմա եմ հասկանում` ոչ մի հին բան, ինչպես պատմությունը, ժամանակից դուրս չի կարող մնալ, բայց դուրս է մնում ժամանակակիցի ցուցակից:

Թե' պապս, թե' խոսքերը նրա
Միշտ էլ կապրեն ժամանակում,
Բայց կլինեն զորեղ ժամանակից,
Ժամանակով էլ չեն քայլի, չեն էլ ծալվի ժամանակում,
Չեն էլ ձուլվի, չեն էլ լուծվի,
Գլխավորը` չեն անջատվի ժամանակից ու ինձանից:
Խոսքերն այդ ո'չ հին են, ո'չ էլ նորություն,
Ծանոթ են, կարծես, ինձ հազար տարի,
Բայց և օտար են` գույնով նորույթի:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին