- Հիմա, ես ինչ խոսեմ, ձայնագրվո՞ւմ ա:
- Հա, տատ, դու խոսի, ես ձայնը ստուգեմ:
- Ի՞նչ ասեմ բալես, բարով մաշես, սրանով գործ գտնես: Լսի, էն գործիդ փողը տվեցի՞ն: Էդ մորդ ժուռնալները չկորցնես: Տար միջանցքում դիր:
- Հարյուր տարվա «Առողջապահություն» ա այ տատ: Կկարդամ, կդնեմ: Չէ, փողը չեն տվել:
- Վայ, տենաս քո հացի փողը ուտողը հետո ո՞նց ա հաց ուտում: Քրչիկը տաք ա, բերե՞մ:
- Այ կնիկ, ես կյանքու՞մ եմ քրչիկ կերել: Փող ա, կտան, էլի սկսեցի՞ր:
- Ինչի՞ պիտի իմ երեխեն աշխատի, փող չտան: Այծի թոռներին ո՞նց են տալիս:
- Այծի թոռները բախտ ունեն, ես դեռ դրա տեղը չեմ գտել:
- Աղչի Այծի տունը վարձով են տվել: Ապրողների երեխեն փոքր ա: Կանֆետ բան կա, լցրու տար:
- Մայր Թերեզան ես:
- Չոլոյի հետ ինչի՞ ես համեմատում:
- Քո հարեւան Թերեզի հետ չեմ: Մայր Թերեզայի հետ եմ: Լրիվ դու ես: Էդ տան ապրողների հովանավո՞րն ես: Ժամանակին էլ Այծի տղերքին էիր բռերով կոնֆետ, չարազ տալիս: Հիմա քեզ հիշո՞ւմ են:
- Հիշում են: Բաբոին տեսա, ասեց ստեղ չեն: Աղչի, էդ Բաբոն ոնց ա նիհարել: Դրան մի բան չլինի՞: Սեւ ակնոց էլ դնում ա, մարդ ըսկի չի ճանաչում: Սենյակի դուռը գնա փակի: Քամի ա: Էն խնձորն էլ սեղանի տակ եմ դրել, տաք օդից չփչանա՞:
- Այ տատ, հո սով չի՞: Խնձորն էլի ինչի՞ ես թղթով փաթաթել:
- Նոր Տարուն խնձորը յեսիմինչ գին ա, սովն ի՞նչ կապ ունի: Չարազ էլ եմ առել, բայց քիչ, մի բուռ:
- Երկու կիլոն քո մի բուռն ա, չէ՞: Ու՞ր ես դրել: Դու բաստուրմա էլ առած կլինես, երշիկ, պանիր էլ:
- Չէ, չէ, ինչ ես խոսում: Հաց-պանի՞ր բերեմ:
- Չէ: Մաման գաթա էր ուղարկել, տեսա՞ր:
- Հա, առավոտը կուտեմ:
- Դիետա ե՞ս պահում:
- Դրանից դու ես պահում: Աղջկան տեսեք, իրան սովի ա մատնել մարդը: Դու մեր լամպերի գործարանի Աիդան ես դառնալու վերջը: Աղչի, էդ լամպերի գործարանը տենաս կբացե՞ն: Դրա կողքն էր մեր տունը:
- էդ տունը չեմ տեսել: Հեռախոսն ա տատ:
- Ով ա՞:
- Վերուշը:
- Ալո, Վերու՞շ: Ջանսաղություն: Վերուշ հետո կզանգեմ:
- Այ տատ ինչի՞ չխոսեցիր: Լարը փաթաթվեց, սպասի բացեմ:
- Էս փոշին էլ մի հատ վերցրու էլի: Մեկ էլ փշուր ա թափվել, բեր էդ էլ ավլի: Օֆ, աման, ես գիտեմ, Վերուշն ինչ պիտի ասի:
- Նստած մարդ չպիտի տեսնես: Մեկը մի գործ պիտի անի, չէ՞:
- Չէ: Էլ բան պետք չի: Նստի: Պապուդ նկարը թեքվել ա: Ուղղի: Տես, չընկնի: Էհ, Վարո ջան:
- Տատ, Նարեկը պապիին նման ա, չէ՞:
- Վարոն մի հատ էր: Էն օրն երեխեք էին էլի պապուդ բախչա մտել, դուռն էլ ջարդել էին: Էտի տենց կավիրիվի կգնա:
- Գարունը գա մի բան կանենք: Այ, տատ, ոտքդ, ոտքիցդ ծուխ ա գնում: Մո՞տ էիր պահել:
- Աման: Տես, բարակ եմ հագել, սառել եմ, դրա համար տաքանալը չեմ զգացել, կպել եմ: Հլա կամաց: Նասկի բեր: Զվուկ տուր: Լուրերն ա: Էդ դիվանը բարձրացրու, մեջի սպիտակ կտորից տոպրակը բեր: Մի բուռ չարազ ա: Էն 500 գրամանոցն էլ հանի: Էրեկ եմ առել էդ սեմուշկեն: Համ չէր գալիս...
Հ.գ. Կներես, տատ: Սա իմ ձայնագրիչի միակ ձայնագրությունն ա: Ուզում եմ իմանաս, որ քեզանից հետո, խնձորը թերթով մաման ա փաթաթում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: