Կարդացեք «Նեմեսիս»-ի վերջին արարը՝ Ջեմալի սպանությունը
1922 թվականի հուլիսի 21-ին Թիֆլիսում ի կատար ածվեց Օսմանյան կայսրության ծովային նախարար, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության ղեկավար եռյակից Ահմեդ Ջեմալի մահապատիժը։
Այն իրականացրին Արտաշես Գեւորգյանը եւ Պետրոս Տեր-Պողոսյանը։
Կազմակերպիչը «Հատուկ գործ»-ն էր իր թիֆլիսյան անդամներով, գործը վստահված էր Ստեփան Ծաղիկյանին։
Հասկանալու համար, թե ինչ եղավ Ջեմալին արժանի պատժին արժանացնելուց հետո, զրուցել ենք Արտաշես Գեւորգյանի եղբոր թոռ Վերգինե Գեւորգյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի եղբոր թոռ Տիգրան Տեր-Պողոսյանի, գործն ուսումնասիրած Վարդան Կարիմյանի եւ Աղասի Ազիզյանի հետ։
Բազմաթիվ փաստեր ներկայացվում են առաջին անգամ։
Թորգոմ Գեւորգյանի մատնությունը
Թվում է, թե Ջեմալին մահապատժի ենթարկելը լինելու էր «Հատուկ գործ»-ի հերթական չբացահայտված գործերից մեկը։ Սակայն ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ 1927-ին՝ Արտաշես Գեւորգյանի եղբոր՝ Թորգոմի մատնությամբ։
«Գեւորգյանների ընտանիքը հայրենի Խոտորջուրից գաղթելուց հետո ապրել է ուկրաինական Մաքսիմովկա գյուղում, որտեղ տուն ու խանութ ունեին։ Սակայն միջավայրը հայկական չէր, իսկ իրենք ձգտում էին ապրել խոտորջուրցիների շրջապատում։ Տեղափոխվում են Թիֆլիս՝ 1922-ից ապրելով Նինոշվիլի փողոցում։ Քանի որ Արտաշեսը սիրում էր Հայաստանը, Թիֆլիսը եւս օտար էր նրա համար։ Դեռ 1918-ի մայիսյան հերոսամարտերի ժամանակ Լոռվա սարերով անցնելիս նա փնտրելիս է եղել իրենց գյուղին նման վայր, որպեսզի հետագայում հաստատվեր այնտեղ։ Տարիներ անց Կոտայքի մարզի Կարմիր Հովիտը նմանեցնում է Խոտորջուրին, խորհրդակցում այլ խոտորջուրցիների հետ ու որոշում այնտեղ բնակավայր հիմնել»,- պատմում է Արտաշես Գեւորգյանի մյուս եղբոր՝ Երվանդի թոռ Վերգինե Գեւորգյանը։

1925-ին հիմնում են Ախտայի շրջանի խոտորջուրյան կոմունան։ Գեւորգյանը հավաքում է իր հայրենակիցներին ու սկսում են այն շենացնելու գործընթացը։ Կոմունայում Արտաշեսի օգնականը Թորգոմն ու նրանց քեռի Կառլոս Չախալյանն էին։ Թորգոմն Արտաշեսի հետ ծառայել էր զորավար Անդրանիկի վաշտում։ 1922-ին, երբ եղբայրը Թիֆլիսում մասնակցում էր Ջեմալին մահապատժի իրագործմանը, Թորգոմը Դոնբասում էր եւ իր պնդմամբ Կովկաս էր վերադարձել միայն 1924 թ. վերջերին։

Կոմունայի կայացման համար գումարներ տրամադրել են տարբեր քաղաքներում սփռված խոտորջուրցիները։ Հայաստանի Ազգային արխիվի «Բռնադատվածների վերաբերյալ կարճված քրեական գործեր»-ից իմանում ենք, որ «Տայք հայրենակցական միության» անդամները պարբերաբար գումարներ են ուղարկել Գեւորգյաններին, իսկ Արտաշեսն անձամբ «Խոտորջուրի հարուստներից 7000 ռուբլի է ստացել»։ «Տայք հայրենակցական միության» ղեկավարն ու նախագահը եղել է Ստեփան Ծաղիկյանը, ղեկավար կազմի մեջ կային եւս 14 հոգի, այդ թվում՝ Գեւորգյանները։
1927-ին Ծաղիկյանը ձերբակալվում է՝ Թորգոմ Գեւորգյանի մատնությամբ։ Հայաստանի ազգային արխիվում պահվում է այն նամակը, որը կալանավորված Գեւորգյանը 1949 թ. փետրվարի 14-ին ուղղել է Հ.Ս.Ս.Ռ. դատախազին։
«․․․ 1927 թ. իմ ցուցմունքով Зак ГПУ-ի աշխատակից Գեվորգյան Վանյան ձերբակալեց Դոնբասի Դաշնակների կազմակերպության ղեկավար Ծաղիկյան Ստեփանին. նոյն Ծաղիկյանը 1932 թ. փախել էր աքսորից եւ Խարկովում թաքնված էր: Ես պատահմամբ իմացա այդ մասին (մորս պատմել էր Թաթմանյան Գրիգորի կինը․․) եւ գրավոր հաղորդեցի Հայ. Գ.Պ.Ու.ի աշխատակից Կոստյա Գրիգորյանին եւ հետո իմացա, որ ճիշտ իմ տված հասցէով էլ Ծաղիկյանը իր ընկերներով ձերբակալված էր․․․»:

Ձերբակալվում են նաեւ Ջեմալի մահապատժի իրականացման մյուս մասնակիցները՝ Պետրոս Տեր-Պողոսյանը, Կորյուն Ղազազյանը եւ Տիգրան Ավետիսյանը։
Ձերբակալվում են նաեւ Գեւորգյանները
Թորգոմի մատնությունից մեկ տարի անց՝ 1928-ի հուլիսի 14-ին, խոտորջուրյան կոմունայում պետանվտանգության աշխատակիցները կալանավորում են Գեւորգյան եղբայրներին ու նրանց քեռուն՝ մեղադրվելով «իրենց վստահված աշխատանքի նկատմամբ սխալ կառավարման, անազնիվ վերաբերմունքի» համար, ինչը «վնասել է կոմունայի շահերին»։ Ըստ մեղադրականի՝ նրանք կոմունային տրամադրված գումարները նպատակային չեն ծախսել։ Իբր գտնվել է Թորգոմի նամակն ուղղված կոմունայի գանձապահ Չախալյանին, որտեղ նա 1000 ռուբլի է խնդրել ու առաջարկել այն ներկայացնել, թե «դրանով կով են առնելու»։
Թորգոմի մեղադրանքում նշված է, որ նա գումարը ծախսել է անձնական նպատակներով։ Նա ընդունել է մեղքը։
Արտաշես Գեւորգյանին եւս մեղադրում են գումարներ յուրացնելու, ինչպես նաեւ եղբոր զեղծարարությունների մասին չհայտնելու մեջ։ Արտաշեսը, ինչպես նաեւ Կառլոս Չախալյանն, իրենց ուղղված մեղադրանքները չեն ընդունել։
Եղբայրները նամակներ են գրել ու խնդրել հանդիպում կազմակերպել պատկան մարմինների հետ։ Մասնավորապես, Թորգոմն անընդհատ դիմում է, որ «․․․կարեւոր հաղորդելիք ունիմ, բայց չիկայք։ Խնդրում իմ կամ գալ, կամ հայտնիլ, վոր գրավոր ներկայացնիմ»։ 1929-ի մայիսի 3-ին Արտաշեսը գրավոր դիմում է դատախազին ու նշում, որ այդ պահին աշխատում է ուղղիչ տան փռում։ Կցում է նաեւ բժշկի թուղթն այն մասին, որ երիկամների հիվանդություն ունի։ Սակայն Հայաստանի կենտգործկոմի Մասնավոր ներում շնորհող հանձնաժողովը մերժում է եղբայրների՝ ներում շնորհելու մասին դիմումը։

Նրանք ազատ են արձակվում երեք տարի անց ու շարունակում աշխատանքը Ներքին Ախտայի Խոտորջուր գյուղում։ Հետագայում Թորգոմ Գեւորգյանը ենթադրում է, որ իրենց մատնել էին դաշնակցականները։ Միգուցե սա պատասխան էր այն բանի, որ վերջինս դրանից առաջ ձերբակալել էր տվել ՀՅԴ մի շարք գործիչների, այդ թվում նաեւ Ջեմալի գործի մասնակիցներին։
«Գումարների շորթումն ամբողջովին հերյուրանք է։ Այդ տարիներին ԽՍՀՄ-ում խրախուսվում էր մատնությունը։ Եղել են չկամներ, ովքեր նախանձում էին Գեւորգյանների հաջողությանը։ Եթե նրանք մեղավոր էին, ինչո՞ւ բանտից ազատվելուց հետո նորից նշանակվեցին նույն պաշտոններում։ Արտաշեսին առաջարկում են դառնալ կոլխոզի նախագահ, սակայն նա հրաժարվում է ու այդ պաշտոնը ստանձնում է Թորգոմը։ Արտաշեսը մնում է որպես մեղվապահ»,- պարզաբանում Վերգինե Գեւորգյանը։
Հետաքրքիր է, որ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատում այդ ժամանակ գիտեին Արտաշես Գեւորգյանի՝ Ջեմալի սպանությանը մասնակցելու փաստը (ձերբակալությունից առաջ նա խոստովանական նամակ էր ուղարկել-խմբ․), սակայն ոչ մի հիշատակություն չի արվում ո՛չ հարցաքննության ընթացքում, ո՛չ էլ մեղադրականում։
Ինչու Թորգոմը գնաց նման քայլի
Վարդան Կարիմյանը եւ Աղասի Այվազյանը կարծում են, որ Ծաղիկյան-Տեր-Պողոսյան-Գեւորգյան խնդիրը կոմունայի համար հավաքված գումարների չլուծված հարցերի մեջ է։ Պատասխանատվությունից խուսափելու համար Թորգոմը փորձել է ճանապարհից հեռացնել Ծաղիկյանին։ Սակայն հետագայում, միգուցե ԽՍՀՄ-ում ապրող դաշնակցականների մատնությամբ ձերբակալվել են նաեւ իրենք։
«Մինչեւ Թորգոմի մատնությունը Ջեմալի գործի անդամները հանգիստ ապրում էին, նրանց նկատմամբ հետապնդում չկար։ Ինձ թվում է, կոմունայի ստեղծումից հետո հավաքվող գումարների հետ կապված պարտք ու պահանջի հարցեր են առաջացել։ Ծաղիկյանը մեծ հեղինակություն էր վայելում խոտորջուրցիների շրջանում։ Նա դրամահավաքներ էր կազմակերպում եւ փոխանցում Գեւորգյաններին ստեղծած բնակավայրի համար։ Ենթադրում եմ, որ այդ գումարների մի մասը չի ծառայել նպատակին, ինչի մասին իմացել է Ծաղիկյանն ու պատասխան պահանջել։ Թերեւս սա է եղել պատճառը, որ Թորգոմը դիմել է մատնության, այն էլ՝ երկու անգամ, որպեսզի իրենց նկատմամբ հաշվեհարդար չտեսնեն», - կարծում է Վարդան Կարիմյանը։

Հայաստանի ազգային արխիվում պահվող նյութերից իմանում ենք, որ 1926-ին ՀԽՍՀ Ներքին Ախտայի շրջանի խոտորջուրյան կոմունայի կողմից Արտաշես Գեւորգյանը գործուղվել է Դոնբաս, որտեղ ապրում էր Ծաղիկյանը։ Մեծ հավանականությամբ նրանք այնտեղ հանդիպել են։ Հաստատ է, որ ճանապարհին՝ Կրասնոդարում, Արտաշեսը տեսնվել է Պետրոս Տեր-Պողոսյանի հետ։
«Պետրոս Տեր-Պողոսյանն ինձ ասել է, որ նա հիասթափված է Դաշնակցություն կուսակցության աշխատանքից, որ նա հեռացել է ․․․ եւ մտադիր է զբաղվել խաղաղ աշխատանքով»,- հարցաքննության ժամանակ ասել է նա:
Արտաշես Գեւորգյանը հերքել է, թե ինքը 1934-ին կրկին մեկնել է Դոնբաս, ինչն ավելի վաղ հաստատել են նրա եղբայր Երվանդ Գեւորգյանը եւ Ստեփան Ծաղիկյանի քեռի, «բոլոր դաշնակների հովանավոր»՝ Իվան Ռեհանյանը։ Վերջինս «ապրում էր Կադիեւկայում եւ 1923-ին նրա մոտ ապրել են Ղազազյանը, Ավետիսյանը, Ծաղիկյանը եւ Տեր-Պողոսյանը»։
«Համագյուղացիները գումար հանգանակել են տարբեր տեղերում, որտեղ ապրում էին գաղթից հետո։ Ենթադրում եմ, որ ինչ-որ խնդիրներ են ծագել, չեն հասկացել իրար ու, որպեսզի հնարավոր վտանգից հեռու մնան, Թորգոմը նման քայլի է դիմել։ Ես շատ եմ ուսումնասիրել այս թնջուկը, Թորգոմից բազմաթիվ նամակներ եմ կարդացել ու եկել մի եզրահանգման. նա անսահման մեծ ատելություն է ունեցել Դաշնակցության նկատմամբ ու հստակ նպատակ է ունեցել կեղծելու Ջեմալի մահապատժի գործը։ Ազվին մականունով նա 1966-ին հոդվածաշար է տպագրել Բեյրութի «Նաիրի» թերթում, որը հետագայում առանձին գրքույկով լույս է տեսել Հայաստանում։ Այդտեղ նա խեղաթյուրում է պատմությունը եւ ներկայացնում, թե իբր 13 հոգանոց խոտորջուրցի հացթուխների խումբ է իրականացրել Ջեմալի մահապատիժը։ Ծաղիկյանին, որը գործի գլխավոր դերակատարներից էր, ընդհանրապես չի հիշատակում։ «Հատուկ գործ»-ի մասին եւս լռում է՝ քաջ գիտենալով, որ հենց դրա շրջանակներում է այն ի կատար ածվել», - ասում է Աղասի Ազիզյանը։

1949 թվականին կալանավոր Թորգոմ Գեւորգյանը Հ.Ս.Ս.Ռ. դատախազին գրում է, որ 1936-ին 10 տարի Սիբիր է աքսորվել ՀՅԴ անդամ լինելու մեղադրանքով։ Սա նա համարել է «դաշնակների կողմից արված պրովակացիոն ելույթ, որը նպատակ է ունեցել ինձնից վրեժ լուծել, որովհետեւ նրանց ղեկավարությունը իմ կողմից երկու անգամ ձերբակալվել էր տրվել եւ ընդհանրապես նրանց հետ սկսած 1920 թվից մայիսյան ապստամբությունից հետո թշնամական փոխհարաբերության մէջ եմ եղել մանավանդ Հայաստանում խոտորջուրցիներից կոմունա կազմակերպելու առնչությամբ»:
Վերգինե Գեւորգյանը չի բացառում Թորգոմի կարծիքը, որ Ջեմալին մահապատժի ենթարկելու ցանկություն ունեցել են նաեւ բազմաթիվ խոտորջուրցիներ․ «Չենք կարող բացառել, որ հացթուխների խումբը եւս իմացել է Ջեմալի՝ Թիֆլիս ժամանելու լուրը։ Նրանց, այդ թվում եւ իմ ընտանիքի հարազատները Ջեմալի հրամանով անապատում կոտորածի էին ենթարկվել։ Բոլորն էլ վրեժի ծարավ էին, այդ թվում՝ Արտաշեսը։ Ի դեպ, նա ավելի վաղ զորավար Անդրանիկին խոսք էր տվել, որ լուծելու է իր ազգի վրեժը»։
«Միգուցե այդ մարդիկ իմացել են ու մտածել վերացնել մարդասպանին, բայց մտածելն ու այսպիսի փայլուն գործողություն կազմակերպելը բոլորովին տարբեր բաներ են։ Այն էլ ԽՍՀՄ-ում, որտեղ բիրտ բարքեր էին։ Ոչ ոք չբռնվեց, ոչ մի հետք չգտան, սա բացառիկ պրոֆեսիոնալների կազմակերպած գործ էր, ոչ թե սովորական հացթուխների։ Հեշտ բան չէր հետապնդել Ջեմալին Փարիզից ու հասնել Թիֆլիս, իմանալ նրա բոլոր քայլերը։ Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Նեմեսիս»-ի ձեռագիրն է, այլ կարծիք լինել չի կարող»,- շեշտում է Աղասի Ազիզյանը։
«Անկասկած, Ջեմալի մահապատիժը հղացել եւ իրականացրել են «Հատուկ գործ»-ի շրջանակներում։ Հացթուխների պատմությունը Թորգոմի կողմից մտացածին է։ Ձերբակալություններից, աքսորներից հետո ՀՅԴ-ի դեմ իր պայքարը նաեւ նման կերպ էր շարունակում։ Ցավոք, այդ գործելաոճը հետք թողեց Ջեմալի մահապատժի իրական պատմության վրա եւ սկսեցին սխալ կարծիքներ տարածվել հանրության մեջ, ինչը շարունակվում է նաեւ այսօր»,- սա էլ Վարդան Կարիմյանի կարծիքն է։
Արդյո՞ք փորձել են սպանել Արտաշես Գեւորգյանին
Վերգինե Գեւորգյանն անկեղծանում է, որ իրենց տանը փորձել են չխոսել մի ցավոտ թեմայից, որը կարող էր բացասական հետք թողնել գործողության վրա։
«Մերոնք պատմում էին, որ Ջեմալին վերացնելուց հետո Պետրոսը փորձել է սպանել Արտաշեսին։ Միգուցե պատճառն այն է, որ Արտաշեսը դաշնակցական չէր, չեմ կարող ասել։ Ստեփանի մասին ընդհանրապես ոչինչ չէին խոսում։ Ենթադրում եմ, որ Թորգոմը ցանկացել է վրեժ լուծել ու մատնել է նրանց։ Արտաշեսն ինքը նման բան չէր անի, որովհետեւ առաքինի մարդ էր ու տարբերվում էր իր բոլոր եղբայրներից»,-ասում է նա։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է ՀՅԴ գործիչները փորձեին սպանել Արտաշեսին, եթե նախապես իմացել են նրա ոչ դաշնակցական լինելը եւ միաձայն որոշել են հանձնարարել այդ կարեւոր գործը։ Իսկ եթե նման մտադրություն է եղել, ինչու չեն իսկապես սպանել, որպեսզի հետագայում ոչ մի խոսակցություն չլիներ։ Բացի այդ, Ջեմալին վերացնելու գործն ամբողջովին կվերագրվեր Տեր-Պողոսյանին եւ Ծաղիկյանին։
«Հատուկ գործ»-ը ՀՅԴ սեփականությունը չէր, այն «ծնվել էր» Բոստոնում, ճիշտ է, դաշնակցականներ Գարոյի, Նաթալու եւ Սաչակլյանի կողմից, բայց հետագայում Հայաստանի Հանրապետության թույլտվությամբ էր կյանքի կոչվել՝ ներառելով բազմաթիվ ոչ դաշնակցականների։ Արմեն Գարոն անձամբ է ընտրել բոլոր մարտիկներին՝ հաշվի առնելով նրանց ոչ թե կուսակցական պատկանելիությունը, այլ անձնական խիզախությունն ու պրոֆեսիոնալիզմը։ Նրանցից եւ ոչ մեկին հետագայում յուրայինները չեն վերացրել։ Կարելի է ենթադրել, որ Թիֆլիսի նեմեսիսյան բջիջը եւս նման մոտեցում չէր ցուցաբերի։
Կարդանք լրագրող Միքայել Այվազյանի հարցազրույցը, որը նա ունեցել է Ջեմալի մահապատժի ենթարկելու գիշերը վերջինիս հետապնդած Սամսոն Կարախանյանի հետ։ Ըստ Կարախանյանի՝ մահապատժի հաջորդ օրը Կորյուն Ղազազյանի հանձնարարությամբ իր մոտ է եկել Արտաշես Գեւորգյանը եւ միասին այցելել են ՊԱԿ-ից թաքնվող գործի կազմակերպիչներին։
«․․․մտանք մի տուն, որը, ինչպես հետո իմացա, Վարդիկյանի տունն էր․․․ տեսանք Ստեփան Ծաղիկյանին, որը փողոցում գտնվող մանրավաճառի կրպակից գնումներ էր կատարում․․․ Տանը կողմնակի մարդ չկար։ Մի մեծ սենյակում Ղազազյանը եւ Տիգրան Ավետիսյանը նարդի էին խաղում»։ Քիչ անց նրանց է միացել Ծաղիկյանը եւ թեյ են խմել։
Դժվար թե Գեւորգյանն իր նկատմամբ սպանության փորձ անելուց հետո հաջորդ օրը ՀՅԴ Թիֆլիսի ԿԿ ղեկավար Կորյուն Ղազազյանից հանձնարարություն ստանար, իսկ հետո բոլորի հետ թեյ խմեր ու քննարկեր իրենց հետագա աշխատանքները։ Իհարկե, տարիներ անց իր հարցաքննություններում նշում է, որ մեծ համակրանք դաշնակների նկատմամբ չի ունեցել, սակայն նաեւ խոստովանում է, որ հանդիպումներ ամեն դեպքում Տեր-Պողոսյանի եւ Ծաղիկյանի հետ 1922-ի հուլիսի 21-ից հետո ունեցել է։
Նա նաեւ ասել է, որ 1923-ին Կադիեւկայի շրջանում հանդիպել է Ծաղիկյանին, Ղազազյանին եւ Ավետիսյանին․ «․․․Մենք հիշում էինք իրականացված ահաբեկչական գործողության մասին, գոհ էինք, որ ամեն ինչ այդպես հաջող անցավ եւ մեզ պատասխանատվության չենթարկեցին ․․․»:
ՊԱԿ-ը գնդակահարում է Գեւորգյանին
Ցավոք, բայց ՀՅԴ-Գեւորգյան փոխադարձ մատնությունները հանգեցրին նրան, որ Ջեմալին մահապատժի ենթարկած մարդիկ ՊԱԿ-ի կողմից ձերբակալվեցին։ Ամենաշատ մանրամասներն այս առումով ունենք Արտաշես Գեւորգյանի գործից, որի հարցաքննության նյութերը պահվում են Հայաստանի ազգային արխիվում։
«Արտաշեսն Աղասի Խանջյանին խոստովանած է եղել, որ մասնակցել է Ջեմալի մահապատժին։ Մերոնք պատմում էին, որ վերջինս գրկել է նրան ու համբուրել։ Իսկ մայրը՝ Վերգինեն, Արտաշեսին մի քանի անգամ խնդրել է կնոջ հետ հեռանալ, որովհետեւ չեկիստների կողմից հաստատ ձերբակալվելու են։ Բայց նա նման քայլի չի դիմել, քանի որ համոզված էր՝ վատ բան չի արել»,- պատմում է Վերգինե Գեւորգյանը։
Արտաշեսի՝ 1936 թվականի հարցաքննությունից պարզ է դառնում, որ նա 1928 թ-ին Հայաստանի Պետական քաղաքական վարչության կողմից հարցաքննության ժամանակ կտրականապես հերքել է իր մասնակցությունը Ջեմալ փաշայի սպանության գործում․ «․․․թաքցրել եմ ինչպես իմ, այնպես էլ ուրիշների մասնակցությունը»:
Օրեր անց՝ 1928 թվականի ապրիլի 24-ին, նա նամակ է գրել ՀԽՍՀ Չեկայի եւ Պետքաղվարչության նախագահին եւ խոստովանել ամեն բան։ Թորգոմը 1949-ին դատախազին գրած նամակում հայտնում է, որ ինքն է հորդորել Արտաշեսին նման քայլի դիմել։
«․․․իմ հորդորով եղբայրս մանրամասն գրեց այդ սպանության պարագաները եւ ես անձամբ այդ գրվածը 2 օրինակ հանձնեցի մէկը Գ.Պ.Ո.ի քարտուղար Ավագով Ստյոպային եւ երկրորդը Հայ կուսկենտկոմին Գողթանի Գեւորգի միջոցով․․․»:

Արտաշես Գեւորգյանի հարցաքննություններում Ջեմալին նվիրված բաժնին մանրամասն անդրադարձել ենք նախորդ հոդվածում։ Այժմ նշենք, որ 1936-ի հարցաքննության ժամանակ Պետանվտանգությունում ամեն կերպ փորձել են նրանից պատասխան ստանալ, թե իբր Ակսել Բակունցի խորհրդով փորձել է սպանել Լավրենտի Բերիային։ Նման բան Գեւորգյանը չի արել։ Նա խոստովանել է, որ Բակունցն իր ընկերն է, բայց հերքել, թե իբր վերջինս հակախորհրդային հայացքներ է ունեցել։
Արտաշես Գեւորգյանի մեղադրական եզրակացությունը հաստատել է ՀԽՍՀ Ներքին գործերի Ժողկոմի տեղակալ, պետական անվտանգության մայոր Գեւորգովը։
Մեղադրականում ոչ մի հիշատակում չկա Ջեմալի մահապատժում նրա մասնակցության մասին։
«1928 թ. լինելով «Խոտորջուրյան կոմունայի» անդամ՝ իր եղբայրների հետ համատեղ պարբերաբար կողոպտել է կոլտնտեսության սեփականությունը, ինչը կոմունային հանգեցրել է քայքայման: Դրա համար նա դատապարտվել է․․․ 3 տարվա բանտարկության: Գտնվելով մտերիմ փոխհարաբերությունների մեջ ներկայումս գնդակահարված տրոցկիստական-ահաբեկչական կենտրոնի անդամ Ա․ Բակունցի հետ, նախատեսել է ․․․ Բերիայի նկատմամբ ահաբեկչական գործողություն»։
1937 թվականի օգոստոսի 13-ին տեղի է ունեցել Հայկական ԽՍՀ ՆԳԺԿ Եռակի նիստը եւ որոշվել է Արտաշես Գեւորգյանին դատապարտել գնդակահարության։ Այն ի կատար է ածվել օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը:
1956-ին Արտաշեսը հետմահու արդարացվում է
Արտաշեսից բացի 1936-ին ձերբակալվել են նաեւ նրա երեք եղբայրները (նրանք աքսորվել են): Բոլորի ընտանիքների մասին հոգ է տարել մյուս եղբայրը՝ Մանասը։ Միայն 1944 թվականին է մայրն իմացել տղաների գտնվելու վայրերը։ Արտաշեսի կինը՝ Արփենիկը, անընդհատ դիմումներ է գրել ամուսնու գտնվելու վայրը պարզելու համար, դրանցից մեկի պատասխանը եղել է այն, որ նա արդեն գնդակահարվել է։ Արփենիկին չեն վերադարձրել իրերը, որը ձերբակալության ժամանակ բռնագրվել էին (դրանց թվում էր զորավար Անդրանիկի նվիրած մատանին)։
Արտաշես Գեւորգյանն ու Արփենիկ Ռոստոմյանն ամուսնացել էին 1923 թ-ին, երեխաներ չեն ունեցել։ Հետագայում Արփենիկը կրկին ամուսնացել է։

«Մենք չգիտենք, թե որտեղ են սպանել Արտաշեսին։ Ասում են, թե Երեւանի գազանանոցի դիմացի հատվածներում են ի կատար ածելիս եղել գնդակահարությունները։ Իբր 1946-ին Գետառի վարարելու արդյունքում ջուրը քշել է ՊԱԿ-ի արխիվները, այդ պատճառով էլ ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել»,-պարզաբանում է Վերգինե Գեւորգյանը։
Ստալինի մահից հետո Արտաշեսի կինը կրկին նամակներ է գրում ՀԽՍՀ դատախազին՝ խնդրելով վերանայել ամուսնու գործն ու արդարացնել նրան։ 1956 թվականին ռազմական դատախազությունը գաղտնի գրություն է ուղարկում ՀԽՍՀ ՊԱԿ-ին․ «․․․Մեր կողմից ստուգվում է Արտաշես Գալուստի Գեւորգյանի մեղադրականի վերաբերյալ գործը․․․ մեղադրական գործում նշված հանցագործությունները կատարելու մեջ նրան մերկացնող ոչ մի տվյալ չկա»: Նույն թվականին Արտաշես Գեւորգյանին հետմահու արդարացնում են։

«Նա մեր ընտանիքի հպարտությունն է, անընդհատ նրա մասին խոսակցություններն ուղեկցում են մեզ։ Մեծերին միշտ հարցնում էի, նրանից թեկուզ մի փոքրիկ իր որպես հուշ չեն պահե՞լ, բայց վախն այնքան մեծ է եղել, որ նման բան չեն արել»,- ավելացնում է տիկին Վերգինեն։
Պետրոս Տեր-Պողոսյանի փախուստն աքսորից, որդու անհայտ ճակատագիրը
Թորգոմ Գեւորգյանի մատնությունից հետո ձերբակալվել է նաեւ Պետրոս Տեր-Պողոսյանը։ Նրա հարցաքննությունը տեղի է ունեցել 1928-ին։ Տեր-Պողոսյանը խոստովանել է, որ չնայած եղել է դաշնակցական, բայց հետո դուրս է եկել նրանց շարքերից։

Տեր-Պողոսյանի հորեղբոր թոռը՝ Ավետիս-Էդմունդ Տեր-Պողոսյանը, որը եւս բռնաճնշումների է ենթարկվել եւ կրել է աքսորի տանջանքները, ինքնակենսագրական գրքում անդրադառնում է հորեղբորը.
«Հորեղբայրս՝ Պետրոսը, աքսորվել էր Մինուսինսկ։ Նա այնտեղ բացել էր ֆոտոստուդիա, իսկ ավելի ուշ՝ 1932-ին (այդ ժամանակ ես 10 տարեկան էի), երբ նա փախել էր աքսորից, ինձ ֆոտոապարատ նվիրեց ու սովորեցրեց լուսանկարել»։

Էդմունդի որդին՝ Տիգրան Տեր-Պողոսյանը, նշում է, որ ոչ տատը, ոչ էլ հայրը գրեթե չեն խոսել իրենց հետ տեղի ունեցածից, Պետրոսի մասին եւս խոսակցությունները շատ քիչ են եղել։
Ստեփան Ծաղիկյանն արդարացվում է 1991–ին
Ստեփան Ծաղիկյանի մասին որոշակի տեղեկություններ կարողացանք իմանալ Ուկրաինայի պետական արխիվից։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Ուկրաինայից ուղարկեցին այն փաստաթղթերը, որոնք պահպանվել են իրենց մոտ։
Ըստ դրանց՝ նա ձերբակալվել է 1937-ի փետրվարի 27-ին։ Սա նրա երկրորդ ձերբակալությունն է։ Առաջադրված մեղադրանքները քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով են․ «զինված ապստամբության կամ հակահեղափոխական նպատակներով զինված ավազակախմբերի կողմից Խորհրդային տարածք ներխուժում, ահաբեկչական գործողություն, հակահեղափոխական ագիտացիա, հակահեղափոխական հանցագործությունների նախապատրաստում»։
Մեղավոր նրան ճանաչել է Խարկովի ռազմական շրջանի ռազմական տրիբունալը՝ 1937-ի սեպտեմբերի 5-ին։

«Հայրս արդեն ծանր հիվանդ էր։ Զրուցում էինք ու չգիտեմ ինչու հիշեց Ստեփան Ծաղիկյանին։ Ասում էր, որ նա եզակի, ուժեղ, վճռական ու նվիրված անձնավորություն է եղել ու որ նրան թերագնահատում են։ Ըստ նրա՝ Ծաղիկյանը շատ ավելի կարեւոր դեր է խաղացել Ջեմալի գործողությունում, քան խոսվում է դրա մասին։ Նա ասում էր, որ առանց նրա հնարավոր չէր ի կատար ածել գործողությունը»,- նշում է Տիգրան Տեր-Պողոսյանը։

Ծաղիկյանն արդարացվել է 1991-ի օգոստոսին Դոնեցկի մարզի դատախազության կողմից։
Կորյուն Ղազազյանը եւ Տիգրան Ավետիսյանը նույնպես ձերբակալվել եւ աքսորվել են։ Նրանց հետագա ճակատագրերը նույնպես մնում են չբացահայտված։
Որպես վերջաբան
«Չեմ կարող ասել, թե ինչպես կդասավորվեր այս մարդկանց կյանքը, եթե մատնություն չլիներ։ Սակայն նրանք «Հատուկ գործ»-ի մյուս անդամներից պակաս կարեւոր գործ չեն արել՝ վերացնելով Հայոց ցեղասպանության կազմակերպիչ հրեշ եռյակի անդամներից մեկին։ Պետք է սա լավ հիշենք ու արժանի տեղ հատկացնենք մեր պատմության մեջ»,- ասում է Աղասի Ազիզյանը։
«Փակ ու վտանգավոր ԽՍՀՄ-ում նման անթերի գործողություն կատարելը մեծ վտանգների հետ էր կապված։ Կատարողները գիտեին, որ բացահայտվելու դեպքում ամենադաժան պատժին են արժանանալու, սակայն գնացին այդ քայլին, որովհետեւ պատիվ ունեին, իրենց ազգի վրեժն էին լուծում, որին կոտորել ու իրենց հայրենիքից արտաքսել էին Ջեմալն ու նրա համախոհները։ Ջեմալը համագործակցում էր ե՛ւ Քեմալի, ե՛ւ Լենինի հետ, Թուրքիա հասնելով այդ կապն ավելի էր ամրանալու՝ արդիական դարձնելով Մեծ Թուրանի գաղափարը։ «Հատուկ գործ»-ի այս անդամների շնորհիվ դա տեղի չունեցավ», - նշում է Վարդան Կարիմյանը։
Կարդացեք «Նեմեսիս»-ի վերջին արարը՝ Ջեմալի սպանությունը
Գոհար Նալբանդյան
Հոդվածում արվել են մեջբերումներ Հայաստանի ազգային արխիվում պահվող նյութերից, Ուկրաինայի պետական արխիվի նյութերից, Միքայել Այվազյանի «Ովքեր են սպանել Ջեմալ փաշային», Էդմունդ Տեր-Պողոսյանի «Свобода опоздала на целую жизнь» գրքերից, Աղասի Ազիզյանի «Արխիւային վաւերագրեր Ջեմալ փաշայի սպանութեան մասին» հոդվածից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: