Ալինա Գեւորգյան. Իմ տատիկը, իմ պապիկը - Mediamax.am

1732 դիտում

Ալինա Գեւորգյան. Իմ տատիկը, իմ պապիկը



- Զաբե'լ, արի գնանք դեպի այգի։

Պապիս ձայնը ստիպում է ինձ ստափվել։ Նայում եմ պատուհանից։ Քայլում են կողք կողքի` 87-ամյա պապս ու 84-ամյա տատս։ Ժամանակն ու տարիները իրենց խոր հետքն են թողել նրանց վրա` կորացել են, ծերացել։

Հրաշք են տատս ու պապս։ Ասում են երիտասարդ ժամանակ շատ համարձակ էր պապս։ Սիրած աղջկա, այսինքն տատիս համար նույնիսկ արջի քոթոթ էր բռնել։ Տատս էլ ամուսնացել ու  երեք տարի  սպասել է պապիս` բանակից գալուն։

Հիմա էլ շարունակում է նրանց սերը։ Երբեմն կատակով ասում եմ, դեպի, ու՞ր այ աղունիկներ։ Դե իսկ պապս ժպտալով ասում է ` «Բալես, կնոջը ամեն օր պետք է զբոսանքի տանել»։

Չնայած իրենց զառամյալ տարիքին նրանք ամուր կապված են բնության  հետ։ Սիրում են բնությունը, առանց բնության մեկ օր էլ չեն ապրի։ Իսկ երբ  տուն են դառնում ու  բացում խուրջինը` տունը լցվում է դաշտի բերք ու բարիքի անուշ հոտով։

- Առաջին նուբարը ես պետք է բերեմ, - ասում է պապս, երբ հորդորում եմ նրանց տանը մնալ ու հետո հոգոց քաշելով շարունակում։

- Գիտես ինչ դժվար է բնության մեջ մեծացած  մարդու համար հեռու լինել  բնությունից։ Ես ա՜խր սար ու ձորի մարդ եմ:

Հետո  տեսնում եմ պապիս արցունքոտ աչքերը ու դադարեցնում եմ հարցերս։

Երկու որդի են կորցրել։ Առաջնեկը մահացել էր ընդամենը ծննդից մի քանի օր հետո։ Հորս մահը ավելի է կոտրել նրանց։ Կյանքն ամեն կերպ փորձել է տապալել պապիս ու տատիս։ Բայց նրանք հաղթել են կյանքին։ Հաղթել են ու դեռ ավելին` չեն չարացել։ Շարունակում են կռվել,  որովհետև ունեն մեզ, ունեն իրար։

Տատս ու պապս գիտեն կյանքի գինը, նրանք գնահատում են օրվա ամեն մի ժամը, րոպեն: Իմ կյանքն առանց նրանց անարև երկինք է։ Նրանք մեր տան սյուներն են` առանց սյուն տուն չի լինում։

Երկար ապրե՜ք, խնդրում եմ։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին