Թեհլիրյանի դատավարությունը. առասպելներ եւ նոր փաստեր - Mediamax.am

exclusive
6141 դիտում

Թեհլիրյանի դատավարությունը. առասպելներ եւ նոր փաստեր


Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ

Սողոմոն Թեհլիրյանի գերեզմանը Ֆրեզնոյում
Սողոմոն Թեհլիրյանի գերեզմանը Ֆրեզնոյում

Լուսանկարը` Armeniafresno.com

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ

Արմեն Գարոյի ստորագրությամբ իր նկարը՝ Թեհլիրյանին
Արմեն Գարոյի ստորագրությամբ իր նկարը՝ Թեհլիրյանին

Լուսանկարը` Թեհլիրյանի «Վերհիշումներ» գրքից

Լուսանկարը` Armeniafresno.com

Թեհլիրյանների ընտանիքը
Թեհլիրյանների ընտանիքը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ

Կամավորական Թեհլիրյանը
Կամավորական Թեհլիրյանը

Լուսանկարը` Թեհլիրյանի «Վերհիշումներ» գրքից

Սողոմոն Թեհլիրյանը՝ հոր, տիկնոջ եւ որդու հետ
Սողոմոն Թեհլիրյանը՝ հոր, տիկնոջ եւ որդու հետ

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ

Սողոմոն Թեհլիրյանը եւ Գարեգին Տեր-Սահակյանը
Սողոմոն Թեհլիրյանը եւ Գարեգին Տեր-Սահակյանը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ

Սողոմոն Թեհլիրյանը որդու՝ Շահենի հետ Բելգրադում
Սողոմոն Թեհլիրյանը որդու՝ Շահենի հետ Բելգրադում

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ

Սողոմոն Թեհլիրյանի օրագրի շապիկը
Սողոմոն Թեհլիրյանի օրագրի շապիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սողոմոն Թեհլիրյանի օրագիրը
Սողոմոն Թեհլիրյանի օրագիրը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարդացեք նաեւ. Նրան մի միտք էր հետապնդում. գտնել ու պատժել Թալեաթին

«Հատուկ գործ»-ի իրականացրած ամենահնչեղ գործողությունը դարձավ Թալեաթ փաշային մահապատժի ենթարկելը: Պատճառը ոչ միայն Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչի տապալումն էր, այլեւ այն, որ Սողոմոն Թեհլիրյանի դատավարության շնորհիվ ողջ աշխարհը սկսեց խոսել 1915-ին թուրքերի կողմից կազմակերպած հայերի տեղահանության ու կոտորածների մասին:

Առաջին ցուցմունքը հերքվում է

Ոստիկանությունը Թեհլիրյանին ձերբակալում է 1921 թվականի մարտի 15-ին: Հարցաքննությունը տեւում է 79 օր, իսկ դատավարությունը կայանում է հունիսի 2-3-ը:

Ձերբակալման հենց առաջին օրը Թեհլիրյանն իր «տկար» ֆրանսերենով հայ թարգմանիչ է պահանջում։ Քննիչի մոտ երկրորդ այցի ժամանակ սենյակում մի թուրքի է հանդիպում, որը, թերեւս, Թալեաթի մտերիմներից էր։ Նա բարկացած կշտամբում է Թեհլիրյանին «ասլանի պէս մարդուն սպանելու» համար։ Թուրքերենով ցուցմունք տալու քննիչի առաջարկությունը Թեհլիրյանը կտրականապես մերժում է:

Հաջորդ օրը որպես թարգմանիչ գալիս է Թեհլիրյանի լավագույն ընկերներից մեկը՝ Գեւորգ Գալուստյանը: Վերջինս ասում է, որ ողջ գերմանահայ համայնքը ոտքի վրա է նրան պաշտպանելու համար ու հանձնում է իր բերած քաղցրավենիքը. «Կեանքը արժէք է ստանում նման հանդիպումների ժամանակ. մէկէն սիրտ առի»,-հիշում է Թեհլիրյանը:

Առաջին հարցաքննության ժամանակ նա խոստովանում է, որ 1915-ից որոշել ու երեք տարի է ձեռնարկել է Թալեաթին սպանելու գործը: Բեռլին եկել էր ուսանող դառնալու համար, սակայն կենդանաբանական այգու մոտ պատահաբար թուրքերի է տեսնում, որոնց մեջ է լինում նաեւ Թալեաթը: 10 օր հետապնդելուց հետո սպանում է նրան՝ զգալով «սրտի գոհունակություն եւ դեռ այսօր էլ եղածից շատ գոհ եմ»: Ընդունում է, որ արարքը կատարել է կանխամտածված ու մահապատժից չի վախենում, քանի որ «գործը յաջողութեամբ է կատարել»: Միեւնույն ժամանակ հայտնում է, որ գործել է միայնակ եւ ոչ ոք իր մտադրության մասին չի իմացել:

«Մօրս անյայտ գերեզմանով երդուել էի Թալէաթին սպանէլ. երբ ձեռքս ընկնէր, անպայման պիտի սպանէի»:

Գալուստյանը միանգամից հասկանում է, որ դատավարության ժամանակ այս ցուցմունքն ի վնաս Թեհլիրյանի է գործելու եւ հրաժարվում է ստորագրել: Դատավարության ժամանակ, երբ որպես վկա ցուցմունք է տալիս նաեւ Գալուստյանը, բացատրում է, որ այդպես է վարվել, քանի որ ամբաստանյալն ի վիճակի չէր մտածելու եւ «գլուխը տակավին կապված էր»:


Սպանությունից հետո անցորդները Սողոմոնին բռնել եւ ծեծի էին ենթարկել փողոցում ու դատավարության ժամանակ պաշտպանները կարողանում են հասնել նրան, որ Թեհլիրյանը հայտնում է, որ չի հիշում, թե, լինելով «տակավին ջերմություն ունեցող ու խոշտանգված», ինչ ցուցմունք է տվել ու հերքում է, թե կատարել է կանխամտածված սպանություն. «Գուցէ այդպէս բան մ’ըսած ըլլամ, վասն զի գլուխս վիրաւոր եւ կապուած էր»:

«Սողոմոնի առաջին ցուցմունքը, կարծում եմ, «Հատուկ գործ»-ի անդամները ծրագրած չեն եղել, ինքն էլ երեւի ոգեւորությամբ ասել է այն, ինչ մտածում էր: Նա ի կատար էր ածել այդ կարեւոր գործը եւ հոգեկան այնպիսի վիճակում էր, որ չի կարողացել զսպել զգացմունքները։ Հետագայում պաշտպանական կողմը հասել է նրան, որ առաջին ցուցմունքը հերքվել է ու ողջ դատական գործընթացը կառուցվել է երկրորդի վրա, որն արդեն տրվել էր այնպես, ինչպես պետք էր: Մինչեւ դատապաշտպաններ վարձելը հայկական կողմի հետ աշխատել է Գերմանիայի քրեական օրենսգրքին ծանոթ մարդ, ինչի շնորհիվ էլ երկրորդ ցուցմունքն այդքան գրագետ է ստացվել»,- ասում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ, գիտաշխատող Գոհար Խանումյանը։

Շահան Նաթալին իր հիշողություններում գրում է, որ գործողությունն ավարտելուց հետո անվտանգությունից ելնելով ինքը լքում է Բեռլինը, ապա նշում, որ «Նեմեսիս»-ի կողմից արագ կազմվում է պաշտպանական հանձնախումբը՝ Լեփսիուսի հովանու տակ:

Վահան Զաքարյանցը դառնում է Թեհլիրյանի թարգմանիչը

Սողոմոն Թեհլիրյանի համար վարձվում են Գերմանիայի ամենահայտնի ու մեծ կշիռ ունեցող պաշտպանները՝ Ադոլֆ ֆոն Գորդոնը, Յոհաննես Վերթաուերը եւ Նիմայերը:
Սողոմոն Թեհլիրյանի օրագրի շապիկը Սողոմոն Թեհլիրյանի օրագրի շապիկը

Լուսանկարը` Մեդիամաքս


1921 թվականին Հայաստանն արդեն խորհրդայնացվել էր Ռուսաստանի կողմից, սակայն Հայաստանի Հանրապետության դեսպանատներն ու հյուպատոսարանները փաստացի դեռ գործում էին: Հենց Գերմանիայում ՀՀ հյուպատոսարանի կողմից էլ նշանակվում են Թեհլիրյանի թարգմանիչները:

Ֆոն Գորդոնի հետ առաջին հանդիպման ժամանակ որպես թարգմանիչ լինում է Հազորը՝ Հակոբ Զորյանը, ումից իմանում է իրեն ձերբակալելուց անմիջապես հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին: Զորյանը, որը մեծ ներդրում էր ունեցել Թալեաթի հայտնաբերման գործում, արագ իջել էր Հայդենբերգ, որտեղ էր նաեւ Հայոց ցեղասպանության մեկ այլ կազմակերպիչ՝ Բեհաեդդին Շաքիրը:

«Թալէաթ փաշան մեզ համար ամէն բան էր. նրա հետ միասին թաղուած են նաեւ մեր բոլոր յոյսերը... Իհարկէ ոճրագործը հայ է, չէ՞»,- Շաքիրի խոսքերը փոխանցում է Զորյանը:

Վերթաուերի հետ թարգմանչի պաշտոնով գալիս է գործողության մեկ այլ անդամ՝ Վահան Զաքարյանցը (Վազան), որը մասնակցել էր Թալեաթի ճոխ թաղմանը:

Զաքարյանցը եղել է գերմանական-հայկական ընկերության վարչության անդամ, պարսկական հյուպատոսարանի աշխատող: Իմացել է հայերեն, գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն, պարսկերեն եւ ռուսերեն:

Ըստ «Հատուկ գործ»-ի ղեկավարներից Ահարոն Սաչակլյանի անձնական արխիվում պահվող փաստաթղթերի՝ Յոհաննես Լեփսիուսի խորհրդով է Զաքարյանցը դարձել Թեհլիրյանի թարգմանիչն ու ողջ դատական պրոցեսի ժամանակ կատարել այդ աշխատանքը: Պարզ չէ սակայն, արդյոք Լեփսիուսն իմացե՞լ է Զաքարյանցի «Հատուկ գործ»-ի անդամ լինելու մասին:

Վազան 1921-ի մայիսի 13-ի նամակում գրում է, որ Բեռլինի թուրքերը հավատացած են, թե ՀՀ դեսպանատունը ներգրավված է Թալեաթի վերացման գործում՝ նշելով նաեւ. «Թուրքերը մեծ ջանքեր են ներդրել գործն իրենց օգտին շահելու մեջ ու ոգեւորությամբ սպասում են դատավարությանը՝ դրան տալով քաղաքական կարեւորություն»:
Թեհլիրյանների ընտանիքը Թեհլիրյանների ընտանիքը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ


Զաքարյանցը հարցաքննվում է նաեւ որպես վկա եւ ասում, որ ինքն է ուշաթափության նոպաներ ունեցող Թեհլիրյանին տարել հայտնի նյարդաբան ու Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Կասիրի մոտ:

«Զաքարյանցը մեծ դեր է ունեցել դատավարության ժամանակ: Մենք տեղյակ չենք, Վահանը բառացի է թարգմանել Թեհլիրյանի ասածները, թե՞ արդեն իրեն տված ցուցումով գերմաներեն ավելի ճիշտ եւ իրավական ձեւակերպումներ է արել: Ամեն դեպքում նա ստանձնել եւ փայլուն կերպով է կատարել այդ աշխատանքը եւ այնպես է պահել իրեն, որ ոչ ոք չկասկածի իր եւ Սողոմոնի միջեւ եղած կապի ու Թալեաթի մահապատժում ներգրավված լինելու մասին»,- նշում է Խանումյանը:

Շեշտը դրվեց հոգեկան ընկնավորության վրա

Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը տեւում է ընդամենը երկու օր: Վերջնական արդյունքին անհամբերությամբ սպասում էին ինչպես հայերն, այնպես էլ թուրքերը:

«Ամերիկահայ իրավաբան Վարդգես Եղիայանի հետազոտությունների համաձայն՝ համայն հայության կողմից հանգանակվել է մոտ 700 000 եւ Պողոս Նուբար փաշայի կողմից կազմակերպված դրամահավաքի շնորհիվ՝ մոտ 300 000 մարկ: Զուտ դատավարության ընթացքում ծախսվել է 306 484 մարկ: Թեհլիրյանի ողջ գործի ֆինանսական հաշվետվությունները պահպանվում են նաեւ Սաչակլյանի արխիվներում»,- ասում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահը:

Պաշտպանական կողմը շատ գրագետ աշխատանք է տարել եւ Հայոց ցեղասպանության մեջ Թալեաթի գործած հանցանքները կարողացել հիմնավորել: Նրանք ներկայացրել են նաեւ, որ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարարն, ինչպես նաեւ երիտթուրք այլ հանցագործներ դեռ 1919 թվականին Թուրքիայում ռազմական ատյանի կողմից ճանաչվել էին մեղավոր եւ հեռակա կարգով ենթարկվել մահապատժի:

Բեռլինում ցուցմունք են տվել գերմանացի գեներալ, Օսմանյան կայսրությունում ռազմական խորհրդական Օտտո Լիման ֆոն Սանդերսը, հասարակական գործիչ, արեւելագետ ու հայասեր դոկտոր Յոհաննես Լեփսիուսը, ինչպես նաեւ Թեհլիրյանի հետ շփված հայ ուսանողներ, նրա տանտիրուհիներն ու գերմաներենի ուսուցչուհին, ցեղասպանությունը վերապրածներ:

Բավական երկար է ստացվում Լեփսիուսի ելույթը, որը որպես կոտորածների ականատես մանրամասն նկարագրում է, թե ինչ է տեղի ունեցել Օսմանյան կայսրությունում, փաստում, թե ինչպես են Թալեաթը, Էնվերն ու Ջեմալը հրամաններ արձակել տեղահանության եւ կոտորածների մասին: Նրա ելույթը վերածվում է յուրօրինակ դասախոսության եւ, ինչպես նշում է Թեհլիրյանը, «կարծես դատուողը ես չէի, այլ Թալէաթը»:

«Հայկական կողմից պետք է որպես վկա հանդես գար նաեւ Արամ Անտոնյանը, որը Գերմանիա էր տարել Թալեաթի կողմից տված հայերին ոչնչացնելու հրամանները: Դատավարության կարճ լինելով պայմանավորված՝ նա ցուցմունք չի տալիս, բայց բոլոր փաստաթղթերը հանձնում է դատարանին: Հետաքրքիր է, որ տարիներ առաջ Թեհլիրյանի դատական գործի նյութերն ուսումնասիրվել են ու պարզվել, որ դրանք ամբողջական չեն: Անտոնյանի ներկայացրած այդ վավերագրերը բացակայում են»,-պարզաբանում է Խանումյանը:
Սողոմոն Թեհլիրյանը՝ հոր, տիկնոջ եւ որդու հետ Սողոմոն Թեհլիրյանը՝ հոր, տիկնոջ եւ որդու հետ

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ


Թեհլիրյանի բոլոր ծանոթները՝ տանտիրուհիները, գերմաներենի ուսուցչուհին, հայ ընկերները նշում են նրա ունեցած հիվանդության, միշտ տխուր ու ինքնամփոփ լինելու մասին: Նրան բուժող բժիշկը, ապա նաեւ հրավիրյալ հոգեբույժը, բժիշկները փաստում են, որ ամբաստանյալն ունի առողջական խնդիրներ, իր եւ իր ընտանիքի հետ տեղի ունեցած դեպքերի պատճառով է ձեռք բերել ընկնավորություն (էպիլեպսիա):

Թեհլիրյանի տված սխալ ցուցմունքների հետքերով

Մինչ այսօր Սողոմոն Թեհլիրյանի մասին հակասական տեղեկություններ կան: Հաճախ սխալները տեղ են գտնում մամուլում ու նաեւ այդ կերպ տարածվում հասարակության մեջ: Պատճառը, թերեւս, դատավարության ժամանակ նրա տված ցուցմունքներն են, որոնց մի մասը չի համապատասխանում իրականությանը:

Սա արվել է, որպեսզի Թեհլիրյանը հնարավորություն ունենա խուսափել մահապատժից ու հանկարծ չբացահայտվի Թալեաթի մահապատժի հետեւում կանգնած «Հատուկ գործ»-ը:

Անդրադառնանք դատավարության ժամանակ Թեհլիրյանի արտահայտած մի քանի սխալների․

Նա «հիշում է» 1915-ը, երբ Երզնկայում ինքը վախենում էր տնից դուրս գալ: Ըստ իր վկայության՝ գաղթի ճամփան ընտանիքի հետ բռնել է հունիսին, քաղաքից դուրս սպանվել են հայրն ու մայրը:

«Գլխիս մի հարված ստացա եւ ընկա գետնին, դրանից հետո ոչ մի բանից տեղեկություն չունեմ»: Ուշքի գալով՝ իր վրա տեսել է ավագ եղբոր դիակը, իսկ քրոջը թուրքերը բռնաբարած ու սպանած են եղել: Գիշերով փախչում է ու շուրջ երկու ամիս պատսպարվում Դերսիմի քրդերի մոտ, որտեղից անցնում է Սալմաստ, ապա՝ Թիֆլիս եւ զբաղվում վաճառականությամբ:

1916-ին՝ իմանալով ռուսների կողմից Երզնկայի գրավման մասին, մեկնում է այնտեղ: Հենց այդտեղ էլ առաջին անգամ ուշագնաց է լինում՝ տեսնելով իրենց տունն ավերված: Տան թաքստոցից գտնում է իրենց պահած 4800 թուրքական ոսկին, որով էլ մինչեւ 1921-ը կարողանում է գոյատեւել:

Ըստ Թեհլիրյանի ցուցմունքի՝ որոշ ժամանակ թափառում է տարբեր երկրներում եւ Սալոնիկում իր բարեկամների մոտ սկսում բուժվել ջղային ցնցումներից: Պոլսում եղած ժամանակ էլ թեթերից կարդալով գալիս է այն համոզմանը, որ Թալեաթն է հայերի ջարդերի հեղինակը:

Սակայն Թեհլիրյանի կյանքի իրական պատմությունն այլ է:
Կամավորական Թեհլիրյանը Կամավորական Թեհլիրյանը

Լուսանկարը` Թեհլիրյանի «Վերհիշումներ» գրքից


Նա ներկա չի եղել իր ընտանիքի տեղահանությանը, որովհետեւ կամավորագրվել էր ու մասնակցում էր հայրենիքի ազատագրության համար մղվող մարտերին: Նրա հայրը չի սպանվել, քանի որ 1915-ին Սերբիայում էր: Այնտեղ լինելու շնորհիվ փրկվել են նաեւ երկու եղբայրը: Ցեղասպանությանը զոհ են գնացել Թեհլիրյանի մայրը, կրտսեր եղբայրը՝ Ավետիսը, եղբայրների կանայք ու նրանց երեխաները (բացառությամբ մեկի՝ Արմենուհու, որին որբահավաք խմբի անդամները փրկել են 1916-ին), մյուս հարազատները: Քույրեր Թեհլիրյանն ընդհանրապես չի ունեցել:

Նրա անցած մարտական ուղին, ապա նաեւ Թալեաթին փնտրելու ողջ ճանապարհն ու «Նեմեսիս»-ի անդամ դառնալու մասին արդեն ներկայացրել ենք մեր նախորդ հոդվածում: Ճիշտ չէ նաեւ կարծիքը, թե Թեհլիրյանը հայ բողոքական է: Ըստ Խանումյանի՝ այս սխալմունքը տեղի է ունեցել թարգմանության ժամանակ, երբ «առաքելականն» ըստ երեւույթին թարգմանվել է «պրոտեստանտ»:

«Դատավարության ժամանակ ՀՀ-ն փաստացի գոյություն չուներ, բայց դրսի հայկական կառույցները՝ Նուբար փաշայի գլխավորած ազգային պատվիրակությունը, հյուպատոսարանները, դեսպանատները մեծ աշխատանք էին տանում: Եւ մենք այդ աշխատանքի արդյունքը տեսնում ենք դատարանում Թեհլիրյանի տված ցուցմունքում: Իհարկե, որոշ կեղծ տեղեկություններ նա հայտնում է, սակայն խոշոր հաշվով փաստն այն է, որ ցեղասպանությունը տեղի էր ունեցել ու դրա պատճառով էր նա կորցրել իր ընտանիքի անդամներին, հայրենիքը, խաթարվել էր ողջ հոգեկան աշխարհը: Պաշտպանական կողմին հաջողվեց հաստատել Թեհլիրյանի հոգեկան հիվանդության փաստն ու հասնել հաղթանակի»,-ավելացնում է Խանումյանը:

Մայրը՝ Սողոմոնի երազներում

Թեհլիրյանի ձերբակալման հենց մեկնարկից ուղղորդված ու հատուկ ընտրված բառապաշարով սկսում են լույս տեսնել նաեւ հայկական թերթերը: Թեհլիրյանը ներկայացվում էր որպես հայ ուսանող, վրիժառու, որը հարազատների վրեժը լուծեց Թալեաթից:

«Այնպես արվեց, որ ոչ մի խոսք չեղավ կազմակերպված ու գոյություն ունեցող խմբի մասին: Որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ Թեհլիրյանից բացի այլ մարդիկ էլ են ներգրավված այս գործում: Թերեւս, հայկական մամուլի շնորհիվ եվրոպական եւ ամերիկյան լրատվամիջոցները եւս նույն վարկածների շուրջ կառուցեցին իրենց հոդվածները: «Հատուկ գործ»-ի ղեկավար կազմն ամեն ինչ արեց, որ փրկի Թեհլիրյանին, ոչ մի րոպե մենակ չթողեց, պատահական չէ, որ նրա համար միանգամից երեք դատապաշտպան էր աշխատում»,- շեշտում է Գոհար Խանումյանը:
Սողոմոն Թեհլիրյանի օրագիրը Սողոմոն Թեհլիրյանի օրագիրը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դատարանում Թեհլիրյանը հայտարարում է, որ «ես ինձ հանցավոր չեմ համարում, քանի որ խիղճս հանգիստ է: Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»:  Գործը վերջնականապես գլուխ բերելու մասին որոշել է դեպքից երկու շաբաթ առաջ, «երբ մայրս երազում ասաց, որ Թալեաթը այստեղ է, իսկ ես անտարբեր եմ մնում, դու այլեւս իմ զավակը չես»:

Մորը երազում տեսնելու մասին նա պատմում է նաեւ իր հիշողություններում:

Սողոմոնի երազներում մայրը կարծես անընդհատ կշտամբում է նրան, երբեմն չի արձագանքում իր կանչերին կամ չքանում է: Բանտում նրան կրկին «այցելում է» մայրը, որն արդեն գոհ էր իր զավակից:

«...Յանկարծ տեսնում եմ աւազուտների մէջ ցնցոտիներում մայրս գետին երկարած, որ անթարթ նայում է ինձ։ Ես նետւում եմ յառաջ նրան վեր հանելու համար։
-Ոչ, զաւակս, մեռել եմ, օգուտ չունի, տուն գնա, ասում է նա յոգնատանջ, բայց տեսնո՞ւմ ես ինչ են արել ինձ. մէկ թիզ հող իսկ չկայ վրաս. գիշերները սաստիկ ցուրտ է, մրսում եմ, մանավանդ՝ կողերս։
-Սպասիր, մայր, ես քեզ կծածկեմ։
-Հա, ծածկիր, զավակս, ծածկիր...
Ու ես խնամքով ծածկում եմ աւազներով նրա բոպիկ ոտքերը, գրեթէ մերկ կողերը, լանջը, երբ ուզում եմ անցնել գլխին, նա ասում է.
-Ոչ, զաւակս, գլուխս թող բաց մնայ, որ օդ առնեմ... հիմա լաւ է, շատ ապրիս, դէ տուն գնա...»:

«Իր ժողովրդի դրոշակը տանողն» ազատ է արձակվում

Հունիսի 3-ին երդվյալ ատենակալները մեկ ժամ տեւած խորհրդակցությունից հետո ազդարարում են. «Հանցավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլիրյանը 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգի մեջ կանխամտածված ձեւով մի մարդ՝ Թալեաթ փաշային սպանելու համար: Ո՛Չ»: Իսկ նախագահը կարդում է դատավճիռը. «Ամբաստանյալն ազատ է արձակվում պետական դրամարկղի հաշվին»:

«Երբ յայտնուեցի փողոցում, այնտեղ դեռ խմբուած էր բազմութիւնը: Հասարակութեան խանդավառութիւնը ցոյցի բնոյթ ստացաւ: Իրարանցման մէջ մէկը առաւ ինձ իր հզօր բազուկների մէջ ու հեկեկալով սկսեց համբուրել: Մշեցի Գարեգինն էր»:

«Մինչ այսօր էլ Թալեաթի մահապատիժը խմբային գործողություն չի հիշատակվում, լեգենդը մնում է՝ հայ վրիժառուն լուծեց իր ընտանիքի վրեժը: Ամեն ինչ կապվում է Թեհլիրյանի հետ՝ մտահաղացումը, իրականացումը, չնայած հստակ է, թե ինչպիսի հզոր մարդիկ են ներգրավված եղել «Նեմեսիս»-ում: Յուրաքանչյուր հայ իրեն ասոցացնում է Թեհլիրյանի հետ»,-ավելացնում է Խանումյանը:

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոա հիմնադրամի Հայոց ցեղասպանության վկայությունների ցուցակագրող Օսիկ Մոզեսը գերմանական արխիվներում ուսումնասիրելով Թեհլիրյանի դատավարության նյութերը՝ եկել է այն եզրակացության, որ Գերմանիան ցանկանում էր արագ ավարտել գործը՝ խուսափելով Թուրքիայի հետ ճանաչվել մեղսակից:
Սողոմոն Թեհլիրյանը եւ Գարեգին Տեր-Սահակյանը Սողոմոն Թեհլիրյանը եւ Գարեգին Տեր-Սահակյանը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ


Էնվերի մտերիմ ընկեր, գերմանացի սպա Հանս Հումանը ականատես էր եղել հայերի կոտորածներին ու տեղահանությանը եւ աջակցում էր թուրքերին այդ հարցում:

«Նա դատախազ Գոլնիկին կոչ է անում իրեն, ինչպես նաեւ այլ վկաների եւս հրավիրել դատարան, ինչը վերջինս ընդունում է: Սակայն արխիվներից իմանում ենք, որ Գոլնիկին գերմանացիները հրահանգում են հրաժարվել այդ մտքից, այլապես Գերմանիան մեղսակից կդառնա հայկական զանգվածային կոտորածների կազմակերպման մեջ: Չնայած թուրքական կողմի դժգոհությանը՝ Գոլնիկն այդ վկաներին չի հրավիրում դատարան»,-նշում է Մոզեսը:

Դատավարության ավարտից հետո, հունիսի 10-ին, դատախազը դիմում է գրում, որպեսզի որոշումը նորից վերանայվի, սակայն օրեր անց այն հետ է վերցնում: Ավելին, նա մեկնում է արձակուրդ: Հանգստից վերադառնալուց հետո թուրքական կողմի դժգոհություններին ի պատասխան ասում է, որ պատճառ չկար նորից դատ կազմակերպելու, բացի այդ Սողոմոն Թեհլիրյանն արդեն Գերմանիայում չէ:

«Այս ամենից կարելի է ենթադրել, որ Գերմանիան չէր ցանկանում երկարացնել գործը եւ ցանկանում էր օր առաջ ազատվել «անհանգիստ օտարերկրացուց» («lästigen Ausländer»)՝ նրան իրենց երկրից դուրս բերելով: Այդ երկրում եւս ծայրահեղական խմբավորումներ էին ստեղծվում ու, բնական է, որ լրացուցիչ խնդիրներ պատերազմում պարտված Գերմանիան չէր ցանկանում ունենալ»,- ավելացնում է Մոզեսը:

Գարոյի հետեւողականությունը

Դատավարությունից հետո անվտանգությունից ելնելով Սողոմոն Թեհլիրյանը դառնում է Սարո Մելիքյան: Նա եկեղեցական ու ազգային գործիչ Գրիգորիս Պալաքյանի հետ, որը դատավարության ժամանակ հանդես էր եկել որպես վկա, մեկնում է Մանչեսթեր:

Սաչակլյանի թոռնուհի Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդին ենթադրում է, որ Թեհլիրյանը Մելիքյան ազգանունը կամ ընտրել է իր դպրոցական ուսուցիչ Մելիքի պատվին կամ դա կարելի է կապել ազգային պատվիրակության քարտուղար Սուրեն Մելիքյանի հետ, որին նա միգուցե հանդիպել էր Փարիզում: Պահպանվել են մի քանի նամակներ, որոնք որպես Սարո Մելիքյան նա հասցեագրել է ԱՄՆ-ի ՀՅԴ Կենտրոնական կոմիտե.

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ


«Արդեն 10 օր է այստեղ եմ (նամակը գրված է Լոնդոնից-խմբ.), բայց դեռ Անգլիայում մնալու կացության թուլատրություն չեմ ստացել։ Իհարկե ժամանակավոր կացության թույլատրություն ձեռք բերելուց հետո կմեկնեմ Մանչեսթեր վիզա ստանալու համար։ Ենթադրում եմ, որ վիզայի տրամադրման հարցում դժվարություններ կստեղծեն... Ուշացնելու դեպքում ես փողի կարիք կունենամ: Կխնդրեմ, որ գումարը փոխանցեք Մանչեսթեր անմիջապես իմ անունով (Սարո Մելիքյան), եկեղեցու միջոցով, որի հասցեն նախորդ նամակիս մեջ էի նշել»:

Սաչակլյանի արխիվներում գտնված նամակներից իմանում ենք, որ երբ դեռ առողջական խնդիրներ ուներ, կարճ ժամանակով մեկնում է ԱՄՆ: Իսկ 1922 թվականի հոկտեմբերի 2-ին թվագրված նամակից իմանում ենք, որ Արմեն Գարոն է կոչ անում Կենտրոնական կոմիտենին ֆինանսապես ապահովել Թեհլիրյանին:

«...Ես նախ շտապ բժշկական օգնության, ապա ցանկացած հարմար աշխատանքի կարիք ունեմ, որպեսզի ինքնուրույն ապրեմ: Շատ ուրախ եմ, որ ընկեր Գարոն այս ամենը ներկայացրել է Կենտրոնական կոմիտեին՝ ինձ մեկընդմիշտ ազատելով անորոշ վիճակից:
Արմեն Գարոյի ստորագրությամբ իր նկարը՝ Թեհլիրյանին Արմեն Գարոյի ստորագրությամբ իր նկարը՝ Թեհլիրյանին

Լուսանկարը` Թեհլիրյանի «Վերհիշումներ» գրքից


Ծանր սրտով եմ ստիպված խոսել փողի հետ կապված հարցի մասին, այն ինձ համար միշտ բեռ է եղել, հատկապես հիմա: Ապրելու համար փող վաստակելն ամեն դեպքում այդքան էլ հեշտ չէ, բայց ես չեմ ցանկանում լինել մեղադրանքի կամ քննադատության առարկա (թերեւս Կենտրոնական կոմիտեում եղել են մարդիկ, ովքեր դժգոհել են Թեհլիրյանին գումար տրամադրելուց-խմբ.)...»:

Գարոն համակրանք էր տածում Սողոմոնի նկատմամբ՝ հաշվի առնելով նրա ֆիզիկական ու զգացմունքային առողջությունը, որը նա ձեռք էր բերել ցեղասպանության հետեւանքով: Գարոն նույնպես հիվանդ էր ու պայքարում էր դեպրեսիայի դեմ, որն այդ նույն պատճառով էր առաջացել նրա մոտ: 1922-ի հոկտեմբերի 26-ին Գարոն իր վերջին նամակում խնդրում է ԱՄՆ Կենտրոնական բյուրոյին Թեհլիրյանի համար հաշիվ բացել եւ բավարարել նրա ֆինանսական կարիքները:
Սողոմոն Թեհլիրյանը որդու՝ Շահենի հետ Բելգրադում Սողոմոն Թեհլիրյանը որդու՝ Շահենի հետ Բելգրադում

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան-հիմնադրամ


1922-ին Թեհլիրյանը կրկին հեռանում է ԱՄՆ-ից ու 22 տարի ապրում Հարավսլավիայում՝ Բելգրադում:

Կոմունիստների սկսած սպանությունների պատճառով ընտանիքի հետ մեկնում է Կասաբլանկա, բայց երբ թուրք գործակալները սպառնալիք են դառնում նրանց կյանքի համար, ՀՅԴ-ն հորդորում է, որ տեղափոխվեն ԱՄՆ, ինչն էլ անում է 1956-ին: Այստեղ էլ ապրում է մինչեւ կյանքի վերջը՝ 1960 թվականը:

Լուսանկարը` Armeniafresno.com


Դեռեւս Թիֆլիսում հանդիպած ու ողջ կյանքում սիրահարված մնացած Անահիտ Թաթիկյանի հետ ամուսնությունից ունենում է երկու որդի՝ Զավենն ու Շահենը:
Սողոմոն Թեհլիրյանի գերեզմանը Ֆրեզնոյում Սողոմոն Թեհլիրյանի գերեզմանը Ֆրեզնոյում

Լուսանկարը` Armeniafresno.com


Սողոմոն Թեհլիրյանի իրականացրած ու մինչ այսօր հայերի կողմից հերոսացվող արդար հատուցման լավագույն ձեւակերպումը թերեւս տվել է նրա դատապաշտպան Վերթաուերը. «Երբ ամբաստանեալը փողոց իջաւ եւ ատրճանակը ուղղեց իր զոհի դէմ, ազատ չէր նրա կամքը, նա ինքը չէր, որ փողոց էր իջնում, իր մէջ իջնում էին տարերքը, միլիոնաւոր սպանուածները. նա՝ կարելի է ասել տանում էր իր առջեւից իր ամբողջ ժողովուրդի դրօշակը, բոլոր խոշտանգուածների, պղծուածների, լլկուած ընտանիքների դրօշակը...»:

Որպես վերջաբան

Ահա մի հատված Վահան Զաքարյանցի նամակից, որը նա Շահան Նաթալուն գրել է 1921-ի հունիսի 11-ին.

«...Ողջ դատարանը լուռ էր, բոլորն ականջները սրած սպասում էին: Հարյուրավոր աչքեր նայում էին նրա ձեռքի թղթին, բոլորի սրտերը թրթռում էին. մերը մի ձեւով, թուրքերինը՝ մեկ այլ: Բոլորն զգում էին պահի կշիռն ու մեծությունը...Նա սկսեց կարդալ...  Երբ պետք է պատասխաներ հարցին՝ մեղավոր է, թե ոչ, ասաց «Nein»` ոչ: Ես թարգմանեցի, Սողոմոնն արագ հարցրեց «Ի՞նչ են նրանք ասում եւ ի՞նչ է դա նշանակում»: «Դա նշանակում է, որ դու ազատ ես»,-պատասխանեցի...

Մի աներեւակայելի երջանկություն էր տիրում եւ շատ երկար ծափահարություններ էին հնչում, բոլորը պոռթկացին՝ հայ, գերմանացի, կին, թե աղջիկ հեղեղի պես վազում էին դեպի Սողոմոնը, արտասվում ուրախությունից, հուզված գրկախառնվում:
Ոմանք համբուրում էին նրա ձեռքերը, ոմանք՝ ճակատը, նախկին տանտիրուհին այնպես էր արտասվում, կարծես նրա մայրն էր: Վերջապես ոստիկանությունը հեռացրեց մարդկանց, ես գնացի Սողոմոնի հետ...Ներքեւում քո անունից համբուրեցի նրա ճակատը:

Սիրելի Շահան, դու կարող ես պատկերացնել ուրախությանս սահմանները:
Նյարդերս հիմա են զգացնել տալիս, հիմա եմ հասկանում, թե ինչ եմ ապրել եւ ինչպես եմ ուժասպառ եղել: Հոգ չէ, ամեն բան հաջող անցավ ու վերջ:

Հ.Գ. Ձեռքս դնում եմ կրծքիս եւ արտասանում այդ սովորական քիչ թե շատ հաճելի բառը։ Ամեն»:

Կարդացեք նաեւ. Նրան մի միտք էր հետապնդում. գտնել ու պատժել Թալեաթին

Գոհար Նալբանդյան

Հոդվածում արվել են մեջբերումներ Սողոմոն Թեհլիրյանի «Վերհիշումներ»,«Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը. Սղագրություն», Արմին Վեգների «Դատավարութիւն Թալէաթ փաշայի», Մարիան Մեսրոբյան-ՄաքՔարդիի «Sacred Justice; The Voices and Legacy of the Armenian Operation Nemesis», Ժակ Դեռոժիի «Opération Némésis», Շահան Նաթալիի «Մեծ ոճրագործին հետքերով» գրքերից:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին