Բաքվի ջարդերի կազմակերպչին մահապատժի ենթարկած Միսաք Թորլաքյանը - Mediamax.am

exclusive
3735 դիտում

Բաքվի ջարդերի կազմակերպչին մահապատժի ենթարկած Միսաք Թորլաքյանը


Միսաք Թորլաքյանը 1922 թվականին Ռումինիայում
Միսաք Թորլաքյանը 1922 թվականին Ռումինիայում

Լուսանկարը` Թորլաքյանի «Օրերուս հետ» գրքից

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ

Միսաք Թորլաքյանը
Միսաք Թորլաքյանը

Լուսանկարը` Թորլաքյանի «Օրերուս հետ» գրքից

Միսաք Թորլաքյանը
Միսաք Թորլաքյանը

Լուսանկարը` Թորլաքյանի «Օրերուս հետ» գրքից

Սպանության վայրի մոտակայքում տեղադրված հուշաքարը
Սպանության վայրի մոտակայքում տեղադրված հուշաքարը

Լուսանկարը` report.az

Սպանության վայրը
Սպանության վայրը

Լուսանկարը` report.az

Թորլաքյանի դատապաշտպան Հմայակ Խոսրովյանը
Թորլաքյանի դատապաշտպան Հմայակ Խոսրովյանը

Լուսանկարը` «Նոր օր» Աթէնք

Սողոմոն Թեհլիրյանն ու Միսաք Թորլաքյանն ԱՄՆ-ում
Սողոմոն Թեհլիրյանն ու Միսաք Թորլաքյանն ԱՄՆ-ում

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ


«Հատուկ գործ»-ի մարտիկներից ձերբակալվեցին միայն Սողոմոն Թեհլիրյանը եւ Միսաք Թորլաքյանը, սակայն դատավարությունների արդյունքում երկուսն էլ ազատ արձակվեցին:

Թալեաթի մահապատժից հետո թուրք հանցագործները դարձել էին ավելի զգուշավոր: Չնայած դրան՝ «Հատուկ գործ»-ի ղեկավար կազմը շարունակում էր փնտրել ու բացահայտել հայերի կոտորածների կազմակերպիչներին:

1921-ի հուլիսի 18-ին Կոստանդնուպոլսում Միսաք Թորլաքյանն ի կատար է ածում Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար, Բաքվի հայության ջարդերի կազմակերպիչ Բեհբուդ խան Ջիվանշիրի մահապատիժը:

Պատանի տարիքից` հեղափոխական

«Առաւելաբար անհատական կյանք մը չէ որ ապրած եմ, այլ գրեթէ միշտ՝ հայ ազգային-հանրային շարժումներու եւ դէպքերու հետ շաղկապուած կեանք մը: Ինծի վիճակուեցաւ, մանկութենէս մինչեւ այս տարիքս, իյնալու եւ լողալու հայ ազգային կեանքի փոթորիկին մէջ»:

«Հատուկ գործ»-ում կամ «Նեմեսիս»-ում ոչ մի պատահական մարդ չի ներառվել: Հատկապես մարտիկների ընտրության հարցում Արմեն Գարոն եւ Շահան Նաթալին չափազանց բծախնդիր էին: Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո Միսաք Թորլաքյանին եւս ընդգրկում են գործի մեջ:

Միսաք Թորլաքյանը ծնվել է Տրապիզոնի նահանգի զուտ հայաբնակ Կյուշանա գյուղում 1889-ին: Նրա պապի պապը գաղթել է Համշենից ու շատ գեղեցիկ լինելու պատճառով թուրքերը նրան անվանել են թորլաք (գեղեցիկ): 1895-ին համիդյան ջարդերի ժամանակ Միսաքի հայրը զենքը ձեռքին մյուս տղամարդկանց հետ սկսում է պատրաստվել ինքնապաշտպանության:

«Մեր շրջանին մէջ ալ հայը կեաւուր էր եւ այս որակումին կապուած ամէն զրկանք ու զուլում պակաս չէին իր գլխէն... Այսուհանդերձ, մեր շրջանի հայութիւնը բառին բովանդակ առումով ստրուկ չէր. բոլորն էլ վարժ էին զէնքի գործածութեան»:

Հայրը եւ հորեղբայրներն ակտիվ հեղափոխականներ էին եւ նրանց տանը հաճախ էին հավաքվում համախոհները: Մանուկ հասակից Միսաքն ընկնում է հեղափոխական կյանքի մեջ.

«Երբ մեծնամ, ես ալ թուրքերու ունեցած զէնքին նման զէնք պիտի ունենամ եւ... ինքս պիտի պաշտպանեմ, եթէ նոյնիսկ ատոր համար, պապիս ըսածին պէս, հոգիս դժոխք երթայ»:

13-14 տարեկանում Թորլաքյանը եւ շրջանի մյուս հայ պատանիները նվիրվում են իրենց ազգակիցների պաշտպանությանը: Նա արդեն աչքի էր ընկնում ՀՅԴ մարտական կառույցի ներկայացուցիչների մոտ, աստիճանաբար վստահում են զենքեր տեղափոխել, վառոդ պատրաստել, տարբեր կարեւոր հանձնարարություններ կատարել:

17 հոգանոց ընտանիքից փրկվում են միայն ինքն ու քույրը

«Հայահալած եւ հայուն արիւնը ծծող թուրքը սկսաւ եղբայրութիւն քարոզել: Միացան նաեւ հայը եւ յոյնը: Սկսան միթինկներ կազմակերպել, փողոցներու մէջ իրարու հետ համբուրուիլ»:

Օսմանյան կայսրության Սահմանադրության հռչակումը եւ ազգերի հավասարության քարոզը երկար չեն տեւում եւ «մեղրամիսը» չվերջացած՝ 1909-ի ապրիլին, վրա է հասնում Ադանայի հայ բնակչության կոտորածը:

«Թուրքերը «վաթանտաչլար» բառին տեղ սկսան «կեաւուր» բառը գործածիլ...Գողութիւնը, թալանը, սպանութիւնները նորէն ծայր տուին: Մէկ խոսքով՝ թուրքը մնաց թուրք, ինչպէս որ առաջ էր»:

Երիտասարդ Թորլաքյանի, ինչպես նաեւ այլ հայ մարտիկների նկատմամբ սկսվում են հետապնդումներ: Միսաքը, հոգնած լինելով փախստական կյանք վարելուց, որոշում է կաշառք տալով մեծացնել տարիքն ու զինվորագրվել թուրքական բանակին՝ մտնելով Էրզրումի բերդապահ թնդանոթաձիգների գունդը:

Միսաք Թորլաքյանը Միսաք Թորլաքյանը

Լուսանկարը` Թորլաքյանի «Օրերուս հետ» գրքից


Երբ արձակուրդ էր մեկնել Կյուշանա, սկսվում է Առաջին Աշխարհամարտը: Նա խուսափում է թուրքական բանակ վերադարձից:

ՀՅԴ-ի կողմից հատուկ հանձնարարականով 1915-ի մայիսի 13-ի գիշերը մի շարք մարտիկների հետ ճանապարհ է ընկնում դեպի Թիֆլիս: «Պապս պինդ գրկած զիս, հեկեկաց եւ ըսաւ. «Եկուր թոռնիկս, մի անգամ համբուրեմ քեզ, այլեւս զիրար չենք տեսնելու, սա վերջին մեր տեսուիլն է»... Հետագային պապիս գուշակութիւնը իրականացաւ...»:

Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմին ուներ ընդգծված հակահայկական դիրքորոշում։ 1915-ի հունիս 26-ին Բեhաեդդին Շաքիրի ժամանմանը զուգընթաց տրվում է Տրապիզոնի հայության տեղահանության հրամանը։ Տեղահանված անպաշտպան հայ կանանց եւ երեխաներին խեղդամահ են անում Սեւ Ծովում, իսկ երեխաների մի մասին տեղափոխելով Կարմիր մահիկի հիվանդանոց՝ թունավորում։

Վերադառնալով Տրապիզոն՝ Թորլաքյանն ականատես է լինում ավերակների. «Հայու հետք չէր մնացած, բոլորը կոտորուեր էին եւ իրենց ինչքերն ալ դարձեր էին թուրքի սեփականութիւն»:

Թորլաքյանն իր 17 հոգանոց ընտանիքից գտնում է միայն քրոջը՝ Զվարթին, որին մի թուրք իր համար կին էր տարել: Եղբորը հաջողվում է ազատել նրան:

Վերջին բաժանումը սիրելի հայրենիքի հետ

1916 թվականի փետրվարին ռուսական բանակի կողմից Տրապիզոնը գրավելուն մեծապես օգնում են հայ կամավորականները:

Թորլաքյանը ռուսական հակահետախուզական բաժնում անցնում է աշխատանքի, բայց ոչ թե «աշխարհակալ ռուսներուն ծառայելու նպատակով, այլ որովհետեւ ատով դիւրութիւն կը գտնէի թրքական գիւղերը մտնելու, խուզարկութիւններ կատարելու եւ անոնց թաքցուցած հայ բեկորները հաւաքելու, ինչպէս նաեւ թուրք այդ ոճրագործներէն վրէժ լուծելու»:

Նա ընկերների հետ կարողանում է գտնել հարյուրավոր հայերի ու վերադարձնել դեպի ինքնություն: Կարճ ժամանակ անց ռուսները փոխում են վերաբերմունքը հայերի նկատմամբ, ինչը խորը հիասթափություն է առաջացնում վերջիններիս մոտ. «Այդ օրերուն, ինծի համար պարզ եղաւ ռուսերու դիմագիծը եւ հասկցայ, թէ անոնք նպատակ ունէին Հայաստանին տիրելու առանց հայութեան»:

Ռուսական զորքը հետ է քաշվում, իսկ հայ կամավորականները կրկին անցնում են սակավ ուժերով ինքնապաշտպանության ու բնակչությանը փրկելու գործին՝ կազմակերպելով նրանց գաղթը դեպի ավելի ապահով վայրեր:

«Երբ նաւը սկսաւ շարժիլ, հոգիս խռովեցաւ, որովհետեւ այն ատեն միայն զգացի, թէ վերջին բաժանումս էր սիրեցյալ հայրենիքէս... Նաւի դանդաղ հեռացումին հետ, կը դիտեի մեր լեռները, որոնց ստորոտներուն ծուարած էին մեր գիւղերը, ինչպէս եւ հայրենի գիւղս»:

Բաշ Ապարանի ճակատամարտի մասնակիցն ընդգրկվում է «Հատուկ գործ»-ում

Արեւմտյան Հայաստանից դեպի Երեւան շարժվում էին ոչ միայն հազարավոր գաղթականները, այլ նաեւ թուրքական բանակը: Թորլաքյանը մասնակցում է Կարինի, Կարսի ճակատամարտերին, հասնում Ալեքսանդրապոլ: Հայկական բանակն ու Արեւմտահայաստանից միացած հայդուկները սկսում են նախապատրաստվել 1918 թվականի մայիսյան մեծագույն ճակատամարտին: Դրոյի զորքի հետ նա շտապում է դեպի Ապարան:

«Հրաշք տեսարան: Բովանդակ ազգը մեծով-պզտիկով, ոտքի էր կանգնած իր գոյութիւնը փրկելու»:

Մարտի ժամանակ Թորլաքյանը վիրավորվում է՝ մայիսյան հաղթանակների լուրն իմանալով բուժկետում: Երեւանում բուժվող ընկերոջն այցելում է Բաշ Ապարանի կռվի մասնակից ու «Նեմեսիս»-ի մեկ այլ անդամ՝ Արամ Երկանյանը, որը «մաս մը կազմէր մեր զօրամասի գնդացիրներու խումբին»:

1919 թվականի աշնանը Երեւանում սկիզբ դրված «Հատուկ գործ»-ի մարտիկների ցուցակում ներառվում է նաեւ Միսաք Թորլաքյանը, որի ընտրության մեջ մեծ ներդրում է ունենում Շահան Նաթալին:

Զենքին լավ տիրապետող, տարբեր մարտական գործողությունների մասնակցած, հոգեպես ամուր Թորլաքյանն ամբողջովին համապատասխանում էր գործին: Բացի այդ, նա մեծագույն ցանկություն ուներ պատժելու այն հանցագործներին «որոնք կազմակերպած եւ գործադրած էին հայկական կոտորածները»:

Թիֆլիսում Հայաստանի հյուպատոսարանի Գաղթականական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Դավիթխանյանի ստորագրությամբ ստանում է մուտքի արտոնագիր, ապա իր զինակից ընկեր Հարություն Հարությունյանի հետ Բաթումից մեկնում Պոլիս. «Վիզայի խնդիրը արագօրէն կարգադրուեցաւ: Առի իտալական վիզա, 1920-ի վերջն էր, երբ Պոլիս հասանք»:

Թորլաքյանն ու Հարությունյանը, ովքեր հետագայում ներառվում են Բեհբուդ խան Ջիվանշիրին պատասխանատվության ենթարկող խմբի մեջ, այցելում են Կ․ Պոլսում գտնվող «Ճակատամարտ»-ի խմբագրություն: Ինչպես «Հայրենիք»-ը Բոստոնում, այնպես էլ «Ճակատամարտ»-ը Կոստանդնուպոլսում պարզապես թերթեր չէին: Դրանք «Նեմեսիս»-ի տեղեկատվության փոխանցման  օրգաններ էին:

Կարճ ժամանակ անց ժամանում են «Նեմեսիս»-ի այլ անդամներ եւս, այդ թվում իր զինակից ընկեր տրապիզոնցի Երվանդ Ֆունդուքյանը, որը եւս դառնում է Ջիվանշիրի ոչնչացման գործողության անդամ: Թորլաքյանը տեղափոխվում է «Ճակատամարտ»-ի շենք, որտեղ բնակվում է Արամ Երկանյանի հետ:

Բեհբուդ խան Ջիվանշիրը տապալվում է Պոլսի փողոցներում

«Հատուկ ֆոնդ»-ի ղեկավար Ահարոն Սաչակլյանի արխիվում հայտնաբերվել են միայն Հայոց ցեղասպանությունը կազմակերպած եւ իրականացրած երիտթուրք հանցագործների ցուցակները: Սակայն Նաթալիի հուշագրություններից իմանում ենք, որ «Նեմեսիս»-ի անդամներն իրականացրել են նաեւ Մուսավաթական Ադրբեջանի այն առաջնորդների մահապատիժները, ովքեր Շուշիում, Բաքվում, Գանձակում եւ այլ հայաշատ վայրերում կատարել են զանգվածային կոտորածներ:

Դրանց թվում էր նաեւ Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար, Բաքվի հայերի ջարդերի կազմակերպիչ Բեհբուդ խան Ջիվանշիրը:

«Օր մը լսեցինք, թէ Ատրպեճանի յայտնի Աղայեւը Պոլիս եկած է: Այս մարդը հետապնդելու վրայ էինք, երբ Պոլիս եկաւ նաեւ Պէյպուտ խան Ճիվանշիրը, Ատրպեճանի ներքին գործերու նախարարը, ջարդերու յայտնի կազմակերպիչ ու հայակեր, Ատրպեճանի Թալաաթը: Անոր գալով Աղայեւը մոռցանք»:

Ջիվանշիրին Պոլսում առաջինը տեսել էր ՀՅԴ անդամ Աբրահամ Գյուլխանդանյանը, որը նրան անձամբ էր ճանաչում: Հետապնդման հիմնական աշխատանքը ստանձնում են Հարությունյանն ու Ֆունդուքյանը, իսկ Թորլաքյանը պետք է լիներ գործն ավարտին հասցնողը: Աշխատանքների սկզբնական փուլում նրանց օգնել է նաեւ «Նեմեսիս»-ի կողմից թուրքական շրջանակներ որպես թուրք մտած Մեհմեդ Ալին՝ Հրաչ Փափազյանը:

Պարզվում է, որ Ջիվանշիրն ապրում է Բերա Փալաս հյուրանոցում: 1921 թվականի հուլիսի 18-ի երեկոյան նա 4 հոգու հետ, ովքեր բոլորն էլ կրում էին ռուսական ավանդական «շապկաներ», մտնում է մոտակա Փըթի Շանի պարտեզը եւ տեղավորվում բուֆետի մոտ:

Հարությունյանը եւ Ֆունդուքյանը, ավարտելով իրենց գործը, հեռանում են: Կեսգիշերին մոտ Ջիվանշիրը շարժվում է դեպի հյուրանոց: Կարճահասակ, մուգ, գանգուր մազերով ու մեծ սեւ աչքերով, խիտ հոնքերով մի երիտասարդ արագ մի կողմ է հրում անցորդներին՝ քայլերն ուղղելով դեպի Ջիվանշիրը. «ամէն կերպով պարաստ զգացի ինքզինքս, հոգեպէս ու մարմնապէս, պինդ եւ անխռով»:

Լինելով ավելի բարձրահասակ՝ Ջիվանշիրը շրջվում ու բռնում է հարձակվողի ձեռքերը եւ փորձում դիմադրել: Չնայած դրան՝ երիտասարդը երկու գնդակ է արձակում նրա վրա: Վիրավորն ընկնում է, իսկ Թորլաքյանը՝ դիմում փախուստի:

«Մարտիկներին հանձնարարված է եղել չբռնվել ոստիկանության կողմից, որովհետեւ ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի ընթացք կունենար դատավարությունը: Թորլաքյանն առավել եւս պետք է զգոն լիներ, քանի որ երկու ամիս էլ չկար, ինչ Բեռլինում կայացել էր Թեհլիրյանի դատավարությունը: Բացի այդ, նա գործում էր Թուրքիայի տարածքում, բացահայտվելու հավանականությունն անհամեմատ մեծ էր: Սա էր պատճառը, որ նա, թերեւս, արդեն նախապես ընտրված ճանապարհով, դիմում է փախուստի»,- ասում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ, գիտաշխատող՝ Գոհար Խանումյանը։
Սպանության վայրը Սպանության վայրը

Լուսանկարը` report.az


Սակայն ամեն ինչ այլ կերպ է ընթանում, երբ Թորլաքյանը լսում է «իմդաթ» (օգնություն, թուրք.՝ imdat, խմբ.) կանչող ձայնն ու կասկածում, թե Ջիվանշիրը դեռ կենդանի է:

«Ետ դարձայ դէպի դիակը: Երբ մօտեցայ, գլուխը հաւաքուած էին 20-30 հոգի: Բոլորն ալ քաշուեցան՝ ատրճանակը ձեռքս տեսնելով: Մօտեցայ եւ գետինը փռուած Ճիվանշիրի գլխուն վրայ կեցայ: Կուրծքին գնդակ մըն ալ պարպեցի»:

Երկրորդ անգամ փախչել չի ստացվում: Անտանտի երկրների ոստիկանական անդամների հասնելուց հետո վայր է դնում զենքը եւ տարվում Գալաթասարայի ոստիկանատուն: Վիրավոր Ջիվանշիրը մոտակա բրիտանական հիվանդանոցում մոտ 35 րոպե անց մահանում է:

Դատարանում պարտվելու դեպքում կկազմակերպվեր փախուստ

Քանի որ պատերազմից հետո Թուրքիայում իշխում էին Անտանտի երկրները, Թորլաքյանին նախ քննում են ֆրանսիացիները, ապա հանձնում անգլիացիներին, ովքեր էլ հետագայում անցկացնում են նրա դատավարությունը:

Նախաքննության ժամանակ մեղադրյալը հայտնում է, որ Ջիվանշիրի հրամանով Բաքվում կոտորվել է իր ողջ ընտանիքը։ Ինքը, Պոլսում վերջինիս տեսնելով, որոշել է սպանել նրան: Այստեղ Թորլաքյանը թույլ է տալիս առաջին սխալն ու հայտնում, որ զենքը ձեռք է բերել այն ժամանակ, երբ առաջին անգամ տեսել է ներքին գործերի նախկին նախարարին:
Սպանության վայրի մոտակայքում տեղադրված հուշաքարը Սպանության վայրի մոտակայքում տեղադրված հուշաքարը

Լուսանկարը` report.az


Որպեսզի խուսափեն կանխամտածված սպանության հոդվածից, նրա պաշտպաններին հաջողվում է հետագայում փոխել այս միտքը եւ ներկայացնել, որ զենքը միշտ իր հետ է եղել, քանի որ «Թուրքիայի պես երկում միշտ վտանգավոր է»: Իսկ Ջիվանշիրին տեսել է մեկ անգամ՝ սպանության պահին:

Ըստ Թորլաքյանի հուշերի՝ բանտի պահակների ղեկավար Բարսեղի միջոցով նա կապ էր պահպանում ու առաջադրանքներ ստանում «Հատուկ գործ»-ի իր թիմակիցներից: Չնայած հայկական կողմն ամեն ինչ անում էր, որպեսզի վերջինս ազատ արձակվի, բայց մշակվում է եւս մեկ սցենար. պարտվելու դեպքում Բարսեղի եւ բանտի հույն գիշերապահի օգնությամբ պետք է կազմակերպվեր նրա փախուստը:

«Մերոնք պատուիրած էին, որ եթէ անգլիական իշխանութիւնը փաստաբան նշանակէ, չընդունիմ, որովհետեւ փաստաբանս Հմայեակ Խոսրովեանը պիտի ըլլայ»:

Նույն սցենարով

Իրավաբան Վարդգես Եղիայանը, որն անձամբ ծանոթ է եղել Թորլաքյանին եւ մանրամասն ուսումնասիրել է նրա դատաքննության փաստաթղթերը, եկել է այն համոզման, որ Թեհլիրյանի եւ Թորլաքյանի դատավարություններն ընթացել են նույն սցենարով՝ պաշտպանական կողմը շեշտը դրել է հոգեկան հիվանդ լինելու վրա:

Ինչպես Թեհլիրյանն էր «տառապում» ընկնավորությամբ, նույնպիսի խնդիրներ ուներ նաեւ Թորլաքյանը: Ըստ դատարանում ցուցմունք տված բժիշկների՝ նրա հիվանդությունը սրվում էր հատկապես թուրքերի կազմակերպած ջարդերը հիշելիս: Իբրեւ թե ուղեղի մթագնում նա ունեցել է նաեւ Ջիվանշիրին հանդիպելու պահին:

Թորլաքյանին դեռ մանկուց ճանաչող վկաները դատարանի առաջ հաստատում են, որ վերջինիս հայրը եւ հորեղբայրը եւս հոգեկան խնդիրներ են ունեցել, տեսել են նաեւ փոքրիկ Միսաքի ընկնավորության տագնապները:
Սողոմոն Թեհլիրյանն ու Միսաք Թորլաքյանն ԱՄՆ-ում Սողոմոն Թեհլիրյանն ու Միսաք Թորլաքյանն ԱՄՆ-ում

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ


Ճիշտ աշխատանք է տարվել նաեւ բանտախցի մնացողների հետ: Վերջիններս վկայություն են տալիս, թե Թորլաքյանն ուշաթափ էր լինում, որից հետո բերանից փրփուր էր թափվում: Այն, որ նա էպիլեպսիայով է տառապում, արդեն փաստ էր:

Ազատ արձակվելու համար հաջորդ միջոցը, որն առաջ է քաշում հայկական կողմը՝ Ջիվանշիրի հրամանով մեղադրյալի ընտանիքի անդամների սպանությունն էր: Ըստ դատարանում տված Թորլաքյանի վկայության՝ երիտթուրքերի կազմակերպած կոտորածներից խուսափելու պատճառով նա ընտանիքին տեղափոխել էր Բաքու.

«Երբ տուն գացի, ինկայ, յետոյ կինս եկաւ եւ գըրկեց զիս...Յետոյ խուժանը եկաւ...ես արդէն կէս մարած վիճակի մէջ էի. միայն ականջներուս կը հասնէր պզտիկներուս եւ կնոջս ճիչերն ու աղաղակները...»: Ըստ նրա՝ Բաքվում սպանվել են նաեւ նրա քույրը, եղբայրը եւ ծնողները:

Թորլաքյանի ընտանիքը (բացառությամբ քրոջ), իսկապես, զոհ էր գնացել թուրքերի կազմակերպած կոտորածներին, բայց ոչ թե Բաքվում, այլ հարազատ Տրապիզոնում. «Այս կէտերը պէտք եղաւ մտցնել դատավարութեան մէջ, անպարտութեան վճիռ ձեռք ձգելու փաստ ստեղծելու միտքով»:

Ապացուցվում է Բաքվի հայերի կոտորածի փաստը

Ինչպես Թեհլիրյանի գործն էր վերածվել Թալեաթի եւ նրա հանցակիցների դատավարության, այնպես էլ Թորլաքյանին դատելու փոխարեն շուրջ երկու ամիս քննվում են Ջիվանշիրի եւ մյուս թաթարների՝ ադրբեջանցիների, կատարած հանցագործությունները:

Ազգությամբ հայ, ռուս, անգլիացի, հրեա վկաները, ովքեր ականատես էին եղել 1918-ի սեպտեմբերին Բաքվի հայերի ջարդերին, փաստում են, որ երեք օրվա ընթացքում թուրքերի ու թաթարների կողմից ոչնչացվել է շուրջ 30 հազար հայ: Այդ ամենը կրել է կազմակերպված բնույթ եւ ուղղորդվել վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկու եւ Ջիվանշիրի կողմից:
Թորլաքյանի դատապաշտպան Հմայակ Խոսրովյանը Թորլաքյանի դատապաշտպան Հմայակ Խոսրովյանը

Լուսանկարը` «Նոր օր» Աթէնք


Ապացուցվում է, որ «Մուսավաթ» կուսակցությունը հետեւում էր «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության քաղաքական գաղափարախոսությանը՝ նպատակ ունենալով վերացնել ողջ մնացած հայությանը:

Դատավարության սղագրություններից, ինչպես նաեւ Թորլաքյանի հուշերից երեւում է, որ դատարանի նախագահն ու մյուս անդամները բավական անաչառ են եղել, մինչդեռ անգլիացի դատախազ Ռիքարդսոն Հաթն ակնհայտորեն եղել է թրքասեր: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Հաթին դատավարության միջնամասում հետ են կանչում Լոնդոն, իսկ նրան փոխարինում է երիտասարդ սպա Քրիփթոնը:

Հաթին ճանապարհում են թուրք բարձրաստիճան պաշտոնյաները: Իր անակնկալ մեկնելու մասին պաշտոնյան թուրքական «Իշէրի» թերթին ասում է. «Կը կարծեմ թէ ծառայութեան ժամանակս լըրացած է, այդ պատճառով»:

«Ինչպես Թեհլիրյանի, այնպես էլ Թորլաքյանի դատավարությունը, ի վերջո վերածվեց քաղաքական դատի։ Այդ ընթացքում ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում բավականին լարված էր, ուստի բրիտանացիները հնարավորիս շուտ ցանկանում էին ավարտել դատավարությունը»,-դատախազի փոփոխությունը սրա հետ է կապում Խանումյանը:

Դատարանը հարմար է գտնում լսել նաեւ գրող, 1915-ին տարագրված եւ Հայոց ցեղասպանության ականատես-վերապրող Երվանդ Օտյանին:

Այս դատավարությունը բացահայտում է ոչ միայն մուսավաթների, այլ նաեւ երիտթուրքերի եւ Աբդուլ Համիդի կատարած ողջ հակահայ գործունեությունը: Օտյանի ելույթը վերածվում է յուրահատուկ դասախոսության:

Թորլաքյանն ազատ է արձակվում եւ արտաքսվում Թուրքիայից

Պաշտպան Խոսրովյանը եզրափակիչ խոսքում ցույց է տալիս այն երեք կետը, որոնց շնորհիվ հետագայում Թորլաքյանն ազատ է արձակվում՝ Բաքվի հայերի գլխավոր ջարդարարը Ջիվանշիրն է, Թորլաքյանը սպանությունը կատարել է հոգեխանգարմունքի վիճակում, այսինքն՝ անմեղսունակ է, ծնողներն ու սիրելիները կոտորվել են Բաքվում:

«...Այս խեղճ տղուն տեղ ոեւէ անհատ մը ինչպէ՞ս պիտի շարժէր՝ եթէ դիպուածով պատահէր ոճրագործին՝ պիտի լռէ՞ր թէ պիտի շարժէր...»,-եզրափակում է նա:

Վճիռը հրապարակելու օրը դատարանում հավաքվում է մեծ բազմություն, թերեւս վախենալով բախումներից «...Դատաւորները զգուշացան, առ այժմ, իրենց վճիռը արտասանելէ, գոնէ հրապարակով: Առ այժմ մութ է մեզի համար բովանդակութիւնը այդ վճռին... Բայց հիմեր ունինք ենթադրելու որ ան չի կրնար յուսախաբութեան մատնել հայ ժողովուրդը...»,- գրում է «Ճակատամարտ»-ը:

1921 թվականի նոյեմբերի 4-ին Ստամբուլի օրաթերթերը տարածեցին ֆրանսիական «Հավաս» եւ բրիտանական «Ռոյթերս» լրատվական գործակալությունների հրապարակումը.

«Միսաք Թորլաքյանի դատավարության վճիռը հայտարարվել է այսօր: Մարդասպանության գործում մեղադրյալի հանցանքը հաստատվեց, սակայն դատարանը նրան գտավ անմեղունակ եւ ոչ պատասխանատու»:

«Որովհետեւ Միսաք Թորլաքեանը չէր որ բազմած կը նկատէր ան ամբաստանեալի աթոռին վրայ, այլ դահիճները իր հարիւր հազարաւոր զաւակներուն, անոնք որ Հայաջինջ Եղեռնը դարբնեցին եւ իրականացուցին Պոլիսէն մինչեւ Պաքու, Ճիվանշիրը՝ ի՛նքը...»,-«Ճակատամարտ»:

Թորլաքյանին նոյեմբերի 22-ին զինվորական մեքենայով տանում են Գալաթայի ծովեզերքը: Թերթերը հայտնում են, որ Հայկական պատրիարքարանին հանձնված Թորլաքյանն արտաքսվել է եւ հունական նավով մեկնել Պիրեոս (Հունաստան):

Կյանքի վերջին տարիները

Աթենքում Հայաստանի հյուպատոսարանից անցագիր ստանալով ՝ Միսաք Թորլաքյանը մինչեւ 1941-ը հաստատվում է Ռումինիայում: Այստեղ է տեղափոխվում նաեւ Արամ Երկանյանը, որի հետ նույնիսկ փորձում են կաթնարտադրությամբ զբաղվել:
Միսաք Թորլաքյանը 1922 թվականին Ռումինիայում Միսաք Թորլաքյանը 1922 թվականին Ռումինիայում

Լուսանկարը` Թորլաքյանի «Օրերուս հետ» գրքից


Երկրորդ Համաշխարհային պատերազմի բռնկումից հետո Թորլաքյանն սկսում է օգնել Եվրոպայում ապաստանած եւ ԽՍՀՄ-ից Եվրոպա անցած կամ գերեվարված հայերին: 1952-ի փետրվարին «Ես ալ անցայ Ամերիկա, իբրեւ Տի-Փի (Տիսփլեյստ Փըրսըն) (տեղահանված,-խմբ.)»:
Միսաք Թորլաքյանը Միսաք Թորլաքյանը

Լուսանկարը` Թորլաքյանի «Օրերուս հետ» գրքից


Թորլաքյանի անձնական կյանքի մասին մանրամասներ հայտնի չեն, մեր ունեցած միակ փաստը հենց Թորլաքյանի հուշագրությունից է, որտեղից իմանում ենք, որ ամուսնացել է 1909-ի ձմռանը:  

«Կինս ինծի համար լաւ ընկեր մը եղաւ մինչեւ 1915ի Եղեռնը, որուն զոհ գնաց... 1914ի պատերազմին, փախստական հայերու հագուստները կը լուար, ճաշ կը պատրաստէր: Վտանգաւոր ժամանակներ, օրուան տեղեկութիւնները կը հաղորդէր եւ այլ բազմաթիւ ծառայութիւններով ու բարեսիրական գործերով մեծ օգուտներ ունեցաւ»:

1968 թվականին ԱՄՆ-ում Վազգեն 1-ին կաթողիկոսն այցելում է Մոնտեբլոյի «Բեւերլի» հիվանդանոցում բուժվող Թորլաքյանին եւ աղոթում նրա ապաքինման համար: Նույն թվականի նոյեմբերի 12-ին Թորլաքյանը կնքում է մահկանացուն:

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ


«Ո՛ւր որ ալ գնաց, նոյն հեզ ու խոնարհ հերոսն էր ան,– անփետուր, գրեթէ ամօթխած, ինչպէս կ'ըլլան ճշմարիտ մեծերը... Դէմքին, աչքերուն ու շարժումներուն մէջ մանկական մաքրութիւն մը պսպղաց միշտ...Գրչի մարդ մը չէր, ճառախօս չէր...»,- «Հայրենիք» 1968 թ.:

Հոդվածում մեջբերումներ են արվել Վարդգես Եղիայան, Արա Արաբյան «Միսաք Թորլաքյանի դատավարությունը», «Նոր օր» Աթէնք, 1936՝ «Պէհպուտ Խան Ճիվանշիրի սպանիչ Միսաք Թորլաքեանի դատավարութիւնը Անգլիական զինուորական ատեանին առջեւ», Միսաք Թորլաքյանի «Օրերուս հետ», Ժակ Դեռոժիի «Opération Némésis» գրքերից, arftroshag բլոգից, «Ճակատամարտ», «Հայրենիք», «Ասպարեզ» թերթերից:

Գոհար Նալբանդյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին