Լուսնի վրա 12 մարդ է քայլել, որոնցից այսօր կենդանի են միայն չորսը: Տասներորդ լուսնագնացը ամերիկացի տիեզերագնաց Չարլի Դյուկն է: Նա Լուսին այցելեց 1972 թվականի ապրիլի 16-ից 27-ը «Ապոլոն 16»-ի առաքելությամբ:
Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնի բազմաթիվ աշխարհահռչակ հյուրերի հետ Հայաստան կայցելի նաեւ Չարլի Դյուկը:
Մեդիամաքսը առանձնացրել է 8 փաստ տիեզերագնացի կյանքի, լուսնային արկածի եւ աշխարհընկալումների մասին:
Փաստ 1. Երազում էր զինվորական դառնալ
Լուսին թռչելը ամենեւին էլ Չարլիի մանկության երազանքը չի եղել՝ 1940-ականներին տիեզերքի մասին դժվար էր անգամ երազել: Նրա մանկության հերոսները Վայրի Արեւմուտքի կովբոյներն էին, որոնց ճանաչում էր ժամանակի ֆիլմերից:
Պատանի տարիքում նա մտածում էր սպա դառնալու եւ իր հայրենիքին ծառայելու մասին՝ ոգեշնչվելով իր հորից: 1953 թվականին նա ընդունվում է ԱՄՆ-ի Ռազմածովային ակադեմիա:
Լուսանկարը` Միացյալ Նահանգների նավատորմ
Ուսումը հաջող էր ընթանում մինչեւ մի միջադեպ, որը կասեցրեց Չարլիի հետագա առաջխաղացումը՝ որպես ռազմածովային սպա: Մի օր իր սենյակ վերադառնալիս նա տեսնում է, որ սեղանին դրված են իր ռեզինե կրկնակոշիկները, իսկ կողքին գրություն է՝ այս կրկնակոշիկների տերը պետք է ներկայանա վերադասին: Նա իր կրկնակոշիկներում էր պահել հին, չփայլեցված կոշիկները, որը ակադեմիայի կարգապահության կոպիտ խախտում էր: Երբ վերադասը հարցնում է նրան, թե ինչ կարող է ասել իրեն արդարացնելու համար, Չարլին պատասխանում է. «Կարծում եմ, որ դա հիմար կարգավորում է»:
Լուսանկարը` NASA/Ed Hengeveld
Վերադասը չափազանց խիստ է արձագանքում այս պատասխանին, Չարլին համաձայնում է նրա հետ ու հասկանում, որ Ռազմածովային ակադեմիայում այլեւս բարձր կոչման չի արժանանա: Նա սկսում է մտածել ռազմաօդային ուժեր մտնելու մասին:
Փաստ 2. «Հեյ, այդ ես եմ»
Օդաչուների դպրոցում սովորելու տարիներին էր, երբ Չարլին հեռուստատեսությամբ ֆուտբոլ նայելիս պատահաբար աչքը գցում է «Los Angeles Times» պարբերականի առաջին էջին ու տեսնում՝ «NASA-ն փնտրում է տիեզերագնացների»:
Կարդալով փնտրվող անձանց նկարագիրը՝ Չարլին ուրախ բացականչում է. «Հեյ, այդ ես եմ»:
Լուսանկարը` Apollo Lunar Surface Journal
Նա գնում է հայտարարության հետքերով, դիմում է եւ շուրջ 3 500 հայտատուներից դառնում այն երեքից մեկը, որ պետք է Լուսին թռչեին «Ապոլոն 16»-ի առաքելությամբ:
Փաստ 3. 17 վայրկյան
Չարլի Դյուկը «Ապոլոն 10»-ի տիեզերագնացների աջակցության թիմից էր: «Ապոլոն 11»-ի թռիչքի ժամանակ էլ, երբ առաջին անգամ մարդը ոտք դրեց Լուսնի վրա, տիեզերագնացների հետ երկրից կապը հենց Չարլի Դյուկն էր պահում:
Նա հիշում է, որ վայրէջքը, մեղմ ասած, հարթ չանցավ. հաղորդակցային խնդիրներ կային, ձայնային կապն էր կորում, «Ապոլոն»-ի համակարգչի հզորությունը չէր բավականացնում:
«Բացի այդ, վայրէջքից առաջ օդանավը ճիշտ տեղում չէր, եւ երկրի վրա գտնվող թիմը դիրքը սխալ էր թիրախավորել: Այդ պատճառով նախանշված տեղում օդանավը չկարողացավ վայրէջք կատարել, եւ Նիլ Արմսթրոնգը ստիպված էր որոշակի ճանապարհ անցնել տիեզերանավով՝ վայրէջքի ավելի համապատասխան տեղ գտնելու համար: Սա շատ վառելիք խլեց, եւ Նիլին հայտնեցի, որ վայրէջքի համար 60 վայրկյան ունի»:
Լուսանկարը` NASA
Երկրային թիմը շարունակում էր շունչը պահած հետհաշվարկ անել ... 30 վայրկյան, բայց դեռեւս արձագանք չկար: Ձախողում հայտարարելուն 17 վայրկյան էր մնացել, երբ Նիլը հայտնեց բարեհաջող վայրէջքի մասին, որը ընդունելուց հետո, Չարլին շարունակեց. «Այստեղ մի խումբ տղաներ կան, որ գրեթե կապտում էին: Հիմա նորից շնչում ենք: Անչափ շնորհակալ ենք»:
Փաստ 4. 140 կծկում րոպեում
Թռիչքից առաջ, երբ սկսում է վառելիքի բռնկման գործընթացը, տիեզերանավը սկսում է ուժգին ցնցվել: Սա անհանգստացնում է Չարլիին:
Լուսանկարը` NASA
«Ինչու՞ է այսքան ուժգին ցնցվում: Ի՞նչ է կատարվում: Ինչ-որ բան այն չէ այս սարքի հետ»,- այդ պահի իր մտքերն է հիշում Չարլին, որ ներկայացնում է ինքնակենսագրական գրում: Հետո հետ հաշվարկ՝ 4, 3, 2, 1 եւ տիեզերանավն օդ է բարձրանում:
«Ֆանտաստիկ է: Մենք ճանապարհին ենք: Ես ունեցա այս հնարավորությունը: Այլեւս հետ ճանապարհ չկա: Այլեւս ոչ մի մտափոխվել, ոչ մի չեղարկում կամ խոսք, թե վերադարձեք՝ դուք մոռացել եք ձեր սենդվիչները»,- գրում է Չարլին:
Լուսանկարը` NASA
Ավելի ուշ նա իմանում է, որ հիացմունքի այդ պահին իր սիրտն աշխատում էր րոպեում 140 կծկում հաճախականությամբ:
Գրքում Չարլին պատմում է նաեւ ձգողականության ուժի բացակայությանն իր առաջին արձագանքի մասին: «Անկշռության պայմաններում դու կամ կասես՝ սա լավագույնն է, կամ էլ՝ ինձ մոտ մի եկեք, սրտխառնոց ունեմ: Իմ պարագայում երկրորդ պատասխանն էր, սակայն առաջին մեկ ժամը հաղթահարելուց հետո ես եւս մյուսների պես հաճույք էի ստանում՝ տիեզերանավի մի կողմից դեպի մյուսը «լողալով»»:
Լուսանկարը` Shanna Lockwood
Փաստ 5. 71 ժամ եւ 14 րոպե
Ջոն Յանգը դարձավ 9-րդ մարդը, որ ոտք դրեց Լուսնի վրա: Նրա հետեւից գալիս էր անհամբեր Չարլին, որ փորձում էր շտապեցնել Ջոնին:
Լուսանկարը` NASA
«Սա իմ առաջին քայլ է լուսնային մակերեսի վրա: Սուպեր է, Թոնի: Մենք փոքրիկ ոտնահետքեր ենք թողնում այստեղ մոտ կես դյույմ խորությամբ»,- սա նրա առաջին խոսքերն էին՝ ուղղված անձնակազմի երրորդ անդամին՝ Թոմաս Քենեթ Մաթինգլիին: Թեկուզ դրանք չեն արտահայտում շատ հույզեր, բայց նա իսկապես անչափ ոգեւորված էր, որ Լուսնի վրա ոտք դրած հաշված մարդկանցից մեկն էր:
Լուսանկարը` Nasa
«Ես այդտեղ չէի, որպեսզի իմ անունը հիշվեր: Ես եկել էի արկածի ոգեւորության եւ բացահայտումների համար»,- հետագայում գրում է Չարլին:
«Ապոլոն 16»-ի առաջադրանքն էր նմուշներ հավաքել լուսնային լեռնաշխարհից՝ «Դեկարտ» լուսնային խառնարանի մոտակայքից: Լուսնի վրա անցկացրած 71 ժամ 14 րոպեի ընթացքում Չարլին եւ Ջոնը հասցրին 3 անգամ մակերեւույթ դուրս գալ:
20 ժամ 15 րոպեն Չարլին գտնվել է տիեզերանավից դուրս: Այդ ընթացքում նա տեղադրել եւ փորձարկել է գիտական սարքավորումներ, հավաքել մոտ 97 կգ քարերի եւ հողի նմուշներ, ինչպես նաեւ գնահատել լուսնային մեքենայի (LRV) աշխատանքը Լուսնի կոշտ մակերեւույթի վրա:
Փաստ 6. Վտանգավոր «Օլիմպիական խաղեր»
Ջոն Յանգը եւ Չարլի Դյուկը որոշում են Լուսնի վրա «Օլիմպիական խաղեր» կազմակերպել՝ ի պատիվ 1972 թվականին Մյունխենում կայանալիք ամառային խաղերի: Քանի որ ժամանակ գրեթե չունեին, մի շարք վարժությունների փոխարեն միայն բարձր թռիչքներ են փորձում: Երբ Չարլի իրեն հրում է Լուսնի մակերեւույթից եւ կատարում մոտ մետր բարձրության ցատկ, օդում ուսապարկի ծանրությունը նրան շրջում է եւ սկսում է վայր ընկնել մեջքի վրա:
Լուսանկարը` NASA
«Փորձեցի ուղղել ինձ, սակայն չկարողացա: Սիրտս վախով լցվեց, որովհետեւ մտածում էի՝ այդ բարձրությունից մեջքի վրա ընկնելով ուսապարկս կարող էր վնասվել ու կկորցնեի թթվածնի ամբողջ պաշարը: Լուսնային օրերի ընթացքում սա միակ պահն էր, երբ ես իսկապես խուճապի մեջ էի»,- պատմում է Չարլին:
Բարեբախտաբար ամեն ինչ հաջող է ավարտվում, ոչինչ չի վնասվում, իսկ Ջոնն օգնում է Չարլիին բարձրանալ:
Փաստ 7. Ընտանեկան լուսանկարը՝ Լուսնի վրա
Առաջին գիշերը տիեզերքում Չարլին ստիպված էր քնաբեր խմել՝ օրվա գլխապտույտ իրադարձություններից հետո միտքը խաղաղեցնելը հեշտ չէր: Սակայն մինչ այդ, նա որոշում է բացել իր թռիչքի ծրագրին կցված նամակները:
Նրա երկու որդիները նկարել էին «Ապոլոն» տիեզերանավը: Նրանցից մեկը նկարի հետեւում գրել էր «Մենք սիրում ենք քեզ», իսկ մյուսը՝ «Ապահով վերադարձիր տուն»:
Լուսանկարը` Charlie.com
Չարլիի կնոջ՝ Դորոթիի նամակում գրված էր. «Այս գիշեր որտեղ էլ որ դու լինես, իմ մտքերը քո մասին են ... Երբ նայես Լուսնին եւ աստղերին, հիշի´ր, որ մենք եւս նայում ենք նույն Լուսնին ու աստղերին եւ մոտ ենք քեզ»:
Լուսանկարը` NASA (աջից) եւ ընտանեկան արխիվ (ձախից)
Չարլի Դյուկը խոստացել էր իր որդիներին նրանց եւս իր հետ Լուսին տանել, եւ հայրիկն իր խոստումը կատարեց: Նա իր հետ վերցրել էր իրենց ընտանեկան լուսանկարը, որը թողեց Լուսնի վրա, որպեսզի անգամ տիեզերքում ընտանիքը միասին լինի:
Փաստ 8. Քայլել Հիսուսի հետ
Չնայած Չարլին զգում էր ընտանիքի աջակցությունը, տիեզերքին նրա նվիրվածությունը ընտանեկան խորը ճգնաժամի առիթ էր դարձել:
Չարլիի՝ Լուսնից վերադառնալուց եւ նորից կարիերային նվիրվելուց հետո Դորոթիի համար ծանր շրջանը շարունակվում է, քանի որ իր՝ սիրող եւ հոգատար ամուսնու մասին երազանքները վերջնականապես փշրվում են: Դորոթին անգամ մտածում է ինքնասպան լինելու մասին, սակայն կարողանում է ամրանալ հավատով՝ դառնալով դեպի Աստված: Չարլին որոշ ժամանակ անց մեծ փոփոխություն է նկատում կնոջ վարքագծում, իսկ ավելի ուշ նա եւս իր հոգու խաղաղությունը գտնում է Աստծո եւ հավատի մեջ:
Լուսանկարը` Tom Cornille
Չարլի Դյուկը հասկանում է, որ տարիներ շարունակ իր համար առաջին տեղում եղել է կարիերան: Իր հարցազրույցներից մեկում նա շեշտում է, որ եթե կյանքում ինչ-որ բաներ ավելի վերեւ ես դասում Աստծուց, դատարկ ես մնալու, եւ վաղ թե ուշ, հիասթափություն ես ապրելու: Այս ընկալումները օգնում են նրան նաեւ պահպանել ընտանիքը:
«Ես ասում էի, որ կարող եմ տասը հազար տարի ապրել, բայց երբեք նորից չզգալ այն սրտատրոփ հույզերը, որն ապրեցի Լուսնի վրա քայլելիս: Բայց այդ հիացմունքն ու բավարարվածության զգացումը համեմատելի չեն իմ՝ Հիսուսի հետ քայլելուն՝ ճանապարհ, որ հավերժ է ... Ոչ բոլորը կարող են ստանալ Լուսնի վրա քայլելու հնարավորություն, սակայն բոլորն էլ ունեն հնարավորություն քայլելու Աստծո որդու հետ»,- իր գրքում շեշտում է Չարլի Դյուկը:
Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնի տոմսերը կարող եք ձեռք բերել այս հղումով. https://www.starmus.com/tickets
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: