Բարև սիրելի ընթերցող։ Ես հիմա հասուն մարդ եմ, ունեմ երեխաներ։ Հաճախակի մեր ընտանիքում երեխաներս կրկնում են՝ տատիկ, պապիկ։ Ու ամեն անգամ այս 2 բառից ես ընկնում եմ քաղցր զգացմունքների մեջ, պարուրվում անասելի քնքշության հուշերով ու ասես տեղափոխվում՝ անցյալի բարի ու անկրկնելի հիշողության գիրկը։ Սկսում եմ համեմատական զուգահեռներ գծել ներկայի ու անցյալի միջև, բայց չէ…
Իմ պապիկը ավելին կլիներ ինձ համար. մայրս պատմում է թէ ի՜նչ ջերմությամբ և քաղցր խոսքերով էր խոսում ինձ հետ։ Ավա՜ղ, ես իմ պապիկից զրկվեցի շատ շուտ։ Պապիկս անցել էր Հայրենական մեծ պատերազմի, հիտլերյան մեքենայի դեմ մղված ահեղ ու դաժան օրերի միջով։ Պատերազմը թէև վաղուց էր ավարտվել, բայց նրա թողած սպիները անընդհատ հիշեցնել էին տալիս նրան,որ ամեն ինչ չէ որ ավարտվել է։ Նրան այդ մասին մոռացնել չէին տալիս շարժվող արկի բեկորները. նա անասելի ցավ էր զգում։ Ինչևէ, պապիկս չկա, բայց նրանից մնացած վառ ու բարի հիշողություններ կան։ Մայրս այնպիսի քնքշությամբ և զգույշ է պատմում այդ ամենի մասին, որ կարծես պապիկս ներկա է մեր խոսակցությանը ու հանկարծ մի անզգույշ խոսքով անգամ չնեղացնի նրան...
Տատիկս... Նա ազնվական ծագումով, բարետես, բարձրահասակ ու չափազանց բարեհամբույր մի անձնավորություն էր։ Նրա արտաքինը և կեցվածքը արդեն իսկ վկայում էին նրա ծագման մասին։ Տատիս մեջ ասես ամբողջացած էր հայ կնոջ վեհ կերպարը։ Դեռ փոքր տարիքից շատ էի կապված տատիկիս հետ։ Ես ու տատիկս ամբողջ օրը միասին էինք լինում։ Երբ ես արդեն թոթովում էի, հենց այդ ժամանակվանից նա իր պատմություններով և հեքիաթներով ինձ սնում էր բարության վեհ գաղափարով։ Երեխաներիս անասելի կարոտով եմ պատմում տատիկիս մասին և ամեն անգամ պատմություններից նորից ընկնում եմ իմ մանկության քաղցր հուշերի մեջ, որ կապված են տատիկիս հետ։ Տատիկս էլ էր հաճախակի շոշափում պապիկիս թեման և ասում. «Ինչքա՜ն լավ կլիներ,որ պապիկդ ողջ լիներ, չէ որ նա այդքան մեծ բան չէր ուզում, ասում էր. «Ես այնքան ողջ մնամ, որ աղջկաս՝ այսինքն իմ, ձեռքից բռնած գնամ Մայիսի 9-ի նվիրված շքերթին...» Բայց այդպես էլ չկայացավ նրա փոքր երազանքը»: Հիմա ես ամեն Մայիսի 9-ի անպայման մասնակցում եմ շքերթին։
Դրանից հետո այցելում եմ պապիկիս շիրիմին և շշուկով ասում եմ նրան. «Պապիկ ջա՛ն, ես և դու անցանք շքերթի մեծ թափորի միջով, հպարտության վեհ զգացում ապրեցի, հաղթանակդ շնորհավոր, պապի՛կ»: Այդ ժամանակ նայում եմ պապիկիս նկարին։ Այնքա՜ն գոհունակ հայացք եմ նկատում, չգիտե՞մ ՝ ինձ է թվում, թէ այդպես է...
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: